Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2018-01.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:

 

Հոդված 2. Պետական նպաստի իրավունքը

 

1. Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը

 

1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է`

1) անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

2) ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը.

3) ժողովրդագրական իրավիճակի բարելավումը.

4) սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

 

Հոդված 4. Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 5. Պետական նպաստների տեսակները

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական նպաստների հետևյալ տեսակները.

1) ընտանեկան նպաստը.

2) սոցիալական նպաստը.

3) հրատապ օգնությունը.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը.

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստը.

6.1) մայրության նպաստը.

7) ծերության նպաստը.

8) հաշմանդամության նպաստը.

9) կերակրողին կորցնելու դեպքում նպաստը.

10) թաղման նպաստը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված նպաստի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով:

(5-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

 

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:

(6-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 7. Պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերը

 

1. Պետական նպաստի նշանակումը մերժվում է՝

1) պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելու,

3) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

 

Հոդված 8. Պետական նպաստների վճարման կազմակերպումը

 

1. Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով:

2. Պետական նպաստների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքով սահմանված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին կամ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով։

4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի) վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(8-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-240-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 13. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 14. Ընտանեկան նպաստի չափը որոշելը և չափի տարբերակման պայմանները

 

1. Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

2. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 15. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(15-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 16. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և սոցիալական նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 17. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

1. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(17-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը

 

1. Հրատապ օգնության տեսակներն են՝

1) միանվագ հրատապ օգնությունը.

2) եռամսյակային հրատապ օգնությունը:

2. Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է`

1) ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

2) ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

 

Հոդված 19. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

2. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(19-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 20. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(20-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 21. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

2. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է տարածքային կենտրոն:

3. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

4. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(21-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 22. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը և դրա տրամադրման կարգը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշում է տարածքային կենտրոնը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ:

3. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

4. Խորհուրդը եռամսյակային հրատապ օգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է՝ հաշվի առնելով`

1) միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը.

2) ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը.

3) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը.

4) ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը.

5) ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը.

6) բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.

7) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

 

1. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.

2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.

3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.

4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:

2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.1

(գլուխը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-144-Ն)

 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 23.1.

Մայրության նպաստի իրավունքը

 

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

5. Օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

(23.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 23.2.

Մայրության նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է (չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե՝

1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ

3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի և վճարի գործատուն, կամ

4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում։

6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

(23.2-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-240-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 24. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

2. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

3. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-207-Ն)

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը: Եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

5. Նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու կարգը, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար մյուս երեխաներին և զավակներին հաշվի առնելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.

1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

2) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում։

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ., փոփ. 24.11.15 ՀՕ-144-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե նոր ծնված երեխայի ծնողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման նպաստը ստացողից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

7. Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (այսուհետ՝ պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 26. Ընտանեկան դրամագլուխը (կապիտալը)

 

1. Ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են:

2. Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է՝

1) երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին փոխանցած միջոցներից.

2) պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսներից.

3) պետական աջակցության հաշիվ մուտքագրված օրենքով չարգելված այլ մուտքերից:

3. Ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդող օրվանից, եթե՝

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները, կամ

2) հաշվետերը կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երեխաներից մեկը տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, կամ

3) լրացել է հաշվետիրոջ 18 տարին, կամ

4) վերացել են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն հանգամանքները, որոնց հիման վրա անձը ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, կամ

5) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ:

5. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը 18 տարին լրանալուց հետո:

6. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու (պետական աջակցության հաշվից անկանխիկ վճարումներ կատարելու) համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պետական աջակցության հաշիվը բացելու, հաշվետիրոջ մահվան դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

8. Ընտանեկան դրամագլուխը չի կարող բռնագանձվել (պետական աջակցության հաշվի վրա արգելանք չի կարող կիրառվել) մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

9. Ընտանեկան դրամագլուխը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

(գլուխը խմբ. 24.11.15 ՀՕ-144-Ն)

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

2. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

4. Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:

5. Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 28. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

2. Խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այն ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:

4. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ սույն հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

6. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:

7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից առնվազն մեկը), կամ

2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվական բազայում առկա չեն խնամքի արձակուրդում գտնվելու (եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու) վերաբերյալ տվյալներ, կամ

3) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

8. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

9. Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

10. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

11. Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

12. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

13. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

14. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

 

1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում.

4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում).

5) ծնողի` այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու) դեպքում.

6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

9) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:

2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:

3. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին վեց ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

4.1. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից նշանակվում է խնամքի նպաստ:

5. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ ներկայացված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 4.1-ին մասում նշված դիմումի) հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

6.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

7. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:

8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28.1-ին հոդվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 29. Ծերության նպաստի իրավունքը

 

1. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

2. Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

3. Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 30. Հաշմանդամության նպաստի իրավունքը

 

1. Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին:

2. Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

2. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

4. Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 32. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է անձամբ:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, հաշվառվում և վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածով սահմանված նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8.2. Առաջին խմբի հաշմանդամի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակի համար սահմանված կարգով:

8.3. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակվում և վճարվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային կենտրոն:

9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 32.1.

Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները

 

1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

(32.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

 

Հոդված 33. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը

 

1. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

5) նպաստառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

7) օտարերկրյա քաղաքացի նպաստառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

8) նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

9) նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.

10) նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.

11) նպաստառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում.

12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում.

13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին):

2. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքի` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից, ինչպես նաև 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից:

3. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

4. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նպաստառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.

3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.

4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում:

6. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված չափով:

7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

8. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա:

9. Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(33-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 34. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը վճարելը

 

1. Ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

2. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

3. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(34-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 35. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը

 

1. Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և նրա մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

4. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:

5. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:

 

Հոդված 36. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

 

1. Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:

2. Ավել վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 2.3-րդ մասերում նշված դեպքերի, ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի: Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել նաև՝

1) նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները.

2) այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է նպաստը, նրա օրինական ներկայացուցչի կողմից, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կողմից կամ այլ անձի կողմից:

2.1. Ժամանակավոր անաշխատունակության և վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման, եթե նպաստը նշանակվել է դիմումին կից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա, և խախտումը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

2.3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասում նշված նպաստների՝ ավել վճարված գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի գումարը վճարվել է՝

1) նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

3. Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են վերադարձվել քաղաքացու հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 38. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքը:

4. Սույն օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: Եթե երեխան ծնվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի՝ անկախ սույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:

6. Սույն օրենքով սահմանված կարգով ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի չվճարված սոցիալական կենսաթոշակի գումարը, որի ընթացքում անձը ունեցել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք:

7. Օտարերկրյա քաղաքացուն, անկախ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է:

8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է նաև՝

1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի և նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից.

2) օտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-154-Ն