Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2016-09.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.139
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սնանկության գործերի քննության կարգը

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

3. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(1-ին հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 2. Օրենքի գործողության սահմանները

 

1. Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության.

բ) համայնքի.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

դ) բանկի.

ե) վարկային կազմակերպության.

զ) ներդրումային ընկերության.

զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.

է) ապահովագրական ընկերության:

Սույն մասում օգտագործված «բանկ», «ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «վարկային կազմակերպություն» հասկացությունները չեն ներառում ինքնալուծարման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունն ստացած բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ վարկային կազմակերպությունը:

2. Օրենքով կարող են սահմանվել ապահովագրական ընկերությունների, բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, արժեթղթավորման հիմնադրամների ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների անվճարունակության և որպես պարտապան դրանց մասնակցությամբ սնանկության վարույթի այլ կանոններ, քան սահմանված են սույն օրենքով:

3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Օտարերկրյա պետությունների դատարանների անվճարունակության (սնանկության) գործերով վճիռները (որոշումները) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության սկզբունքով:

5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-201-Ն, 25.05.08 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 3. Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները

 

1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

2.1) սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)՝ եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:

(3-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-253-Ն,17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 4. Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը

 

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա:

2. Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

(4-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 5. Պարտապանի` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերը։

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո` երկամսյա ժամկետում:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում`

ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան։».

Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայքէջում։

Եթե կատարողական վարույթը կասեցնելու որոշումը հրապարակելուց հետո ի հայտ են գալիս նոր պարտատերեր կամ արդեն հայտնի պարտատերը կամ պարտապանը դիմում են հարկադիր կատարողին կատարողական վարույթը չվերսկսելու դիմումով, ապա հարկադիր կատարողն առաջարկում է նրանց սնանկության հայց ներկայացնել դատարան և կատարողական վարույթ չի վերսկսում։

Եթե սույն մասով սահմանված ժամկետում պարտապանի կամ պարտատիրոջ կողմից սնանկության հայց չի ներկայացվում դատարան կամ ի հայտ չեն գալիս նոր պարտատերեր, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կատարման վարույթը։

Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից։ Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները։

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը:

4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափից:

5. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումը:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 7. Անձնական գույքային պատասխանատվությունը` դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածում սահմանված դեպքերում և ժամկետում չներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջև սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նույն պատասխանատվությունն առաջանում է նաև հարկադիր կատարողի համար` սույն օրենքի 6-րդ հոդվածով վերջինիս համար սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:

 

Հոդված 8. Կանխամտածված սնանկությունը

 

Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը և այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

 

Հոդված 9. Պարտապանի հետ փոխկապակցված անձինք

 

1. Պարտապանի հետ փոխկապակցված են համարվում`

ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը.

բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.

գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.

դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:

Պարտապանի նկատմամբ փոխկապակցված է համարվում նաև անձը, որը սույն մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ սույն մասի «գ» կամ «դ» կետերի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նաև այդ անձի` սույն մասի «բ» կետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը:

2. Ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

3. Կառավարչի և պարտատերերի հետ փոխկապակցված անձինք որոշվում են սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Հոդված 10. Դիմումը ներկայացնելը և հետ վերցնելը

 

1. Հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

2. Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`

ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար).

բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

3. Մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

Դիմումը կարող է հետ վերցվել մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը:

4. Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործը կարճվում է։

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 11. Դիմումի ձևը և բովանդակությունը

 

1. Դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:

2. Դիմումում պետք է նշվեն նաև`

ա) պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

բ) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը:

գ) առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:

3. Դիմումին կցվում են նաև`

ա) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.

բ) հարկային պետական մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին ֆինանսական հաշվետվությունները.

գ) դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը:

4. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:

5. Պարտատիրոջ դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:

6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ դիմում ներկայացնել դատարան: Նման դիմումը ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

 

1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`

ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.

բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.

գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.

ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.

զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին.

է) սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները, սնանկության գործով կառավարչի վերաբերյալ առաջարկը.

ը) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

 

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: Եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ` սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով, դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: Եթե դատարանում առկա սնանկության գործով արդեն նշանակված է ժամանակավոր կառավարիչ, ապա նոր ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, և ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատարանը որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակում է`

ա) հարկադիր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ ներկայացրած թեկնածուին, իսկ եթե թեկնածուն ներկայացված չէ, կամ բացակայում են այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը, ապա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրած թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

բ) կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ).

զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը.

է) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

ը) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

4. Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 14.

Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը

(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`

ա) պարտապանի նկատմամբ առկա է անվճարունակ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ.

բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը սույն օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:

1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝

ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը:

2. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:

4. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 15. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը

(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

1. Դատավորը վերադարձնում է սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը, եթե`

ա) չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.

բ) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են.

գ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

2. Դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

4. Դիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

(15-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.1

(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 15.1. Սնանկության վտանգի դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է սույն օրենքով նախատեսված՝ սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։

 

Հոդված 15.2. Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

 

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված սնանկության վտանգի դիմումը դատավորն այն ստանալու օրն ընդունում է վարույթ և նշանակում է դատական նիստ մեկամսյա ժամկետում, եթե առկա չեն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված՝ սնանկության վտանգի դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը։

2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին:

3. Դատարանը սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտապանի կողմից դիմումում ներկայացված պարտատերերին և կառավարչին։

 

Հոդված 15.3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննարկումը

 

1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի չներկայանալն արգելք չէ պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննության համար:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու (լրամշակելու, փոփոխելու և այլն) նպատակով պարտատիրոջ միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել դիմումի քննարկումը մինչև 90 օր ժամկետով։

3. Դատական նիստում դիմումի, ինչպես նաև առկայության դեպքում` պարտատերերի առարկությունների և առաջարկությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, առկա է ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և ծրագրի կատարման հավանականության վերաբերյալ կառավարչի դրական եզրակացությունը, և

1) պարտատերերը միաձայն համաձայնություն են տվել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին.

2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն են տվել պարտապանի նկատմամբ պահանջների ընդհանուր ծավալով առնվազն 60 տոկոս պահանջի իրավունք ունեցող պարտատերերը, առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը, և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ծրագրին համաձայնություն չտված պարտատերերի պահանջների բավարարում առնվազն այն չափով և ժամկետով, ինչը պարտատերերը ողջամտորեն կարող էին ստանալ պարտապանի լուծարման դեպքում:

4. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործումը, դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն (հոդված 41), որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր:

5. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը մերժելու մասին, եթե դրա բավարարման համար սույն օրենքով նախատեսված հիմքերն առկա չեն։

6. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ դիմումը մերժելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով վճիռը կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում։

 

Հոդված 15.4. Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու հետևանքները

 

1. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

1) պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին անհապաղ տեղեկացնում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար.

զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը.

է) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.

ը) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

թ) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների գործադրմամբ.

2) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճռի ուժի մեջ մտնելու պահից հինգ օրվա ընթացքում պարտապանի սնանկության վտանգի դիմումի բավարարման մասին տեղեկություններ հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ պարտապանի հաշվին, և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:

2. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

4. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո, իսկ պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները կասեցվում են ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետով։ Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։

 

Հոդված 15.5. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիումը) սնանկության վտանգի վարույթում

 

1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝

1) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը այլ կերպ, քան ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով.

2) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթը սկսելը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.

3) կարճվում է սնանկության վտանգի վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Սույն կետում նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության վտանգի վարույթի ավարտից հետո.

4) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

5) կարճվում են գույքային բռնագանձումներով և հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները:

2. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

1) ալիմենտների բռնագանձման վրա.

2) ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա.

3) սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում պարտապանի ստանձնած պարտավորությունների վրա.

4) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումն արտադատական կարգով: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները.

5) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

4. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։

(15.5-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 15.6. Պարտապանին սնանկ ճանաչելը սնանկության վտանգի դիմումի հիման վրա

 

1. Եթե սնանկության վտանգի դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ պարտապանի մոտ առկա են սույն օրենքին համապատասխան պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, ապա դատարանը կարող է սնանկ ճանաչել պարտապանին, եթե պարտապանը համապատասխան դիմում է ներկայացնում։

 

Հոդված 15.7.

Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

 

1. Սույն օրենքով նախատեսված պայմաններից բացի, սնանկության վտանգի վարույթում ներկայացվող պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի նաև`

1) կառավարչի լիազորությունները.

2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը ֆինանսավորող անձի պահանջների արտահերթ բավարարման պայման, ընդ որում՝ այդ պահանջին պետք է տրվի մնացած բոլոր պարտատերերի պահանջների, կառավարչի վարձատրության, վարչական ծախսերի նկատմամբ գերակայություն՝ սույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան։

 

Հոդված 15.8. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

 

1. Սույն օրենքով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։

 

Հոդված 15.9. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

 

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 16.

Սնանկ ճանաչելը կամավոր և հարկադրված սնանկության դիմումների հիման վրա
(վերնագիրը լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:

2. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո` 15 օրվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:

 Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:

4. (մասն ուժը կորցրել է  22.12.10 ՀՕ-13-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 17. Պարտապանին սնանկ ճանաչելը պարտատիրոջ (պարտատերերի) դիմումի հիման վրա

 

1. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

4. (մասն ուժը կորցրել է  22.12.10 ՀՕ-13-Ն)

(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 17.1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

(17.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 18. Կողմերի հաշտության համաձայնությունը

 

1. Կողմերը, մինչև դատավորի վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը կարող են կնքել հաշտության համաձայնություն։

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները։

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան առողջացման ծրագրի հաստատման միջոցով։ Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ և պարտապանի միջև հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ։

(18-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 19. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու հետևանքները

(վերնագիրը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

ա) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, և կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.

բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները.

գ) պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին անհապաղ տեղեկացնում է`

- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

- մաքսային պետական մարմիններին,

- կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար,

- դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,

- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար,

- պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների գործադրմամբ.

դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.

զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե դիմումը ներկայացրել է պարտատերը կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.

է) պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին.

ը) արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

թ) կարճում է նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է սույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված` պետական մարմինները պարտավոր են տասնհինգօրյա ժամկետում դատարան ներկայացնել պարտապանի գույքի (այդ թվում` իրավաբանական անձանց բաժնեհավաք, փայահավաք կամ այլ կապիտալում մասնակցության), ինչպես նաև իրավունքների (այդ թվում` պարտապանի գրավառուի իրավունքների) գրանցման մասին, իսկ բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան` պարտապանի` բանկային հաշիվների և դրանց մնացորդների, ինչպես նաև արժեթղթերի նկատմամբ ունեցած իրավունքների մասին տեղեկություններ:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտատերերը կարող են ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին:

6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար:

7. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

(19-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-191-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

 

1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

3. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:

4. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-48-Ն)

5. Uնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

6. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ:

(20-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 20.1. Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը

 

1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

2. Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

3. Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:

4. Այն պարտատերը, որի պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատվելու դեպքում պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(20.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

 

Հոդված 21. Ժամանակավոր կառավարիչը

 

1. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։ Ժամանակավոր կառավարչի նշանակումը և վաղաժամկետ ազատումը կատարվում է սույն օրենքով կառավարչի նշանակման և վաղաժամկետ ազատման համար սահմանված կարգով:

2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

3. Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ:

4. Երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով:

5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են սույն օրենքի 31-32-րդ հոդվածներով սահմանված կանոններով:

(21-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 22. Կառավարչի ընտրությունը և նշանակումը

 

1. Կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (իսկ եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերի համաձայնության դեպքում` պարտատերերը) փոխադարձ համաձայնության գալով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատավորին են ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը։

2.1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չեն ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության գործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին:

3. Եթե պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կառավարչի թեկնածության վերաբերյալ ձեռք չեն բերում փոխադարձ համաձայնություն կամ եթե պարտատերը (պարտատերերը) կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չի ներկայացնում, կամ գործին որպես դիմող մասնակցած մի քանի պարտատերեր թեկնածուի հարցում ձեռք չեն բերում փոխադարձ համաձայնություն, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն ներկայացնում իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը, կամ նրանց ներկայացրած կառավարչի թեկնածուն չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ նրանց նախընտրած կառավարչի թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ապա դատարանը որպես կառավարիչ չի նշանակում պարտատիրոջ (պարտատերերի) կողմից ներկայացված կառավարչի թեկնածուին, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը։

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պահանջագիրն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում դատարան է ներկայացնում կառավարչի թեկնածություն։ Կառավարչի թեկնածուի ընտրության կարգը և չափանիշները սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ։

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստանալով կառավարիչ ներկայացնելու դատարանի պահանջագիրը, այդ մասին նույն օրը պարտավոր է տեղեկացնել կազմակերպության անդամ հանդիսացող կառավարիչներին` հեռախոսային, փոստային կապով և հայտարարություն տալով կազմակերպության էլեկտրոնային կայքում, որում ներառվում են նաև կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները։ Այն կառավարիչները, ովքեր ցանկություն են հայտնում տվյալ գործով հանդես գալ որպես կառավարիչ, երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են գրանցվել կազմակերպության էլեկտրոնային կայքում կամ գրավոր հայտ ներկայացնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը էլեկտրոնային կայքում գրանցված և հայտ ներկայացրած կառավարիչների տվյալները ներառում է համակարգչի մեջ և հատուկ ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն և հաջորդ աշխատանքային օրվա մինչև ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում տվյալ գործով կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով ընտրված կառավարչին։

6. Եթե որևէ կառավարիչ ցանկություն չի հայտնում տվյալ գործը վարելու համար, ապա կազմակերպությունը, տարածքային սկզբունքից ելնելով, համակարգչում ներառում է տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված իր անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները և համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն և հաջորդող աշխատանքային օրվա մինչև ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում ընտրված կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին։

7. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները։ Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, իսկ գործով որպես դիմող մասնակցած պարտատերը (պարտատերերը) այդ ընթացքում նոր թեկնածու չի ներկայացրել, ապա դատարանը կառավարիչ է նշանակում ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած այլ թեկնածուի, որը ընտրվում է կազմակերպության կողմից` սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված կարգով։

8. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը կամ դատարանն այդ մասին տեղյակ է պահում պետական լիազոր մարմնին։

(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 23. Կառավարչին ներկայացվող պահանջները

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ 65 տարին չլրացած այն ֆիզիկական անձը, բացառությամբ սույն օրենքի 29.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի, որն ունի բարձրագույն կրթություն և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու համար պետական լիազոր մարմնի կողմից ստացել է սնանկության գործերով կառավարչի որակավորում և դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսից:

2. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, որը`

ա) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է.

գ) քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ.

դ) նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը կամ հանված չէ.

ե) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.

զ) վերջին հինգ տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես ֆիզիկական անձ.

է) սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.

ը) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից` սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով.

թ) չունի սնանկության կառավարչի որակավորում կամ չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կամ հաշվառված չէ որպես անհատ ձեռնարկատեր.

ժ) սահմանված ժամկետում չի կատարել իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը:

(23-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, լրաց., փոփ. խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 23.1. Կառավարչի վարքագծի կանոնները

 

1. Կառավարիչը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.

1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ.

2) կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը.

3) պահպանել սնանկության գործի ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները.

4) սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.

5) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը։

(23.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 24. Կառավարչի հաշվառումը դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 25. Կառավարչի գույքային պատասխանատվությունը

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության առաջարկած կառավարիչը դատարանի կողմից սնանկության գործով որպես կառավարիչ նշանակվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար։ Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից։ Եթե կառավարիչը սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը, ապա դատարանը որոշում է կայացնում տվյալ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` նոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու համար։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանին է ներկայացնում նոր կառավարչի թեկնածությունը։

2. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում է ապահովագրական գումարի շահառու:

Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից:

Եթե ապահովագրական գումարի օրենքով սահմանված չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է երկու փուլով:

Առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական գումարից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով:

Երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի գույքից` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական գումարով չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն:

(25-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 26. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը

 

1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում ոչ պակաս, քան 20 պետական լիազոր մարմնի կողմից որակավորված կառավարիչներ:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատարանում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատարանին:

4. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը սույն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը: Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:

6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

ա) վերահսկելու իր անդամների գործունեությունը` սույն օրենքով սահմանված պահանջներին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով.

բ) ընդունելու կարգեր և կանոններ` իր անդամների որակավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու.

գ) իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու (այդ թվում` դրամական)` սույն օրենքի, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության և կանոնների խախտման համար.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:

(26-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 27. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

 

1. Անդամների (հիմնադիրների) կողմից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշվում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում։

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

բ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

գ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.

դ) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

ե) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

զ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):

4. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական, սակայն չի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ:

5. Կարգապահական հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոններով կամ կարգերով սահմանված կարգով վերահսկում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանը, կանոններին, կարգերին, խախտում թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում: Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական և չի կարող միաժամանալ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:

(27-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 28 Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Բողոքում նշված օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ կառավարչին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը 5 օրվա ընթացքում ուղարկվում է դատարան:

3. Որոշումը կարող է հիմք հանդիսանալ դատարանի կողմից կառավարչին` իր պարտականությունների կատարումից ազատելու համար:

(28-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն)

 

Հոդված 29. Կառավարչի լիազորությունները

 

1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:

Եթե պարտատերերի ժողով է հրավիրվում կառավարչին ազատելու մասին դատարանին միջնորդություն ներկայացնելու հարցով, ապա այն նախագահում է ժողովին ներկա, ձայնի իրավունք ունեցող ամենախոշոր պարտատերը.

բ) սնանկության գործով դիմում է դատարան` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.

դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.

է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.

ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.

թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը.

ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ.

ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար.

ժա.2) պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ պահանջը գրավոր ստանալուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում.

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:

3. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

4. Յուրաքանչյուր կառավարիչ պետք է ունենա իր անուն-ազգանունով կնիք։

(29-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն,  փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 29.1. Կառավարչի գործունեության կասեցումը

 

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է`

1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը վճարվող անդամավճարը.

2) եթե կառավարիչը դատական կարգով ճանաչվել է սնանկ՝ սնանկության վարույթի ողջ ժամանակահատվածում.

