ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 8-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաև պետական կառավարչական և (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումն այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով՝ հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ.»:
Հոդված 2. Օրենսգրքի 276-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետի «տասնութը» բառը փոխարինել «տասնյոթը» բառով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումները, եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, ներկայացրել է հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:»:
Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի «Ավտոբուսով ուղևորափոխադրում» և «Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոբուսով ուղևորափոխադրում |
ավտոբուսների քանակ |
1800 դրամ |
Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում |
միկրոավտոբուսների քանակ |
2300 դրամ». |
2) 2-րդ մասից հանել «ավտոբուսով կամ միկրոավտոբուսով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 279-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) երթուղու հետ կապված՝ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար՝
ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0,
բ. Երևան քաղաքի հետ՝ 1.2,
գ. ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝
- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,
- այլ մարզերում՝ 0.5,
դ. ներքաղաքային՝
- Երևան քաղաքում՝ 1.0,
- Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,
- մնացած քաղաքներում՝ 0.8:
Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 455-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման մասով 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-124-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|