ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածում`
1) «ապրանքների ներմուծման համար մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վրա» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ համարվող պետություններից ապրանքների ներմուծման համար հարկային մարմիններին վճարման ենթակա հարկերի, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար` մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վրա» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անկախ սույն հոդվածի երկրորդ նախադասության դրույթներից` Կենտրոնական բանկը ազատվում է հարկերից, տուրքերից, մաքսատուրքերից և մաքսավճարներից թղթադրամների, մետաղադրամների (այդ թվում` հուշադրամների), ինչպես նաև բանկային ոսկու և արժութային արժեքների ներմուծման դեպքում` անկախ ներմուծման պահին ներմուծվող թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված լինելու հանգամանքից:»:
Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածից հանել «հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-282-Ն |