3) եթե կառավարիչը առանց հարգելի պատճառների չի մասնակցել կառավարիչների վերապատրաստման դասընթացներին մեկ տարվա ընթացքում ավելի քան 8 ակադեմիական ժամ տևողությամբ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենը` նշելով գործունեության կասեցման հիմնավորումները և ժամկետը:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կառավարչի գործունեությունը կասեցվում է մինչև անդամավճարի վճարումը, իսկ 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչև համապատասխան քանակով վերապատրաստման դասընթացների մասնակցության ժամերը լրացնելը: Սույն մասով նախատեսված կասեցման ժամանակահատվածը չի կարող մեկ տարուց ավելի լինել։

3. Կառավարչի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

4. Գործունեությունը կասեցված կառավարիչն իրավունք չունի մինչև կասեցման ժամկետի ավարտը կատարելու կառավարչի լիազորությունները:

5. Կառավարիչն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իր գործունեության կասեցման մասին որոշումը:

6. Կառավարչի գործունեության կասեցման դեպքում նրա վարույթում գտնվող սնանկության գործերով նշանակվում է նոր կառավարիչ՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

(29.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 29.2. Կառավարչի լիազորությունները դադարեցնելը

 

1. Կառավարչի լիազորությունները դադարեցվում են սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ, եթե`

1) կառավարիչը դիմել է այդ մասին.

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի.

3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է սնանկության գործով կառավարչի գործունեության հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը, որով անձը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կամ նա դատվածություն ունի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.

7) դատական կարգով ճանաչվել է սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել պարտապանի ֆինանսական առողջացմամբ.

8) նա թույլ է տվել կառավարչի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ: Կոպիտ է համարվում այն խախտումը, որն անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը, առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ:

2. Եթե կառավարիչը սնանկության գործով կառավարչի որակավորում ստացել է օրենքի պահանջների խախտմամբ, ապա կառավարչի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ` ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի եզրակացության հիման վրա։ Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կառավարչի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում` որոշման մեջ նշված օրվանից, իսկ 6-7-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանվող՝ ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազորված անձին:

5. Սնանկության կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը, հիմք ընդունելով կառավարչի՝ իր պարտականությունների կատարման ունակությունները և կարողությունները, կարող է որոշել թույլատրել կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել սնանկության կառավարչի գործունեությամբ։

(29.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 30. Կառավարչի վարձատրությունը

 

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը:

2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:

3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`

ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.

դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.

ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.

զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին և կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով։

5. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(30-րդ հոդվածը լրաց., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 31. Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը

 

1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

2. Բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին:

3. Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում:

(31-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 32. Կառավարչի պատասխանատվությունը

 

1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։ Դատավորի կողմից կառավարչի պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում դատավորն այդ մասին անհապաղ տեղեկացնում է տվյալ կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, պարտապանին և պարտատերերին։ Նոր կառավարչի նշանակումը կատարվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով։

1.1 Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու, կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելը հիմք է լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու համար։

2. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-231-Ն)

3. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու, հիմք է հանդիսանում նրան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու համար:

(32-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 33. Պարտատերերի ժողովը

 

1. Պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում սահմանված դեպքերի:

Եթե պարտատիրոջ պահանջն առարկվել է մասնակի, ապա նա կարող է մասնակցել առաջին ժողովին: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ ձայնը հաշվարկվում է պահանջի չառարկված մասով:

Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն կեսը:

Եթե սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ապա ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:

2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

3. Ժողովը հրավիրում և նախագահում է կառավարիչը, բացառությամբ 29-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված դեպքերի:

4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.

բ) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

գ) իր կանոնակարգի ընդունումը.

դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:

5. Ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև` իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

Առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին և այդ պարտատիրոջը` նրանց պահանջներին համամասնորեն:

Պարտատիրոջ (պարտատերերի) քվեարկության ձայնի իրավունքը պահպանվում է չբավարարված պահանջի մասով: Եթե քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատիրոջ պահանջը լրիվ բավարարվել է, ապա պարտատերը կորցնում է քվեարկության ձայնի իրավունքը: Այդ դեպքում ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններում նշված չբավարարված պահանջներով պարտատերերին, որը նրանց միջև բաշխվում է նրանց հաստատված կամ գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

6. Առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից:

Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը):

7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, և դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան:

8. Ժողովի արձանագրությանը կցվում են`

ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).

բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.

գ) քվեաթերթիկները.

դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.

ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

զ) ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.

է) այլ փաստաթղթեր:

 

Հոդված 34. Ժողովի մասին ծանուցումը

 

1. Ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով, իսկ պարտատերերի առաջին ժողովի մասին նաև պատվիրված նամակով ծանուցում է այն քաղաքացիներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար (առկայության դեպքում):

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:

2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի առաջին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:

3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) պարտապանի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

դ) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.

ե) ժողովի մասնակիցների գրանցման կարգը:

(34-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 35. Ժողովի գումարման կարգը

 

1. Ժողովը գումարվում է կառավարչի կողմից` իր նախաձեռնությամբ կամ 5 և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը վճարում է ժողովի կազմակերպման և անցկացման ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

2. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի օրակարգում առաջարկվող հարցերը, որոնք ընդգրկվում են ժողովի օրակարգում առանց քվեարկության:

Կառավարիչն իրավունք չունի փոխելու պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները:

3. Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց երկու շաբաթվա ընթացքում: Ժողովի անցկացումը պահանջող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է փոխհատուցել իր պահանջով անցկացվող ժողովի ծախսերը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջ ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում` ըստ կառավարչի ներկայացրած նախահաշվի: Պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով հրավիրված ժողովի համար փոխանցված և չօգտագործված միջոցները վերադարձվում են պարտատիրոջը (պարտատերերին)` ժողովի ավարտման օրվանից 3 օրվա ընթացքում:

 

Հոդված 36. Ժողովի որոշումների ընդունման կարգը

 

1. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկայացած, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է մեկշաբաթյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տրված խախտումներն էական չեն:

 

Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը

 

1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների օգտագործման միջոցով:

2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը և տրամադրում է ժողովին մասնակցող` քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերին:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

բ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և հարցերի քննարկման հերթականությունը.

գ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

4. Քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 38. Պարտատերերի խորհուրդը

 

1. Պարտատերերի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ներկայացնում է պարտատերերի շահերը և սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում խորհուրդ չի ձևավորվում: Նման դեպքում, ինչպես նաև այլ պատճառներով խորհրդի չձևավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է ժողովը:

2. Խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ ժողովում քվեարկության իրավունք ունենալու հանգամանքից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերն ընդգրկվում են խորհրդի կազմում:

4. Խորհուրդն իրավունք ունի`

ա) կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության վարույթի մասին.

բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու կառավարչի գործողությունները.

գ) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:

6. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի անդամները` նշելով տվյալ որոշմանն իրենց կողմ կամ դեմ լինելը: Եթե տվյալ որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը հրաժարվում է ստորագրելուց, ապա որոշման մեջ նշագրում է կատարվում այդ մասին: Նշագրման իսկությունը հավաստվում է խորհրդի մյուս անդամների ստորագրություններով: Խորհրդի որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է որոշմանը կցել իր կարծիքը:

7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի:

8. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում գործը վարող դատավորին բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու խորհրդի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տված խախտումներն էական չեն:

(38-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 39. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)

 

1. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`

ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.

բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.

գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.

դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`

1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված.

2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի.

3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.

4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.

5) կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.

6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:

3. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) ալիմենտների բռնագանձման վրա.

բ) միջանկյալ բաշխման ծրագրերով ժամանակավոր կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա.

գ) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով.

դ) ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա.

ե) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում։

4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

5. Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչը ներկայացնում է`

ա) տեղեկատվություն հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ.

բ) պարտապանի գործունեությունը վերսկսվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ:

6. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

(39-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 23.06.11 ՀՕ-235-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 39.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը

 

1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:

2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

(39.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 39.2. Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:

2. Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո՝ 11-րդ օրը, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:

4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը:

5. Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝

1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք.

2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր։

6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

7. Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(39.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 40. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների թույլատրումը

 

1. Շահագրգիռ անձի դիմումով դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու վերաբերյալ, եթե`

ա) առաջանում է համարժեք պաշտպանություն տալու անհրաժեշտություն.

բ) տվյալ գույքը վաճառքի (իրացման) ենթակա չէ:

2. Պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը մորատորիումի ընթացքում թույլատրում է պարտապանի և պարտատիրոջ միատեսակ հանդիպական պարտավորությունների հաշվանցի կատարումը: Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների հաշվանցի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 40.1-ին հոդվածով:

3. Հաշվանց չի թույլատրվում, եթե`

ա) պարտապանի նկատմամբ ունեցած պահանջը պարտատիրոջն է փոխանցվել այլ անձի կողմից` սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում, և այդ ընթացքում պարտապանը անվճարունակ էր.

բ) պարտատերը պարտապանի նկատմամբ պարտավորությունն ստանձնել է սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում` պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի հետ հաշվանց կատարելու նպատակով:

4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին և կառավարչին` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին) և կառավարչին կամ պարտատիրոջն ու պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:

(40-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 
Հոդված 40.1. Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացումը

 

1. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում՝

ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրով վճարման կամ մատակարարման պարտավորության վաղաժամկետ կատարման ենթարկելը կամ վաղաժամկետ դադարեցնելը.

բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման կամ վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը.

գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի.

դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված և «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով։

2. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի համաձայնությունը, որը`

ա) նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.

բ) նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.

գ) «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագիրը։

3. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ֆինանսական գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները։

4. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝

ա) հետևյալ ապահովված իրավունքները.

1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,

2) երաշխավորությունը և երաշխիքը,

3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,

4) գրավչության գործիքները.

բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում, որպես ապահովման միջոց, արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ՝ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:

5. Սույն օրենքի շրջանակներում թույլատրվում է զուտացման համաձայնության շրջանակներում զուտացման իրականացումը՝ անկախ սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներից:

6. Կառավարիչն իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ կողմին տրված իրավունքները, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:

7. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:

8. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ կառավարչի իրավունքները չեն տարածվում զուտացման համաձայնության շրջանակներում պարտապանից պահված կամ պարտապանի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների և ապահովության պայմանագրերի վրա:

(40.1-ին հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 41. Համարժեք պաշտպանությունը

 

1. Համարժեք պաշտպանությունը ֆինանսական առողջացման ծրագրի գործողության կամ մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարման թույլատրումն է, որն ուղղված է սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովված պարտատիրոջ` պահանջի դիմաց գրավադրված գույքի արժեզրկման արդյունքում պահանջի ապահովվածության պահպանմանը:

Համարժեք պաշտպանությունը տրվում է այն դեպքերում, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի գործունեության վերսկսման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում օգտագործելու ապահովված պարտատիրոջ` ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքը:

2. Համարժեք պաշտպանությունը (տրվում) իրականացվում է ցանկացած եղանակով, որը կապահովի ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանությունը: Մասնավորապես այն կարող է իրականացվել հետևյալ ձևերով `

ա) կառավարչի կողմից իրականացվող կանխիկ վճարումներ` գույքի արժեզրկման չափով.

բ) պարտապանի ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքի ավելացում կամ առավել արժեքավոր գույքով փոխարինում.

գ) պարտատիրոջ ապահովված պահանջների ամբողջական բավարարում` գույքի հնարավոր իրացման գնի ամբողջ մասով (առանց գույքի պահպանման և այլ վարչական ծախսերի վճարման):

3. Համարժեք պաշտպանություն տալու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը և պարտապանը:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու կամ տալը մերժելու մասին:

5. Համարժեք պաշտպանություն կարող է տրվել միայն վարչական ծախսերի ամբողջական վճարման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով սահմանված դեպքերի:

6. Ֆինանսական առողջացման ծրագրում ապահովված իրավունքի առարկան օգտագործելու համար համարժեք պաշտպանությունը տրամադրվում է մինչև ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

(41-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 42. Պահանջների հաշվառումը և հաշվարկումը

 

Կառավարիչն իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը: Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ:

 

Հոդված 43. Ապահովված պահանջները և դրանց բավարարումը

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

4. Եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

6. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

8. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

(43-րդ հոդվածը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 44. Չապահովված պահանջները

 

Գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի վաճառքի հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

(44-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 45. Կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:

2. Պայմանագրի լուծման դեպքում մինչև լուծման պահը կատարում ստացած կողմը պարտավոր է հատուցել չվճարված մասը` պայմանագրով որոշված գնով:

