Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-240-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.10
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Սույն օրենքով սահմանված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին կամ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով։

4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի) վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»։

 

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում։»։

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում։»:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-240-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան