ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 431.1-ին հոդվածով.
«Հոդված 431.1. Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը
1. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաև տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:
2. Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ:
3. Տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը:
4. Դատարանը տուգանքը վճարելու անհնարինությունը կամ այն վճարելուց չարամտորեն խուսափելը որոշում է` հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասը «ազատազրկումը կրելու համար ուղարկելու» բառերից հետո լրացնել «, տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-61-Ն
ՆախագահՍ. Սարգսյան