 

Հոդված 46. Պահանջների հաստատումը

 

1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

3. Պահանջի ներկայացումը սահմանված կարգով գրանցվում է դատարանում:

4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:

6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

7. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

8. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

9. Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

10. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

(46-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

 

Հոդված 47. Պարտապանի գույքն ու դրա տնօրինումը

 

1. Պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

3. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

4. Պարտապանի կողմից սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:

(47-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 48. Պարտապանի համագործակցելու պարտավորությունը

 

1. Պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են կառավարչին տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին:

2. Սույն հոդվածով նախատեսված համագործակցելու պարտականությունը պարտապանի ղեկավարը, ինչպես նաև նյութական պատասխանատու անձինք կրում են մինչև սնանկության գործի ավարտը: Նշված պահանջը չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը

 

1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսակապ և այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը պարտապանին դատարանի կողմից նրան սնանկ ճանաչելու պատճառով, եթե պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները:

2. Մինչև պարտապանին սնանկ ճանաչելն առաջացած պարտքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ կոմունալ ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման կամ ծառայությունների դադարեցման համար:

 

Հոդված 50. Պարտապանի պայմանագրերը

 

1. Գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:

Բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը, ելնելով պարտապանի գործունեության, գույքի, գործարքի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, կառավարչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ:

Գույքն օտարելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Դատարանի որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի օտարումը:

2. Եթե պարտապանի գույքը գնած անձը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումն ստացել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իր պարտավորության լրիվ կատարման դեպքում գործարքը համարվում է ավարտված:

2.1. Եթե պարտապանը հանդիսացել է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող, և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) շենքը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը սնանկության հաշվին վճարվելու դեպքում կառավարիչը կառուցապատողի անունից կնքում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փոխանցման ակտ և անձին փոխանցում առանձնացված միավորի սեփականության իրավունքը:

3. Պարտապանի աշխատանքային պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պայմանագրի կողմը կարող է պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծմամբ իրեն պատճառված իրական վնասի հատուցում` իր պահանջը ներկայացնելով սույն օրենքով սահմանված կարգով:

5. Եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում դատարանի կողմից բավարարված արտադատական կարգով իրացման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա: Այդ գործարքները կնքվում և կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ու պայմաններով:

(50-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, 19.06.15 ՀՕ-90-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 51. Տարանցման վիճակում գտնվող գույքը

 

1. Եթե պարտատիրոջ կողմից պարտապանին վաճառված գույքի նկատմամբ պահանջը գրանցելու պահին պարտապանը ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա պարտատերը կարող է այն հետ ստանալ կամ չհանձնել պարտապանին: Այդ դեպքում հետ ստանալու կամ չհանձնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը` վերադարձնելով նաև պարտապանի կատարած վճարները:

2. Եթե պարտատերն այնուամենայնիվ հանձնում է գույքը պարտապանին կամ մինչև պահանջը գրանցելու պահը գույքը հետ ստանալու պահանջ չի ներկայացնում, ապա նրա դրամական պահանջը կարող է ընդգրկվել ընդհանուր պահանջների ցանկում:

 

Հոդված 52. Երրորդ անձանց պատկանող գույքի իրացումը

 

1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ` երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջելու իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ, այդ թվում` գույքն իրացված լինելու պատճառով, կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ և այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով նրա պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում` գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով:

3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-235-Ն)

(52-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 53. Մասնագիտական ծառայությունների մատուցումը

 

1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պայմանագրի մյուս կողմը համաձայն է պարտապանի` ծառայություններ մատուցելու պայմանագրային պարտավորություններն ընդունել, ապա պարտապանը կարող է կառավարչի հսկողությամբ իրականացնել այդ ծառայությունները` մինչև պարտապանի լուծարումը:

2. Եթե կառավարիչը գտնում է ոչ նպատակահարմար պարտապանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա այդ պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 54. Երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումը

 

1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ՝

ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.

դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա.

ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,

2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,

3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ։

2. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե`

ա) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը պարտապանին է փոխանցում համարժեք այլ գույք.

բ) պարտապանի կողմից պարտատիրոջ նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորության կատարումից հետո պարտատերը գրավի առարկա չհանդիսացող նոր գույք է փոխանցել պարտապանին.

գ) պարտապանն իր բնականոն գործունեության իրականացման ընթացքում կատարել է պարտատիրոջ նկատմամբ այդ ընթացքում ստանձնած պարտավորությունը, եթե այն կատարվել է գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան.

դ) փոխանցմամբ կատարվել է պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 200.000 դրամը չգերազանցող պարտավորություն.

ե) պարտապանի գույքի գրավի այն պայմանագրերը, որի արդյունքում չեն խախտվում չապահովված պարտատերերի իրավունքները (որի արդյունքում պարտապանի չապահովված պարտավորությունների արժեքը չի գերազանցի նրա գրավով չծանրաբեռնված գույքի արժեքից).

զ) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքում:

(54-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 55. Պարտապանին պատկանող գույքի պահպանումը և իրացումը

 

1. Կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`

ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.

բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:

Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:

3. Պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները: Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները բավարար չեն պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար, ապա կառավարիչը, դատարանի թույլտվությամբ, ուղղակի գործարքով կարող է վաճառել պարտապանին պատկանող այլ գույքը: Այդ նպատակով վաճառվող գույքի արժեքը չի կարող գերազանցել պարտապանին պատկանող ամբողջ գույքի արժեքի 10 տոկոսը:

4. Սույն հոդվածով նախատեսված գործարքներից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի` սնանկության հատուկ հաշվին:

5. Եթե սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում վաճառվում է գրավի առարկա հանդիսացող գույքը, ապա պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող է օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների ոչ ավելի, քան 5 տոկոսը, իսկ գրավառուի համաձայնությամբ` 5 տոկոսից ավելի:

 

Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):

3. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

(56-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 57. Պարտապանի գույքի գնահատումը

 

Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:

 

Հոդված 58. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

 

Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով: Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) սնանկության պատճառների մասին, այդ թվում` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.

բ) դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.

գ) պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.

դ) պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.

ե) պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 59. Ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները`

ա) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը.

բ) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը.

գ) պարտապանի գույքի գրավադրումը.

դ) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը.

ե) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը.

զ) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում).

է) պարտքի փոխարինումը արժեթղթերով.

ը) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը.

թ) նոր վարկի ստացումը.

ժ) նոր ներդրումների իրականացումը.

ժա) պարտապանի վերակազմակերպումը.

ժբ) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը.

ժբ.1) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը.

ժգ) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:

4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:

(59-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 60. Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել ծրագրի ներկայացման ժամկետը ևս 30 օրով: Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում՝ ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:

 3. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 1/3-ին տիրապետող անձանց առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:

(60-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.

բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.

գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.

դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:

2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:

4. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է:

5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ ձեռք բերած անձանց պահանջներն ունեն բավարարման առաջնահերթություն պարտապանի հանդեպ մյուս բոլոր պահանջների նկատմամբ և բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

(61-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչև որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն:

2. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

3. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

Ժողովի հրավիրման մասին տեղեկությունը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) և ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:

 

Հոդված 63. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

 

1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի, սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի և Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերերի:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:

4. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի առաջին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում:

(63-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 64. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո դատարանի հաստատմանը ներկայացնելիս պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել պահանջներ չներկայացրած պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած պարտատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջները դատարանը քննարկում է սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է դատարան ներկայացնել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:

Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն ավարտելուց հետո պարտապանն ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը:

(64-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 65. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը` ծրագրով սահմանված կարգով:

2. Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում պարտապանի կառավարման մարմինները, այդ թվում` ղեկավարը, գործում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված իրավասության շրջանակներում:

4. Կառավարիչն առնվազն երեք ամիսը մեկ դատարան է ներկայացնում հաշվետվություն` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հոդված 66. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձգումը

 

1. Պարտատերերի ժողովը պարտավոր է քննարկել և որոշել ֆինանսական առողջացման ծրագիրը երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում:

2. Դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու կամ դրա մեջ փոփոխություններ մտցնելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը:

(66-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 67. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտը

 

1. Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը պարտատերերի պահանջների բավարարման դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտի մասին հաշվետվություն: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտման հաշվետվությունը հաստատելու դեպքում սնանկության գործը ենթակա է ավարտման:

2. Եթե պարտատերերի պահանջները հաշվետվության ներկայացման պահին բավարարված չեն, ապա դատարանը մերժում է կառավարչի հաշվետվության հաստատումը, և ֆինանսական առողջացման ծրագիրը շարունակվում է:

 

Հոդված 68. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը.

բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը.

գ) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվել նոր պահանջներ և մեկամսյա ժամկետում չեն ներկայացվել ծրագրի փոփոխություններ, որոնք նախատեսում են նաև նոր ներկայացված պահանջների բավարարում, կամ այդ փոփոխությունները ներկայացվել են դատարան և դատարանի որոշմամբ մերժվել են:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև սույն օրենքի 61-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ապահովված պարտատերը (պարտատերերը):

3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է:

 

Հոդված 69. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

3. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան երկու և ոչ շուտ, քան մեկ շաբաթվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Կառավարչի, պարտապանի և որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

4. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`

ա) վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

բ) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 70. Պարտապան իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթները

 

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):

2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը դատարանն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին` համապատասխան գրառում կատարելու համար:

3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

 

Հոդված 71. Պարտապանի գույքի արգելադրումը

 

1. Դատավորի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը դատարանի որոշման հիման վրա արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքն արգելադրելու մասին հանձնարարությամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի արգելադրումը կարող է իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:

(71-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 72. Պարտապանի գործունեության կասեցումը

 

1. Եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:

2. Դատավորի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:

 

Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

 

1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

2. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու մասին բոլոր պարտատերերը պատշաճ կերպով ծանուցվում են:

Եթե դատարանի համապատասխան որոշման մասին տեղեկացվելուց հետո` 7 օրվա ընթացքում, պարտատերերից որևէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան:

3. Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին և հարկային համապատասխան մարմնին:

(73-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

 

1. Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամիս դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: 

3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են`

ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

5. Վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի` իր մոտ դեպոնացված օրինակին:

6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման վարույթը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատարանը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

 

Հոդված 75. Պարտապանի գույքի վաճառքը

 

1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

1.1. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։

2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:

4. Վճարահաշվարկային կազմակերպություններին պատկանող գույքի` սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձևով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:

(75-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 76. Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով

 

1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:

3. Կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:

4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում: Եթե պարտապանի գույքի վաճառքը թույլատրվել է պարտատիրոջ առաջարկած գնով և այդ սակարկություններով չի վաճառվել, ապա պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:

Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն:

Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին:

Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ:

5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։

7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։

8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(76-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 77. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով

 

1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:

Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

2. Պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողովի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է:

3. Կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ փոխկապակցված անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքն արգելվում է:

(77-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

 

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

 

Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

 

Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

 

Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

 

1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հայտարարություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված:

Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:

5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

6. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

 

Հոդված 81. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

2. Յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:

 

Հոդված 82. Չապահովված պահանջների բավարարման հերթականությունը

(վերնագիրը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

1. Պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

բ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները.

դ) դատական ծախսերը.

ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները.

զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:

2. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:

Հատուցման համար գումարների կապիտալացման, ինչպես նաև դրանց վճարման չափերը և կարգը սահմանում է կառավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-235-Ն)

4. Սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում են ներառվում այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով, կամ նախատեսված չէ այդ պահանջի բավարարման առաջնահերթություն` կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի նկատմամբ:

5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող և նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:

5. Եթե առկա միջոցները բավարար չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու համար, ապա աշխատավարձի վճարումը կատարվում է համամասնորեն կամ աշխատավարձի վճարումն իրականացվում է` հիմք ընդունելով աշխատավարձի չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ։

(82-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-72-Ն, լրաց., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 83. Ստորադաս չապահովված պահանջները

 

Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`

ա) իրավաբանական անձ պարտապանին իր հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած պահանջները.

բ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.

բ.1) ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

գ) աշխատավարձի գծով այլ պահանջներ.

