Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-407-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2017-01.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Հարկային ծառայության աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հարկային մարմնի քաղաքացիական ծառայողների, վարչատեխնիկական կամ այլ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.

հարկային գաղտնիք` հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`

- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

- հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:

Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.

ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.

հարկային ծառայության գործառույթներ՝ վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.

հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.

հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ.

հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված և (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն)

Հոդված 5. Հարկային ծառայությունը

Հարկային ծառայությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը:

 

Հոդված 51. Հարկային մարմինը

 

Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:

(5.1-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն)

Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները

Հարկային ծառայության մարմնի խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

2) հարկային օրենսդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.

3) հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.

4) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

6) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

7) հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը:

(6-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները

Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.

2) հարկային ծառայության կայունությունը.

3) հարկային ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականությունը և հարկային ծառայողների իրավահավասարությունը.

4) օրենքով նախատեսված դեպքերում հարկային ծառայության հրապարակայնությունը.

5) քաղաքացիների համար հարկային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

6) հարկային ծառայողների արհեստավարժությունը.

7) հարկային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

8) հարկային ծառայողների պատասխանատվությունը` իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

9) հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների (այսուհետ` հարկեր) վճարման կամավորությունը և անխուսափելիությունը.

10) հարկային օրենսդրության միատեսակ կիրառումը.

11) հարկային ծառայության արդյունավետ կազմակերպումը.

12) հարկային ծառայողների ռոտացիան:

Հոդված 8. Հարկային մարմինները
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն)

1.  Հարկային մարմիններն են`

1) վերադաս հարկային մարմինը.

2) հարկային տեսչությունները:

2. (մասն ուժը կորցրել է  23.10.08 ՀՕ-176-Ն)

3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հարկային մարմնի համակարգը ներառում է առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

6. (մասն ուժը կորցրել է  23.10.08 ՀՕ-176-Ն)

(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

1. Հարկային մարմնի գործառույթներն են`

1) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).

2) հարկ վճարողների հաշվառումը.

3) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.

4) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

5) հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.

6) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների կայացումը.

7) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.

71) արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողության իրականացումը. 

8) հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ.

9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:

2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն և նախաքննություն:

3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն)

Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

1. Հարկային մարմինը պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների իրավունքներն ու օրինական շահերը.

2) իրականացնել հսկողություն հարկային օրենսդրության, պետական տուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների ու դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

3) հանցագործության հատկանիշներով հարկային օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.

4) իրականացնել հարկ վճարողների հաշվառումը.

5) հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ, տեղեկացնել հարկ վճարողներին գործող հարկերի և պարտադիր այլ վճարների մասին:

Գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադրումներին հարկային մարմնի սահմանած կարգով տրվում է համապատասխան պարզաբանում.

6) իրականացնել օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցումը (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը).

7) պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) սահմանված ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած բողոքը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության) դեմ և ընդունված որոշման մասին տեղյակ պահել հարկ վճարողին.

9) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ:

2. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կրում է նաև այլ պարտականություններ:

(10-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-29-Ն)

Հոդված 11. Հարկային մարմնի իրավունքները

1. Հարկային մարմինն իրավունք ունի`

1) հարկ վճարողներից, հարկային գործակալներից և հարկային հարաբերություններին առնչվող այլ անձանցից պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման ու վճարման համար հիմք համարվող օրենքի հիման վրա սահմանված հաշվետվություններ, հաշվարկներ.

2) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, վճարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով անցկացնել ստուգումներ` նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների աշխատակազմերում, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց մոտ.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

4) ստուգման կամ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, դրամարկղային տարածքներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ, ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքել, կնքել այդ տարածքները, այցելել հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հարկային հաշվառման գրքերի գրանցման հասցեները.

5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի, հարկային գործակալի, հարկային պարտավորություն ունեցող այլ անձի՝ հարկերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները՝ երրորդ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) հարկային պարտավորությունները ճշտելու և հարկերի վճարման հետ կապված այլ խնդիրներ քննարկելու նպատակով գրավոր ծանուցմամբ առաջարկել հարկ վճարողներին (հարկ վճարողների ներկայացուցիչներին), հարկային գործակալներին և այլ անձանց ներկայանալ հարկային մարմին.

7) հարկային հսկողության ընթացքում ներգրավել մասնագետներ, փորձագետներ և թարգմանիչներ.

8) պահանջել հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների վերացում և վերահսկել առաջադրված պահանջի կատարումը.

9) օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել զենք և զինամթերք.

10) օրենքով նախատեսված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.

11) օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով` օգտագործել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների փոխադրական և կապի միջոցները` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.

12) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնել լիազորված մարմիններ.

13) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր.

14) դատարան ներկայացվելիք հայցերի ապահովման նպատակով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում արգելանք դնել գույքի վրա, վերջինիս վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի վճռից հետո մասնակցել գույքի իրացմանը և հսկել ստացված միջոցների մուտքագրումը պետական բյուջե.

15) լիազորված մարմիններ ներկայացնել առաջարկություններ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ, եթե տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական կամ այլ անձինք հաշվառման չեն կանգնել հարկային մարմնում կամ հարկային մարմին չեն ներկայացրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ կամ հաշվապահական փաստաթղթեր` առանց որոնց հարկային մարմնի պաշտոնատար անձինք չեն կարող որոշել հարկման բազան, կամ հնարավոր չէ հարկերի գանձումը, կամ հարկային մարմնի պաշտոնատար անձանց թույլ չեն տալիս մուտք գործել հարկ վճարողների տարածքներ, եթե նշված պաշտոնատար անձինք ունեն այդպիսի իրավասություն.

16) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրամադրել:

2. Հարկային մարմինն օգտվում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

3. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար:

(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 111. Հարկային մարմնի (վերադաս հարկային մարմնի) ղեկավարը

(վերնագիրը լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

 

Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար.

2) տալիս է ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հանձնարարագրեր, հրամաններ.

3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.

4) սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը՝ սույն օրենքից ելնելով.

5) սահմանում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.

6) հաստատում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և հաստիքացուցակը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.

9) վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.

11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.

12) տնօրինում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.

13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր՝ ըստ անհրաժեշտության.

14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության՝ սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.

15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

- եզրակացությունը թողնել անհետևանք,

- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,

- վերանայել պատասխանատվության ձևը,

- արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար:

(111-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 112. Հարկային մարմնի իրավունքների իրականացումը

 

Սույն օրենքի`

- 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները,

- 11-րդ հոդվածի առաջին մասի՝

1) 1-5-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը.

2) 6-7-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

3) 8-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը.

4) 9-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը.

5) 10-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը.

6) 11-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը` ստուգման ընթացքում.

7) 12-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը.

8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են վերադաս հարկային մարմնի ղեկավարը, հարկային տեսչության պետը.

9) 14-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

10) 15-րդ և 16-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը:

Հարկային տեսչության պետի, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետի, հարկային մարմնի ղեկավարի իրավունքներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:

(112-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն)

Գ Լ ՈՒ Խ  3.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն)

Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկային ծառայողն իրավունք չունի`

1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելու համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի հինգերորդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

4. Հարկային ծառայության նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

5. Հարկային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-208-Ն, 19.03.12 ՀՕ-115-Ն)

Հոդված 14. Հարկային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ.

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ:

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

հարկային մարմնի ղեկավար,

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ,

հարկային մարմնի վարչության պետ,

հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

վերադաս հարկային մարմնի բաժնի պետ,

հարկային տեսչության պետի տեղակալ,

վերադաս հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ,

վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,

վերադաս հարկային մարմնի քննիչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

հարկային տեսչության բաժնի պետ,

վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,

տարածքային բաժնի գլխավոր օպերլիազոր,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ.

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

տարածքային բաժնի ավագ օպերլիազոր,

հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

հարկային տեսչության առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

տարածքային բաժնի օպերլիազոր,

հարկային տեսչության հարկային տեսուչ,

հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, վերադաս հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.11.02 ՀՕ-444-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն)

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը

1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի` հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով հարկային ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է վերջինիս պաշտոնը, դրամական բավարարումն ու հարկային ծառայության ստաժը:

4. Հարկային ծառայողների համար կենսաթոշակային տարիքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:

(17-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն)

Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով, այդ թվում` հարկային ծառայության կադրերի ռեզերվից, մաքսային ծառայողներից, ինչպես նաև հարկային և մաքսային մարմիններում քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

2. Հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հարկային մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մեկ մասնակցի դիմելու դեպքում:

Հանձնաժողովը հարկային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մրցույթը բաղկացած է երկու մասից` թեստավորում և հարցազրույց:

Թեստերը կազմվում են հանձնաժողովի սահմանած կարգով համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) հարկային ծառայության մասին օրենսդրություն.

3) հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր.

4) հարկային ծառայության մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.

5) հարկային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ պատասխան:

Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի մասին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:

5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից կամ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից, հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ և Գ խմբերին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, ընդ որում, հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար՝ 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարկային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն հարկային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը հարկային ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ, բացառությամբ մրցույթով առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր` փորձաշրջանի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

31. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:

4. Հարկային մարմնի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հարկային մարմնի ղեկավարի տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Վերադաս հարկային մարմնի վարչության պետին և հարկային տեսչության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

5. Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Հոդված 191. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը երեք ամիս է:

2. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիները գտնվում են մինչև՝

- սույն օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ժամկետի լրանալը,

- սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության թափուր պաշտոնին նշանակումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը,

- սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտման հիմքերի առաջացումը,

- հարկային ծառայության կադրային ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի ներկայացումը:

(191-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն)

Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն`

1)  մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է հարկային ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 261-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա վերջինիս տված բնութագիրն իրավական ուժ չունի: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա հարկային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Հարկային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած չափանիշներով և կարգով:

9.1. Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` հարկային ծառայողների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացություններից մեկը ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին:

11. Հարկային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև հարկային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին այդ արդյունքները ներկայացնելը:

12. Հարկային մարմնի ղեկավարը սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հարկային ծառայողին ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.

3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.

5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կարող է կայացվել նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են հարկային ծառայողի անձնական գործին:

14. Սույն օրենքի հիման վրա հարկային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:

(20-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, խմբ., լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն)

Հոդված 21. Հարկային ծառայողների վերապատրաստումը

1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Հարկային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով:

(21-րդ հոդվածը խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 211. Հարկային ծառայության կոչումների դասակարգումը

 

1. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:

2. Հարկային ծառայության գլխավոր կոչումներն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:

3. Հարկային ծառայության ավագ կոչումներն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մայոր,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:

(211-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 22. Հարկային ծառայության դասային կոչումները

1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային կոչումներ:

2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: (նախադասությունը հանվել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:

Դասային կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝ ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝ ավելի քան 2 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային կոչումից, հարկային ծառայողի դասային կոչումը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Դասային կոչման իջեցումը կամ դասային կոչումից զրկումը կատարում է տվյալ դասային կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն)

Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները

1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

- Հարկային ծառայության գեներալ-մայոր,

- Հարկային ծառայության գնդապետ,

- Հարկային ծառայության փոխգնդապետ,

- Հարկային ծառայության մայոր,

- Հարկային ծառայության կապիտան,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հարկային ծառայության լեյտենանտ:

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կամ դասային կոչում ունենալու դեպքում` կոչումները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:

3.1. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների:

4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.

- Հարկային ծառայության լեյտենանտի համար` 1 տարի,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,

- Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում:

Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)

 

Հոդված 231. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները

 

1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն է:

2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն է:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն է:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի, ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն է:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:

7. Հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:

8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:

(231-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 25.12.03 ՀՕ-26-Ն, խմբ., լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն)

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)

4.  (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)

5.  (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)

6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) կարգապահական տույժի հանում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) (կետն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-175-Ն)

5) հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.

6) հատուկ և (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում.

7) (կետն ուժը կորցրել է 17.09.09 ՀՕ-172-Ն)

 8) «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

8. «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հարկային մարմնի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

(24-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-490-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-172-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-198-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-175-Ն)

Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

1. Անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության համար հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ տեսակները.

1) բանավոր նկատողություն.

2) գրավոր նկատողություն.

3) կոչման իջեցում.

4) նյութական պատասխանատվության կիրառում.

5) զբաղեցրած պաշտոնից իջեցում.

6) հարկային ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաև Գ, Դ խմբերի վերադաս հարկային մարմնի հարկային ծառայողների և հարկային տեսչության բաժնի պետի դեպքում նաև հարկային մարմնի ղեկավարը՝ առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

3. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նշում է կատարվում հարկային ծառայողի անձնական գործում:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն)

Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն)

 

1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.

5) հարկային ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.

7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ փորձաշրջանը չանցնելը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).

9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

10) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը.

12) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:

2. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

(26-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 261. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը

 

1. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են՝

1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքը.

2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.

3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:

2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(261-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 27. Հարկային մարմնի ֆինանսավորումը

Հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 28. Հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդը
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն)

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է՝

1) հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Ֆոնդում պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Ֆոնդին կատարված փաստացի վճարումների (կամ հաշվանցումների) հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որևէ հարկատեսակի (վճարատեսակի) չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:

Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) կատարվում են հաշվանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), պետական տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն անձնական հաշվի քարտում: Հատուկ անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի, պետական տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը, ինչպես նաև կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն հատուկ անձնական հաշվի քարտում.

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:

Ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

(28-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-187-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն, 06.12.17 ՀՕ-227-Ն)

Հոդված 29. Հարկային ծառայողների համազգեստը

1. Հարկային մարմնի աշխատակիցները հարկային մարմնի սահմանած կարգով կրում են համազգեստ:

2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(29-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 30. Հարկային ծառայողների զենքը

1. Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

Հարկային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

1. Հարկային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

Հոդված 33. Զենքի գործադրումը

1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել`

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 34. Հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման պայմանները

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև պարբերաբար, հարկային ծառայողները հարկային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժողին առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություն:

2. Հարկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(34-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-95-Ն)

Հոդված 35. Հարկային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

1. Հարկային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

2. Հարկային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա գրավոր պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկային ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Հարկային ծառայողը, ներկայացնելով ծառայողական վկայականը, կարող է պահանջել և ստուգել ապօրինի գործունեություն իրականացնող կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողություններ իրականացնելու նպատակով:

(35-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 36. Համագործակցությունն այլ մարմինների հետ

Իր գործառույթներն իրականացնելիս հարկային մարմինը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել հարկային մարմնին` իր գործառույթներն իրականացնելիս:

Հոդված 37. Հարկային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հարկային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:

2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

4. Սույն հոդվածում նախատեսված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը

1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր ատրիբուտ է:

2. Հարկային մարմինն ունի հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

Հարկային ծառայողի պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականների և ընդունած որոշումների կատարումը.

4) օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցման (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը) աշխատանքների պատշաճ կատարումը.

8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

(39-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն)

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

Հարկային ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.

5) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը` իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները և կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական և իրավական պաշտպանությունը.

8) սոցիալական ապահովությունը.

9) սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.

10) ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 41. Հարկային ծառայողի պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկային ծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքի, հարկային ծառայության գործառույթների կամ հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտումները չեն հանգեցրել քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման, ապա հարկային ծառայողները սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով կրում են նյութական պատասխանատվություն:

(41-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 42. Հարկային ծառայողի նյութական պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք)`

1) ստանում է (են) գրավոր նախազգուշացում, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը պակաս է 100.000 դրամից.

2) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 100.000-ից մինչև 1.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 5 տոկոսի չափով.

3) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.000.001-ից մինչև 5.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 10 տոկոսի չափով.

4) եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի, ապա վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև քսան տոկոսի չափով կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-4-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:

3. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, առաջին անգամ իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել հարկային ծառայությունից ազատվելուց հետո, ապա նա զրկվում է հատուկ և դասային կոչումից:

Մեկ տարվա ընթացքում համանման խախտում կատարելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

4. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-7-րդ կետերով սահմանված պարտականությունը չկատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:

Գրավոր նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:

5. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար, եթե դա չի առաջացրել սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված պատասխանատվություն, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը`

1) ստանում է գրավոր նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել պաշտոնատար անձի անզգուշությամբ.

2) իջեցվում է հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.

3) դասային կամ հատուկ կոչումն իջեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում ազատվում է հարկային ծառայությունից` ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված նյութական պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո:

7. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության կոնկրետ տեսակը, նյութական պատասխանատվության չափերը, ինչպես նաև խախտում թույլ տված հարկային ծառայողին (ծառայողներին), որի (որոնց) նկատմամբ կիրառվում են նյութական պատասխանատվության միջոցները, ներկայացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

Նյութական պատասխանատվությունը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

8. Նյութական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձված գումարները մուտքագրվում են հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

 

1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`

1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.

2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.

3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 111-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

(43-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 431. Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների գանգատարկումն ու բողոքարկումը

 

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:

Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ՝ Գանգատարկման հանձնաժողով) հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը, Գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:

Գանգատարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

(431-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն, լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն, 21.06.14 ՀՕ-132-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-261-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-43-Ն)

Հոդված 44. Հարկ վճարողին հասցված վնասի փոխհատուցումը

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող այլ ակտերի դրույթների խախտումների հետևանքով հարկ վճարողին հասցրած վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հարկային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան: Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան:

(44-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո:

2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված հարկային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում դա համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված հարկային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) 1993 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 1993 թվականի հուլիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշումը:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ պետական այլ մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումը իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով` փորձաշրջանով:

8. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` հարկային ծառայության պահպանման ծախսերի ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ հարկային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կադրային ռեզերվում գտնվող անձանցից կատարել նշանակում:

(45-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 2
Երևան
ՀՕ-407-Ն