Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-261-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-29.06.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.44
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` սույն օրենքի իմաստով ինքնազբաղված անձանց) կողմից Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույնաբար իրականացվող գործունեության որոշ տեսակների մասով հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է հարկային արտոնության կիրառման համար հարկային մարմնի կողմից հարկերից ազատման արտոնագրի տրամադրման կարգն ու ժամկետները:

 

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկերից ազատման արտոնության կիրառությունը նշանակում է, որ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող և բացառապես սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ (այսուհետ` սույն օրենքի իմաստով գործունեության տեսակներ) իրականացնող ինքնազբաղված անձինք ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից:

Ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է այն ինքնազբաղված անձանց նկատմամբ`

1) որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.

2) որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

4) որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով: Սույն օրենքի իմաստով՝ վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում:

 

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ (այսուհետ` դիմում): Դիմումի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Դիմումում պարտադիր լրացվում են`

1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ:

Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ինքնազբաղված անձին տրամադրում է հարկերից ազատման արտոնագիր` իրականացվող գործունեության տեսակների մասով սույն օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառման վերաբերյալ, եթե բավարարում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները: Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է ինքնազբաղված անձի կողմից դիմումի ներկայացման օրը ներառող ամսվանից սկսած:

 

Հոդված 5. Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձանց կողմից կազմակերպություններին, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում կազմակերպությունները, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:

 

Հոդված 6. Ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շեմը գերազանցելու պահից կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված որևէ պահանջ խախտելու պահից (այդ թվում` հարկային մարմնի կողմից համապատասխան պահանջի խախտումն օրենքով սահմանված կարգով արձանագրելու պահից) ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների մասով դադարում է կիրառվել սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը, և այդ պահից սկսած՝ հարկերը հաշվարկվում ու վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում ինքնազբաղված անձինք կրում են նաև աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու մասով գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձի կողմից սույն օրենքի 1-ին հավելվածում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում ֆիզիկական անձը, այդ գործունեությամբ զբաղվելու պահից սկսած, հարկերը հաշվարկում և վճարում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հավելված N 1
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գործունեության տեսակները

1.

Բնակչության պատվերով կատարվող`

1.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

1.2

հագուստի արտադրություն և նորոգում

1.3

գլխարկների արտադրություն և նորոգում

1.4

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

1.5

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

1.6

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

1.7

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

1.8

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

1.9

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.10

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.11

թիթեղագործական գործունեություն

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

8.

Ստեղծագործական գործունեություն

9.

Խնջույքավարների գործունեություն

10.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

12.

Դարբնոցային գործունեություն

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-261-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.06.2019, ՀՕ-74-Ն 01.01.2020, ՀՕ-261-Ն
25.06.2019, ՀՕ-73-Ն 29.06.2019, ՀՕ-261-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան