Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-72-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.05/20(1295) Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «ներդրման» բառից հետո լրացնել «սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում չնշված» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները և էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «71-րդ հոդվածով» բառերը փոխարինել «26-րդ և 71-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը, որի համար պահանջվում է ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությունը, բացառությամբ բաց պայմանագրային ֆոնդերի և այն փակ պայմանագրային ֆոնդերի, որոնց կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում: Ընդ որում, փակ պայմանագրային ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխության դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում ներկայացնելու իր փայերի հետգնման պահանջ: Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:

8. Մասնակիցների իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցման պահից երկու ամիս հետո, եթե կանոններով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:»:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կառավարիչը որոշակի աշխատանքային օրերի կարող է չհաշվարկել և չհրապարակել ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե՝

1) տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկումը պատվիրակված է այլ անձի, որը օտարերկրյա կազմակերպություն է, և

2) այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):»:

 

Հոդված 6. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի, պահառուի, նրանց ղեկավարների, ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի և անկախ աուդիտն իրականացնող անձի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած, պատկանող և (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ (յուրաքանչյուր ներդրման դեպքի համար): Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կառավարիչը չունի բավարար ընթացակարգեր և պատշաճ ներքին հսկողության համակարգ, որոնք կապահովեն այդպիսի ներդրումների դեպքում մասնակիցների լավագույն շահերի պաշտպանությունը, և (կամ) այդ ներդրման արդյունքում կվտանգվեն մասնակիցների շահերը:

Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում:

Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:»:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում բոլոր «փոխառություններ» բառերը փոխարինել «փոխառու միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) կառավարչի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (բացառությամբ կառավարչի խորհրդի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի) հաստատումը.»:

 

Հոդված 9. Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կառավարչի գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները չեն կարող միևնույն կառավարչի մոտ զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի մոտ լինել ղեկավար (բացառությամբ դուստր կամ հիմնական ընկերության խորհրդի նախագահի և անդամի, ինչպես նաև սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի) կամ այլ աշխատակից: Կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը կամ անդամը կամ գործադիր տնօրենի տեղեկալը կարող է իրականացնել միևնույն կառավարչի ֆոնդի կառավարման գործունեություն: Սույն մասում նշված անձինք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, վճարովի այլ աշխատանք կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կառավարչի ղեկավարների և (կամ) այլ աշխատակիցների համար կարող են նախատեսվել պաշտոնների համատեղելիության այլ սահմանափակումներ` ուղղված շահերի հնարավոր բախումների և այլ ռիսկերի կանխարգելմանը:»:

 

Հոդված 10. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել «կառավարիչը» բառով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.

«6. Եթե խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց արդյունքում ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառվել է վնաս, ապա կառավարիչը պարտավոր է խախտման մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետներում որոշել յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը և վնաս կրած մասնակիցներին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ծանուցել պատճառված վնասի, դրա չափի և վնասի հատուցումն ստանալու կարգի ու ժամկետների մասին:

7. Կառավարիչը պետք է որոշի պատճառված վնասի չափը՝ ելնելով բոլոր գույքային վնասներից, ներառյալ՝ բաց թողնված օգուտը այն իրավիճակի համեմատությամբ, որը կլիներ, եթե խախտումը տեղի չունենար, և խախտման հետ կապված ակտիվները կառավարվեին այլ ակտիվներին համանման ձևով:

8. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու կամ ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները, այդ թվում՝ հատուցման եղանակի ընտրության չափանիշները:

9. Սույն հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված այլ հիմքերով վնասների հատուցման պահանջի ներկայացումը:»:

 

Հոդված 11. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետը «կոնտրագենտի» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ռեզիդենտ կոնտրագենտի)» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) ոչ ռեզիդենտ կոնտրագենտի համաձայնությունն իրեն պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի կողմից վերահսկողության, այդ թվում՝ կառավարչի աուդիտի կամ Կենտրոնական բանկի համապատասխան պահանջի դեպքում պատվիրակված գործառույթների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների՝ կառավարչին տրամադրման մասին.»:

 

Հոդված 12. Օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը «լինել» բառից հետո լրացնել «Կենտրոնական դեպոզիտարիան կամ» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 87-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «կառավարչի խորհրդին:» բառերը փոխարինել «կառավարչին:» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով կառավարչին, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահառուն գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի կառավարիչը: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-9-րդ մասերը կիրառվում են պահառուի կողմից ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման նկատմամբ:»:

 

Հոդված 14. Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի և նոր պահառուի միջև ֆոնդի պահառության պայմանագիր կնքվելու, ինչպես նաև ֆոնդի պահառության պայմանագրում էական փոփոխություններ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները (պայմանագիրը) պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները (պայմանագիրը) ենթակա են գրանցման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ուժի մեջ են մտնում գրանցվելու պահից: Նոր պահառուի հետ կնքված պայմանագրի գրանցումը կատարվում է պայմանագրային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու հետ միաժամանակ: Սույն մասի իմաստով էական է համարվում պահառուի, մատուցվող ծառայությունների շրջանակի, վճարների վերաբերյալ փոփոխությունը, ինչպես նաև գործարար շրջանառությունում նմանատիպ պայմանագրերի համար էական հանդիսացող այլ պայմանների փոփոխությունը:»:

 

Հոդված 15. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կառավարիչը արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացություն ներկայացնելը`

1) կառավարչի` ֆինանսական հաշվետվությունների կազմման համար ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

2) Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-72-Ն