Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-120-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.05/16(1374) Հոդ.218
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքի 101-րդ հոդվածով» բառերը փոխարինել «օրենսգրքով» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 101. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք:

2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:

4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:

6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101.1-ին և 101.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 101.1. Նկատողություն և դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու առանձնահատկությունները

 

1. Վարչական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի և թարգմանչի նկատմամբ:

3. Դատական նիստերի դահլիճից հեռացված վարչական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

4. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:

 

Հոդված 101.2. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

 

1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:»:

 

Հոդված 4. Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթները գործում են 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-120-Ն