Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-103
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2017-07.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.28/3
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.02.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
3 փետրվարի 1997 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.

ՄԻԱՎ-ի վարակ` երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է.

ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ.

ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի աղբյուր.

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

(1-ին հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 2.

ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):

ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման և հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային բարեգործական կազմակերպությունները):

(2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 3.

Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) վրա:

 

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին.

բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.

գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը.

դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական և գործնական հետազոտությունների համար.

ե) իրականացնում է դեռահասների բարոյական և սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով.

զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.

է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին.

ը) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)

թ) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.

ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը.

ժա) սահմանում է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:

(4-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, 19.03.09 ՀՕ-63-Ն, 11.09.12 ՀՕ-181-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 5.

ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման և սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 6.

ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները

 

Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները

 

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.03.09 ՀՕ-63-Ն) 

 

Հոդված 8.

ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը

(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)

(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-149-Ն)

 

Հոդված 9.

Միջազգային պայմանագրերի գործողությունը

(վերնագիրը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 

(9-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 10.

Լաբորատոր հետազոտությունները

 

ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից):

ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:

ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են և անանուն` բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:

Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ և հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվությամբ:

Մինչև 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(10-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 11.

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը

(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են՝

ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.

բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:

Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է՝

ա) հղի կանանց.

բ) սեռավարակակիրներին.

գ) թմրամոլներին.

դ) կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության և հետազոտության կարգերը, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի:

(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-181-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12.

ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում 

 

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է

ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.

բ) կրճատված աշխատանքային օր.

գ) լրացուցիչ վարձատրություն.

դ) լրացուցիչ արձակուրդ:

Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաև բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները և պայմանները` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:

(12-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 03.10.11 ՀՕ-257-Ն)

 

Հոդված 13.

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը

 

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14.

ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները

 

ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`

ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.

բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.

գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.

ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:

ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ:

 

Հոդված 15.

ՄԻԱՎ-ով վարակված երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները

 

ՄԻԱՎ-ով վարակված մինչև 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.

բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:

ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:

(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 16.

ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները

 

ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները:

(16-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 17.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
15 փետրվարի 1997 թ.
ՀՕ-103

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան