Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-376-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2017-18.05.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 01.03.17 ՀՕ-53-Ն)

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 12-ին

 

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սեյսմիկ պաշտպանության օրենսդրությունը

 

1. Սեյսմիկ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե սեյսմիկ պաշտպանության բնագավառում միջազգային պայմանագրով սահմանվում են այլ նորմեր, քան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 2. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

երկրաշարժ` երկրի մակերևույթի տատանումներ՝ պայմանավորված սեյսմիկ ալիքների տարածմամբ.

ուժեղ երկրաշարժ` երկրաշարժ, որի ուժը, ըստ Ռիխտերի մագնիտուդային սանդղակի, մեծ է 5.5 բալից.

սեյսմիկ պաշտպանություն` իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական և այլ հատուկ միջոցառումներ` ուղղված պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը.

սեյսմիկ վտանգ` տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որը գնահատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

սեյսմիկ շրջանացում (գոտիավորում)` տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրում (ընդհանուր սեյսմիկ շրջանացում, մանրամասն սեյսմիկ շրջանացում, սեյսմամիկրոշրջանացում).

սեյսմիկ իրավիճակ` սեյսմիկ պաշտպանության տեսակետից ընթացիկ սեյսմիկ վտանգի ընդհանուր բնութագիր.

սեյսմիկ ռիսկ` մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստներ՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով.

սեյսմիկ ռիսկի նվազեցում` պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)` ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը.

սեյսմապաշտպանության ակտիվ համակարգ՝ սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների փոխհամաձայնեցված գործողությունների ամբողջություն.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտներ` պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող շենքեր և շինություններ, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր նշանակության օբյեկտներ` բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող շենքեր և շինություններ.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի ընդհանուր նշանակության օբյեկտներ` հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շարքը չդասվող շենքեր և շինություններ.

շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանություն` շենքերի, շինությունների սեյսմակայունության ապահովում.

սեյսմիկ խոցելիություն՝ տարբեր ուժի երկրաշարժերի դեպքում շենքերի և շինությունների վնասման և փլուզման, մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականություն.

սեյսմիկ խոցելիության գնահատում՝ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում (շենքերի, շինությունների հնարավոր վնասվածության աստիճանի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում) և մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականության գնահատում.

սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման ուժեր` ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլային կազմավորումներ.

վաղ ահազանգում` բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով նրա բնականոն կենսագործունեության ժամանակավոր խախտման մասին ազդարարում.

սեյսմիկ անվտանգություն` իրավիճակ, որի դեպքում բացակայում է սեյսմիկ ռիսկը.

սեյսմամշտադիտարկում (սեյսմամոնիտորինգ)` ընթացիկ սեյսմիկ իրադրության (իրավիճակի) մշտադիտարկում սեյսմոլոգիական սարքավորումների միջոցով.

սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ` սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում մշակված քարտեզ.

սեյսմաշրջանացման աշխատանքներ՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրման նպատակով իրականացվող սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական և այլ համալիր աշխատանքներ.

Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացում (գոտիավորում)՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գոտիավորում՝ ըստ գրունտների հորիզոնական առավելագույն արագացումների արժեքների.

օբյեկտների տարածքների սեյսմամիկրոշրջանացում՝ օբյեկտների տարածքների միկրոգոտիավորում՝ ըստ գրունտների հորիզոնական առավելագույն արագացումների արժեքների.

առաջնային սեյսմիկ վտանգ՝ գրունտի ցնցումներ, ճեղքվածքների, երկրակեղևի խզվածքների առաջացում, այսինքն` երկրաշարժ.

երկրորդային սեյսմիկ վտանգ՝ երկրաշարժով պայմանավորված բնական և տեխնածին վտանգավոր երևույթներ.

սեյսմամիկրոշրջանացման քարտեզներ՝ հողերի օգտագործման սխեմաների, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերի, կառուցապատման բարձրագույն ռիսկայնության օբյեկտների (5-րդ կատեգորիա) նախագծերի մշակման ժամանակ կիրառվող՝ տարածքների միկրոգոտիավորման արդյունքում կազմված քարտեզ.

Հատուկ սեյսմիկ իրադրություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

Արտակարգ սեյսմիկ իրավիճակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժ, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

մարդկային կորուստներ և վիրավորներ՝ զոհեր և մարդկանց առողջությանը պատճառված վնասներ.

վտանգավոր սեյսմիկ պրոցեսներ և երևույթներ՝ առաջնային և երկրորդային սեյսմիկ վտանգ.

նյութական, ֆինանսական միջոցների պաշարներ (ռեզերվներ)՝ նյութական արժեքների գերատեսչական հատուկ նշանակության պահուստ (որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ) և արտաբյուջետային ֆինանսական միջոցներ (հիմնադրամներ), որոնք նախատեսված են արտակարգ սեյսմիկ իրավիճակում օգտագործելու համար.

սեյսմիկ ռիսկի գնահատում՝ ուժեղ երկրաշարժով պայմանավորված՝ մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների գնահատում:

 

Հոդված 3. Օրենքի գործունեության ոլորտը և նպատակը

 

1. Սույն օրենքը սահմանում է սեյսմիկ անվտանգության ապահովման իրավական հիմքերը, նպատակը և սկզբունքները, խնդիրները, միջոցառումները, համակարգը, կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության գործունեության ոլորտներում` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, օրենսդրության նորմերի և պահանջների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության մարմինները:

2. Սույն օրենքի գործողության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգություն և պետության կայուն զարգացում ապահովող մակարդակը, բնակչության վաղ իրազեկումը, աղետալի և վտանգավոր սեյսմիկ գործընթացներից ու երևույթներից բնակիչների կյանքի և գույքի անվտանգության ապահովումը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների (անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից), քաղաքացիների հետ հարաբերությունների կարգավորումը:

 

Հոդված 4. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքները

 

1. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքներն են`

1) սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական պետական քաղաքականության իրականացումը.

2) սեյսմիկ պաշտպանության բնագավառում միասնական պետական և միջազգային և (կամ) միջպետական քաղաքականության մեջ պատրաստվածության և կանխարգելման սկզբունքների գերակայության ապահովումը երկրաշարժի հետևանքների վերացման նկատմամբ.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր պահանջների հավասար առաջնայնությունը.

4) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական և միջպետական ծրագրերի իրագործմանը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակայնության ներգրավումը.

5) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերի ներկայացումը միջազգային դոնոր կազմակերպություններին.

6) բնակչության կյանքի ապահովման գերակայությունը:

 

Հոդված 5. Սեյսմիկ պաշտպանության համակարգը և նրա հիմնական խնդիրները

 

1. Սեյսմիկ վտանգի գնահատման, վտանգավոր սեյսմիկ գործընթացներից և երևույթներից անվտանգության ապահովման պետական համակարգը բաղկացած է հանրապետական, մարզային, համայնքային ուժերից և միջոցներից, պետական կառավարման մարմիններից, տարածքային կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական մարմնից:

2. Սեյսմիկ պաշտպանության համակարգի հիմնական խնդիրներն են`

1) սեյսմիկ անվտանգության համար պատասխանատու ուժերի և միջոցների պատրաստվածության, բնակչության ուսուցման ապահովում.

2) երկարաժամկետ, ընթացիկ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատում.

3) նյութական, ֆինանսական միջոցների պաշարների ու վաղ ահազանգման նորագույն տեխնոլոգիաների ստեղծում և սեյսմիկ ռիսկերին համարժեք արձագանքման, կանխարգելման և պատրաստվածության մեխանիզմների կատարելագործում.

4) սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և հուսալի կանխատեսման արդյունքներ ստանալու համար նպատակային ու գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

5) սեյսմամշտադիտարկման, կանխատեսման, վաղ ահազանգման ասպարեզներում տեղեկատվության հավաքում, մշակում, փոխանակում և տրամադրում.

6) կանխատեսման, երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգի և բնակչության անվտանգության ապահովման համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հիման վրա սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում պետական վերահսկման, փորձաքննական եզրակացությունների տրամադրում:

 

Հոդված 6. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերով: Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ՝ Պետական ծրագիր) ունի համալիր բնույթ և բաղկացած է կարճաժամկետ (մինչև մեկ տարի), միջնաժամկետ (մինչև հինգ տարի) և երկարաժամկետ (մինչև 30 տարի) ծրագրերից:

Պետական ծրագիրը ներառում է երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:

Պետական ծրագրի կատարման հետևանքով ապահովվում է սեյսմիկ վտանգի կանխատեսումը, սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ Պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հաղորդմամբ:

Պետական ծրագրով նախատեսված սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման կարգերը հաստատում է լիազոր մարմինը, իսկ կառավարության սահմանած դեպքերում՝ լիազոր մարմինը և Պետական ծրագրով համակատարող հանդիսացող համապատասխան շահագրգիռ լիազոր մարմինը (մարմինները):

Պետական ծրագրի մշակումը, իրականացումը, համակարգումը և նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման համար:

3. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների մարզային և համայնքային ծրագրերը համարվում են Պետական ծրագրի ենթածրագրեր:

4. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագրերը կազմվում են Պետական ծրագրի համաձայն և ներառվում են մարզերի զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը մշակում է պետական կառավարման տարածքային մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի:

5. Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրերը (բացառությամբ Երևան համայնքի) կազմվում են մարզային ծրագրի համաձայն և ներառվում են համայնքների զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը մշակում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի:

Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի համաձայն և ներառվում է Երևանի զարգացման ծրագրերում:

6. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրի մշակմանը լիազոր մարմինը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերն իրականացնում են լիազոր մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 7. Սեյսմիկ պաշտպանության ծրագրերի ու միջոցառումների նյութական ապահովումը և ֆինանսավորումը

 

1. Սեյսմիկ պաշտպանության ծրագրերի ու միջոցառումների նյութական ապահովումը և ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 8. Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները և սուբյեկտները

 

1. Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը.

3) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը.

4) կառավարական, պաշտպանական, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական (այդ թվում՝ ջրամբարներ, պատվարներ), էներգետիկ, գիտատեխնիկական, առողջապահության և կրթության համալիրները.

5) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

6) ինժեներատրանսպորտային հաղորդակցության համակարգերը.

7) կենսաապահովման գծերը (գազամուղ, ջրամատակարարման և ջրահեռացման գծեր):

2. Սեյսմիկ պաշտպանության գործունեության սուբյեկտներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից).

3) փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ուժերը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարները.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները:

 

Հոդված 9. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգումը

 

1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտները սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից, ըստ նշանակության, դասակարգվում են՝

1) հատուկ.

2) կարևոր.

3) ընդհանուր:

2. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների ցանկը, ըստ դասակարգման չափորոշիչների, սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 10. Շենքերի և շինությունների սեյսմակայունության գույքագրումը

 

1. Շենքերի և շինությունների սեյսմակայունության գույքագրման հիմնական խնդիրներն են պետական երկարաժամկետ միջոցառումների իրականացումը` սեյսմակայունության ապահովման որոշակի տեխնիկական լուծումների ապահովման նպատակով, այդ թվում`

1) շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրման համար զննման ապահովում.

2) օբյեկտների սեյսմակայունության գնահատում.

3) ոչ սեյսմակայուն շենքերի ուժեղացման տեխնիկատնտեսապես շահավետ կոնստրուկտիվ սխեմաների ընտրություն.

4) սեյսմապաշտպանության ակտիվ համակարգի կազմակերպման համար հատուկ նշանակության շինություններում սեյսմաչափիչ կայանների տեղաբաշխում:

2. Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շինարարական նախագծերի ու ավարտական ակտերի համաձայնեցումը կատարվում է լիազոր մարմնի մասնակցությամբ՝ ղեկավարվելով սեյսմակայուն շինարարության նորմերով և սեյսմիկ ռիսկի գնահատումներով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հաստատում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) հաստատում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերը.

3) սահմանում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգման չափորոշիչները.

4) սահմանում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.

5) սահմանում է սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացվող պարտադիր պահանջները.

6) հաստատում է ուժեղ երկրաշարժերի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 12. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմինը՝

1) մշակում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) իրականացնում կամ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատումը, ինչպես նաև համակարգում է սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը՝ հատուկ սեյսմիկ իրադրության ժամանակ.

4) սահմանում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների ցանկը՝ ըստ դասակարգման չափորոշիչների.

5) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի, դրա բնակավայրերի, սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների տարբեր մասշտաբների սեյսմիկ գոտիավորման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները.

6) հաստատում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումները.

7) համակարգում և կազմակերպում է ուժեղ երկրաշարժերին բնակչության դիմակայելու նախապատրաստվածությունը և ուսուցումը.

8) համակարգում և վերահսկում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացումը.

9) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ անվտանգության ապահովման պետական վերահսկողությունը.

10) իր լիազորությունների սահմաններում ապահովում է ոլորտում ծառայությունների մատուցումը.

11) հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներն անվճար տրամադրում է շահագրգիռ գերատեսչություններին, համապատասխան մարզպետներին և համայնքների ղեկավարներին՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ելակետային նյութերում և (կամ) Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում ընդգրկելու նպատակով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ.

13) համապատասխան փորձագիտական համակարգերի միջոցով գնահատում է սեյսմիկ վտանգի վաղ ահազանգման վերաբերյալ տարբեր կազմակերպությունների առաջարկները.

14) ելնելով սեյսմիկ ռիսկերի գնահատման քարտեզներից՝ քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ սահմանում է բյուջետային տարում հանրապետությունում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի իրականացման առաջնահերթության գրաֆիկ.

15) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական գործադիր մարմինների իրավասությունները

 

1. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններն իրականացնում են սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 14. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

 

1. Պետական կառավարման տարածքային մարմինները`

1) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

2) իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժի առաջացման մասին բնակչության ազդարարումը.

3) կազմակերպում են սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

4) մշակում են ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում արագ արձագանքման և առաջնահերթ գործողությունների օրացուցային պլաններ, անցկացնում են դրանցով նախատեսվող ուսումնավարժանքներ.

5) կազմակերպում են մարզի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում ծրագրերի մշակումն ու համակարգում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքները.

6) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում ներառում են լիազոր մարմնի կողմից հաստատված սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ:

Հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները ներառվում են մարզային, համայնքային զարգացման ծրագրերում և, առկայության դեպքում, տարածքային մակարդակի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ելակետային նյութերի փաթեթում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում ներառում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ.

8) մշակում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրեր.

9) մասնակցում են պետական ծրագրերով նախատեսված` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը.

10) տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու բնակչությանը օրենքով սահմանված կարգով կարող են ներգրավել սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներում.

11) իրականացնում են սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով:

2. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները`

1) կազմակերպում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

2) ապահովում են համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.

3) աջակցում են համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը.

4) մասնակցում են ուժեղ երկրաշարժի վտանգի մասին բնակչության ազդարարման գործընթացին.

5) սեյսմիկ աղետի դեպքում կազմակերպում են դրա հետևանքների վերացման աշխատանքները հասարակական կազմակերպությունների և բնակչության ներգրավմամբ.

6) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն:

 

Հոդված 16. Կազմակերպությունների պարտականությունները սեյսմիկ պաշտպանության համակարգում

 

1. Կազմակերպությունները սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգում սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով`

1) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

2) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտների հուսալիությունն ու սեյսմիկ անվտանգությունը.

3) աջակցում են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը և օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են անհրաժեշտ փրկարարական և վթարավերականգնողական ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար.

4) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 17. Քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

 

1. Արտակարգ սեյսմիկ իրավիճակներում քաղաքացիների սեփականության տիրապետումը և ժամանակավոր օգտագործումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել հետագա համարժեք փոխհատուցմամբ (միայն կյանքի փրկության և առողջության հետ կապված փրկարարական աշխատանքների իրականացման համար)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Քաղաքացիները պարտավոր են կատարել սեյսմիկ պաշտպանության միջոցառումների ուղղությամբ լիազոր մարմնի աշխատակիցների օրինական ցուցումները:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները սեյսմիկ պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 2

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 3

 

ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 18. Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերը

 

1. Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերն են՝

1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումը.

2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը:

2. Առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգների գնահատումները:

3. Երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը ներառում է երկրաշարժի հետևանքով հարուցվող բնական և տեխնածին երևույթների գնահատումը:

 

Հոդված 19. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

1. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը երկրի մակերևույթի առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժի կանխատեսումն է: Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման` ընդհանուր սեյսմիկ շրջանացման, մանրամասն սեյսմիկ շրջանացման, սեյսմամիկրոշրջանացման քարտեզներ, որոնք, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը:

Սեյսմիկ շրջանացման քարտեզները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սեյսմիկ շրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի, մանրամասն սեյսմիկ շրջանացման և սեյսմամիկրոշրջանացման քարտեզները հիմք են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, բնակավայրերի կառուցապատման նախագծերի, հողօգտագործման սխեմաների մշակման համար:

4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների նախագծման ժամանակ կատարվում է հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շինհրապարակի սեյսմիկ պարամետրերի գնահատում՝ գրունտների դինամիկ բնութագրերի և հաշվարկային արագացումների որոշում:

5. Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայնեցմանը, հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցմանը լիազոր մարմինը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 20. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

1. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է:

2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվում է ընթացիկ իրավիճակի սեյսմիկ մշտադիտարկում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:

3. Սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային գլոբալ ցանցերի մեջ:

4. Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումները խանգարումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:

5. Սեյսմիկ դիտակայաններում կատարված դիտարկումների արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի` տվյալների հավաքման կենտրոն: Սեյսմիկ վտանգի առկայության դեպքում Հատուկ սեյսմիկ իրադրության կամ Արտակարգ սեյսմիկ իրավիճակի դեպքերում լիազոր մարմինը տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը:

6. Ցանցի ստեղծման և զարգացման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

Հոդված 21. Սեյսմիկ ռիսկի գնահատումը

 

1. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի առնել հետևյալ գործոնները.

1) սեյսմիկ վտանգի մեծությունը.

2) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերի և շինությունների առկայությունը.

3) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերում և շինություններում բնակվող և աշխատող բնակչության թիվը.

4) բնակավայրի ենթակառուցվածքի և բնակավայրը կենսաապահովող գծերի սեյսմիկ խոցելիությունը:

2. Լիազորված մարմնի սահմանած կարգով սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքով մշակվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ոլորտային ծրագրերի, սեյսմիկ ռիսկի նվազեցման ենթածրագրերի հիմքում:

3. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22. Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրները

 

1. Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրներն են՝

1) տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցումը.

2) բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը.

3) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը.

4) բնակչության վաղ ահազանգման համակարգի ստեղծումը.

5) բժշկական պատրաստվածությունը.

6) արագ արձագանքման ուժերի զարգացումը.

7) ապահովագրության համակարգի ստեղծումը.

8) ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերակառուցումը և բնակչության վերականգնումը:

2. Սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրականացվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր պետական ծրագրերի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 23. Տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցումը

 

1. Տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցումն իրականացվում է տարածքների սեյսմիկ խոցելիության գնահատման հիման վրա:

2. Տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման հիմնական պահանջներն են`

1) տարածքների սեյսմաշրջանացումը, երկրորդային սեյսմիկ վտանգների քարտեզագրումը և անձնագրավորումը.

2) բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի գնահատումը, սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումը.

3) գոյություն ունեցող շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի նվազեցումը՝ հաշվի առնելով տարածքի սեյսմիկ վտանգը.

4) սեյսմիկ խոցելիության նվազեցման պահանջների հաշվառմամբ թույլատրված հողօգտագործումը:

3. Տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներն են`

1) շենքերի և շինությունների նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում դրանց սեյսմակայունության պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

2) երկրորդային վտանգների կանխատեսումը:

 

Հոդված 24. Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությունը

 

1. Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն իրականացվում են դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրության, վնասվածության և սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքում ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա:

2. Լիազոր մարմնի կողմից հաստատվում և համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետարան, համայնքապետարան են ներկայացվում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ: Սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկությունների հիման վրա համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, համայնքապետարանի և օբյեկտների սեփականատերերի կողմից մշակվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման ժամանակացույց: Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման ժամանակացույցը ներառվում է ճյուղային, պետական նպատակային, տարածքային և համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բնական և տեխնածին երևույթների հիմնախնդիրների փաթեթում:

3. Սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումներն իրականացվում են օբյեկտների սեփականատերերի միջոցներով:

4. Շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման պատասխանատվության ռիսկը կրում են օբյեկտների սեփականատերերը:

5. Շենքերի և շինությունների ապահովագրության կիրառումը դրանց սեյսմիկ պաշտպանության կարևոր բաղադրիչներից է:

 

Հոդված 25. Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը

 

1. Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգերի միջոցով:

2. Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը.

1) բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցում՝ սկսած հանրակրթական դպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով).

2) ուսումնական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, համապատասխան ցուցադրանյութեր.

3) հեռուստառադիոհաղորդումներ և հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում.

4) սոցիալ-հոգեբանական նախապատրաստում:

3. Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը:

4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության ուսուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը

 

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման նպատակն է պետության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործման համար սեյսմիկ ռիսկի կառավարման միասնական համակարգի ստեղծումը:

2. Սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ ժամանակահատվածները` մինչև երկրաշարժը (կանխարգելիչ երկարաժամկետ միջոցառումներ), երկրաշարժի ընթացքում (արագ արձագանքում), հետերկրաշարժային (օգնության ցուցաբերում, վերակառուցողական աշխատանքներ և բնակչության վերականգնում):

3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը ներառում է սեյսմիկ ռիսկի նվազեցման տարածաշրջանային և համայնքային, ինչպես նաև համատեղ փոխօգնության ծրագրերի մշակումը, անձնակազմի ուսուցողական վարժանքների կազմակերպումը:

4. Լիազոր մարմինը մշակում և իրականացնում է ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների սեյսմիկ ռիսկի կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրեր:

 

Հոդված 27. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28. Վաղ ահազանգման եղանակները

 

1. Վաղ իրազեկումն իրականացվում է վաղ ահազանգման միջոցով:

2. Վաղ ահազանգման եղանակներն են` ոչ շտապ ահազանգում՝ պետական կառավարման մարմինների միջոցով, և ակնթարթային, ավտոմատ ահազանգում՝ սեյսմիկ տագնապի ձայնային ազդանշանի միջոցով:

3. Ոչ շտապ վաղ ահազանգման հիմքում ընկած է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը լիազոր մարմնի կողմից, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ: Միջոցառումների գլխավոր նպատակն է նախօրոք ծրագրված գործողությունների միջոցով խուսափել մարդկային և նյութական զգալի կորուստներից:

4. Ակնթարթային վաղ ահազանգումը երկրաշարժի օջախից դեպի բնակավայր տարածվող ավերիչ սեյսմիկ ալիքի ազդանշանի փոխանցումն է տեխնիկական ավտոմատ համակարգի միջոցով:

5. Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հայտարարում է «Հատուկ սեյսմիկ իրադրություն», իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` «Արտակարգ սեյսմիկ իրավիճակ», և սահմանում է գործողությունները հատուկ սեյսմիկ իրադրությունում և արտակարգ սեյսմիկ իրավիճակում:

6. Սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և նորագույն տեխնոլոգիաներով վերազինման, վաղ ահազանգման համակարգի գործարկման համալիր միջոցառումները կազմակերպում է լիազոր մարմինը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուժեղ երկրաշարժի դեպքում հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները:

 

Հոդված 29. Արագ արձագանքման համակարգը

 

1. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկում է գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները և ուղղված է տուժած բնակչությանն արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային և նյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով:

2. Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայության պայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:

3. Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնում են՝

1) որոնողափրկարարական աշխատանքներ.

2) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին բժշկական օգնության ցուցաբերում փրկարարների և բնակչության կողմից.

3) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով.

4) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում և բնակչության հետ բացատրական աշխատանքների կազմակերպում.