դ) սույն օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներով չնախատեսված այլ պահանջներ:

(83-րդ հոդվածը լրաց. 28.02.11 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 84. Պահանջների բավարարման կարգը

 

1. Պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

 

Հոդված 85. Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը

 

1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

3. Սույն հոդվածով սահմանված պահանջները ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացվելու դեպքում բավարարման ենթակա չեն:

(85-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 86. Պահուստավորվող գումարները

 

Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`

ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են և դատարանի կողմից դեռ չեն հաստատվել.

բ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

 

Հոդված 87. Սնանկության գործի ավարտը պարտապանի լուծարումով

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:

2. Դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:

3. Վերջնական հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց` իր մոտ դեպոնացված օրինակին:

4. Դատավորը վերջնական հաշվետվությունը ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

5. Դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 88. Կառավարչի պարտականությունները պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտվելու դեպքում

 

1. Կառավարիչը պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը կարգավորված վիճակում հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման պետական գրանցման համար:

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման պետական գրանցման համար կառավարիչը պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա) դիմում, որում պետք է նշվի նաև իրավաբանական անձի պետական գրանցման (հաշվառման) համարը.

բ) պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճենը.

գ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-78-Ն)

դ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-143-Ն)

ե) պարտապանի` արխիվացման ենթակա փաստաթղթերը արխիվ հանձնելու մասին փաստաթուղթ:

3. Կառավարիչը գույքային պատասխանատվություն է կրում սույն հոդվածի երկրորդ մասում նշված պարտականությունները չկատարելու հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասի համար:

4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման գրանցման պահից դադարեցվում են կառավարչի` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

(88-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-78-Ն, խմբ. փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

 

Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում

 

1. Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի կամ պարտապանի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից և առկա չէ որևէ պարտավորության գծով 60 օրից ավելի կետանց։ Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։

2. Եթե սույն հոդվածով սահմանված գործի ավարտը կատարվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ (դեբիտորական պարտքերի հավաքում, պարտապանին պատճառված վնասի վերականգնում, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի հայտնաբերում, դրա վերադարձ կամ փոխհատուցում), ապա կառավարիչն ստանում է նաև պարգևավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված (այդ թվում` հրաժարված) պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով:

(89-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

 

1. Իրավաբանական անձ պարտապանը համարվում է լուծարված, իսկ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

4. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

5. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

(90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 27.01.2015 ՍԴՈ-1189 որոշմամբ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 91. Ֆիզիկական անձանց սնանկության կարգավորումը

 

Ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 92. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը կամ պարտատերը:

2. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` սույն օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:

 

Հոդված 93. Դատարանի կողմից սնանկության մասին գործի քննությունը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Ֆիզիկական անձի միջնորդությամբ դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից, երրորդ անձանց կողմից երաշխավորության կամ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման այլ ապահովում ներկայացնելու դեպքում:

Դատարանն ազատում է ֆիզիկական անձի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները գերազանցող (առնվազն 30 տոկոսով) արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:

3. Ֆիզիկական անձի դիմումով, հայտնի պարտատերերի համաձայնությամբ, դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:

4. Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:

(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

5. Եթե սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:

6. Ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:

(93-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 94. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։

Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:

3. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(94-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 95. Պարտապանի գույքը

 

1. Ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

2. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

 

Հոդված 96. Իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը

 

1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Պարտապանի կամ այլ անձանց պահանջով դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքը էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար:

 

Հոդված 97. Ֆիզիկական անձին պարտավորություններից ազատելը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

ա) սույն օրենքի 90-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտավորությունների.

բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.

գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.

դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

(97-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 98. Կառավարչի լիազորությունների դադարեցումը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարում են:

 

Հոդված 99. Ֆիզիկական անձի կրկնակի սնանկության սահմանափակումը

 

1. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(99-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 100. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության առանձնահատկությունները

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(100-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 101. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց հրապարակային ռեգիստրը

(հոդվածն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-298-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 102. Լուծարվող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները

 

1. Եթե լուծարվող իրավաբանական անձ-պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե լուծարման հանձնաժողովն իրականացրել է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները պարտատերերի հայտնաբերման ուղղությամբ, ապա նրա ներկայացրած պարտատերերի ցուցակը հիմք է դատարանի կողմից պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար:

3. Եթե ապահովված չէ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանը, ապա պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ` լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Այս դեպքում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

4. Լուծարման հանձնաժողովը չի կարող ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր:

5. Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթերը:

(102-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 103. Բացակայող պարտապանի սնանկությունը

 

1. Եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

2. Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

3. Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

4. Բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և սույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

 

Հոդված 104. Վերագրանցում չանցած իրավաբանական անձանց սնանկության առանձնահատկությունները

 

Իրավաբանական անձինք, որոնք օրենսդրության պահանջներին համապատասխան չեն անցել վերագրանցում, և որոնց վերագրանցման ժամկետը լրացել է սնանկության վերաբերյալ գործը հարուցելու պահին, ենթակա չեն ֆինանսական առողջացման և պետք է լուծարվեն սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով` առանց 70-րդ հոդվածի առաջին մասի պայմանների:

 

Հոդված 105. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը կառավարչի ներկայացմամբ

 

1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`

ա) պարտապանը չունի որևէ գույք.

բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.

գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.

դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:

2. Եթե պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, ապա սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատարանի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին` ի ապահովումն սնանկության գործի վարույթի հետ կապված ծախսերի հատուցման:

(105-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 106. Անցումային դրույթներ

 

1. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները և ծանուցումները հրապարակվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված մամուլի միջոցով, իսկ այդպիսին չլինելու դեպքում` առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

3. Սույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասի պահանջը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ավարտված գործերով պարտապանների նկատմամբ:

4. 2007 թվականի հուլիսի 1-ից հետո կարող է լինել պետական գրանցում ստացած կառավարիչների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառավարիչների ինքնակարգավորվող մեկից ավելի կազմակերպություններ գրանցված լինելու դեպքում սույն օրենքի ուժով դրանք ենթակա են միաձուլման: Միաձուլվող ինքնակարգավորվող կազմակերպությունների հիմնադիր ժողովը հրավիրում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրվելը:

Հիմնադիր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքներն ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի առկայության դեպքում:

(106-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 107. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով և 83-րդ հոդվածի «ա» կետով սահմանված կանոնները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 22
Երևան
ՀՕ-51-Ն