Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-191-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1106
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Բանկի անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաև բանկի սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը։»։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բանկը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը»։

 

 Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության «հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացման դեպքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «և գործողությունների վրա» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների կամ գործողությունների զուտացման)» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման վրա։»։

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

 

«ե) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող իննսուն օրվա ընթացքում կնքված զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը, եթե`

1) կնքման պահին պարտապան բանկի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր, և

2) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում բանկի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ:»:

 

 Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 16.1. Ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների հետ կապված առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները:

2. Սույն օրենքի իմաստով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝

ա) հետևյալ ապահովված իրավունքները.

1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,

2) երաշխավորությունը և երաշխիքը,

3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,

4) գրավչության գործիքները.

բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում որպես ապահովման միջոց արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ՝ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:

3. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի գրավոր համաձայնությունը՝

ա) որը նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.

բ) որը նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.

գ) սույն մասի «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության պայմանագիրը։

4. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:

5. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում՝

ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրերով վճարման կամ մատակարարման պարտավորությունները վաղաժամկետ կատարելը կամ վաղաժամկետ դադարեցնելը, և

բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման և (կամ) վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը, և (կամ),

գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի, և

դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված, ինչպես նաև «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով։

6. Սույն օրենքի 14-րդ հոդվածով և սույն օրենքի այլ կանոններով նախատեսված պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հաշվանցի իրականացման սահմանափակումը չեն տարածվում պարտապան բանկի մասնակցությամբ զուտացման համաձայնության վրա:

7. Ադմինիստրացիան իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ վերջինիս տրված իրավունքները, եթե կողմերի միջև պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:

8. Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված՝ ադմինիստրացիայի ղեկավարի իրավունքները (բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված իրավունքների) չեն տարածվում սույն հոդվածով սահմանված զուտացման համաձայնության շրջանակներում պարտապան բանկից պահված կամ պարտապան բանկի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների վրա:»։

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում՝

 

1) «ա» կետը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով.

2) «բ» ենթակետը «ակտիվների և պարտավորությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների)» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «Բանկի պարտավորությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների)» բառերով:

 

 Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետը «բոլոր տեսակի պարտավորությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների)» բառերով։

 

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

 

«2.2. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման համաձայնության վրա:»։

 

Հոդված 11. Օրենքում «ածանցյալ արժեթուղթ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիք» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-191-Ն