ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.»:
Հոդված 2. Օրենսգրքի 210-217-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 210. | Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքները (սերվիտուտները) |
1. Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են՝
1) գույքային սերվիտուտը.
2) անձնական սահմանափակ սերվիտուտը.
3) անձնական լիարժեք սերվիտուտը (ուզուֆրուկտը).
4) բնակելի տարածություն օգտագործելու իրավունքը:
Հոդված 211. | Գույքային սերվիտուտը |
1. Հողամասը կամ այլ անշարժ գույքը (ծառայող գույքը) կարող է ծանրաբեռնվել այլ հողամասի կամ անշարժ գույքի (գերակա գույքի) սեփականատիրոջ օգտին այնպես, որ գերակա գույքի սեփականատերը կարողանա սահմանափակ օգտագործել ծառայող գույքը (դրական սերվիտուտ) կամ արգելել ծառայող գույքի սեփականատիրոջն այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ):
2. Գույքային սերվիտուտ կարող է սահմանվել գերակա գույքի սեփականատիրոջ կամ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով:
3. Անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնելու դեպքում անշարժ գույքի սեփականատերը չի զրկվում այդ անշարժ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներից, որոնք կարող է իրականացնել առանց խախտելու սերվիտուտով նախատեսված սահմանափակումները:
4. Գույքային սերվիտուտը չի կարող լինել առք ու վաճառքի, գրավի, վարձակալության կամ որևէ այլ գործարքի ինքնուրույն առարկա, բացառությամբ կողմերի միջև սույն օրենսգրքի 213 հոդվածով նախատեսված գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ կայացված համաձայնության:
5. Գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:
Գույքային սերվիտուտի բովանդակությունը
Հոդված 212.
1. Գերակա գույքի սեփականատերն իրավունք չունի ծառայող գույքում կատարելու փոփոխություններ, բացառությամբ այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են գույքային սերվիտուտի իրականացման համար: Գույքային սերվիտուտի իրականացման համար անհրաժեշտ ցանկացած փոփոխություն կատարում է գերակա գույքի սեփականատերը, և կատարված ծախսերը չեն հաշվարկվում գույքային սերվիտուտի վճարի մեջ:
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:
Հոդված 213. |
Կամավոր գույքային սերվիտուտը |
1. Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
2. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
3. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հարկադիր գույքային սերվիտուտը
Հոդված 214.
1. Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
3. Հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սույն օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր պայմանները:
4. Հասարակական կարիքների համար հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:
5. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ:
6. Հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն առկա էր մինչև սերվիտուտ սահմանելը։
Գույքային սերվիտուտի պետական գրանցումը
Հոդված 215.
1. Գույքային սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Գույքային սերվիտուտի համար վճարը
Հոդված 216.
1. Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով:
3. Գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է վերանայվել ոչ շուտ, քան երեք տարին մեկ անգամ՝ դատարանի վճռով:
Գույքային սերվիտուտը դադարելը
Հոդված 217.
1. Ծառայող կամ գերակա գույքի սեփականատիրոջ պահանջով գույքային սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են այն սահմանելու հիմքերը:
2. Այն դեպքում, երբ անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, կամ գերակա գույքի սեփականատերը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել սերվիտուտի համար պարբերաբար կատարվող վճարը, ապա ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջելու դադարեցնել սերվիտուտը:
3. Գերակա և ծառայող գույքի սեփականատերերի համընկնման դեպքում գույքային սերվիտուտը դադարում է:
4. Եթե գույքային սերվիտուտի գործողության ժամանակ գերակա գույքի սեփականատիրոջ կողմից ծառայող գույքում կատարվել են փոփոխություններ, ապա գերակա գույքի սեփականատերը պարտավոր է մինչև սերվիտուտը դադարելը ծառայող գույքն իր հաշվին բերել նախնական վիճակին։ Այս կանոնից բացառություն կարող է սահմանվել կողմերի համաձայնությամբ:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 217.1- 217.7-րդ հոդվածներով.
«Հոդված 217.1. |
Անձնական սահմանափակ սերվիտուտը |
1. Կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա օգտվելու այդ անշարժ գույքից միմիայն կոնկրետ նպատակների համար, կամ նրան կարող է տրվել այլ իրավազորություն, որը կարող է հիմք հանդիսանալ սերվիտուտ սահմանելու համար (անձնական սահմանափակ սերվիտուտ):
2. Անձնական սահմանափակ սերվիտուտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
3. Անձնական սահմանափակ սերվիտուտը կարող է տրամադրվել անժամկետ կամ որոշակի ժամկետով: Իրավաբանական անձին տրամադրվող անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող գերազանցել 10 տարին:
4. Անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող փոխանցվել այլ անձի։
5. Անձնական սահմանափակ սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Ուզուֆրուկտը
Հոդված 217.2.
1. Կողմերի համաձայնությամբ պայմանագրի հիման վրա անշարժ կամ շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա տիրապետելու և օգտագործելու գույքը և դրա օգտագործմամբ ստացվածը (պտուղներ, արտադրանք, եկամուտներ) նույն կերպ, ինչպես դա իրավասու կլիներ անելու գույքի սեփականատերը (ուզուֆրուկտ):
2. Ուզուֆրուկտ ստացող անձի կողմից գույքի օգտագործմամբ ստացվածը համարվում է ուզուֆրուկտ ստացող անձի սեփականությունը:
3. Ուզուֆրուկտը սահմանվում է անհատույց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
4. Ուզուֆրուկտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 217.2-217.7 հոդվածներով:
5. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
6. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ սույն օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ուզուֆրուկտով կարող է ծանրաբեռնվել օրենքով նախատեսված դեպքերում:
8. Հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելիս ուզուֆրուկտ է սահմանվում նաև հողամասը զբաղեցրած շինության նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ։
Ուզուֆրուկտ ստացող անձինք
Հոդված 217.3.
1. Ուզուֆրուկտ կարող է սահմանվել հօգուտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:
2. Ուզուֆրուկտ կարող է տրամադրվել մեկ կամ մի քանի անձանց: Եթե ուզուֆրուկտ է տրամադրվել մեկից ավելի անձանց, ապա նրանցից մեկի մահվան կամ լուծարման դեպքում ուզուֆրուկտը մյուս անձի (անձանց) նկատմամբ պահպանվում է:
Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը սեփականատիրոջ կողմից տիրապետելու և օգտագործելու արգելքը
Հոդված 217.4.
1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքի սեփականատերը չի կարող ուզուֆրուկտ ստացած անձի հետ համատեղ տիրապետել և օգտագործել գույքը ուզուֆրուկտով ծանրաբեռնված լինելու ողջ ժամանակահատվածում:
Ուզուֆրուկտ սահմանելու ժամկետը
Հոդված 217.5.
1. Ուզուֆրուկտը ֆիզիկական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ ցմահ՝ մինչև ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձի մահը:
2. Ուզուֆրուկտն իրավաբանական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ մինչև իրավաբանական լուծարումը, բայց ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով։
Ուզուֆրուկտ ստացող անձի իրավունքները և պարտականությունները
Հոդված 217.6.
1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը հատուցմամբ օտարելիս ուզուֆրուկտ ստացած անձն ունի վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունք, բացառությամբ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերի: Սույն մասում նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով նախատեսված կանոնները:
2. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է հոգ տանել գույքն իր տնտեսական նշանակությամբ պահպանելու համար, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ նաև ապահովագրել այն:
3. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է ուզուֆրուկտի գործողության ընթացքում կրել գույքի հետ կապված հանրային ու մասնավոր բեռը՝ հարկերը, տուրքերը և այլ վճարներ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Ուզուֆրուկտը դադարելը
Հոդված 217.7.
1. Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են`
1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը.
2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը.
3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել.
6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը և գույքի սեփականատերը.
7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները:
2. Ուզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625 հոդվածով նախատեսված կանոնները:
3. Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 5-րդ մասում «216 և 247 հոդվածներով» բառերը փոխարինել «217, 217.7 և 247 հոդվածներով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում «211» թիվը փոխարինել «213» թվով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 23 Երևան ՀՕ-70-Ն
ՆախագահՍ. Սարգսյան