ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, նման այլ գործառնություններ կատարել, ներառյալ՝ ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը.».
2) «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերը, ածանցյալ ֆինանսական գործիքներն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).».
3) «ժբ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, ածանցյալ ֆինանսական գործիքներ, փաստաթղթեր և այլ արժեքներ.»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն՝ իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր և որպես հիմքում ընկած առարկա՝ ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը, ներդրումային այլ արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները (բաժանորդագրական գործունեություն):
Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և (կամ) որպես հիմքում ընկած առարկա՝ ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից և (կամ) համապատասխան ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:»:
Հոդված 3. Օրենքի 39.7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:».
2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) բանկի թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ածանցյալ ֆինանսական գործիքների տեղաբաշխման դեպքում տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով և կարգով.»:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «արժեթղթերում» բառից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «արժեթղթերում» բառից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը «ինվեստիցիոն արժեթղթերում» բառերից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:
Հոդված 8. Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ արժեթղթեր» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-194-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|