5) կապի և կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում.

6) տեղեկատվական ծառայության կազմակերպում.

7) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում.

8) հասարակական կարգի ապահովում.

9) վթարային շենքերի վնասազերծում.

10) երկրաշարժի գոտու շենքերի և կառույցների նախնական վնասվածության աստիճանի և հետևանքների գնահատում.

11) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանական և մակրոսեյսմիկ հետազոտություններ.

12) ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման այլ աշխատանքներ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հոդված 30. Բժշկական պատրաստվածությունը

 

1. Բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր մարդկային կորուստների և վիրավորների վերաբերյալ կանխատեսման վրա:

2. Բժշկական պատրաստվածությունը ենթադրում է`

1) մասնագիտացված բժշկական հիմնարկների նախապատրաստում.

2) բժշկական և ոչ բժշկական մասնագետների նախապատրաստում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով.

3) բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում՝ կախված բարձր սեյսմիկ ռիսկի գոտիների տեղադրումից.

4) բժշկական ծառայությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համատեղ գործողությունների իրականացում:

 

Հոդված 31. Վերականգնման սկզբունքները

 

1. Վերականգնման աշխատանքների իրականացումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) հավանական վերականգնման աշխատանքների հնարավոր ծավալների պլանավորում աղետից առաջ և այդ ծավալների ճշգրտում աղետից հետո.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ոչ կառավարական հիմնարկների, հասարակության համագործակցության ապահովում՝ վերականգնման խնդիրների լուծման ուղղությամբ.

3) վերականգնողական աշխատանքներին աղետի գոտու բնակչության ակտիվ մասնակցության համար պայմանների ստեղծում.

4) աղետի գոտում միջազգային ներդրումների ներգրավման պայմանների ստեղծում:

 

Հոդված 32. Վերականգնման աշխատանքների էությունը

 

1. Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է արտակարգ սեյսմիկ իրավիճակի և վերակառուցման փուլերի միջև:

2. Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝

1) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայում և նոր քարտեզների (այդ թվում՝ սեյսմամիկրոշրջանացման) կազմում.

2) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի և գլխավոր հատակագծի առկայություն.

3) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.

4) պահպանված շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի գնահատում, դրանց շահագործման նպատակով երաշխավորագրի հանձնում.

5) բարձր վթարային և ավերված շինությունների հեռացում և հրապարակի մաքրում.

6) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի կառուցում.

7) արդյունաբերության, մշակույթի, կենցաղի, առողջապահության, կրթության և գիտության օբյեկտների, կենսաապահովման ուղիների, պաշտամունքային կառույցների վերականգնում.

8) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:

 

Հոդված 33. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա ռեաբիլիտացիան

 

1. Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և նրա վերականգնման նպատակը հետերկրաշարժային ժամանակահատվածում պետության նյութական և հոգեբանական կորուստների նվազեցումն է:

2. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա վերականգնումը բազմափուլային է՝ օպերատիվ (առաջին մի քանի օր), կարճաժամկետ (առաջին ամիսներ), միջնաժամկետ (առաջին տարին) և երկարաժամկետ (մեկ տարուց ավելի):

3. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա վերականգնումը հիմնված են հետևյալ սկզբունքների վրա.

1) օգնության և վերականգնողական աշխատանքների ծավալների նախօրոք պլանավորում աղետից առաջ և ճշգրտում աղետից անմիջապես հետո.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության ակտիվ մասնակցությունը:

 

Հոդված 34. Հայաստանի Հանրապետությունում երկրաշարժերից ապահովագրման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց գույքի ապահովագրումը երկրաշարժից իրականացվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 35. Պատասխանատվությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում իրավախախտումների համար

 

1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում կատարված իրավախախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(օրենքը խմբ. 01.03.17 ՀՕ-53-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 6
Երևան
ՀՕ-376-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2020, ՀՕ-36-Ն 22.02.2020, ՀՕ-376-Ն
16.12.2016, ՀՕ-15-Ն 18.05.2017, ՀՕ-376-Ն
01.03.2017, ՀՕ-53-Ն 08.04.2017, ՀՕ-376-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան