ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի փետրվարի 7-ին
«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. |
Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության ոլորտներում |
Էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության և դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության և դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձևության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.
զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձևավորումը մարդու և բնության համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. փետրվարի 22 Երևան ՀՕ-42-Ն
ՆախագահՍ. Սարգսյան