ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը և տեքստը «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած և գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը, ինչպես նաև 126-րդ, 158-րդ և 182.3-րդ հոդվածները «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 110.1-ին հոդվածի վերնագրում և տեքստում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 110.2. |
Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը». |
2) 1-ին և 2-րդ մասերի «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն)» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր և զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 1-ին և 2-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-242-Ն