Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-239-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.22
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «67-րդ» թիվը փոխարինել «93-րդ» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ և 31-րդ հոդվածներում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

 

 Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի երրորդ պարբերությունում «պարտադիր» բառը փոխարինել «պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական» բառերով:

 

 Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասում՝

 

1) առաջին պարբերության «կեսից ավելիով» բառերը փոխարինել «երկու երրորդով» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունվելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարության լիազորած մարմին, որն էլ օրենքով սահմանված կարգով այն ներկայացնում է կառավարություն:».

3) չորրորդ պարբերությունից հանել «կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու» բառերը:

 

 Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

 

 1. Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևաչափով:

2. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

 3. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

 4. Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ավագանու անդամը (անդամները) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպությունը համայնքի ավագանուն է ներկայացնում իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները: Իրավախախտումներ հայտնաբերվելու դեպքում ավագանին կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

 5. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:

6. Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

 7. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

 8. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում: Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Այդ դեպքում գործում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ համայնքի ղեկավարի կողմից հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի վերաբերյալ ընթացակարգը։ Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված։

Եթե համայնքի ավագանին այնուամենայնիվ իր որոշմամբ համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունում է հրաժարականը, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը նույնպես համարվում է հաստատված:

 9. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի սահմանած ձևով և ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև.

բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

գ) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

 10. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու հաստատելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-239-Ն