ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.2-րդ և 60.3-րդ հոդվածներով.
«Հոդված 60.2. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 60.3. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնների խախտումները չվերացնելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սույն օրենսգրքի 60.2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի՝ հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.3-րդ հոդվածով.
«Հոդված 242.3. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող լիազոր մարմինը |
Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 60.2-րդ և 60.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-192-Ն |