Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

16 հունիսի 2015 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև Փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Դ. Վալովոյին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չիլիի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ձգտելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև բացել տարբեր ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ,

ընդունելով փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը,

կարևորելով համաշխարհային տնտեսությունում և ընդհանուր առմամբ միջազգային առևտրային համակարգում ինտեգրման հարցերով փոխգործակցությունը,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,

հետևելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել իրենց իրավասության շրջանակներում հետևյալ ուղղություններով.

տարածաշրջանային տնտեսական ինտեգրում և դրա զարգացման ռազմավարություն,

տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Չիլիի Հանրապետությունում,

տնտեսական համագործակցություն,

տեխնիկական կարգավորում, համապատասխանության ստանդարտացում և գնահատում,

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում,

ֆինանսներ,

տրանսպորտ,

էներգետիկա,

ագրոարդյունաբերական համալիր,

մրցակցային քաղաքականություն, հակամենաշնորհային կարգավորում,

արդյունաբերություն, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցության խորացում, արդյունաբերական համալիրների մրցունակության, ինչպես նաև նորարարական և ներդրումային ակտիվության բարձրացում, արդյունաբերական ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացում, արդյունաբերական համալիրների զարգացման հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման աջակցություն,

մաքսային կարգավորում,

մտավոր սեփականություն,

ծառայություններ, ներդրումներ և ձեռնարկատիրության զարգացում,

այլ ուղղություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

2. Սույն Հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակով՝

համաժողովների, ֆորումների, սեմինարների, խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չիլիի Հանրապետության բիզնես–համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,

տարածաշրջանային և բազմակողմ ֆորումների կազմակերպման և անցկացման ոլորտում փորձի փոխանակում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների, այդ թվում՝ վիճակագրական տեղեկությունների փոխանակում՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և Չիլիի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության պահանջները,

վերլուծական համառոտ ակնարկների նախապատրաստում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են նախապատրաստել համագործակցության համատեղ պլաններ և ծրագրեր։

3. Սույն Հուշագրի իրականացման նպատակներով փոխգործակցությունը կիրագործվի այդ թվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև փոխգործացության հարցերով համատեղ հանձնաժողովի շրջանակներում, որը ձևավորվում է Կողմերի ներկայացուցիչներից։

Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն տարին առնվազն մեկ անգամ։

Համատեղ հանձնաժողովի կազմը, համատեղ հանձնաժողովի նիստերի անցկացման ամսաթիվը և վայրը, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգը որոշվում են Կողմերի պայմանավորվածությամբ։

4. Կողմերը կփորձեն իրականացնել կանոնավոր շփումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Չիլիի Հանրապետության նախարարների միջև։

5. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

6. Սույն հուշագրի իրականացման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

7. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

8. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման ամսաթվից։

9. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Կատարված է քաղաքում 20 թվականի « »-ին, երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով, իսպաներենով և անգլերենով, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։ Տարաձայնությունների դեպքում կիրառվում է անգլերեն լեզվով տեքստը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից

Չիլիի Հանրապետության
կառավարության կողմից