Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-226-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.20/79(1354) Հոդ.1274
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով.

«6.2) կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

Փորձագիտական հիմնարկները դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր են էլեկտրոնային եղանակով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության տեղեկատվական կենտրոնից այդ մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:

ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել սույն կետով չնախատեսված նպատակներով:

Սույն կետի պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 19

Երևան
ՀՕ-226-Ն