Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայություն պետի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

2 փետրվարի 2005 թ.

N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ժ» կետի համաձայն՝ պարզեցված հարկ վճարող չի կարող համարվել այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ: Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության մեջ «փոխկապակցված անձ» հասկացությունը ներառում է նաև ազգակցական կապը (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր), ապա տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտի դրույթները` Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձ լինելու առումով:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններով փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրման հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության վրա վարչարարական և (կամ) փայատիրական ձևերով ազդեցություն ունենալու սկզբունքը:

2. Ձեռնարկատիրական գործունեության վրա վարչարարական և (կամ) փայատիրական ձևերով ազդեցություն ունենալու սկզբունքը նպատակ ունի բացառել ձեռներեցության տրոհումը մի քանի տնտեսավարող սուբյեկտների` պարզեցված հարկ վճարող համարվելու համար:

3. «Փոխկապակցված անձ» հասկացությունը պետք է կիրառվի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 111 -րդ հոդվածով նախատեսված իմաստով` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «թ» կետի համադրմամբ: Այսպես, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ժ» կետի համաձայն պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել՝

- այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին, կամ՝

- այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն աձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Հաշվի առնելով վերը նշվածը, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող «փոխկապակցված անձ» հասկացությունը չի ներառում ազգակցական կապը, այսինքն՝ չի կարող տարածվել ամուսինների, ծնողների, երեխաների, եղբայրների կամ քույրերի վրա:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի տեղակալ,
հարկային ծառայության
առաջին դասի խորհրդական`
Ա. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան