ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Խոշտանգումից տուժած անձի կրած վնասի փոխհատուցման բովանդակությունը, կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ պարագրաֆով.
«§2.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(REDRESS)
Հոդված 1087.3. | Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման հասկացությունը, բովանդակությունը, կարգն ու պայմանները |
1. Սույն օրենսգրքի իմաստով՝ խոշտանգումից տուժած է համարվում անձը, որին պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:
2. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը:
3. Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:
5. Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խոշտանգումից տուժած անձը կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:
6. Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:
7. Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած փոխհատուցման չափով։
8. Սույն հոդվածով նախատեսված փոխհատուցման տարրերից յուրաքանչյուրով խոշտանգումից տուժած անձը կարող է խոշտանգման յուրաքանչյուր փաստով պատճառված վնասների հատուցում ստանալ միայն մեկ անգամ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-241-Ն |