Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-241-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.11.2016-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.30
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և նպատակները

 

1. Սույն օրենքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության ներքո դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, բաց թողնման, մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման, մաքսային հսկողության իրականացման, մաքսային վճարների վճարման, ինչպես նաև մաքսային մարմինների և նշված ապրանքների նկատմամբ տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ ունեցող անձանց միջև հարաբերություններն են:

2. Սույն օրենքի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության կողմից մաքսային կարգավորման և մաքսային գործի բնագավառում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի և որոշումների կատարման ապահովումը.

2) Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի և որոշումների շրջանակներում չկարգավորված և Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությամբ կարգավորման ենթակա` մաքսային գործին առնչվող հարաբերությունների կարգավորումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ընթացակարգերի, մաքսային հսկողության, մաքսային վճարների վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորումը.

5) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը:

3. Սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում:

 

Հոդված 2.

Մաքսային կարգավորումը և մաքսային գործը Հայաստանի Հանրապետությունում

 

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային կարգավորումը Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային գործի իրականացման կարգի ու կանոնների սահմանումն է։

2. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Միության մաքսային սահմանով, Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցները:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված` ապրանքների արտաքին առևտրին վերաբերող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները:

4. Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետությունը միակողմանի կիրառում է մաքսասակագնային կարգավորման առանձին միջոցներ, արգելքներ ու սահմանափակումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

5. Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի սահմանված արգելքների ու սահմանափակումների կիրառման նպատակով անձանց գործողությունները կարող են սահմանվել այդ արգելքներն ու սահմանափակումները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենքով։

 

Հոդված 3.

Մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում

 

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

2. Հայաստանի Հանրապետության և (կամ) Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան` վերադաս մաքսային մարմինն իրականացնում է մաքսային գործի բնագավառում պետական քաղաքականության և վարչարարության իրագործումն ապահովող գործառույթներ` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության միասնական կիրառման միջոցով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է մաքսային քաղաքականության մշակման և վարչարարության իրականացման գործառույթներ` Հայաստանի Հանրապետությանը վերապահված իրավասությունների շրջանակներում:

 

Հոդված 4.

Մաքսային գործի բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, իսկ Միության օրենսդրությամբ չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին և օրենսդրական ակտերին համապատասխան:

3. Միության իրավապայմանագրային բազան կազմող՝ պաշտոնապես հրապարակված պայմանագրերը և Միության մարմինների որոշումները Հայաստանի Հանրապետությունում գործում են անմիջականորեն, եթե դրանք չեն ներառում կիրառման համար ներպետական ակտերի ընդունման մասին պահանջներ։ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինն իրավասու է սահմանելու Միության մաքսային օրենսդրության ակտերը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու կարգը՝ սույն օրենքին համապատասխան։

4. Եթե Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված են սույն օրենքով նախատեսված դրույթներից տարբերվող դրույթներ, ապա գերակայությունը տրվում է Միության մաքսային օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Միության օրենսդրությամբ այդ դրույթների սահմանումը վերապահված է Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությանը։

 

Հոդված 5.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք` պետական սահմանը փաստացի հատելու միջոցով.

ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերում Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ.

Միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների արտահանում՝ ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով.

Հայաստանի Հանրապետության անձինք՝ Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում, հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.

միասնական հաշիվ՝ դրամական մուտքերի հաշվառման և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի, ինչպես նաև Միության բյուջեների միջև դրանց բաշխման համար նախատեսված միասնական հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն մասի 7-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների.

տրանսպորտային միջոցներ՝ բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ֆիզիկական անձի՝ սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը.

Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրեր՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և գտնվում են ուղեկցող բեռում, որոնց բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

Միության արտաքին առևտուր` Միության անդամ պետությունների կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ իրականացվող առևտուրը.

Միության փոխադարձ առևտուր` Միության անդամ երկրների միջև իրականացված առևտուրը.

վիճակագրական տարածք` այն տարածքը, որի նկատմամբ իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքումը:

2. Սույն օրենքում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսդրությամբ, Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով և օրենսդրական ակտերով սահմանված իմաստներով։

(5-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Հոդված 6.

Մաքսային մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`

1) վերադաս մաքսային մարմինը.

2) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.

3) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:

3. Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝

1) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենքով մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.

2) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:

 

Հոդված 7.

Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակով ստեղծվող այլ կազմակերպությունները

 

1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ, գիտահետազոտական հիմնարկներ, տվյալների մշակման կենտրոններ և այլ կազմակերպություններ:

2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ:

 

Հոդված 8.

Մաքսային մարմինների գործունեության սկզբունքները

 

1. Մաքսային մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով.

1) օրինականության և օրենքի առաջ անձանց հավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների պահպանման անհրաժեշտությամբ.

2) մաքսային գործի միասնական կառավարման և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնագիտական կարողությունների ապահովման անհրաժեշտությամբ.

3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների հրապարակայնության, մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման նպատակով մաքսային մարմինների ներկայացրած պահանջների հստակության, Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության և արտաքին տնտեսական գործունեության իրականացման կանոնների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ.

4) մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման ընթացքում օրենսդրությամբ սահմանված դրույթների միատեսակ կիրառման անհրաժեշտությամբ.

5) մաքսային գործի կատարելագործման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մաքսային վարչարարության մեթոդների ներդրումը և մաքսային գործի բնագավառում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտները։

 

Հոդված 9.

Մաքսային մարմինների պարտականությունները

 

1. Մաքսային մարմինները պարտավոր են՝

1) ապահովել մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացումը.

2) օժանդակել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի զարգացմանը.

3) վարել արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն, փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն և հատուկ մաքսային վիճակագրություն.

4) ապահովել և վերահսկել մաքսատուրքի, հարկերի, հակագնագցման, հատուկ և փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների հաշվարկման ճշտությունը և ժամանակին վճարումը, միջոցներ ձեռնարկել չվճարված մաքսային վճարների վճարումը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել ապրանքներն ու տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային սահմանով տեղափոխելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը.

6) ապահովել Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը.

7) ապահովել մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն օժանդակությունը.

8) բացահայտել, կանխարգելել և կասեցնել այն հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, որոնց նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված են մաքսային մարմինների իրավասությանը, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ և իրականացնել նախնական քննություն նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի հետաքննության ձևով, մաքսային գործի բնագավառում վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) գործերով իրականացնել վարչական վարույթ, աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հակազդել Միության մաքսային սահմանով և (կամ) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող մտավոր սեփականության օբյեկտների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, զենքի ու զինամթերքի, մշակութային արժեքների և այլ առարկաների անօրինական շրջանառությանը.

9) աջակցել պետական անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, մարդու, կենդանիների ու բույսերի կյանքի ու առողջության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների սպառողների շահերի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցների իրականացմանը.

10) հսկողություն իրականացնել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման հետ կապված արժութային գործարքների նկատմամբ՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և դրանց համապատասխան՝ արժութային կարգավորման հարցերով մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

11) մաքսային կարգավորման միջոցների օգնությամբ պաշտպանել հայրենական ապրանք արտադրողների շահերը, ապահովել մաքսային մարմինների ռեսուրսների օպտիմալ օգտագործումը.

12) ապահովել Միության մաքսային սահմանով Միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի և (կամ) արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդեցության միջոցներ` Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

13) պարզաբանել մաքսային իրավահարաբերությունների բնագավառում անձանց իրավունքներն ու պարտականությունները, օժանդակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման գործում.

14) ապահովել Հայաստանի Հանրապետության՝ մաքսային գործին առնչվող միջազգային պարտավորությունների կատարումը, համագործակցել օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

15) մաքսային գործի բնագավառում իրականացնել տեղեկատվական ու պարզաբանման գործառույթներ, պետական մարմիններին, կազմակերպություններին ու անձանց տրամադրել տեղեկություններ մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին կարող են վերապահվել այլ պարտականություններ։

(9-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 10.

Մաքսային մարմինների իրավունքները

 

1. Մաքսային մարմիններն իրենց վերապահված գործառույթների կատարման համար իրավունք ունեն՝

1) մաքսային մարմիններին վերապահված` Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դրույթների` անձանց կողմից պահպանումը ապահովելու նպատակով ձեռնարկելու միջոցներ.

2) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ.

3) ստուգելու մաքսային ձևակերպումներին մասնակցող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.

4) անձանցից պահանջելու մաքսային գործի բնագավառում օրենքով սահմանված գործողությունների իրականացման լիազորությունները հաստատող փաստաթղթեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական գործունեություն, կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ և իրականացնելու հետաքննություն իրենց իրավասության շրջանակներում, անձանց ենթարկելու վարչական պատասխանատվության.

6) իրականացնելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանության, բեռնման կամ այլ գործողությունների տեսագրում և ձայնագրում, կինոնկարահանում և լուսանկարահանում.

7) պետական մարմիններից, կազմակերպություններից և անձանցից ստանալու իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան պետական մարմիններին ներկայացնելու հայտեր՝

ա. մաքսատուրքի, հարկերի, մաքսավճարների, տոկոսների և տույժերի բռնագանձման վերաբերյալ,

բ. մաքսատուրքի, հարկերի, մաքսավճարների, տոկոսների և տույժերի վճարման նպատակով գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ,

գ. ապրանքները տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ,

դ. Միության մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և այլ օրենսդրական ակտերով նախատեսված այլ դեպքերում.

9) մշակելու, ստեղծելու և գործարկելու տեղեկատվական համակարգեր, կապի համակարգեր և տվյալների փոխանակման համակարգեր, մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության միջոցներ, ներառյալ՝ գաղտնագրային պաշտպանության միջոցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

10) կանգնեցնելու մաքսային հսկողության ենթակա տրանսպորտային միջոցը և իրականացնելու ապրանքների և տրանսպորտային միջոցի զննում, եթե կասկածներ ունեն, որ այդ տրանսպորտային միջոցով կարող են իրականացվել ապրանքների ապօրինի փոխադրումներ.

11) իրականացնելու սույն օրենքով և այլ օրենքներով մաքսային մարմինների համար նախատեսված այլ իրավունքներ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքները մաքսային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես մաքսային գործի բնագավառում գործառույթներ իրականացնելիս։

 

Հոդված 11.

Մաքսային մարմինների տարբերանշանը

 

1. Մաքսային մարմինները, դրանց տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12.

Մաքսային մարմինների գտնվելու վայրերը և աշխատանքային ժամերը

 

1. Մաքսային մարմինները գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետերում (այսուհետ՝ անցման կետ)։ Մաքսային մարմինների տեղակայման վայրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` մաքսային ձևակերպման վայրերը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված վայրերը:

2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերն ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել նշված անձանց պատկանող շինություններում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

3. Մաքսային ձևակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:

4. Մաքսային մարմինների աշխատանքային ժամերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

5. Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձևակերպումը կատարող մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մաքսային ձևակերպումը կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13.

Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, նրանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ու մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանվում են Միության մաքսային օրենսդրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

3. Մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք ընդունում են որոշումներ, կատարում են գործողություններ իրենց իրավասությունների սահմաններում և Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 14.

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պահանջների պարտադիր կատարումը

 

1. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջներն իրենց գործունեությամբ մաքսային գործին առնչվող անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման։

2. Մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների և հսկողության կամ մաքսային այլ ընթացակարգերի իրականացման ժամանակ ներկայացվող պահանջները չեն կարող խոչընդոտ դառնալ ապրանքների ներմուծման, արտահանման, բաց թողնման կամ մաքսային գործի բնագավառում այլ գործունեության իրականացման համար, եթե դրանք ուղղված չեն Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման համար անհրաժեշտ նվազագույն հսկողության իրականացմանը:

3. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության։

 

Հոդված 15.

Մաքսային մարմինների համագործակցությունը պետական այլ մարմինների հետ

 

1. Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:

2. Մաքսային մարմինները մաքսային գործի և օրենքով ու այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ: Մաքսային մարմինները պարտավոր են հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վրա դաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն:

3. Մաքսային մարմինների կողմից հանցագործության և (կամ) վարչական իրավախախտումների մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում, որոնց գործերով վարույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վերապահված է պետական այլ մարմինների իրավասությանը, մաքսային մարմինները պարտավոր են դրանց մասին տեղեկություններն անհապաղ տրամադրել համապատասխան պետական մարմիններին։

 

Հոդված 16.

Մաքսային մարմինների գործունեության գերատեսչական վերահսկողությունը

 

1. Օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում վերադաս մաքսային մարմինը կամ մաքսային մարմնի վերադաս պաշտոնատար անձը ցանկացած ժամանակ իրավունք ունի վերադաս մաքսային մարմնի գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մաքսային գործի բնագավառում այլ մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի այլ` ավելի ցածր պաշտոնատար դիրք գրավող պաշտոնատար անձի` Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող որոշումը, ինչպես նաև ձեռնարկելու Միության մաքսային օրենսդրությամբ և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` ոչ իրավաչափ որոշում կայացրած մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) նկատմամբ։

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելուց (փոփոխելուց) հետո պահանջվում է մաքսային գործի բնագավառում նոր որոշման ընդունում, այդպիսի որոշումն ընդունում է վերադաս մաքսային մարմնի կողմից լիազորված մաքսային մարմինը` Միության մաքսային օրենսդրությանը և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մաքսային հսկողության անցկացման համար սահմանված ժամկետներում։

 

Հոդված 17.

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ընդունած որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը

 

1. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության բողոքարկումն իրականացվում է Միության մաքսային օրենսդրության և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 18.

Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկումը

 

1. Մաքսային մարմինները ապահովում են՝

1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության ազատ, անվճար հասանելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով.

2) իրենց պաշտոնական կայքէջերում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և Միության մաքսային օրենսդրության մաքսային գործին առնչվող նախագծերի, ինչպես նաև դրանց ուժի մեջ չմտած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրապարակումը կարող է հանգեցնել մաքսային հսկողության իրականացման արդյունավետության նվազեցմանը կամ խոչընդոտել դրա իրականացմանը:

 

Հոդված 19.

Մաքսային մարմնի կողմից ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) վերաբերյալ տեղեկատվության ստացումը

 

1. Անձինք իրավունք ունեն մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ հարցում կատարելու մաքսային մարմին, եթե այդ որոշումը, գործողությունը կամ անգործությունն առնչվում է նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

2. Հարցումը պետք է կատարվի ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) մասին անձին հայտնի դառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

3. Անձը կարող է տեղեկատվությունը ստանալու հարցումը ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով։

 

Հոդված 20.

Մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը

 

1. Մաքսային մարմիններն անձանց տրամադրում են պարզաբանումներ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

2. Մաքսային մարմինների կողմից պարզաբանման տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքներով` բանավոր կամ գրավոր։ Անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները ներկայացնել գրավոր:

3. Մաքսային մարմինը պատասխանատվություն չի կրում իր հրապարակած իրավական ակտերի կամ պարզաբանման ձևերով տրամադրած տեղեկատվության խեղաթյուրման արդյունքների կամ առանց մաքսային մարմնի գիտության և հսկողության հրապարակված իրավական ակտերի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում իրավաբանական անձանց հաշվառումը

 

1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) իրավաբանական անձանց հաշվառումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 13-րդ, 19-րդ, 24-րդ, 29-րդ, 34-րդ և սույն օրենքի 28-րդ և 29-րդ, 34-րդ և 35-րդ, 38-րդ և 40-րդ, 42-րդ և 43-րդ, 46-րդ և 47-րդ հոդվածներին համապատասխան:

2. Ռեեստրում հաշվառվելու համար իրավաբանական անձը թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում է վերադաս մաքսային մարմին՝ կցելով սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը:

3. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրներում հաշվառվելու համար իրավաբանական անձը որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ կամ անմաքս առևտրի խանութի առևտրի սրահ օգտագործվող առանձնացված յուրաքանչյուր շինության և (կամ) բաց հրապարակի վերաբերյալ դիմում է ներկայացնում մաքսային մարմին։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմիններին կարող են ներկայացվել փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, բացառությամբ մաքսատուրքի և հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերի, որոնց դեպքում մաքսային մարմիններին ներկայացվում է փաստաթղթի բնօրինակը: Պատճենները ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կարող է ստուգել դրանց համապատասխանությունը բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին:

5. Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառելու համար ներկայացված դիմումը ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ մասերում նշված դեպքերի), և որոշում է կայացնում ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին։

6. Ռեեստրում հաշվառվելու դիմումի հետ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացրած չլինելու դեպքում, եթե պահպանվել են ռեեստրում հաշվառվելու համար օրենքով սահմանված մյուս պայմանները, ապա մաքսային մարմինը նախնական որոշում է կայացնում ռեեստրում հաշվառելու համար պահանջվող պայմանների բավարար լինելու մասին:

Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառվելու համար պահանջվող պայմանների պահպանման մասին նախնական որոշման ընդունումից հետո օրենքով սահմանված կարգով երկու օրվա ընթացքում ծանուցում է դիմումը ներկայացրած իրավաբանական անձին նախնական որոշման, ինչպես նաև մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացվում են ծանուցումից հետո՝ 10 օրվա ընթացքում: Մաքսային մարմինը մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում դիմումը ներկայացրած իրավաբանական անձին հաշվառում է ռեեստրում։

7. Մաքսային մարմիններն իրականացնում են որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ կամ անմաքս առևտրի խանութ օգտագործվող շինությունների և տարածքների զննում` սույն օրենքով սահմանված պահանջներին և պայմաններին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:

8. Իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերը օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը, նշելով այդ փաստաթղթերի՝ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքերը, իրավունք ունի պահանջելու իրավաբանական անձի ներկայացրած տվյալները հաստատող այլ փաստաթղթեր:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում ռեեստրում հաշվառելու մասին դիմումի ուսումնասիրությունը դադարեցվում է մինչև դիմում ներկայացրած իրավաբանական անձի կողմից մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը ներկայացվելը: Դիմում ներկայացրած իրավաբանական անձը մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը կարող է ներկայացնել 10 օրվա ընթացքում:

10. Ռեեստրում իրավաբանական անձի հաշվառումը հաստատվում է նրան ռեեստրում հաշվառելու մասին վկայական տալու միջոցով, իսկ մաքսային փոխադրողների դեպքում՝ որոշումը կայացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը առձեռն կամ այլ եղանակով հանձնվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազոր ներկայացուցչին՝ ռեեստրում նշում կատարելով վկայականի հանձնման օրվա և փաստի վերաբերյալ։ Ռեեստրում հաշվառված լինելու վերաբերյալ վկայականը ստորագրում է մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը և վավերացնում է կնիքով։

11. Մաքսային մարմինները, ուսումնասիրելով ռեեստրում հաշվառելու մասին իրավաբանական անձի դիմումը, կարող են սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը չգերազանցող ժամկետում դիմումը մերժելու մասին որոշում կայացնել: Ռեեստրում հաշվառումը մերժելու վերաբերյալ որոշման մասին իրավաբանական անձի ղեկավարը կամ այլ լիազոր ներկայացուցիչը իրազեկվում է գրավոր՝ նման որոշումն ընդունելուց հետո՝ երկու օրվա ընթացքում։

12. Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառելու դիմումը մերժում է, եթե՝

1) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ իրավաբանական անձը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքով սահմանված պահանջներին.

2) չեն ներկայացվել սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը.

3) իրավաբանական անձի կողմից դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանում նրա ներկայացրած տվյալներին:

13. Ռեեստրների ձևերը, ռեեստրներում իրավաբանական անձանց հաշվառելու, հաշվառումից հանելու, փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների, անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրներում հաշվառման մասին վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։ Մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի ձևը, Միության մաքսային օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, սահմանվում է Միության հանձնաժողովի որոշմամբ։

14. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում հաշվառման մասին դիմումների ուսումնասիրության և հաշվառման համար վճար չի գանձվում։

 

Հոդված 22.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից մեկում հաշվառման մասին դիմումում տվյալների փոփոխությունը

 

1. Ռեեստրում հաշվառման մասին դիմումի հետ ներկայացված՝ սույն օրենքով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում իրավաբանական անձը (իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում՝ նրա իրավահաջորդը) պարտավոր է մաքսային մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել այդ փոփոխությունների մասին՝ տվյալների փոփոխությունների օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և ներկայացնել դրանք հաստատող փաստաթղթերը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինը ստուգում է նշված տվյալների համապատասխանությունը ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու համար օրենքով սահմանված պայմաններին և ռեեստրում համապատասխան փոփոխություններ է իրականացնում: Ռեեստրում անձանց հաշվառման մասին վկայականում (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթում) նշված տվյալների փոփոխման դեպքում մաքսային մարմինը տրամադրում է նոր վկայական (մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերը կցվում են համապատասխան ռեեստրում հաշվառման ժամանակ իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերի փաթեթին։

 

Հոդված 23.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցումը և վերսկսումը

 

1. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձանց՝ որպես մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների գործունեությունը կասեցվում է՝

1) իրավաբանական անձի կողմից իր գործունեության կասեցման մասին դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

2) իրավաբանական անձի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման դեպքում իրավաբանական անձի կողմից դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

3) դատարանի կամ լիազոր մարմնի կողմից իրավաբանական անձի գործունեության կասեցման մասին որոշման ընդունման դեպքում` մաքսային մարմիններին կասեցման մասին որոշումը հայտնի դառնալու օրվանից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված փաստաթղթի գործողության կասեցման և (կամ) դադարեցման դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի փաստաթղթի առկայությունը նախատեսված է մաքսային մարմիններին կասեցման կամ դադարեցման փաստը հայտնի դառնալու օրվանից:

2. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձանց գործունեության կասեցման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը մեկ օրվա ընթացքում ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին:

3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցման օրվանից մաքսային ձևակերպումների իրականացումը, ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներում պահպանման համար ապրանքների ընդունումը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը չեն թույլատրվում։ Ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի գործունեությունը մեկ ամսից ավելի ժամկետով կասեցվելու դեպքում ժամանակավոր պահպանման պահեստում պահպանվող ապրանքները պետք է ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի միջոցների հաշվին կասեցմանը հաջորդող օրվանից մեկ ամսվա ընթացքում հանձնվեն ժամանակավոր պահպանման այլ պահեստ։

4. Ռեեստրում հաշվառված մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների գործունեությունը վերսկսվում է այդ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների վերացումը հաստատող փաստաթղթերն իրավաբանական անձի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից, որի վերաբերյալ մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորված ներկայացուցչին։

 

Հոդված 24.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելը

 

1. Իրավաբանական անձը ռեեստրից հանվում է Միության մաքսային օրենսգրքի 14-րդ, 20-րդ, 25-րդ, 30-րդ և 35-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով։ Ռեեստրում հաշվառված իրավաբանական անձի վերակազմավորումը հիմք չի համարվում իրավաբանական անձին ռեեստրից հանելու համար։

2. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը գրավոր ձևով` պատճառաբանված հիմնավորմամբ և դրա ընդունման օրվան հաջորդող օրը ծանուցում է իրավաբանական անձին։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչին է հանձնվում առձեռն, կամ ուղարկվում է իրավաբանական անձին` փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը։

3. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և ենթակա է իրականացման իրավաբանական անձի կողմից ծանուցվելու օրվանից: Անկախ սույն մասով սահմանված դրույթից` ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպիչները և մաքսային պահեստի կազմակերպիչները կարող են մինչև ռեեստրից հանվելու օրը իրենց կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնել գործունեություն` սույն մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեեստրից հանելու հիմքը մաքսային կանոնների խախտում արձանագրելն է:

4. Լուծարման կամ վերակազմակերպման արդյունքում գործունեության դադարեցման (բացառությամբ իրավաբանական անձի վերակազմավորման) դեպքում մաքսային մարմիններն իրավաբանական անձանց ռեեստրից հանում են լուծարման կամ գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրը` դրա վերաբերյալ գրառում կատարելու միջոցով:

5. Ռեեստրից իրավաբանական անձին հանելը չի ազատում նրան (նրա իրավահաջորդին) մինչև ռեեստրից հանվելը կնքված պայմանագրերի հիման վրա մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման կամ պահպանման հետ կապված ձևակերպումներն ավարտելու կամ այլ գործողություններ կատարելու պարտականությունից:

6. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ենթակա են ձևակերպման այլ մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ ապրանքները փոխանցվում են անմաքս առևտրի այլ խանութում դրանք իրացնելու համար։ Սույն մասով նախատեսված դեպքում, երբ անմաքս առևտրի խանութից ապրանքները տեղափոխվում են միևնույն մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի այլ խանութ, հսկողությունն իրականացնում է այդ մաքսային մարմինը: Սույն հոդվածով նախատեսված ապրանքների տեղափոխումն այլ մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի խանութ իրականացվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

7. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային նպատակներով դիտարկվում են որպես ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներ։ Այդ ապրանքների վաճառքը, ինչպես նաև այլ ապրանքներ անմաքս առևտրի խանութ հանձնելը չի թույլատրվում։

8. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ ռեեստրում հաշվառվելու համար անձի տրամադրած՝ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման վերադարձը (գործողության դադարեցումը) իրականացվում է սույն օրենքի 17-րդ գլխին համապատասխան։

 

Հոդված 25.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարումը

 

1. Ռեեստրը վարում է վերադաս մաքսային մարմինը՝ էլեկտրոնային եղանակով։

2. Ռեեստրների ձևերը հաստատվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:

3. Ռեեստրները ձևավորում են մաքսային մարմինները իրավաբանական անձանց այդ ռեեստրներում հաշվառելու, փոփոխություններ կատարելու և հանելու մասին որոշումների, ինչպես նաև ռեեստրներում հաշվառված մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների գործունեության կասեցման և վերսկսման մասին որոշումների հիման վրա։ Ռեեստրներում փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից այդ մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

4. Ռեեստրները հրապարակվում են մաքսային մարմինների պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը:

 

Հոդված 26.

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը

 

1. Ապրանքների և տնտեսական գործարքների հաշվառումը մաքսային փոխադրողները, ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպիչները, մաքսային պահեստի կազմակերպիչը, անմաքս առևտրի խանութի կազմակերպիչն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք հաշվետվությունները ներկայացնում են սույն օրենքին համապատասխան։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

 

Հոդված 27.

Մաքսային ներկայացուցիչը

 

1. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի հանձնարարությամբ և նրա անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։

2. Մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

3. Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը և այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 28.

Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

 

1. Իրավաբանական անձի` մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածով։

2. Միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:

3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող հաշվառվել պետական կառավարչական հիմնարկները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:

4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:

 

Հոդված 29.

Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը

 

1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝

1) տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ).

2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձանց առկայության մասին տեղեկություններ.

3) Միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ.

4) սույն օրենքով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ։

2. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններին ներկայացվում է մաքսատուրքի, հարկերի վճարման` Միության օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

 

Հոդված 30.

Մաքսային ձևակերպումների մասնագետը

 

1. Մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձևակերպումներ կարող է իրականացնել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող կամ նրա լիազորած` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու պարտադիր պայմաններ են`

1) բարձրագույն կրթությունը.

2) հայերենին տիրապետելը.

3) մաքսային օրենսդրությանը տիրապետելը.

4) մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը:

3. Մաքսային ձևակերպումների որակավորման քննությունների ծրագրերը և դրանց անցկացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննություններն ընդունում է վերադաս մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Մաքսային ձևակերպումների որակավորման քննությունը դրական հանձնած անձանց քննությունը հանձնելուն հաջորդող աշխատանքային օրը տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, ինչպես նաև մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու հնարավորություն:

4. Մաքսային ձևակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետը առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվում է մաքսային մարմինների կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած ծրագրով և կարգով:

 

Հոդված 31.

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման հիմքերը և կարգը

 

1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.

2) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

3) մաքսային մասնագետը ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց վերաբերող պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) մաքսային ձևակերպումների մասնագետը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ ենթարկվել է պատասխանատվության` մաքսային վճարների թերի հաշվարկմանը և (կամ) վճարմանը և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը հանգեցնող մաքսային կանոնների խախտման համար.

5) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

6) մաքսային ձևակերպումների մասնագետն արձանագրել է սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված վերապատրաստման բացասական արդյունք:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է վերադաս մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել մաքսային ձևակերպումների մասնագետը` վերադասության կարգով կամ դատարան:

 

Հոդված 32.

Մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների համար

 

1. Մաքսային մարմինների կողմից մաքսային նպատակներով տեղեկատվության ավտոմատացված մշակման և տվյալների էլեկտրոնային փոխանցման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի հասանելիությունը մաքսային ներկայացուցիչների, ինչպես նաև սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց համար ապահովում է վերադաս մաքսային մարմինը՝ սահմանված կարգով:

(32-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 33.

Մաքսային ներկայացուցչի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

 

1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացած տեղեկությունը մաքսային ներկայացուցիչը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային ներկայացուցչի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԸ

 

Հոդված 34.

Մաքսային փոխադրողը

 

1. Մաքսային փոխադրողը Միության մաքսային օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:

2. Իրավաբանական անձի` մաքսային փոխադրողների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածով:

3. Մաքսային փոխադրողների կարգավիճակը հավաստվում է վերադաս մաքսային մարմնի տրամադրած փաստաթղթով, որի ձևը և կիրառման կարգը սահմանվում են Միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Մաքսային փոխադրողի և ապրանք առաքողների միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

5. Մաքսային փոխադրողը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 35.

Մաքսային փոխադրողների ռեեստրում հաշվառման համար դիմումը

 

1. Մաքսային փոխադրողների ռեեստրում հաշվառման համար դիմումը պարունակում է՝

1) տեղեկություններ մաքսային փոխադրողների անվանման, գտնվելու և գործունեության իրականացման վայրերի (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ) վերաբերյալ.

2) միջազգային փոխադրումների համար նախատեսված` մաքսային ապահովումների կիրառման հնարավորություն ունեցող տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ տեղեկություններ.

3) Միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ։

2. Մաքսային փոխադրողի ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Սույն կետով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացվում են նաև մաքսային փոխադրողին պատկանող կամ վարձակալված կամ օգտագործման հանձնված` մաքսային փոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները:

 

Հոդված 36.

Մաքսային փոխադրողի և նրա անձնակազմի կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

 

1. Հանձնարարությունը կատարելու նպատակով հանձնարարողից ստացած տեղեկությունը մաքսային փոխադրողը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

 

Հոդված 37.

Ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպիչը

 

1. Ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպիչը Միության մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:

2. Ժամանակավոր պահպանման պահեստը կարող է լինել բաց կամ փակ տեսակի։ Ժամանակավոր պահպանման բաց պահեստները նախատեսված են ցանկացած անձի օգտագործման համար։ Ժամանակավոր պահպանման փակ պահեստները նախատեսված են տվյալ պահեստի կազմակերպչի կողմից ապրանքների պահպանության և (կամ) որոշակի տեսակի ապրանքների պահպանության համար, այդ թվում՝ այնպիսի ապրանքների, որոնց շրջանառությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ և (կամ) ունեն պահպանման հատուկ պայմաններ։

3. Ապրանքները պահպանության հանձնող անձանց և ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպչի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

4. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։

 

Հոդված 38.

Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման պայմանները

 

1. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածով։

2. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է՝

1) ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպչի անվանումը, նշում` գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը.

3) ժամանակավոր պահպանման պահեստի շինության և (կամ) բաց հրապարակի գտնվելու վայրի մասին տեղեկություններ.

4) վկայական տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

 

Հոդված 39.

Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվող պահանջները

 

1. Ժամանակավոր պահպանման պահեստների շինությունները և (կամ) բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվի կողմնակի անձանց մուտքը, ինչպես նաև ապահովվի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։

2. Ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) ժամանակավոր պահպանման պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ժամանակավոր պահպանման պահեստների տարածքի պաշտպանությունն իրականացնելու համար.

3) ժամանակավոր պահպանման պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ժամանակավոր պահպանման պահեստների կառուցումն այնպես, որ ժամանակավոր պահպանման պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ժամանակավոր պահպանման պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, ժամանակավոր պահպանման պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

4) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանությունը.

5) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու, մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

6) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.

7) ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.

8) հսկիչ անցագրային կետերի առկայություն` բաց տեսակի ժամանակավոր պահպանության պահեստների համար:

3. Մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ:

(39-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 40.

Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման դիմումը

 

1. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝

1) ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.

2) ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների տիրապետության տակ գտնվող և որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների և (կամ) բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.

3) քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:

2. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչին:

3. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների կողմից ներկայացվող քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարի չափը որոշվում է ժամանակավոր պահպանման պահեստի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

 

Հոդված 41.

Մաքսային պահեստի կազմակերպիչը

 

1. Մաքսային պահեստի կազմակերպիչը Միության մաքսային օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է:

2. Մաքսային պահեստների տեսակները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:

3. Մաքսային պահեստի կազմակերպիչների և հայտարարատուների կամ այլ անձանց միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

4. Մաքսային պահեստի կազմակերպիչը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։

 

Հոդված 42.

Իրավաբանական անձին մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

 

1. Իրավաբանական անձին մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 29-րդ հոդվածով։

2. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պետք է պարունակի՝

1) մաքսային պահեստի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) մաքսային պահեստի տեսակը.

3) մաքսային պահեստի շինությունների և (կամ) բաց հրապարակների գտնվելու վայրը.

4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

 

Հոդված 43.

Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը

 

1. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին դիմումը պետք է պարունակի՝

1) մաքսային պահեստների կազմակերպիչների անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.

2) մաքսային պահեստի տեսակի մասին տեղեկություններ (փակ տեսակի պահեստի դեպքում՝ նաև այդ տեսակի պահեստ ընտրելու անհրաժեշտության և նպատակահարմարության հիմնավորում).

3) մաքսային պահեստների կազմակերպիչների տիրապետման տակ գտնվող և որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների և (կամ) բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.

4) բաց մաքսային պահեստների կազմակերպիչների քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:

2. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են:

3. Մաքսային պահեստների կազմակերպիչների քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարը որոշվում է մաքսային պահեստի կազմակերպչի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

 

Հոդված 44.

Մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները

 

1. Մաքսային պահեստների շինությունները և (կամ) բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվի կողմնակի անձանց մուտքը, ինչպես նաև ապահովվի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։

2. Մաքսային պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն իրականացնելու համար.

3) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որ մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

4) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանությունը.

5) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

6) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.

7) ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.

8) հսկիչ անցագրային կետերի առկայությունը` բաց տեսակի մաքսային պահեստների համար:

3. Մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային պահեստներին ներկայացվող այլ պահանջներ:

 

 

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

 

Հոդված 45.

Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը

 

1. Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը Միության մաքսային օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։

2. Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը կատարում է Միության մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։

 

Հոդված 46.

Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

 

1. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածով։

2. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով նախատեսված` անմաքս առևտրի խանութի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթի առկայությունը:

3. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման վկայականը պարունակում է՝

1) անմաքս առևտրի խանութի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահի գտնվելու վայրը.

3) անմաքս առևտրի խանութի պահեստի գտնվելու վայրը.

4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

 

Հոդված 47.

Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը

 

1. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը պետք է պարունակի՝

1) անմաքս առևտրի խանութի անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.

2) անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների տիրապետման տակ գտնվող և որպես անմաքս առևտրի խանութ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ:

2. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են:

 

Հոդված 48.

Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները

 

1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները։

2. Անմաքս առևտրի խանութի տարածքը կարող է ներառել վաճառքի մեկից ավելի սրահներ, պահեստային տարածքներ և օժանդակ տարածքներ:

3. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը և տեղակայման վայրին ներկայացվող պահանջներն են`

1) անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում.

2) անմաքս առևտրի խանութի տարածքը պետք է սարքավորված լինի այնպես, որ ապրանքների վաճառքն իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի վաճառքի սրահում, և ապահովվեն ապրանքների պահպանությունն ու մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.

3) անմաքս առևտրի խանութի պահեստները և օժանդակ տարածքները պետք է հարմարեցված և սարքավորված լինեն այնպես, որ բացառվի կողմնակի անձանց (անմաքս առևտրի խանութի աշխատակիցներ չհանդիսացող և (կամ) անմաքս առևտրի խանութում գտնվող ապրանքների նկատմամբ իրավունքներ չունեցող անձանց) մուտքը, ինչպես նաև ապահովված լինի շինությունների վրա մաքսային ապահովման միջոցների կիրառման հնարավորությունը.

4) անմաքս առևտրի խանութը չի կարող ներառել խանութի գործունեությանը չառնչվող օբյեկտներ.

5) անմաքս առևտրի խանութի պահեստը տեղակայվում է միայն փակ շինությունում և նախատեսվում է բացառապես անմաքս առևտրի խանութի գործունեությունն ապահովող գործողություններ իրականացնելու համար.

6) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բացառվի անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների դուրսբերումն առանց մաքսային հսկողության, բացառությամբ մանրածախ վաճառված ապրանքների.

7) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով նախատեսված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված վայրից հետո:

4. Անմաքս առևտրի խանութում ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներն են՝

1) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները անմաքս առևտրի խանութի սրահ կամ պահեստ, ինչպես նաև պահեստից մինչև անմաքս առևտրի խանութի սրահ տեղափոխվում են մաքսային մարմինների հսկողությամբ.

2) ապրանքների վաճառքը պետք է իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից.

3) անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

4) անմաքս առևտրի խանութում ապրանքների առևտուրը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության արժույթով և Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով` կանխիկ դրամով, չեկերով, վճարային քարտերով և այլ վճարման միջոցներով:

5. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝

1) տվյալ անմաքս առևտրի խանութի տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

2) տվյալ անմաքս առևտրի խանութի տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք.

3) տվյալ անմաքս առևտրի տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի անձնակազմի անդամները.

4) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք` օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա.

5) անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:

6. Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ պահեստի և վաճառքի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

7. Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են իրականացվել ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության:

8. Վաճառքի սրահների, օժանդակ տարածքների և անմաքս առևտրի խանութի պահեստի օգտագործումը «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանման և իրացման նպատակով չի թույլատրվում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 49.

Լիազորված տնտեսական օպերատորները և նրանց համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորը օրենքով սահմանված կարգով հիմնադրված` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է, որը համապատասխանում է Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:

2. Լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցված ընթացակարգերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով:

 

Հոդված 50.

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածով:

2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման լրացուցիչ չափանիշներն են՝

1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.

2) (կետն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)

3) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:

(50-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 51.

Շինությունների, բաց հրապարակների և այլ տարածքների կահավորանքի և սարքավորումների հետ կապված պահանջները

 

1. Լիազորված տնտեսական օպերատորին պատկանող շինությունները, բաց հրապարակները ունեն մաքսային հսկողության գոտու կարգավիճակ և պետք է բավարարեն սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փակ տեսակի ժամանակավոր պահպանության պահեստներին ու մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները։

2. Թույլատրվում է լիազորված տնտեսական օպերատորների կողմից` մաքսային հսկողության ներքո գտնվող, ինչպես նաև պահպանության հանձնված այլ ապրանքների պահպանումը մեկ շինության տարածքում, պայմանով, որ դրանք կտեղաբաշխվեն առանձին, այնպես, որ մաքսային մարմինները մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները տեսողական զննման միջոցով տարբերակեն այլ ապրանքներից: Լիազորված տնտեսական օպերատորները սույն մասով սահմանված պայմանները ապահովում են պաշտպանիչ ժապավենների, միջնապատերի, համապատասխան ցուցանակների և գրությունների օգտագործման միջոցով։

 

Հոդված 52.

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման համար դիմումը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը վերադաս մաքսային մարմին էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է ներկայացնի դիմում և նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ, որի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Լիազորված տնտեսական օպերատորը դիմումի և ինքնագնահատման թերթիկի հետ ներկայացնում է դրանցում ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսատուրքի և հարկերի վճարման ապահովումը հավաստող փաստաթղթի բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են:

3. Մաքսային մարմինը, հիմք ընդունելով իր տրամադրության տակ եղած, ինչպես նաև այլ պետական մարմիններից և երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը, մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է անձի նախորդ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը, որի արդյունքում բացահայտված տվյալները համադրվում են անձի ներկայացրած ինքնագնահատման թերթիկում ներառված տեղեկատվության հետ, և կայացվում է որոշում՝

1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ, եթե դիմում ներկայացրած անձը համապատասխանում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին.

2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողից լրացուցիչ տվյալներ պահանջելու, իսկ ներկայացված տվյալները թերի կամ կեղծ լինելու վերաբերյալ մաքսային մարմնի կասկածի առկայության դեպքում` ստուգում իրականացնելու վերաբերյալ:

Սույն մասի 2-րդ կետով նախատեսված գործողությունների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, մաքսային մարմինը որոշում է կայացնում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, եթե ստուգումից պարզվում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը համապատասխանում է Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին, կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ, եթե ստուգումից պարզվում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը չի համապատասխանում Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում է կայացվում նաև այն դեպքում, երբ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը հրաժարվում է տրամադրել մաքսային մարմինների կողմից սույն մասի 2-րդ կետի համաձայն պահանջվող տվյալները:

 

Հոդված 53.

Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրի վարման կարգը և լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառվելու վկայականը

 

1. Վերադաս մաքսային մարմինն իրականացնում է լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային ռեեստրի վարումը և ապահովում է դրա պարբերական հրապարակումը տեղեկատվական համակարգերի միջոցով:

2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրամադրում է վերադաս մաքսային մարմինը՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայական տալու միջոցով և ճանաչվում է այն պետության տարածքում, որի մաքսային մարմինը տվել է այդ կարգավիճակը։ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայականը պարունակում է՝

1) լիազորված տնտեսական օպերատորի անվանումը, գործունեության իրականացման վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) տեղեկատվություն մաքսային վճարների, հարկերի վճարման ապահովումը հավաստող փաստաթղթի վերաբերյալ.

3) տեղեկատվություն լիազորված տնտեսական օպերատորին տրամադրված պարզեցված ընթացակարգերի մասին.

4) տեղեկատվություն պարզեցված ընթացակարգով մաքսային ձևակերպումներ իրականացնելու վայրի մասին:

3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վերաբերյալ վկայականը ուժի մեջ է մտնում տրամադրման օրը և գործում է անժամկետ:

4. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման վկայականի տրամադրման համար իր ներկայացրած տեղեկությունների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել վերադաս մաքսային մարմին` տեղեկությունների փոփոխությունից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի ներկայացրած տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է վկայականը կամ սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է նոր վկայական:

 

Հոդված 54.

Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառվելու վկայականի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու և լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրից հանելու կարգը

 

1. Մաքսային մարմինն իրականացնում է պարբերական վերլուծություն` լիազորված տնտեսական օպերատորի` իր կարգավիճակին և այդ կարգավիճակից բխող գործունեության իրականացման նկատմամբ համապատասխանության որոշման նպատակով:

2. Վերադաս մաքսային մարմինն իրավասու է անցկացնելու լիազորված տնտեսական օպերատորին տրամադրված կարգավիճակի տրամադրման չափանիշների պահպանման կրկնակի ստուգում՝

1) Հայաստանի Հանրապետության մաքսային գործին վերաբերող և Միության մաքսային օրենսդրության փոփոխության դեպքում` վերադաս մաքսային մարմնի որոշման հիման վրա.

2) մաքսային հսկողության արդյունքում լիազորված տնտեսական օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված չափանիշներից առնվազն մեկի չպահպանման վերաբերյալ տվյալների բացահայտման դեպքում:

3. Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառման վկայականի գործողությունը լիազոր մաքսային մարմինը կարող է կասեցնել՝

1) լիազորված տնտեսական օպերատորի կողմից օրենքով սահմանված կարգավիճակ տրամադրելու չափանիշներից մեկին չհամապատասխանելու դեպքում.

2) վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և պարբերականությամբ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմիններին հաշվետվություններ չներկայացվելու դեպքում` մինչև համապատասխան հաշվետվություն ներկայացնելը.

3) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտման առկայության դեպքում՝ մաքսային կանոնների խախտման արդյունքում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական որոշման ուժի մեջ մտնելու ժամկետից մինչև դրա՝ օրենքով սահմանված կարգով մարումը.

4) ընկերության բաժնետերերի կամ մասնակիցների նկատմամբ տնտեսական գործունեության բնագավառին վերաբերող քրեական գործ հարուցվելու դեպքում` քրեական պատասխանատվության վերաբերյալ դատական որոշման ուժի մեջ մտնելու ժամկետից մինչև դրա՝ օրենքով սահմանված կարգով մարումը.

5) մաքսային մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում` մինչև այդ պարտավորությունների կատարումը.

6) լիազորված տնտեսական օպերատորի ներկայացրած վկայականի կասեցման դիմումի հիման վրա` խնդրարկված ժամկետով:

4. Լիազոր մաքսային մարմինը նախքան լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում գրանցվելու հավաստագիրը կասեցնելու մասին որոշման ընդունումը բացահայտված խախտումների վերաբերյալ ծանուցում է ուղարկում լիազորված տնտեսական օպերատորին: Եթե վերջինս 30 օրվա ընթացքում չի վերացնում խախտումները կամ չի ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, ապա վերադաս մաքսային մարմինը որոշում է ընդունում լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման վերաբերյալ:

5. Կասեցման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո: Այդ որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշման հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը, փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է լիազորված տնտեսական օպերատորին:

6. Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառման վկայականի գործողությունը դադարեցվում է՝

1) իրավաբանական անձի ներկայացրած՝ ռեեստրից դուրս գալու դիմումի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի լուծարման դեպքում.

3) իրավաբանական անձի վերակազմակերպման (բացառությամբ վերակազմավորման) դեպքում.

4) լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառվելու վկայականի գործողության ժամանակավոր կասեցումից հետո սահմանված ժամկետներում պահանջվող գործողությունները չիրականացնելու դեպքում.

5) իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում:

 

Հոդված 55.

Լիազորված տնտեսական օպերատորի հաշվառման համակարգի և հաշվետվությունների ներկայացման կարգը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է իր կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների համար իրականացնել առանձնացված հաշվառում՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային հսկողության ենթակա ապրանքների և դրանց շարժի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ ձևավորված հաշվապահական և հարկային հաշվառում:

2. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն՝ պարզեցված մաքսային ընթացակարգերով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ:

3. Պարզեցված մաքսային ընթացակարգերով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու ամսաթվի, դրանց նկատմամբ կիրառված պարզեցված ընթացակարգերի, մաքսային հայտարարագրի համարի, ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ապրանքի զուտ և համախառն քաշի, մաքսային արժեքի, մաքսային ձևակերպման արդյունքում հաշվարկված մաքսային վճարների, ինչպես նաև այն անձի վերաբերյալ, որի անունից իրականացվում են մաքսային ձևակերպումները:

4. Հաշվետվությունները մաքսային մարմիններ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ (էլեկտրոնային եղանակի դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ):

5. Հաշվետվությունները չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու կամ ժամանակին, սակայն ոչ հավաստի տեղեկություններով ներկայացնելու դեպքերում լիազորված տնտեսական օպերատորը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

6. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացված հաշվետվության ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

 

Հոդված 56.

Մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները

 

1. Մաքսային մարմինները տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառում են մաքսային մարմինների գործառույթների իրականացման ապահովման, այդ թվում՝ պետական կառավարման մարմինների հետ տեղեկատվության փոխանակման, բնակչությանը պետական ծառայությունների մատուցման, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից տեղեկատվության էլեկտրոնային եղանակով ներկայացման ծառայությունների տրամադրման նպատակով:

2. Տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների ստեղծումն ու ներդրումն իրականացվում են մաքսային մարմինների նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Մաքսային գործում տեղեկատվական համակարգերի կիրառման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

4. Տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները, որոնք կիրառվում են երրորդ անձանց կողմից մաքսային մարմիններին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի և տեղեկատվության էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով, պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

Հոդված 57.

Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

 

1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները իրենցից ներկայացնում են փաստաթղթավորված տեղեկատվության և տվյալների համախումբ, որը ներառում է մաքսային մարմիններում ստեղծվող, մշակվող և հավաքվող տվյալների շտեմարաններ, այդ թվում՝

1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մաքսային մարմինների հետ գործողությունների իրականացման ընթացքում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվություն.

2) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման շրջանակներում պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվություն.

3) մաքսային մարմինների հարցումների հիման վրա և (կամ) միջազգային տեղեկատվության փոխանակման շրջանակներում օտար երկրների պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկատվություն:

2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման կարգը, տեղեկատվության և տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, փաստաթղթավորման պահանջները սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Անձանց կողմից մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրսներում առկա սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 58.

Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը

 

1. Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների ստեղծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների կիրառման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

2. Տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառման պահանջների ապահովման վերահսկողությունն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը:

 

գ լ ու խ  9

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 59.

Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում:

2. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները Միության հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ վարում են մաքսային վիճակագրություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մաքսային վիճակագրության վարման հատուկ կարգ, որն օգտագործվում է միայն մաքսային նպատակների համար:

 

Հոդված 60.

Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները

 

1. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման նպատակով օգտագործվող փաստաթղթերը և տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները մաքսային մարմինները չեն կարող օգտագործել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

(60-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

 

Հոդված 61.

Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը

 

1. Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ԱՏԳ ԱԱ-ի հայերեն թարգմանված տարբերակը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ԱՏԳ ԱԱ-ի տարբերակի և Միության հանձնաժողովի հաստատած ԱՏԳ ԱԱ-ի միջև տարընթերցումների, հակասությունների, անհամապատասխանությունների առկայության դեպքում գերակայում են Միության հանձնաժողովի հաստատած ԱՏԳ ԱԱ-ի դրույթները:

 

Հոդված 62.

Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները

 

1. Վերադաս մաքսային մարմինն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում:

2. Վերադաս մաքսային մարմինը սահմանում է ապրանքների առանձին տեսակների դասակարգման առանձնահատկությունները:

3. Վերադաս մաքսային մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագրգիռ անձանց` Միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ մաքսային մարմինների ընդունած նախնական և այլ որոշումների մասին տեղեկատվությունից ազատ օգտվելու անվճար հնարավորությունը:

 

Հոդված 63.

Ապրանքների դասակարգումը

 

1. Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նշվում են մաքսային հայտարարագրերում և մաքսային մարմիններին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում:

2. Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները հայտարարատուն մաքսային մարմիններ ներկայացնում է հնգօրյա ժամկետում` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

4. Մաքսային մարմիններ ներկայացված մաքսային հայտարարագրում հայտարարատուի հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու, ինչպես նաև դասակարգման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության առաջացման դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի նախապես հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագրին համապատասխան` հայտարարատուի կողմից առաջարկվող և մաքսային մարմինների որոշած ծածկագրերի կիրառման արդյունքում առաջացած` մաքսային վճարների դրական տարբերության չափով բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում մինչև 90 օր ժամկետով, հետագայում, ըստ վերջնական ընդունված որոշման, վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու պայմանով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի տարածվում ոչ սակագնային կարգավորման ենթակա այն ապրանքների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված են ներմուծման և արտահանման արգելքներ և (կամ) սահմանափակումներ, որոնց առկայության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքը կասեցվում է Միության օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` մինչև ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից որոշման կայացումը:

6. Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո մինչև ապրանքների բաց թողնումը ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերվելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում:

Վերադաս մաքսային մարմնի ընդունած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի անվանումը, ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

2) հայտարարատուի անվանումը.

3) ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և այն հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու համարը, որով հայտարարագրվել է դասակարգվող ապրանքը, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ապրանքի համարը, որի համար ընդունվել է ապրանքի դասակարգման մասին որոշումը.

4) ապրանքի անվանումը (մանրամասն նկարագիրը).

5) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները.

6) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը՝ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

7) ընդունված որոշման հիմնավորումը, պատճառը և ԱՏԳ ԱԱ մեկնաբանման համապատասխան կանոնին հղումը:

7. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների պաշտոնական ձևաթղթով` մաքսային մարմնի նամակի ձևով, կամ կարող է համարվել ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշման կամ մաքսային վճարների կամ տույժերի գանձման վերաբերյալ որոշման բաղկացուցիչ մաս:

8. Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար:

9. Ապրանքների բաց թողնումից հետո ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկվում է հայտարարատուին: Սույն մասով նախատեսված որոշմամբ հաստատված ԱՏԳ ԱԱ ծածկագրի փոփոխության արդյունքում մաքսատուրքի, հարկերի չվճարված կամ պակաս վճարված գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված` օրենքով սահմանված տույժերի և տուգանքների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 64.

Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում սահմանված ժամանակահատվածում ներկրվող կամ արտահանվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման կարգը

 

1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ ապրանքը, որի ներմուծումը կամ արտահանումը նախատեսվում է իրականացնել Միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված ժամկետները չգերազանցող ժամանակահատվածում` մի քանի խմբաքանակներով, կարող է հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մեկ ծածկագրով՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշման առկայության դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ

 

Հոդված 65.

Ապրանքների ծագման երկրի որոշումը

 

1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն գլխով սահմանված չափանիշների: Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, Մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:

2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ծագող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս դրանց ծագման երկրների որոշումն իրականացվում է Միության անդամ պետությունների կնքած միջազգային համաձայնագրի և Միության մաքսային օրենսգրքի 7-րդ գլխի համաձայն:

3. Միության տարածքում տեղափոխվող, Միության անդամ պետություններից ծագող ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Անկախ Պետությունների Համագործակցության ազատ առևտրի գոտու շրջանակներում կնքված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կանոններով, եթե Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

4. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշումը և ապրանքներին տրամադրվող` արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող հավաստագրի կամ վկայականի տրամադրումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` սույն օրենքով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, իսկ այդ ապրանքների դասակարգումը, ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, իրականացնում է մաքսային մարմինը:

5. Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագման երկիրը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը: Ապրանքների ծագման երկիրը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:

 

Հոդված 66.

Ապրանքներին տրամադրվող կարգավիճակը՝ ըստ ծագման երկրի

 

1. Ապրանքներին, ըստ ծագման երկրի, տրամադրվում է ոչ արտոնյալ ծագման կարգավիճակ կամ արտոնյալ ծագման կարգավիճակ:

2. Ապրանքների ոչ արտոնյալ ծագման շրջանակներում նախատեսվում է՝

1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենքով սահմանված կարգով արտոնությունների կիրառման դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառություն.

3) ապրանքների ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրում:

3. Ապրանքների արտոնյալ ծագման շրջանակներում նախատեսվում է՝

1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակներում.

2) ապրանքների ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրում:

4. Հայաստանի Հանրապետության և Միության տարածքներից արտահանվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրման նպատակով:

 

Հոդված 67.

Ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

 

1. Ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված են համարվում`

1) կենդանի կենդանիները, որոնք ծնվել և աճեցվել են Հայաստանի Հանրապետությունում.

2) կենդանիները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետևանքով.

3) կենդանի կենդանիներից Հայաստանի Հանրապետությունում ստացված արտադրանքը.

4) Հայաստանի Հանրապետությունում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.

5) Հայաստանի Հանրապետությունում տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն մասի 1-4-րդ կետերում.

6) Հայաստանի Հանրապետությունում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք համարվող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.

7) Հայաստանի Հանրապետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.

8) սույն մասի 7-րդ կետում նշված ապրանքներից Հայաստանի Հանրապետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.

9) Հայաստանի Հանրապետությանը պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.

10) Հայաստանի Հանրապետությունում սույն մասի 1-9-րդ կետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:

 

Հոդված 68.

Ապրանքի բավարար վերամշակման չափանիշները Հայաստանի Հանրապետությունում

 

1. Բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`

1) տեղի է ունեցել ԱՏԳ ԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.

2) տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բաց թողնման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսեր:

2. Այն ապրանքները, որոնք ԱՏԳ ԱԱ-ում դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, համարվում են այն երկրի ծագում ունեցող, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի` տվյալ երկրի ծագում ունեցող մասերի ընդհանուր արժեքը գերազանցում է դրա արժեքի 55 տոկոսը:

 

Հոդված 69.

Ապրանքի բավարար վերամշակման չափանիշ չհանդիսացող գործառույթները

 

1. Ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում`

1) բացառապես ապրանքի նպատակային նշանակման մեջ կատարվող փոփոխությունները.

2) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները.

3) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը.

4) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը.

5) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը.

6) ԱՏԳ ԱԱ 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը.

7) ապրանքների վաճառահանման և փոխադրման նախապատրաստական աշխատանքները.

8) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները.

9) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը.

10) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից.

11) սույն մասի 1-10-րդ կետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:

2. Վերադաս մաքսային մարմինը կարող է սահմանել ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չհամարվող այլ գործողություններ:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից` իրենց նպատակային նշանակման փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշները:

4. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի և տարաների ծագումը հաշվի չի առնվում սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին կետով նախատեսված կարգով ԱՏԳ ԱԱ-ի մաքսային դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որևէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳ ԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ:

5. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չեն առնվում`

1) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի, սարքավորումների, մեքենաների և գործիքների ծագման երկիրը.

2) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված և ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագման երկիրը.

3) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը և արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, և դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն:

6. Սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվելու դեպքում`

1) այդ մասին մաքսային մարմինները նախօրոք պետք է գրավոր տեղեկացվեն հայտարարատուի կողմից, որը պետք է հայտնի մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը` ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագման երկիրը.

2) մասնատված բոլոր ապրանքները միևնույն երկրից պետք է առաքվեն միևնույն առաքողի կողմից.

3) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխի մաքսային մարմինը հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

Հոդված 70.

Ապրանքի ծագման երկրի հավաստումը

 

1. Ապրանքի ծագման երկրի հավաստման նպատակով մաքսային մարմինները հայտարարատուից կամ նրա լիազորած անձից կարող են պահանջել ապրանքների ծագումը հավաստող` Միության մաքսային օրենսգրքով սահմանված փաստաթղթերը:

2. Ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները հաստատում են մաքսային մարմինները: Հայտարարագրված ծագման երկիրը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե այն նշված է որպես ծագման միակ երկիր`

1) հայտարարատուի ներկայացրած ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում` տրված ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից.

2) ապրանքի ծագման հայտարարագրում կամ Միության օրենսգրքով սահմանված` որպես ապրանքի ծագման հայտարարագիր ընդունվող այլ փաստաթղթերում:

3. Մաքսային մարմինը հայտարարատուի ներկայացրած ծագման երկրի հավաստագրի կամ վկայականի իսկության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում հարցում է կատարում ապրանքի ծագման երկրի հավաստագիր կամ վկայական տրամադրած երկրի լիազոր մարմիններին կամ կազմակերպություններին` լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ ստանալու համար: Հարցումն իրականացնելու դեպքում ապրանքները բաց են թողնվում հայտարարատուի կողմից հայտարարագրված ծագման երկրին համապատասխան հաշվարկված մաքսային վճարների վճարմամբ` մաքսային մարմինների կողմից հաշվարկված և փաստացի վճարված մաքսային վճարների գումարների դրական տարբերության վճարման ապահովման ներկայացման պայմանով:

4. Մաքսային մարմինները ապրանքների ծագման վերաբերյալ հարցման արդյունքները ստանալուց հետո որոշում են կայացնում հայտարարագրված ապրանքների համար հարցման արդյունքներին համապատասխան լրացուցիչ մաքսային վճարների վճարման անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ, որը առձեռն կամ փոստային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հայտարարատուին` կցելով որոշման կայացման հիմքերը: Մաքսային մարմինների կողմից որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, հայտարարատուն վճարում է սույն հոդվածով սահմանված մաքսային վճարների գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով նախատեսված տույժերը:

5. Ծագման երկրի վկայականի կամ հավաստագրի ներկայացումը Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկրի հաստատման համար պարտադիր պայման չէ:

6. Եթե ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա`

1) ծագման հավաստագրի կամ վկայականի առկայության դեպքում մաքսային մարմինները հաստատում են դրանցում նշված ծագման երկիրը.

2) ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են տվյալ ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ, ապա հայտարարագրված ապրանքների նկատմամբ կիրառվում է նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առավել բարձր դրույքաչափերի և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցների համակցումը:

 

Հոդված 71.

Ապրանքների ծագման երկրի մասին նախնական որոշումը

 

1. Վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի կամ նրա կողմից լիազորած անձի դիմումի հիման վրա ապրանքների ծագման երկրի վերաբերյալ կարող է ընդունել նախնական որոշումներ։

2. Ապրանքների ծագման երկրի վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար դիմումում պետք է նշված լինեն ապրանքի ծագման վերաբերյալ նախնական որոշումն ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ տեղեկությունները՝ ամբողջական առևտրային և ֆիրմային անվանումը, տեխնիկական և առևտրային բնութագրերը:

3. Դիմումին կից կարող են ներկայացվել փորձաքննությունների արձանագրությունները, առևտրաարդյունաբերական պալատների կամ Հայաստանի Հանրապետությունում գործող այլ փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները կամ փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացությունները, որոնցում ներկայացված են ապրանքի փորձաքննության արդյունքները, արտաքին տնտեսական գործարքների կատարումը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, արտադրվող ապրանքի արժեքի հաշվարկը, ապրանքի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի մանրամասն նկարագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ ապրանքն ամբողջությամբ արտադրվել կամ ապրանքի ծագման երկրի տարածքում ենթարկվել է բավարար վերամշակման: Դիմումի հետ կարող են ներկայացվել նաև ապրանքի փորձանմուշները և նմուշները:

4. Ապրանքի ծագման երկրի նախնական որոշման համար ներկայացված տեղեկությունները որոշում ընդունելու համար բավարար չլինելու դեպքում մաքսային մարմինը նախնական որոշում ընդունելու մասին դիմումը գրանցելու օրվանից երեք օրվա ընթացքում դիմում ներկայացրած անձին տեղեկացնում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին` գրավոր ներկայացնելով այն տեղեկությունների ցանկը, որը պահանջվում է նախնական որոշում կայացնելու համար: Եթե դիմում ներկայացրած անձը լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, ապա մաքսային մարմինը նախնական որոշում չի ընդունում:

5. Նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմնում դիմումը գրանցելուց հետո ոչ ուշ, քան 90 օրացուցային օրերի ընթացքում:

6. Սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը կասեցվում է` մաքսային մարմնի ուղարկած գրավոր ծանուցման գրանցման օրվանից մինչև մաքսային մարմնի կողմից պահանջվող տեղեկությունները հաստատող փաստաթղթի ստացման օրը:

7. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման ընդունման ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

8. Նախնական որոշումը գործում է այն ընդունելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, եթե այն չի փոփոխվել, հետ չի կանչվել, կամ գործողությունը չի դադարեցվել: Նախնական որոշումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր մաքսային մարմինների համար:

9. Մաքսային մարմինը սույն օրենքով նախատեսված գերատեսչական վերահսկողության կարգով կարող է որոշում ընդունել իր կամ այլ մաքսային մարմնի ընդունած նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ հետկանչի մասին: Նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ընդունվում է, եթե մաքսային մարմինը պարզել է, որ նախնական որոշումն ընդունելու համար ներկայացված տեղեկությունները ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական են, և դրանց ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական լինելը ազդեցություն է թողել մաքսային մարմնի կայացրած որոշման վրա, կամ փաստաթղթերը կեղծ են:

10. Նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունվելու օրվանից:

11. Նախնական որոշումը փոփոխվում է մաքսային մարմնի կամ դիմումը ներկայացրած անձի՝ նախնական որոշման ընդունման ժամանակ թույլ տված սխալների բացահայտման դեպքում:

12. Նախնական որոշման փոփոխության մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում նախնական որոշման փոփոխության մասին որոշման մեջ նշված ժամկետում:

13. Նախնական որոշումը հետ է կանչվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են ապրանքների ծագման երկրի որոշման այլ պահանջներ և պայմաններ:

14. Նախնական որոշման հետկանչի մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը սույն հոդվածի 13-րդ մասում նշված իրավական ակտերի հրապարակումից 30 օրացուցային օրերի ընթացքում, և այն ուժի մեջ է մտնում դրանց հետ միասին:

15. Նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ հետկանչի մասին որոշումն ուղարկվում է որոշումը ստացած անձին նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ հետկանչի մասին որոշման ընդունմանը հաջորդող օրը:

 

Հոդված 72.

Ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողությունը

 

1. Մաքսային մարմիններն իրականացնում են ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողություն` մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակով:

2. Ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողության իրականացման արդյունքներով մաքսային մարմինն ընդունում է ապրանքի ծագման երկրի և (կամ) տրամադրվող սակագնային արտոնությունների տրամադրման վերաբերյալ որոշում` Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով և կարգով:

3. Մաքսային մարմինը ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում եթե հայտնաբերում է, որ չեն պահպանվել Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային արտոնությունների տրամադրման չափանիշները, որոշում է ընդունում մաքսային արտոնությունների տրամադրումը մերժելու մասին, որում նշվում են մերժման հիմքերը:

4. Այն դեպքում, երբ մինչև ապրանքների բաց թողնումը հայտնաբերվում են այնպիսի հանգամանքներ, որոնք փաստում են, որ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի չափի վրա և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վրա ազդող՝ ապրանքների ծագման երկրի մասին հայտարարագրված տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել կամ էլ ոչ պատշաճ կերպով հաստատված, մաքսային մարմինն անցկացնում է փաստաթղթերի լրացուցիչ ստուգում:

5. Լրացուցիչ ստուգման ժամանակ մաքսային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ: Լրացուցիչ ստուգման անհրաժեշտությունը ապրանքների բաց թողնումը մերժելու համար հիմք չէ: Ապրանքների բաց թողնումն իրականացվում է մաքսատուրքի, հարկերի վճարման կամ Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ վերջիններիս վճարումն ապահովելու պայմանով:

6. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերում նշված որոշումներն ընդունվելու դեպքում ապրանքների բաց թողնումից հետո այդ որոշումներն ուղարկվում են հայտարարատուին՝ դրանք ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Չվճարված մաքսատուրքի, հարկերի գումարների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 73.

Մաքսային արժեքը

 

1. Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար:

 

Հոդված 74.

Մաքսային արժեքի որոշումը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշում են մաքսային մարմինները: Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենքի 78-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների` սույն օրենքի 78-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների` սույն օրենքի 78-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն օրենքի 78-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում սույն օրենքի 78-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են հայտարարատուին` կազմելով սույն օրենքի 86-րդ հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:

5. Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին տեղեկացում չներկայացվելու դեպքում հայտարարատուի որոշած մաքսային արժեքը համարվում է ընդունված:

 

Հոդված 75.

Մաքսային արժեքի բաղկացուցիչները

 

Մաքսային արժեքը ներառում է`

1) արտահանման երկրում ապրանքներ ձեռք բերելու գինը.

2) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսեր.

3) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.

4) Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

5) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.

6) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.

7) Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

 

Հոդված 76.

Մաքսային արժեքում նրա բաղկացուցիչների ներառումը

 

1. Սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-7-րդ կետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքում, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքներ ձեռք բերելու գնում:

 

Հոդված 77.

Մաքսային արժեքում չներառվող ծախսերը

 

1. Մաքսային արժեքում չեն ներառվում`

1) արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.

2) ներմուծման երկրում ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

3) մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.

4) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը.

5) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխումից հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք չեն մտնում այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ.

6) ներմուծման երկրում ապրանքների ներմուծման համար գանձված կամ գանձման ենթակա տուրքերը, հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ:

 

Հոդված 78.

Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ պետք է ներկայացնի`

1) ապրանքներ ձեռք բերելու փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի, քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).

2) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

1) հայտարարատուի կողմից ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը.

2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք`

ա. սահմանված են օրենքով, կամ

բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ

գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքները ձեռք բերելու արժեքի վրա.

3) վաճառքը կամ գինը ենթակա չէ որևէ պայմանի կամ հատուցման, որի պատճառով գնահատվող ապրանքներ ձեռք բերելու արժեքները չեն կարող որոշվել.

4) գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել` համաձայն սույն օրենքի 75-րդ հոդվածի դրույթների.

5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն`

ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանք ձեռք բերելու արժեքի վրա, կամ

բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռք բերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույն կամ համանման ապրանքների ձեռք բերման արժեքից, որոնց ներմուծման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենքի 80-րդ կամ 81-րդ հոդվածով, կամ

գ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը սույն օրենքի 82-րդ կամ 83-րդ հոդվածի համաձայն որոշված նույն կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ

դ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված նույն կամ համանման ապրանքների` սույն օրենքի 78-րդ հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:

Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առևտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակի վերաբերյալ հայտարարատուի ցույց տված տարբերությունները, ինչպես նաև մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողը կատարում է վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, և որոնք վաճառողը չի կատարում վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումը պետք է օգտագործվի հայտարարատուի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակով, և դրանց արդյունքում մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներից, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենքի 86-րդ հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք համարվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները:

 

Հոդված 79.

Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը

 

1. Սույն օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված ծախսերի և 78-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշում են մաքսային մարմինները` սույն օրենքի 85-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի տրամադրած և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին սույն կետով նախատեսված նպատակով տեղեկատվություն տրամադրվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 80.

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ նույն ապրանքների գործարքի գնի

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները:

2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:

 

Հոդված 81.

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ համանման ապրանքների գործարքի գնի

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:

2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:

 

Հոդված 82.

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակով, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվազեցումները և 3-րդ մասում նշված ավելացումները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումներն են ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերը:

4. Համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 83.

Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ հաշվարկային արժեքի

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`

1) Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և վերամշակման արժեքից.

2) Հայաստանի Հանրապետությունում ներմուծման երկիր արտահանման համար արտադրողների նախանշած նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.

3) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերից.

4) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը նույն կամ գրեթե նույն քանակի նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի:

2. Սույն հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արտադրողի համաձայնությամբ կարող են ստուգել ապրանքի մաքսային արժեքի որոշման նպատակով արտադրողի տրամադրած տեղեկությունները, այդ թվում՝ մեկ այլ երկրում՝ նախօրոք ընդունված կարգով պատշաճ ծանուցելով տվյալ երկրի կառավարությանը փորձաքննություն անցկացնելու իրենց մտադրության մասին, եթե այդ երկրի կառավարությունը դեմ չէ նման փորձաքննության իրականացմանը:

 

Հոդված 84.

Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնով սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`

1) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակ.

2) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենքի 83-րդ հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.

3) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.

4) կամայական արժեքները:

 

Հոդված 85.

Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը

 

1. Սույն օրենքի 78-84-րդ հոդվածներում նշված մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:

2. Հայտարարատուի պահանջով սույն օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներով նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենքի 84-րդ հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքի որոշումը, ապա դա որոշվում է սույն օրենքի 83-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 86.

Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը

 

1. Հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի արժանահավատությունը կամ դրա որոշման եղանակի ճշտությունը մաքսային մարմինների կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքով (գործարքի գնի), եթե մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան ներկայացվում է մինչև 60 օր ժամկետով մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում՝ հետագայում, ըստ վերջնական ընդունված որոշման, վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու համար:

2. Հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս սույն օրենքով սահմանված ժամկետում կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:

3. Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 78-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնց քննության արդյունքում, նշյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի ներկայացրած մաքսային արժեքը:

4. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: Ընդ որում, սույն կետով նախատեսված բողոքարկման փաստը չի կարող պատճառ դառնալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ օրենքով սահմանված տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:

 

Հոդված 87.

Մաքսային արժեքի ճշգրտումը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի հսկողության ժամանակ ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումն ընդունվում է ինչպես ապրանքները բաց թողնելուց առաջ, այնպես էլ հետո, եթե մաքսային մարմինները կամ հայտարարատուն հայտնաբերել են, որ հայտարարագրվել են ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ սխալ է ընտրվել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը, և (կամ) սխալ է որոշվել ապրանքների մաքսային արժեքը։ Մաքսային արժեքի ճշգրտման մասին մաքսային մարմինների կայացրած որոշման մեջ պետք է նշվեն դրա հիմնավորումը և իրականացման ժամկետը։

2. Հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը մաքսային արժեքի հսկողության ժամանակ մաքսային մարմինը ընդունում է մինչև ապրանքների բաց թողնումը՝ առանց լրացուցիչ ստուգման հետևյալ դեպքերում.

1) մաքսային հսկողության անցկացման գործընթացում մաքսային մարմին փաստացի ներկայացված տեղեկությունների և մաքսային արժեքի մեծության վրա ազդեցություն ունեցած՝ հայտարարագրված տեղեկությունների միջև անհամապատասխանության բացահայտման (որակական և առևտրային բնութագրեր, քանակ, առանձնահատկություններ, ծագում, արժեք և այլ տեղեկություններ).

2) հայտարարագրված մաքսային արժեքի մեծության և բաղադրիչների ու դրանց հաստատման համար ներկայացված փաստաթղթերի միջև անհամապատասխանության բացահայտման.

3) մաքսային արժեքի մեծության վրա ազդեցություն ունեցած սխալների բացահայտման (վրիպակներ, թվաբանական սխալներ, փոխարժեքի ոչ ճիշտ կիրառում և այլ սխալներ):

3. Ապրանքների բաց թողնումից հետո մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում հայտարարատուն իրականացնում է ոչ հավաստի տեղեկությունների ճշգրտում և մաքսային վճարները վճարում է՝ հաշվի առնելով ճշգրտված տվյալները` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով։

 

Հոդված 88.

Ապրանքների մաքսային արժեքի հարցերով պարզաբանումները

 

1. Մաքսային մարմինները, սույն օրենքով սահմանված կարգով, պարզաբանումներ են տրամադրում անձանց` մաքսային արժեքի հարցերով: Պարզաբանումներ տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք չունի իրականացնելու փաստաթղթերի ստուգում և ընդունելու նախնական որոշումներ մաքսային արժեքի վերաբերյալ:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 89.

Մաքսային վճարները

 

1. Մաքսային վճարներ են համարվում մաքսատուրքը, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսավճարը:

2. Միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերով, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ժամկետներում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնց համար սահմանված են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:

3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:

4. Մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և այլ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Հոդված 90.

Մաքսատուրք, հարկեր վճարողները

 

1. Մաքսատուրք, հարկեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այն անձինք, որոնք Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն՝ կրում են մաքսատուրքի, հարկերի վճարման պարտավորություն:

 

Հոդված 91.

Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետները

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. Միության մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսատուրքը և հարկերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը կամ դա ներկայացնելուն զուգահեռ:

 

Հոդված 92.

Մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը

 

1. Ներմուծման մաքսատուրքը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի, վճարվում է Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին և չի կարող հաշվանցվել այլ վճարների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման համար մաքսատուրքերը և հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Միության հանձնաժողովի սահմանած հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերը վճարվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կիրառվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը` սույն օրենքով և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

7. Միության հանձնաժողովի սահմանած հատուկ, հակագնագցման և փոխհատուցման մաքսատուրքերը վճարվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մաքսատուրքը, հարկերը և մաքսավճարը վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

Հոդված 93.

Արտարժույթի փոխարժեքի կիրառումը

 

1. Ապրանքների մաքսային արժեքի որոշման, մաքսատուրքի, հարկերի հաշվարկը իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

2. Արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, եթե Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 94.

Հայաստանի Հանրապետությունում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ ենթակետերի համաձայն, պայմանական բաց թողնված ապրանքների` Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մաքսատուրքի, հարկերի վճարումը կարող է իրականացնել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մաքսատուրքի, հարկերի գումարների վճարումը կատարում են նույն մասում նշված անձինք՝ ապրանքների պայմանական բաց թողնում իրականացրած մաքսային մարմին ներկայացրած դիմումի հիման վրա: Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պարունակում է նշումներ՝

1) ապրանքների պայմանական բաց թողնման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.

2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ:

3. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը վճարվում են ապրանքների պայմանական բաց թողնման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագրում հաշվարկված, սակայն օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների տրամադրման արդյունքում չվճարված գումարների չափով։

4. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար վճարվում է մաքսատուրք` Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի գումարների դրական տարբերության չափով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերը և հարկերը վճարվում են սույն օրենքով նախատեսված համապատասխան հաշիվներին:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերի և հարկերի վճարումը հաստատվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագիր տրամադրելու միջոցով:

7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում և վճարվում:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

 ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 95.

Մաքսավճարը

 

1. Մաքսավճարը սույն օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող` պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն ուղղվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական բազայի ապահովմանը:

2. Մաքսավճարը վճարվում է Միության մաքսային օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների իրականացմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային ուղեկցման և նախնական որոշումների տրամադրման համար:

3. Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:

 

Հոդված 96.

Մաքսավճար վճարողները

 

1. Մաքսային ընթացակարգերի համար մաքսավճարներ և մաքսային ուղեկցման համար մաքսավճարներ վճարողներ են համարվում սույն օրենքի 90-րդ հոդվածում նշված անձինք:

 

Հոդված 97.

Մաքսավճարի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3500 դրամ մաքսավճար:

2. Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.

1) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1000 դրամ.

2) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:

3. Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճարը գանձվում է մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500000 դրամի չափով:

4. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

5. Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10000 դրամ մաքսավճար: Ընդ որում, Միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածով սահմանված դեպքերում մաքսային մարմինը կարող է որոշում ընդունել ապրանքների պարտադիր ուղեկցման վերաբերյալ, իսկ մնացած դեպքերում մաքսային տարանցման ժամանակ մաքսային ուղեկցումն իրականացվում է փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:

7. Մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.

1) մինչև մեկ տոննայի համար` օրական 1000 դրամ.

2) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:

8. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

9. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է հետևյալ չափերով.

1) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2000 դրամ.

2) այլ տրանսպորտային միջոցների համար` 5000 դրամ:

10. Մաքսային մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար:

 

Հոդված 98.

Մաքսավճարի արտոնությունները

 

1. Մաքսավճարից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները.

4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

2. Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել մաքսավճարի այլ արտոնություններ:

(98-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 99.

Մաքսավճար վճարելը և վերադարձնելը:
Պատասխանատվությունը մաքսավճար չվճարելու համար

 

1. Սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսավճարի գումարները վճարողի ցանկությամբ մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:

2. Ավելի գանձված մաքսավճարի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո:

3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:

4. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսավճարի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

 

Հոդված 100.

Մաքսավճարների վճարման ժամկետները

 

1. Մաքսային ընթացակարգերի շրջանակներում մաքսավճարները պետք է վճարվեն մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ:

2. Մաքսային ուղեկցման համար մաքսավճարները պետք է վճարվեն մինչև մաքսային ուղեկցման փաստացի իրականացման սկիզբը:

3. Ժամանակավոր պահպանման համար մաքսավճարները պետք է վճարվեն մինչև մաքսային մարմնի պահեստից ապրանքները փաստացի հանելը:

4. Նախնական որոշումների համար մաքսային վճարները պետք է վճարվեն մինչև մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրումը:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 101.

Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների երկարաձգումն է:

2. Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված հիմքերի և պայմանների առկայության դեպքում և կարգով:

3. Հարկերի վճարման ժամկետների փոփոխության պայմանները, հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:

 

 

 

Հոդված 102.

Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ընդհանուր պայմանները

 

1. Մաքսատուրքի վճարման հետաձգումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի վճարման սահմանված ժամկետից ուշ վճարելու հնարավորության տրամադրումն է:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել սույն հոդվածով և Միության միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

3. Մաքսատուրքի տարաժամկետ վճարումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի սահմանված ժամկետից ուշ և փուլ առ փուլ վճարման հնարավորության տրամադրումն է:

4. Մաքսատուրքի վճարման հետաձգումը կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը կարող է տրամադրվել միայն Միության մաքսային օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված ապահովումների առկայության դեպքում:

5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամկետների փոփոխության համար հաշվարկվում են տոկոսներ՝ սույն օրենքով սահմանված չափով:

6. Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար դրանց հիմքերի առկայությունը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

7. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության տրամադրումը կարող է մերժվել բացառապես Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում:

8. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը տրամադրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիս:

9. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրելու կամ մերժելու մասին գրավոր որոշումը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձին:

10. Որոշման մեջ նշվում է այն ժամկետը, որով տրամադրվում է հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը, իսկ մերժելու դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները:

11. Տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու մասին գրավոր որոշումը ներառում է նաև մաքսատուրքի վճարման ժամանակացույցը:

 

Հոդված 103.

Տոկոսները

 

1. Տոկոսները վճարվում են մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (վերահաշվարկված օրական կտրվածքով):

2. Տոկոսները վճարվում են մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 104.

Մաքսատուրքի, հարկերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխին համապատասխան:

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է՝

1) Միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետով և 88-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ու պայմաններով ապրանքների բաց թողնման դեպքում.

2) սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապրանքների բաց թողնման դեպքում.

3) Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ապրանքների պայմանական բաց թողնման դեպքում.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ անձանց կողմից մաքսային գործի ոլորտում գործունեության իրականացման ժամանակ.

5) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

3. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է լինել միանգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման միանգամյա ապահովումը ներկայացվում է մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների համար:

5. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման չափը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի համաձայն:

6. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարի մեջ ներառվում են նաև մաքսային գործընթացների համար վճարվելիք մաքսավճարները:

7. Վերադաս մաքսային մարմինը կարող է առանձին ապրանքների համար սահմանել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարների չափեր:

8. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձանց կողմից, իսկ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն ապրանքների տեղափոխման դեպքում կարող է իրականացվել տարանցվող ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող այլ անձանց կողմից։

9. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որն իրականացնում է ապրանքների բաց թողնումը, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով և սույն հոդվածով սահմանված դեպքերի:

10. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել մեկնման վայրի մաքսային մարմնին կամ նշանակման վայրի մաքսային մարմնին։

11. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն ընդունող մաքսային մարմինը տրամադրում է ապահովման ընդունումը հաստատելու վերաբերյալ անդորրագիր, որը փոխադարձաբար ճանաչում են Միության մաքսային մարմինները։ Մաքսային մարմինների կողմից անդորրագրի տրամադրման կարգը և դրա ձևը, ինչպես նաև գործողության ժամկետը սահմանվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով։

12. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը մաքսային մարմինների կողմից չի ընդունվում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դեպքերում:

13. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)

(104-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 105.

Մաքսատուրքի, հարկերի վճարման բազմակի ապահովումը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով պարբերաբար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը կարող է մաքսային մարմիններին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի վճարման բազմակի ապահովում` իր կողմից առնվազն մեկ տարվա ընթացքում իրականացվող բոլոր գործարքների համար։

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման բազմակի ապահովումը կարող է ներկայացվել մեկ և ավելի մաքսային մարմինների։

3. Բազմակի ապահովումը կարող է տրամադրվել դրամական միջոցների գրավի, երաշխավորության կամ բանկային երաշխիքի տեսքով:

4. Անձի ցանկությամբ բազմակի ապահովման գումարի չափը կարող է ավելացվել բանկային երաշխիքի վերաձևակերպման, դրամական միջոցների գրավի ներգրավման, երաշխավորության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

5. Բազմակի ապահովման նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն ընդունած մաքսային մարմնի (մարմինների) կողմից:

 

Հոդված 106.

Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոցները

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է՝

1) դրամական միջոցների ներդրմամբ (դրամական միջոցների գրավ).

2) երաշխիքով.

3) երաշխավորությամբ.

4) գույքի գրավով։

(106-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 107.

Դրամական միջոցների գրավը՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով դրամական միջոցները մուտքագրվում են միասնական հաշիվ: Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների համար դրամական միջոցները՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց, մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներ:

2. Մաքսային վճարների վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմինն իրավասու է որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց ներդրված դրամական միջոցներից սույն օրենքով սահմանված կարգով գանձելու չկատարված պարտավորություններին համապատասխան գումարները:

3. Որպես դրամական միջոցների գրավի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներում մուտքի կամ միասնական գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ դրամական միջոցներ ներդրած անձին տրվում է անդորրագիր, որի կիրառման ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Անդորրագիրն այլ անձի չի կարող փոխանցվել: Անդորրագրի կորստի դեպքում այն տրամադրած մաքսային մարմինը դրամական միջոցներ ներդրած անձի դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անդորրագրի կրկնօրինակը:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով ներդրված չօգտագործված կամ մասնակի օգտագործված միջոցները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում են:

5. Բազմակի ապահովման գումարի հաշվին մաքսատուրքի, հարկերի գանձումից երեք աշխատանքային օր առաջ համապատասխան մաքսային մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել բազմակի ապահովում ներկայացրած անձին:

 

Հոդված 108.

Երաշխիքը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով մաքսային մարմինները կարող են ընդունել երաշխիքներ, որոնք տրամադրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները:

2. Երաշխիքի տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխիք տված անձի պարտավորությունների և երաշխիքի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով նախատեսված կարգավորումներից տարբերվող մասով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձը ապահովում է սույն օրենքի նպատակով տրամադրվող երաշխիքի անհետկանչելիությունը: Երաշխիքում պետք է նշվեն՝

1) մաքսատուրք, հարկեր վճարողի (պրինցիպալ) պարտավորությունները, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.

2)  երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.

3) մաքսատուրքի, հարկերի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով տույժ վճարելու՝ երաշխիք տված անձի պարտավորությունը.

4) պայման՝ պետական գանձապետարանի հաշվին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության փաստը.

5) երաշխիքի գործողության ժամկետը.

6) համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի համարը:

4. Տրամադրված երաշխիքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը և պետք է բավարար լինի երաշխիքով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխիք տված անձին երաշխիքի մասով պահանջ ներկայացնելու համար:

5. Երաշխիքը մաքսային մարմին ներկայացնելու պահին պետք է ուժի մեջ մտած լինի:

6. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)

7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է երաշխիքն այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ընդունելու կամ մերժելու նպատակով։

8. Երաշխիքն ընդունելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր վճարողին տրամադրում է վճարման անդորրագիր:

9. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝

1) երաշխիքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին.

2) երաշխիքով ապահովվող մաքսատուրքի, հարկերի ընդհանուր գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարի վճարման համար.

3) երաշխիքի ժամկետը պակաս է հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.

4) երաշխիքը տրամադրած բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության՝ օրենքով սահմանված` բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան բացակայում է.

5) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

10. Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դրա մասին երաշխիք ներկայացրած անձին՝ նշելով մերժման համար հիմք համարվող պատճառները:

11. Երաշխիքը մաքսային մարմինը վերադարձնում է մաքսատուրք, հարկեր վճարողի գրավոր դիմումի հիման վրա, եթե կատարվել և (կամ) դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել:

12. Բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության ապահովագրական գործունեության իրավունքի լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում այդ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության երաշխիք ներկայացրած մաքսատուրք, հարկեր վճարողը պարտավոր է լիցենզիայի դադարեցման օրվանից մաքսային մարմին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում` համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա ունեցող կազմակերպությունից: Սույն մասով սահմանված ժամկետում երաշխիք կամ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման այլ միջոց չներկայացվելու դեպքում անձի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետը չի կարող երկարաձգվել:

(108-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 109.

Երաշխավորությունը

 

1. Երաշխավորությունը ձևակերպվում է մաքսային մարմնի և երաշխավորի միջև կնքվող երաշխավորության պայմանագրով: Երաշխավորության տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխավորի պարտավորությունների և երաշխավորության պայմանագրի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով:

2. Մաքսատուրք, հարկեր վճարելու ապահովումը երաշխավորության միջոցով իրականացնելու դեպքում երաշխավորը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով իր ստորագրած և (կամ) կնքած երաշխավորության պայմանագրի երկու օրինակ և մաքսատուրք, հարկեր վճարողի գրավոր համաձայնությունը երաշխավորի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման երաշխավորման վերաբերյալ:

3. Երաշխավորության պայմանագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և պետք է պարունակի երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի, մաքսատուրք, հարկեր վճարողի և երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու և երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ նշումներ:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը միևնույն երաշխավորության պայմանագրով չի կարող իրականացվել երկու տարին գերազանցող ժամանակահատվածով:

5. Երաշխավորության պայմանագիր կնքելու առաջարկն ուսումնասիրում է մաքսային մարմինը՝ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Երաշխավորության պայմանագիր կնքելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր վճարողին է տրամադրում անդորրագիր` երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի չափով:

7. Երաշխավորության պայմանագրի ընդունումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված երաշխավորության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված չափանիշներին.

2) երաշխավորության պայմանագրով ապահովվող գումարը փոքր է վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարից.

3) երաշխավորության պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.

4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

8. Երաշխավորության պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դրա մասին երաշխավորության պայմանագիրն առաջարկած անձին՝ նշելով մերժման հիմքերը:

9. Մաքսային մարմինը չի կրում երաշխավորության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը:

(109-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 110.

Գույքի գրավը

 

1. Գույքի գրավը ձևակերպվում է մաքսային մարմնի և մաքսատուրք, հարկեր վճարողի միջև կնքվող պայմանագրով: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրման համար գույքի գրավի միջոցով մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է ներկայացնել նաև գրավի առարկա հանդիսացող ապրանքների տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող անձը՝ նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում:

2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի կատարման, գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման, գրավի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով:

3. Սույն հոդվածի կիրառության նպատակներով կարող է գրավադրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համապատասխան գրավի առարկա հանդիսացող գույք, բացառությամբ՝

1) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գույքի.

2) գրավադրված գույքի.

3) կենդանիների և արագ փչացող ապրանքների.

4) կազմակերպությունների.

5) գույքային իրավունքների.

6) արժեթղթերի.

7) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի.

8) արտադրանքի և արտադրական այն թափոնների, որոնց ազատ իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, արգելվում է.

9) այն գույքի, որի վրա բռնագանձումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, տարածվում է բացառապես դատարանի որոշմամբ:

4. Գրավի առարկան գրավի պայմանագրի գործողության ընթացքում պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում:

5. Գրավի առարկայի շուկայական արժեքը որոշելու համար իրականացվում է գրավի առարկայի գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Գույքի գրավով մաքսատուրքի, հարկերի վճարումն ապահովելու նպատակով անձը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի գրավի պայմանագրի երկու օրինակ` ստորագրված և կնքված, և գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը և դրա շուկայական արժեքը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական վավերացմամբ պատճենները:

7. Գույքի գրավի պայմանագրում պետք է ներառված լինեն հետևյալ պայմանները.

1) գույքի գրավի պայմանագրի գործողության ժամկետում չի թույլատրվում գրավադրված գույքը գրավ դնել.

2) անձը, առանց մաքսային մարմնի համաձայնության, իրավունք չունի տնօրինելու գրավի առարկան.

3) գրավատուն իր միջոցներով պարտավոր է ապահովագրել գրավի առարկան.

4) գրավի առարկայի գնահատումը գրավատուն կատարում է իր հաշվին.

5) գրավի առարկան փոխարինելը թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր համաձայնությամբ՝ համարժեք այլ գույքով, որը ձևակերպվում է գույքի գրավի պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով.

6) գրավի առարկայի վրա բռնագանձման տարածման դեպքում դրա իրացման մասով ծախսերը փոխհատուցվում են գրավի առարկայի իրացումից ստացված դրամական միջոցների հաշվին, իսկ դրանց ոչ բավարար լինելու դեպքում՝ գրավատուի հաշվին.

7) գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:

8. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով:

9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել` գրավի առարկան գրավատուի մոտ թողնելով կամ մաքսային մարմին փոխանցելով:

10. Գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին առաջարկն ուսումնասիրում է մաքսային մարմինը առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Գույքի գրավի պայմանագիր կնքելու դեպքում մաքսային մարմինը գրավատուին է տրամադրում անդորրագիր` գույքի գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի չափի վերաբերյալ:

12. Գույքի գրավի պայմանագրի կնքումը մաքսային մարմինը մերժում է, եթե՝

1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված չափանիշներին.

2) գույքի գրավի պայմանագրով ապահովվող գումարը փոքր է վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարից.

3) գույքի գրավի պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.

4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

13. Գույքի գրավի պայմանագիր կնքելը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է անձին՝ նշելով մերժման հիմքերը:

14. Գույքի գրավով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսատուրքի, հարկերի վճարման ենթակա գումարները փոխանցվում են պետական գանձապետական հաշվին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվին՝ օրենքով սահմանված կարգով գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից:

15. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձումը տարածելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է գրավատուն:

(110-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 111.

Ավել վճարված կամ գանձված՝ մաքսատուրքի, հարկերի գումարների և այլ դրամական միջոցների վերադարձը, հաշվանցումը

 

1. Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարները ենթակա են վերադարձման կամ հաշվանցման` վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա։

2. Միության մաքսային տարածք` Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքի ավել վճարված գումարները կարող են հաշվանցվել միայն ներմուծման մաքսատուրքի պարտավորությունների դիմաց:

3. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի վերադարձման կամ հաշվանցման դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վճարման կամ գանձման օրվանից երեք տարվա ընթացքում։

4. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձման կամ հաշվանցման դիմումի հետ ներկայացվում է մաքսատուրքի, հարկերի վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթուղթը:

5. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի վերադարձն իրականացվում է այդ մասին դիմումի ներկայացումից 30-օրյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է դիմումը ներկայացրած անձի կողմից նշված հաշվին։

7. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։

8. Մաքսատուրքի, հարկերի կամ տույժերի վճարման պարտավորություն ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձն իրականացվում է այդ պարտավորությունները մարելուց հետո:

9. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարները չեն կարող վերադարձվել ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի վերադարձման մասին դիմումը սույն օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո ներկայացնելու դեպքում։

10. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ ավել գանձված մաքսատուրքի գումարները կարող են հաշվանցվել մաքսատուրքի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գծով պարտավորությունների դիմաց:

11. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ավել վճարված կամ մաքսային մարմինների կողմից ավել գանձված հարկերի գումարները կարող են հաշվանցվել մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գծով պարտավորությունների դիմաց:

12. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձման և հաշվանցման դիմումի ձևը հաստատում է վերադաս մաքսային մարմինը։

 

Հոդված 112.

Մաքսատուրքի, հարկերի վերադարձման այլ դեպքերը

 

1. Մաքսատուրքի, հարկերի վերադարձն իրականացվում է նաև՝

1) հայտարարված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բաց թողնումը մերժելու դեպքում, եթե մաքսային ընթացակարգին համապատասխան հայտարարագրման ժամանակ այդպիսի մաքսատուրքեր, հարկեր վճարվել են.

2) մաքսային հայտարարագրի անվավեր ճանաչելու դեպքում.

3) եթե Միության մաքսային օրենսգրքով և (կամ) սույն օրենքով նախատեսվում է մաքսատուրքի, հարկերի վճարված գումարների վերադարձ՝ ապրանքների նկատմամբ «վերաարտահանում», «ոչնչացում», «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման դեպքերում.

4) մաքսային մարմնի թույլտվությամբ նախկինում հայտարարված մաքսային ընթացակարգի փոփոխության դեպքում, եթե ապրանքների նկատմամբ նոր մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարները պակաս են սկզբնական մաքսային ընթացակարգի ժամանակ վճարված մաքսատուրքի, հարկերի գումարներից, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում մաքսատուրքի, հարկերի վերադարձն իրականացվում է, այդ մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան այդ պայմանների ծագման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 

Հոդված 113.

Գրավադրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը)

 

1. Գրավադրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է գրավ դրած անձի (նրա իրավահաջորդի) կողմից պարտավորության կատարման կամ դադարեցման օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում` նրա ներկայացրած դիմումի հիման վրա:

2. Մաքսային մարմնի կողմից դրամական միջոցների` սույն օրենքով նախատեսված հաշիվներին մուտքի անդորրագրի ձևակերպումից հետո՝ երեք տարվա ընթացքում, գրավադրված դրամական միջոցներով ապահովված պարտավորություններ չծագելու դեպքում գրավադրված դրամական միջոցները կարող են վերադարձվել (հաշվանցվել) գրավ դրած անձի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա: Սույն հոդվածով սահմանված ժամկետում դրամական միջոցները գրավ դրած անձի (նրա իրավահաջորդի) կողմից վերադարձվելու (հաշվանցելու) վերաբերյալ դիմում չներկայացվելու դեպքում չպահանջված գումարներն ընդգրկվում են պետական բյուջեի ոչ հարկային այլ եկամուտների մեջ և չեն վերադարձվում։

3. Գրավադրված դրամական միջոցների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է սույն հոդվածով նախատեսված դիմումի ներկայացմանը հաջորդող 30 օրվա ընթացքում:

4. Գրավադրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) մասին դիմումին կցվում են՝

1) դրամական միջոցների գրավադրումը հաստատող վճարման անդորրագիրը.

2) գրավադրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը (դադարեցումը) հաստատող փաստաթղթերը:

5. Մաքսատուրքի, հարկերի կամ տույժերի վճարման պարտավորություն ունեցող և դրամական միջոցները գրավ դրած անձի գրավադրված դրամական միջոցների վերադարձն իրականացվում է այդ պարտավորությունները գրավադրված դրամական միջոցների հաշվին մարելուց հետո:

6. Գրավադրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի որոշման ձևերը հաստատում է վերադաս մաքսային մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

 

Հոդված 114.

Ընդհանուր դրույթներ մաքսատուրքի, հարկերի գումարների բռնագանձման վերաբերյալ

 

1. Մաքսատուրքի, հարկերի՝ դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չկատարելու դեպքում դրանց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով` մաքսատուրք, հարկեր վճարողի միջոցների կամ այն ապրանքների արժեքի հաշվին, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել:

2. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձման միջոցների ձեռնարկումից առաջ մաքսային մարմինը մաքսատուրքեր, հարկեր վճարողին օրենքով սահմանված կարգով իրազեկում է մաքսատուրքի, հարկերի՝ դրանց գծով տույժերի, տոկոսների վճարումն իրականացնելու վերաբերյալ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 2-րդ մասով ներկայացվող իրազեկումը պետք է պարունակի՝

1) մաքսային վճարների հաշվարկման հիմքը.

2) մաքսատուրքի կամ հարկի տեսակը, դրույքաչափը, գումարը, վճարման ժամկետը.

3) տոկոսների, տույժերի տեսակը, չափը, գումարը, վճարման ժամկետը.

4) վճարման ժամկետի ուշացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն:

4. Հայտարարատուի և այլ անձի մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման համապարտ պարտավորության առկայության դեպքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման իրազեկումը ներկայացվում է միաժամանակ հայտարարատուին և այլ անձի` իրազեկման մեջ համապարտության վերաբերյալ նշում կատարելով:

5. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված իրազեկումը օրենքով սահմանված կարգով պատվիրված նամակով կամ առձեռն հայտարարատուի կամ համապարտ պատասխանատվություն կրող անձին ներկայացնելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում մաքսային մարմինների կողմից դրանց բռնագանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

6. Մաքսատուրք, հարկեր վճարողի կողմից սույն հոդվածով նախատեսված իրազեկումն ստանալուց հրաժարվելու դեպքում մաքսային մարմինը սկսում է մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձման գործընթաց՝ մաքսային մարմիններին իրազեկման ստացումից հրաժարվելու մասին փաստի հայտնի դառնալուն հաջորդող երկու օրվա ընթացքում:

7. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձում չի իրականացվում, եթե մաքսատուրքի, հարկերի վճարման մասին պահանջները չեն ներկայացվել դրանց վճարման ժամկետը լրանալու օրվանից կամ Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողության ժամանակ մաքսատուրք, հարկեր չվճարելու փաստը հայտնաբերելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

8. Մաքսային փոխադրողից մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձումը, Միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն, իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով։

9. Միության անդամ այլ պետության տարածքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորության ծագման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները բռնագանձվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան։

(114-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 115.

Տույժերը

 

1. Տույժեր են համարվում սույն հոդվածով սահմանված այն դրամական գումարները, որոնք մաքսատուրք, հարկեր վճարողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային վճարները չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում։

2. Մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար, բացառությամբ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով և իրավապայմանագրային բազան կազմող պայմանագրերով նախատեսված այն դեպքերի, երբ հայտարարատուին կամ նրա լիազորած անձին տրամադրվել է մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգում:

3. Մաքսային ստուգման արդյունքում մաքսային վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում սույն օրենքի 140-րդ հոդվածով նախատեսված մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը հաշվարկվում են մինչև ստուգման ավարտի օրը ներառյալ՝ բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:

4. Մաքսային ստուգման արդյունքում մաքսային վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման դեպքում մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը սույն օրենքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկը վերսկսվում է սույն օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:

5. Տույժերի վճարումը, բռնագանձումը և վերադարձը իրականացվում են Միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Միության մաքսային օրենսգրքի 250-րդ հոդվածի 5-րդ կետով, 251-րդ հոդվածի 3-րդ կետով, 263-րդ հոդվածի 2-րդ կետով, 276-րդ հոդվածի 2-րդ կետով, 284-րդ հոդվածի 3-րդ կետով և 291-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գումարների նկատմամբ հաշվարկվում է տույժ՝ 0.15 տոկոս դրույքաչափով, յուրաքանչյուր օրվա համար, որը վճարվում է այլ մաքսային ընթացակարգով վերահայտարարագրման ժամանակ` նոր հայտարարագրի ներկայացման օրը:

 

Հոդված 116.

Գույքի վրա արգելանք դնելը

 

1. Գույքի վրա արգելանք կարող է դրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 117.

Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը առաջնահերթ այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել

(վերնագիրը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վճարողի հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում մաքսային մարմինները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով իրավունք ունեն բռնագանձելու մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը և տոկոսները առաջնահերթ այն ապրանքների իրացման հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել, եթե տվյալ ապրանքները չունեն Միության ապրանքների կարգավիճակ։

2. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)

3. Սույն հոդվածով նախատեսված ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումն իրականացվում է սույն օրենքի համաձայն։

(117-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 118.

Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (բռնագանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին

 

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին` դատարանի վճռի հիման վրա։

2. Գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի գումարների վրա բռնագանձում տարածելը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվից կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվից։ Մաքսային մարմինը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի հաշվին մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների գումարների բռնագանձման մասին գրավոր հայտնում է մաքսատուրք, հարկեր վճարողին բռնագանձումից հետո՝ մեկ օրվա ընթացքում։

 

Հոդված 119.

Բռնագանձման նպատակով մաքսատուրքի, հարկերի պարտավորության, ինչպես նաև տույժերի, տոկոսների վճարման հետ կապված պարտավորության անհուսալի ճանաչումը և դուրսգրումը

 

1. Մաքսատուրքի, հարկերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների պարտավորությունը ճանաչվում է անհուսալի՝

1) մաքսատուրք, հարկեր վճարող կազմակերպության լուծարման, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ սնանկության դեպքում պարտավորության այն չափով, որն օրենքով նախատեսված բռնագանձման բոլոր միջոցների իրականացումից հետո մնացել է չմարված.

2) ֆիզիկական անձի մահվան դեպքում.

3) դատական ակտով։

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման համապարտ պարտավորություն ունեցող անձանցից որևէ մեկի պարտքի բռնագանձման անհուսալի ճանաչելը չի հանգեցնում համապարտ պարտավորություն ունեցող այլ անձանց պարտքի անհուսալի ճանաչմանը և դուրսգրմանը։

3. Բռնագանձման նպատակով անհուսալի ճանաչված՝ մաքսատուրքի, հարկերի, ինչպես նաև տույժերի վճարման պարտավորության դուրսգրման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը հաստատում է վերադաս մաքսային մարմինը։

(119-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 120.

Մաքսային հսկողության իրականացումը

 

1. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային հսկողության օբյեկտները և դրա իրականացման վայրը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածով։

3. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ և, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան, արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:

Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն մասով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:

Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության արդյունքում բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

4. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինները կիրառում են ընտրողականության սկզբունքը և սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանման համար բավարար մաքսային հսկողության ձևերով: Մաքսային հսկողության ձևերի և մեթոդների ընտրության ժամանակ մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցները և նախնական տեղեկատվության վերլուծությունը՝ մաքսային հսկողություն իրականացնելիս հայտարարատուներին, փոխադրողներին և այլ անձանց՝ ապրանքների պահպանման, տրանսպորտային միջոցների պարապուրդի, ապրանքների բաց թողնման ժամկետի երկարաձգման պատճառով վնաս չպատճառելու համար, եթե մաքսային գործի բնագավառում լուրջ խախտումներ արտահայտող նշանների և նշված խախտումների բացահայտման և կանխարգելման առումով սպառիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն չի ծագել:

5. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները համագործակցում են հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

6. Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների, ակտերի և ընթացակարգային այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը` Միության մաքսային օրենսդրությամբ դրանք սահմանված չլինելու դեպքում:

 

Հոդված 121.

Մաքսային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը

 

1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը:

2. Մաքսային հսկողության ձևերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:

3. Ռիսկերի կառավարման համակարգը հիմնված է մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա՝ Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտումները կանխարգելելու և մաքսային մարմիններին վերապահված հսկողության այլ ձևերն իրականացնելիս այնպիսի խախտումներին հակազդելու նպատակով, որոնք՝

1) ունեն կրկնվող բնույթ.

2) կապված են զգալի չափերով մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև օֆշորային գոտիների տարածքում գրանցված ռեզիդենտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման հետ.

3) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ.

4) վտանգում են հայրենական ապրանք արտադրողների մրցունակությունը.

5) առնչվում են մաքսային մարմիններին վերապահված` Միության և Հայաստանի Հանրապետության այլ շահերին։

4. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի գնահատման աստիճանները:

5. Ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ հիմնական դրույթները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 18-րդ գլխով:

 

Հոդված 122.

Մաքսային հսկողության գոտիները

 

1. Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ։

2. Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:

3. Մաքսային հսկողության գոտիները կարող են իրենց բնույթով լինել մշտական, եթե դրանցում մշտապես պահպանվում են ապրանքներ, և ժամանակավոր` բեռնման, բեռնաթափման աշխատանքների համար:

4. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանության վրա։

6. Մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Հոդված 123.

Մաքսային հսկողության իրականացման ժամկետները

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ընթացակարգերի, մաքսային հսկողության տակ են`

1) «բաց թողնում` ներքին սպառման համար» և «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգերի դեպքում` ներմուծման պահից մինչև բաց թողնելու պահը.

2) «արտահանում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերի դեպքում` մաքսային մարմնում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման պահը.

3) «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերի դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքսային ընթացակարգով բաց թողնելու պահը.

4) «ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի դեպքում` մաքսային մարմին մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև այլ մաքսային ընթացակարգով բաց թողնելու պահը.

5) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահից մինչև այդ տարածքից արտահանման պահը.

6) «Մաքսային պահեստ» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքսային ընթացակարգով բաց թողնելու պահը.

7) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի դեպքում՝ ներմուծման պահից մինչև բաց թողնելու պահը.

8) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի դեպքում` ներմուծման պահից մինչև իրացումը կամ այլ մաքսային ընթացակարգով բաց թողնելու պահը.

9) «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի դեպքում` ներմուծման պահից մինչև բաց թողնելու պահը.

10) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի դեպքում` ներմուծման պահից մինչև դրանց ոչնչացումը:

2. Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ընթացակարգով հայտարարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ:

3. Ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում։

 

Հոդված 124.

Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը

 

1. Հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրել Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության սահմանով մաքսային հսկողության ներքո ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային հայտարարագրի հետ ներկայացնել մաքսային հսկողության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 125.

Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը բանկերի կողմից

 

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն հարցում կատարելու բանկերին և բանկային գործարքներ իրականացնող կազմակերպություններին մաքսային հսկողության ենթակա անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով: Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Բանկը և բանկային գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ստանալով սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը, հինգ օրվա ընթացքում մաքսային մարմիններին են տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները կամ նույն ժամանակահատվածում տեղեկացնում են մաքսային մարմիններին, որ չեն տիրապետում այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների:

3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 126.

Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը

 

1. Մաքսային հսկողություն իրականացնելիս կիրառվում են այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կենդանիների, բուսականության և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ են և չեն կարող վնասել ապրանքներին ու տրանսպորտային միջոցներին:

2. Մաքսային հսկողության համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները կարող են կիրառել մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, որոնց ցանկը և օգտագործման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Հոդված 127.

Մաքսային ապահովման միջոցները և դրանց կիրառումը

1. Մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային ապահովման միջոցները և դրանց կիրառման կարգը սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածով:

2. Մաքսային ապահովման միջոցների պատրաստման նկատմամբ պահանջները և դրանց կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 128.

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները

 

1. Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցները փոխելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 129.

Մաքսային հսկողության իրականացման ձևերը և կարգը

 

1. Մաքսային հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 16-րդ և 19-րդ գլուխներով նախատեսված ձևերով և կարգով՝ սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան։

 

Հոդված 130.

Տարածքների և շինությունների մաքսային զննումը

 

1. Տարածքների և շինությունների մաքսային զննումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան:

2. Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Տարածքների և շինությունների մաքսային զննումն իրականացվում է նվազագույն բավարար ժամանակահատվածում:

 

Հոդված 131.

Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հաշվառումը

 

1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների հաշվառման կարգը և ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

 

Հոդված 132.

Ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը, որպես մաքսային հսկողության ձև, իրականացվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ, ինչպես նաև «վերամշակում՝ մաքսային տարածքում», «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս», «վերամշակում՝ ներքին սպառման համար», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ մաքսային» ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ:

2. Միևնույն ժամանակահատվածում կարող է իրականացվել ապրանքների հաշվառման համակարգի միայն մեկ ստուգում: Ստուգման արդյունքներն ամփոփվում են արձանագրությամբ, որի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Ապրանքների հաշվառման համակարգի ստուգումն իրականացվում է մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում և մաքսային մարմինների տրամադրության տակ առկա տեղեկությունների, ինչպես նաև հաշվապահական հաշվետվություններում, մաքսային մարմիններին ներկայացվող սկզբնական փաստաթղթերում առկա տեղեկությունների համադրման եղանակով:

4. Հաշվետվությունները կարող են մաքսային մարմիններ ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, կամ առանց էլեկտրոնային թվային ստորագրության, որը պետք է ուղեկցվի թղթային եղանակով կազմակերպության ղեկավարի, գլխավոր հաշվապահի կամ նրանց լիազորած անձանց ստորագրությամբ:

5. Մաքսային ներկայացուցիչները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ մինչև այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-ը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով և ձևով:

6. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով բաց թողնված վերամշակումից հետո ստացվող արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում Միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ավարտից հետո, սակայն վերամշակումից հետո ստացվող արդյունքների վերջին խմբաքանակը բաց թողնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

7. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակումից հետո ստացվող արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում Միության մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ավարտից հետո, սակայն վերամշակումից հետո ստացվող արդյունքների վերջին խմբաքանակը բաց թողնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

8. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակումից հետո ստացվող արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում Միության մաքսային օրենսգրքի 273-րդ հոդվածին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ավարտից հետո, սակայն վերամշակումից հետո ստացվող արդյունքների վերջին խմբաքանակը բաց թողնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

9. Սույն հոդվածի 6-8-րդ մասերով նախատեսված, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» ընթացակարգերով բաց թողնված ապրանքների համար հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

10. Լիազորված տնտեսական օպերատորների կողմից հաշվառման և հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով։

11. Ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների, մաքսային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

12. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելը կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

Հոդված 133.

Կամերալ և արտագնա մաքսային ստուգումները

 

1. Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ առանց ստուգում սկսելու մասին գրավոր հանձնարարականի՝ մաքսային մարմինների աշխատատեղերում, առանց ստուգվող անձին այցելության:

2. Արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի` արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին գրավոր հանձնարարականի հիման վրա, որի ձևը հաստատում է վերադաս մաքսային մարմինը: Արտագնա մաքսային ստուգումը սկսելու վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման կարգը, դրա իրականացման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով:

 

Հոդված 134.

Արտագնա մաքսային ստուգման կասեցման ժամկետը և կարգը

 

1. Արտագնա մաքսային ստուգման կասեցումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում։

2. Արտագնա մաքսային ստուգման կասեցումը և վերսկսումը ձևակերպվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի գրավոր հիմնավորման հիման վրա: Այդ որոշման մասին մաքսային մարմինը գրավոր տեղեկացնում է ստուգվող անձին նշված որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության անդամ պետությունների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` մինչև հարցման պատասխանը ստանալու օրը։

 

Հոդված 135.

Արտագնա մաքսային ստուգման անցկացման նպատակով մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը ստուգվող անձի օբյեկտ

 

1. Ստուգվող անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ իր օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունը Միության մաքսային օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում: Ստուգվող անձի կողմից արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց՝ իր օբյեկտ մուտքի հնարավորություն չտալու դեպքում մաքսային մարմինը կազմում է արձանագրություն՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունը ստորագրում են մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ստուգվող անձը կամ նրա ներկայացուցիչը, և դրա պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա ներկայացուցչին։

3. Ստուգվող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում արձանագրության մեջ։ Ստուգվող անձն իրավունք ունի արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ գրավոր բացատրություն տալու։

 

Հոդված 136.

Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու, ապրանքները և փաստաթղթերը առգրավելու կարգը

 

1. Ապրանքների վրա արգելանք դնելը և ապրանքների առգրավումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված նպատակներով։

2. Արտագնա ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու հիմքերն են՝

1) հատուկ դրոշմանիշներ, նույնականացման նշաններ կամ այլ եղանակներով կատարված նշագրում չունեցող ապրանքների տեղափոխումը, եթե ապրանքների դրոշմանիշները, նույնականացման նշանները, նշագրումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ, կամ կեղծված դրոշմանիշներով կամ նույնականացման միջոցներով ապրանքների հայտնաբերումը.

2) ստուգվող անձի առևտրային փաստաթղթերում ապրանքների մաքսային հայտարարագրման և (կամ) բաց թողնման փաստերը հաստատող տեղեկությունների բացակայությունը, եթե, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրության համաձայն, առևտրային փաստաթղթերում այդ տեղեկությունների նշումը պարտադիր է, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը կամ Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բացակայությունը.

3) պայմանականորեն բաց թողնված ապրանքների` նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու փաստերի բացահայտումը.

4) մաքսատուրքի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման պայմանների և (կամ) կարգի չպահպանման մասին փաստերի բացահայտումը.

5) մաքսային ընթացակարգի պայմանների և պահանջների խախտումներով ապրանքների օգտագործման մասին վկայող փաստերի բացահայտումը։

3. Ապրանքների վրա արգելանքը դրանց տնօրինման և օգտագործման արգելքն է։ Արգելանքի տակ գտնվող ապրանքները փոխանցվում են դրանց տիրապետողին կամ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի պահպանմանը։ Արգելանքի տակ դրված ապրանքների օգտագործումը կարող է թույլատրվել արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ այդպիսի ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի դիմումի հիման վրա։ Արգելանքի տակ գտնվող ապրանքների փոխանցումն այլ անձանց, դրանց օտարումը կամ այլ կերպ տնօրինումը չեն թույլատրվում։

4. Ստուգվող ապրանքները կարող են առգրավվել, եթե բացահայտվել է, որ դրանց ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է, ինչպես նաև, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրանքների արգելանքը դրանց պահպանման համար բավարար միջոց չէ։ Առգրավված ապրանքները տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում՝ սույն օրենքով սահմանված կարգով։

5. Մաքսային ստուգման ժամանակ փաստաթղթերի պատճենների ներկայացումը անբավարար համարվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ փաստաթղթերի բնօրինակները կարող են ոչնչացվել, թաքցվել, ուղղվել կամ փոփոխվել, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները։ Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ կազմվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրություն՝ երկու օրինակից։ Սույն մասով սահմանված արձանագրության մի օրինակը՝ առգրավված փաստաթղթերի պատճենների հետ, փոխանցվում է ստուգվող անձին։ Փաստաթղթի պատճենների վրա նշվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրության համարն ու ամսաթիվը, և դրվում է դրանք առգրավող պաշտոնատար անձի ստորագրությունը։

6. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը և ապրանքների վրա արգելանք դնելն իրականացվում են արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա՝ ստուգվող անձի և առնվազն երկու ընթերակաների ներկայությամբ։

7. Բոլոր առգրավվող ապրանքները, փաստաթղթերը կամ ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվում, ներկայացվում են ընթերականերին, սույն օրենքով նախատեսված` առգրավման գործողություններին մասնակցող այլ անձանց, որից հետո, ըստ անհրաժեշտության, փաթեթավորվում, կնքվում կամ կապարակնքվում են։ Առգրավված փաստաթղթերը պետք է համարակալի, կնքի և ստորագրի ստուգվող անձը կամ նրա լիազոր անձը։ Ստուգվող անձի կամ նրա լիազոր անձի կողմից առգրավվող փաստաթղթերը կնքելուց կամ ստորագրելուց հրաժարվելու դեպքում փաստաթղթերի առգրավման արձանագրության մեջ մաքսային մարմինն այդ մասին նշում է կատարում։

8. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը, ապրանքների վրա արգելանք դնելը ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ մանրամասն նկարագրվում են առգրավված ապրանքները, փաստաթղթերը կամ այն ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվել՝ դրանց անվանումների, քանակի և անհատական հատկանիշների նշումով։ Նշված արձանագրությունը ստորագրում են առգրավումը կամ արգելանքը իրականացրած պաշտոնատար անձը և ստուգվող անձը, ինչպես նաև ընթերակաները։ Սույն մասի համաձայն կազմվող արձանագրության պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա լիազորած անձին։

9. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են արգելանքի վերցման՝ սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են վերցման կամ առգրավման՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։

10. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձի, դրված արգելանքի հանումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի և ստուգված անձի կողմից ստորագրված արձանագրությամբ, որը կազմվում է 2 օրինակից: Սույն մասով նախատեսված արձանագրության մի օրինակը հանձնվում է ստուգված անձին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում:

11. Առգրավված ապրանքների պահպանման ծախսերը կրում է առգրավված ապրանքների նկատմամբ տնօրինման, տիրապետման, օգտագործման իրավունք ունեցող անձը: Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

12. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան վերադարձման ենթակա չեն, սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքները, փաստաթղթերը արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝

1) սույն օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ

3) քրեական գործի վարույթի շրջանակում առգրավված:

Սույն մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները, փաստաթղթերը առգրավվել են:

13. Արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում չպահանջված՝ առգրավված ապրանքները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` դատական ակտի համաձայն։

Ապրանքների առգրավման հիմքերը և (կամ) դրանց պահպանման անհրաժեշտությունը վերանալուց հետո այդ ապրանքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:

(136-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 137.

Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս

 

1. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածով և սույն օրենքով:

 

Հոդված 138.

Ստուգվող անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգման ժամանակ

 

1. Մաքսային ստուգման ժամանակ ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 135-րդ հոդվածով և սույն օրենքով:

 

Հոդված 139.

Մաքսային փորձաքննությունը մաքսային հսկողություն իրականացնելիս, մասնագետների և փորձագետների մասնակցությունը մաքսային հսկողություն իրականացնելիս

 

1. Մաքսային մարմինները մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենքով սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:

2. Մաքսային հսկողության իրականացման գործընթացում մասնագետներին և փորձագետներին ներգրավելն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 101-րդ և 102-րդ հոդվածներին համապատասխան:

3. Մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային փորձաքննությունն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 20-րդ գլխին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին ներկայացվում է մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

5. Մաքսային փորձաքննության իրականացման համար Միության մաքսային օրենսգրքով նախատեսված 20-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի հիմնավորված գրավոր թույլտվությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ ապրանքների բաց թողնումը չի կարող իրականացվել փորձաքննության արդյունքների ստացումից առաջ, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բաց թողնման ժամկետը չգերազանցող ժամկետներում՝ Միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

6. Մաքսային փորձաքննությունն այլ կազմակերպությունում իրականացնելու դեպքում մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է երկարաձգվել այդ կազմակերպության ղեկավարի հիմնավորված գրավոր թույլտվությամբ` մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմնի հետ համաձայնեցնելով, բացառությամբ սույն օրենքով սահմանված այն դեպքերի, երբ բաց թողնելը չի իրականացվում նախքան փորձաքննության արդյունքների ստացումը, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բաց թողնման ժամկետը չգերազանցող ժամկետներում՝ Միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում։

7. Երկու և ավելի օբյեկտների փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև փորձաքննության արդյունքների ստացումը` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից, եթե այդ արդյունքների ստացման համար կիրառվում են փորձաքննության համեմատականության (համադրման) մեթոդը և գիտատեխնիկական այնպիսի միջոցներ, որոնց միջոցով փորձաքննության արդյունքների ստացումը երկար ժամանակ է պահանջում:

8. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր տևողությամբ`

1) մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ ներկայացված ցանկի և փորձաքննության ներկայացված ապրանքների անհամապատասխանության դեպքում.

2) մաքսային փորձաքննության իրականացման նպատակով մաքսային փորձագետի լրացուցիչ նյութերի կամ նմուշների ստացման անհրաժեշտության առաջացման դեպքում.

3) փորձաքննության նպատակով ապրանքների ոչնչացման կամ վնասման վերաբերյալ (եթե փորձաքննության նպատակով կարող է տեղի ունենալ ապրանքների վնասում կամ ոչնչացում) վերադաս մաքսային մարմնից թույլտվություն ստանալու համար:

9. Մաքսային փորձաքննության իրականացումը կարող է մերժվել Միության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնում կամ այլ լիազորված կազմակերպությունում պահանջվող՝ որակավորում ունեցող մաքսային փորձագետի բացակայության դեպքում:

 

Հոդված 140.

Մաքսային ստուգման արդյունքների ձևակերպումը և դրա արդյունքների հիման վրա որոշումների ընդունումը

 

1. Մաքսային մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները ձևակերպվում են՝

1) կամերալ մաքսային ստուգման ակտով՝ կամերալ մաքսային ստուգում իրականացնելու դեպքում.

2) արտագնա մաքսային ստուգման ակտով՝ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու դեպքում։

2. Մաքսային ստուգման ակտը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է մաքսային ստուգումն անցկացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից։

3. Մաքսային ստուգման ակտը պետք է պարունակի՝

1) տեղեկություններ ստուգվող անձի մասին.

2) տեղեկություններ մաքսային ստուգումն անցկացրած՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը).

3) Միության և (կամ) մաքսային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման բացահայտված փաստերի (հատկանիշների) դասակարգված նկարագրությունը՝ այն իրավական ակտերին հղումով, որոնց պահանջները խախտվել են, կամ տեղեկություններ խախտումների (հատկանիշների) բացահայտված փաստերի բացակայության վերաբերյալ.

4) բացահայտված խախտումների և (կամ) դրանց հետևանքների վերացման վերաբերյալ եզրակացություններ, ինչպես նաև լրացուցիչ հաշվարկման և գանձման ենթակա մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարների վերաբերյալ առաջարկություններ։

4. Մաքսային ստուգման ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը։ Մաքսային ստուգման ակտը հաստատում է մաքսային ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը (ղեկավարի տեղակալը):

5. Մաքսային վճարների և Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում՝ մաքսային ստուգման ակտի հիման վրա, ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձն ընդունում է համապատասխան որոշում (որոշումներ): Մաքսային ստուգման ակտի և որոշման (որոշումների) առաջին օրինակները կցվում են մաքսային ստուգման նյութերին, իսկ երկրորդ օրինակները մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առձեռն հանձնվում են ստուգվող անձին և (կամ) մաքսային վճարներ և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ վճարողին, որոնցում նշվում են ստացման ամսաթիվը, ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, և դրվում է ստացողի ստորագրությունը: Ստուգման ակտի ստացումից հրաժարվելու դեպքում ստացողը դրա վերաբերյալ նշում է կատարում ստուգման ակտի վրա, իսկ ստացողը ստուգման ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցված է համարվում ստուգման ակտի ստացումից հրաժարվելու օրվանից: Եթե ստուգման ակտը և որոշումը (որոշումները) ուղարկվում են ստուգվող անձի և (կամ) մաքսային վճարներ և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ վճարողի հասցեով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջը այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա ստացման օր է համարվում պատվիրված նամակի վերադարձի օրը: Ակտի և մաքսային մարմնի ընդունած որոշման (որոշումների) պատճենները մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են ապրանքների բաց թողնումն իրականացրած մաքսային մարմին (մարմիններ):

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտավոր է իրականացնել նշված ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում: Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Միության մաքսային օրենսգրքի 122-րդ, 131-136-րդ հոդվածներով և սույն օրենքով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային ստուգման ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվող գործողությունների ընթացակարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Հոդված 141.

Մաքսային փորձաքննության իրականացումը

 

1. Մաքսային փորձաքննության իրականացման համար ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը՝ Միության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դրույթների հիման վրա։

2. Մաքսային փորձաքննության եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։ Մաքսային փորձաքննության եզրակացության բոլոր էջերը ստորագրում է փորձագետը, և դրանք վավերացվում են մաքսային փորձաքննությունն իրականացնող մարմնի կնիքով։

3. Միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 

Հոդված 142.

Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում

 

1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից։

2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով։

3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի կողմից լիազորված այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը։

4. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 20-րդ գլխում։

5. Մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

 ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 143.

Ապրանքների հանձնումը պետությանը

 

1. Ապրանքները հանձնվում են պետությանը`

1) քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով դատական ակտի հիման վրա՝ մաքսային մարմինների կողմից գույքի բռնագրավման կիրառման դեպքում.

2) մաքսային մարմնի կամ այլ լիազոր մարմնի հայցի հիմքով կայացված՝ գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի հիման վրա.

3) ապրանքները «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

(143-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 144.

Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը

 

1. Սույն օրենքի 143-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետությանը հանձնված ապրանքները ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:

2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու համար լիազորված պետական մարմին, բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ օրենքով սահմանված է տնօրինման հատուկ կարգ։

3. Տնօրինման գործողություններ են համարվում`

1) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.

2) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.

3) ապրանքների իրացումը:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքները կարող են իրացվել աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:

5. Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:

6. Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների հինգ տոկոսի հաշվին:

 

Հոդված 145.

Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը վերադաս մաքսային մարմնի կողմից

 

1. Վերադաս մաքսային մարմինն իրավունք ունի պետական սեփականությանը փոխանցված ապրանքները անհատույց փոխանցելու շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Սույն մասին համապատասխան անհատույց փոխանցված ապրանքները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինները և կազմակերպությունները պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման նպատակով գրավոր դիմումը (նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը և որոշման թիվը) ներկայացնում են վերադաս մաքսային մարմին, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը դիմումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, որոշում է կայացնում պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշման հիման վրա պետությանը հանձնված ապրանքները մաքսային մարմինների կողմից 30 օրվա ընթացքում անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված պետական մարմին կամ կազմակերպություն:

Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը ձևակերպվում է վերադաս մաքսային մարմնի և ապրանքները անհատույց ստացող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարների ստորագրած արձանագրությամբ, որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները:

(145-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 146.

Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի է վերցնում Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։

2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն Միության հանձնաժողովի սահմանած ձևով:

3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված դեպքերում։

4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:

(146-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 147.

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման վայրերը

 

1. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը պետք է իրականացվի մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում` Միության մաքսային օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով:

2. Միության մաքսային սահմանով Միության մաքսային տարածք «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներմուծած ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել սահմանային անցման ցանկացած կետից՝ առանց սահմանափակումների, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածով սահմանված՝ տարանցման պայմանների ապահովման նպատակով կիրառվող միջոցների։

 

Հոդված 148.

Ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից

 

1. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից դուրս իրականացվում է մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետերով, որոնք հանդիսանում են արտահանման վայրեր` Միության մաքսային օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն։

2. Սույն հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը կարող է իրականացվել միայն համապատասխան մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման միջոցառումների իրականացումից հետո, բացառությամբ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող էլեկտրաէներգիայի: Հայաստանի Հանրապետությունից Միության կարգավիճակ ունեցող ապրանքների տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով և օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 149.

Փոխադրողի պարտականությունները Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և արտահանման դեպքերում

 

1. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում փոխադրողը պարտավոր է՝

1) ապրանքներն առաքել ներմուծման վայր.

2) ապրանքները ներկայացնել մաքսային մարմին.

3) մաքսային մարմին ներկայացնել այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ցանկը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 159-րդ հոդվածով.

4) ներկայացնել սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող հավաստագրեր, թույլտվություններ, լիցենզիաներ կամ այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ այդ փաստաթղթերի ներկայացումը ներմուծման վայրում նախատեսված լինելու դեպքում.

5) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնել կամ դրանց հայտարարագրմանը կամ մաքսային ձևակերպումներին ուղղված գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված գործողությունները կարող են իրականացվել նաև լիազորված այլ անձանց կողմից:

3. Անհաղթահարելի ուժի ազդեցության, վթարի կամ ներմուծման վայր ապրանքների ժամանմանը խոչընդոտող այլ դեպքերում փոխադրողը պարտավոր է ձեռնարկել Միության մաքսային օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված միջոցները։

4. Փաստաթղթերը և տեղեկությունները ներմուծման վայրում փոխադրողի անունից կարող է ներկայացնել փոխադրողի լիազորած անձը:

5. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման դեպքում փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել Միության մաքսային օրենսգրքի 159-րդ և 163-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները։ Սույն մասով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները փոխադրողի անունից կարող է ներկայացնել նրա լիազորած այլ անձ։

 

Հոդված 150.

Մաքսային մարմինների գործողությունները նախնական տեղեկությունների օգտագործման դեպքում

 

1. Միության մաքսային օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմիններ ներկայացվող նախնական տեղեկատվությունն օգտագործվում է մինչև ապրանքների՝ մաքսային մարմիններին ներկայացնելը, տվյալների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի միջոցով մաքսային հսկողության օբյեկտների և միջոցառումների ընտրության, ապրանքների բաց թողնման, կամ մաքսային հսկողությանն առնչվող այլ պարտադիր որոշումներ առավել կարճ ժամանակահատվածում կայացնելու նպատակով:

2. Նախնական տեղեկատվության օգտագործման դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը՝ Միության մաքսային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոդված 151.

Ընդհանուր դրույթներ ապրանքների ժամանակավոր պահպանման վերաբերյալ

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանման էությունը, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 25-րդ գլխով։

 

Հոդված 152.

Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր պահպանման վայրեր են համարվում ժամանակավոր պահպանման պահեստները և ժամանակավոր պահպանման հետևյալ վայրերը.

1) մաքսային մարմնի պահեստը.

2) ապրանքները ստացողի պահեստը՝ սույն օրենքի 154-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

3) սույն օրենքով նախատեսված` լիազորված տնտեսական օպերատորի շինությունը, բաց հրապարակը կամ այլ տարածքը.

4) միջազգային փոստային առաքումների վայրերում տեղակայված առանձին շինությունները՝ համաձայն սույն օրենքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի.

5) օդային կամ երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրման վերաբերյալ պայմանագրի շրջանակում փոխադրվող՝ չստացված կամ չպահանջված ուղեբեռի պահպանման վայրերը.

6) երկաթուղիները և կոնտեյներային հրապարակները, որոնք տեղակայված են մաքսային մարմինների հետ համաձայնեցված վայրերում՝ երկաթուղային կայարանների տարածքի սահմաններում, և նախատեսված են ապրանքների ժամանակավոր պահպանման համար՝ առանց դրանք տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու.

7) մաքսային պահեստները։

2. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրը սույն օրենքին համապատասխան ստեղծվող՝ մաքսային հսկողության գոտի է։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում ապրանքների ժամանակավոր պահպանումն այլ վայրերում իրականացվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ։ Այլ վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանման թույլտվությունը կարող է լինել միանգամյա` ապրանքների որոշակի խմբաքանակի ժամանակավոր պահպանության համար, կամ բազմակի` որոշակի ժամանակահատվածում օտարերկրյա ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանության համար։

4. Ժամանակավոր պահպանության այլ վայրերին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող պահանջները: Ժամանակավոր պահպանության այլ վայրերի` սույն մասով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը կարող է մերժել սույն հոդվածով սահմանված թույլտվության տրամադրումը:

5. Սույն օրենքի 154-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված՝ ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնելու ժամանակ ապրանքները ստացողի պարտավորությունները համապարտության սկզբունքով կրում է նաև ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանման համար թույլտվություն ստացած անձը։

6. Մաքսային մարմինը հրաժարվում է անձին թույլտվություն տալ ժամանակավոր պահպանման այլ վայրերում ապրանքների պահպանման համար, եթե այդ անձը մինչև մաքսային մարմին դիմելու օրը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության մաքսային գործի բնագավառին վերաբերող վարչական իրավախախտումների համար, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի միջոցով ներմուծվող ապրանքների, եթե դրանց ժամանակավոր պահպանությունը երկաթուղիների վրա իրականացնում է փոխադրողը։

7. Վերադաս մաքսային մարմինը սահմանում է ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, մաքսային հսկողություն ապահովելու նպատակով ապրանքները ժամանակավոր պահեստ հանձնելու և պահեստից հանելու կարգը։

 

Հոդված 153.

Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու հետ կապված մաքսային ձևակերպումները

 

1. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու դեպքում ապրանքների համար ներկայացվող փաստաթղթերը և այդ փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնող անձինք սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետով։

2. Ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում «Մաքսային տարանցում» ընթացակարգի ավարտից` ժամանման վայրում ապրանքները մաքսային մարմիններ ներկայացնելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում:

3. Մաքսային մարմինը գրանցում է ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը դրանք ներկայացվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում։ Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից ապրանքները համարվում են հանձնված ժամանակավոր պահպանության։

 

Հոդված 154.

Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանումը

 

1. Ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանությունը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում.

1) պահպանության հատուկ պայմաններ պահանջող ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում.

2) եթե ապրանքներ ստացողը պետական մարմին է.

3) եթե եղանակային կամ աշխարհագրական պայմանների պատճառով անհնար է ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանության վայրեր։

2. Ապրանքներ ստացողի պահեստում ժամանակավոր պահպանության համար թույլտվությունը տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու մաքսատուրքի, հարկերի վճարումների կատարումը կամ սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոցները, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքներ ստացողները պետական մարմիններ կամ հաստատություններ են։

3. Ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը չի թույլատրվում։

4. Ապրանքներ ստացողը պարտավոր է ապահովել ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանները: Ստացողի ժամանակավոր պահպանության պահեստում ապրանքների նկատմամբ գործողություններ կարող են իրականացվել մաքսային մարմինների թույլտվությամբ։ Մաքսային մարմինները կարող են ապրանքների փաթեթվածքի կամ այդ ապրանքների պահպանման համար նախատեսված շինության վրա կապարակնիքներ և կնիքներ դնել։

5. Ապրանքների կորստի, դրանք առանց մաքսային մարմինների թույլտվության երրորդ անձանց փոխանցելու կամ հանձնելու դեպքում ապրանքներ ստացողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածով նախատեսված մաքսատուրքերը, հարկերը։

 

Հոդված 155.

Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում

 

1. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստները բաց տեսակի պահեստներ են և պետք է համապատասխանեն բաց պահեստներին օրենքով ներկայացվող պահանջներին։

2. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ապրանքները ժամանակավոր պահպանության ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնող անձին տրամադրում է անդորրագիր` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:

3. Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների պահպանման համար գանձվում են մաքսավճարներ՝ սույն օրենքի 14-րդ գլխին համապատասխան։

 

Հոդված 156.

Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնվելը

 

1. Մաքսային մարմինները կարող են ապրանքները հանձնել ժամանակավոր պահպանության պահեստներ՝ սույն օրենքին համապատասխան։

2. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ հանձնվելու դեպքում պահեստի տիրապետողի և մաքսային մարմնի միջև կնքվում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան։

3. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնվելու դեպքում պահպանության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

 

Հոդված 157.

Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման մասին

 

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են Միության մաքսային օրենսգրքի 27-րդ և 47-50-րդ գլուխներին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և սույն օրենքին համապատասխան։

2. Ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ և անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:

3. (մասն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-146-Ն)

(157-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 158.

Մաքսային հայտարարագիրը

 

1. Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը.

1) ապրանքների հայտարարագիր.

2) տարանցման հայտարարագիր.

3) ուղևորային հայտարարագիր.

4) տրանսպորտային միջոցների հայտարարագիր:

2. Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է Միության հանձնաժողովը:

3. Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 181-րդ և 182-րդ հոդվածներով:

4. Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրում նշվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է Միության հանձնաժողովը։

5. Մաքսային հայտարարագրերում նշվող տեղեկությունների ցանկերը սահմանափակվում են միայն մաքսային վճարների հաշվարկման և գանձման, մաքսային վիճակագրության ձևավորման և Միության մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների ապահովման համար անհրաժեշտ տեղեկություններով։

6. Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել Միության հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան։

7. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով։

Մաքսային հայտարարագրի՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում է Միության հանձնաժողովի որոշմամբ։

8. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին գրավոր ձևով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային օրինակը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում են Միության հանձնաժողովի որոշմամբ։

Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(158-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 159.

Հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերը

 

1. Մաքսային հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին են ներկայացվում մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը, եթե այլ բան սահմանված չէ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով և սույն օրենքով։

2. Ապրանքների մաքսային հայտարարագրի հետ մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 183-րդ, 240-րդ, 253-րդ, 265-րդ, 294-րդ, 299-րդ և 308-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքով։

3. Ապրանքների մաքսային հայտարարագրի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է կրճատվել՝ կախված մաքսային հայտարարագրման եղանակից (գրավոր, էլեկտրոնային), մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակներից և ապրանքներ տեղափոխող անձանցից։

4. Մաքսային մարմինն իրավասու է ստուգելու մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին։ Ստուգումից հետո ներկայացված փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձին։

5. Ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացնելու և գրանցելու կարգը, հայտարարագրված տեղեկությունների փոփոխության և ներկայացված ապրանքների մաքսային հայտարարագիրը հետ կանչելու կարգը սահմանվում է Միության մաքսային օրենսգրքի 190-192-րդ հոդվածներով։

 

Հոդված 160.

Հայտարարագրման վայրը

 

1. Միության ապրանքներ չհանդիսացող ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

2. Միության ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

3. Առանձին ապրանքների հայտարարագրումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծված մասնագիտացված մաքսային մարմիններում:

4. Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրերում` օդանավակայաններում:

 

Հոդված 161.

Հայտարարատուն

 

1. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ՝

1) Միության անձը եթե նա`

ա. կնքել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր, կամ նրա անունից (հանձնարարությամբ) կնքվել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր,

բ. ունի ապրանքների տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք` անկախ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի առկայությունից.

2) անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը.

3) փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում:

2. Հայտարարատուի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 187-րդ և 188-րդ հոդվածներով։

3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 162.

Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները

 

1. Ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 185-րդ հոդվածով։

2. Տարանցման հայտարարագրի ներկայացման ժամկետները սահմանվում են Միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 163.

Մաքսային հայտարարագրի ներկայացումը և գրանցումը

 

1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:

2. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին թղթային եղանակով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային կրկնօրինակը:

3. Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ մաքսային մարմինը ամրագրում է մաքսային հայտարարագրի ներկայացման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին՝

1) գրավոր հայտարարագրման դեպքում` մաքսային մարմնի կողմից` ներկայացված հայտարարագրի վրա նշում կատարելու միջոցով.

2) էլեկտրոնային հայտարարագրման դեպքում` հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով:

4. Ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումից առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում` ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երկու ժամվա ընթացքում: Մաքսային մարմինը մերժում է ներկայացված հայտարարագրի գրանցումը` Միության մաքսային օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության, ինչպես նաև օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լրացման համար պարտադիր տեղեկությունների բացակայության դեպքում:

5. Հայտարարատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված և ստորագրված գրավոր կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը գրանցում է մաքսային մարմինը, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է գրանցման հերթական համար, և նշվում են ամսաթիվը, ամիսը և տարին:

6. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից ստուգվելու արդյունքում, եթե մաքսային մարմինը բացահայտում է նշված հայտարարագիրը կրկնակի գրանցված լինելու վերաբերյալ փաստ, ապա տեղեկացնում է հայտարարատուին դրա մասին: Հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին հայտարարագիրը կրկնակի ներկայացված լինելու փաստը հաստատելու կամ երկու ժամվա ընթացքում տեղեկություններ չներկայացնելու դեպքերում կրկնակի ներկայացված հայտարարագիրը չի գրանցվում:

7. Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ավտոմատ հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնել մաքսային մարմին` հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:

8. Հայտարարագրի գրանցումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:

9. Գրավոր հայտարարագրերի հետ ներկայացված դրանց էլեկտրոնային պատճենները մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` գրանցվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մաքսային հայտարարագրի գրանցման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

 

Հոդված 164.

Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը

 

1. Մաքսային հայտարարագիրը կարող է ներկայացվել մինչև օտարերկրյա ապրանքների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

2. Ապրանքների նախնական հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ընդունվում են ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի` հայտարարատուի կողմից ստորագրված պատճենները կամ այդ փաստաթղթերում ներառված` էլեկտրոնային համակարգով ներկայացված տեղեկությունները, որոնք համադրվում են հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի բնօրինակների և դրանցում առկա տեղեկությունների հետ:

3. Նախնական մաքսային հայտարարագրում կարող են չներառվել այն տեղեկությունները, որոնք իրենց բնույթով չէին կարող հայտնի լինել հայտարարատուին մինչև ապրանքները՝ Հայաստանի Հանրապետության տարածք և (կամ) մաքսային մարմիններ դրանք ներկայացնելը:

Սույն մասով նշված տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային հայտարարագրում մինչև Միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ապրանքների բաց թողնման վերաբերյալ որոշման կայացումը:

4. Տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերի հիման վրա ներկայացված նախնական հայտարարագրում ներկայացված արժեքից, քանակից կամ կշռից ապրանքների փաստացի ցուցանիշների շեղման դեպքում հայտարարատուի կողմից ներկայացվում են դրանց փոփոխությունները հաստատող փաստաթղթերը:

5. Մաքսային միության տարածք ապրանքների ներմուծումից հետո նախնական հայտարարագրով ներկայացված ապրանքների արժեքի, քանակի կամ կշռի շեղում հայտնաբերելու դեպքում հայտարարատուն իրավասու է հետ կանչելու իր ներկայացրած հայտարարագիրը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

6. Նախնական հայտարարագրման դեպքում կիրառվում են մաքսային մարմինների կողմից հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող նորմատիվ իրավական ակտերը:

7. Նախնական հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնին հայտարարագրված ապրանքները հայտարարագրի գրանցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացվելու դեպքում նախնական հայտարարագիրը համարվում է չեղյալ և հեռացվում է ավտոմատ հայտարարագրման համակարգից:

8. Նախնական հայտարարագիրը իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չի համարվում և կարող է փոփոխվել հայտարարատուի կողմից կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ:

 

Հոդված 165.

Ապրանքների ոչ ամբողջական մաքսային հայտարարագրումը

 

1. Մաքսային հայտարարագրի լրացման համար ամբողջ տեղեկատվությունը տրամադրության տակ չունենալու դեպքում հայտարարատուին թույլատրվում է ներկայացնել ոչ ամբողջական մաքսային հայտարարագիր՝ պայմանով, որ դրանում ներկայացված են մաքսային վճարների հաշվարկման և վճարման, ինչպես նաև ապրանքների բաց թողնման համար անհրաժեշտ տվյալներ: Ներկայացված տվյալները պետք է հաստատեն օրենքով սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանված լինելու փաստը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների քանակական և որակական բնութագրերի հիման վրա նույնականացման հնարավորություն ապահովվեն:

2. Ապրանքների ոչ ամբողջական հայտարարագրումը կարող է իրականացվել, եթե ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացվում է՝

1) բաց տրանսպորտային միջոցներով` մաքսային մարմնի կողմից հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ապրանքի ճիշտ քաշի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու հնարավորության բացակայության դեպքում.

2) հատուկ տարողություններով և տրանսպորտային միջոցներով, երբ առանց ապրանքների նկատմամբ որոշակի տեխնոլոգիական գործողությունների իրականացման հնարավոր չէ հայտարարագրել ճշգրիտ քանակը:

3. Ոչ ամբողջական հայտարարագրի ներկայացման դեպքում կիրառվում են օրենքով սահմանված այն պահանջները և պայմանները, ներառյալ՝ մաքսային վճարների վճարման պարտավորությունները, որոնք նախատեսված են լիարժեք մաքսային հայտարարագրի ներկայացման համար:

4. Ոչ ամբողջական հայտարարագրման դեպքում հայտարարատուն պարտավոր է ներկայացնել ճշգրտված տվյալներով մաքսային հայտարարագիր` ոչ ամբողջական հայտարարագրի գրանցումից հետո՝ 30 օրը չգերազանցող ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում ճշգրտված տվյալներով հայտարարագիր չներկայացնելու դեպքում հայտարարատուն կրում է օրենքով սահմանված ժամկետում մաքսային մարմնին հայտարարագիրը չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 166.

Ապրանքների պարբերական հայտարարագրումը

 

1. Միության սահմանով նույն անձի կողմից նույն ապրանքների կանոնավոր տեղափոխման դեպքում կարող է ներկայացվել մեկ մաքսային հայտարարագիր` մաքսային հայտարարագրի ներկայացմանը հաջորդող 30 օրվա ընթացքում տեղափոխվող բոլոր ապրանքների համար:

2. Ապրանքները համարվում են նույնը, եթե դրանք ունեն նույն ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:

3. Ապրանքները համարվում են նույն անձի կողմից կանոնավոր տեղափոխվող, եթե այդ անձն իրականացնում է այդ ապրանքների երեք և ավելի մատակարարում 30 օրվա ընթացքում:

4. Մաքսային նպատակների համար, որպես մեկ խմբաքանակ, դիտվում է՝

1) Միության տարածքից արտահանման դեպքում` մեկ արտաքին տնտեսական պայմանագրի շրջանակներում նույն սահմանային անցման կետով և նույն մաքսային մարմնում ձևակերպվող՝ մեկ անձի կողմից 30-օրյա ժամկետում իրականացվող մատակարարումները` անկախ առանձին մատակարարումների քանակից.

2) Միության տարածք ներմուծման դեպքում` արտաքին տնտեսական մեկ պայմանագրի շրջանակներում նույն մաքսային մարմնում 30-օրյա ժամկետում ձևակերպվող նույն ապրանքները` անկախ առանձին մատակարարումների քանակից:

5. Մաքսատուրքի և հարկերի վճարումն իրականացվում է լիարժեք մաքսային հայտարարագրի հիման վրա` մինչև ապրանքները բաց թողնելը:

6. Պարբերական մաքսային հայտարարագիրը ներկայացնելու դեպքում գործում են հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող նորմատիվ իրավական ակտերը:

7. Պարբերական հայտարարագրումն իրականացվում է մինչև մատակարարման ժամանակահատվածի սկիզբը` պարբերական հայտարարագիրը ներկայացնելու միջոցով մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման առկայության դեպքում:

8. Մաքսային մարմինը պարբերական հայտարարագրով նախատեսված յուրաքանչյուր մատակարարման ժամանակ իրականացնում է ապրանքների հաշվառում և մաքսային հսկողություն մինչև պարբերական հայտարարագրի ժամկետի ավարտը:

9. Մատակարարման ժամանակահատվածի ավարտից հետո՝ առավելագույնը 10 օրվա ընթացքում, մաքսային մարմիններ է ներկայացվում լիարժեք մաքսային հայտարարագիր` փաստացի ներմուծված կամ արտահանված ապրանքների քանակների և այլ տվյալների ճշգրտմամբ:

10. Մաքսային մարմինը մերժում է պարբերական հայտարարագրի գրանցումը, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենքով պարբերական հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված պահանջները.

2) հայտարարատուն ունի մաքսատուրքի, հարկերի գծով չմարված պարտավորություններ.

3) անձը սնանկ է ճանաչվել:

 

Հոդված 167.

Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները

 

1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխելու դեպքում ապրանքները կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով` մինչև ապրանքների տեղափոխումը ստացված դասակարգման վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի նախնական որոշման առկայության դեպքում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի թույլտվության հիման վրա:

Սույն մասով նախատեսված որոշումը պետք է պարունակի տեղեկություններ` հայտարարատուի մասին, ավարտուն կամ կոմպլեկտավորված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ներկայացված ապրանքների՝ այդ ծածկագրին համապատասխանության մասին, ապրանքների տեղափոխման ժամկետի մասին, ինչպես նաև կարող է պարունակել այլ կողմնորոշիչ տեղեկություններ` վերադաս մաքսային մարմնի հայեցողությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունը գործում է առավելագույնը մեկ տարի ժամկետով և կարող է երկարաձգվել ևս վեց ամսով` հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա:

 

Հոդված 168.

Մեկ ապրանքային խմբաքանակում գտնվող ապրանքների հայտարարագրումը

 

1. Եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն, դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով այն ապրանքի ծածկագրին, որի համար Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն դրույթի կիրառման դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ

 

Հոդված 169.

Ապրանքները բաց թողնելը

 

1. Ապրանքները բաց թողնելն իրականացնում են մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 28-րդ գլխին համապատասխան։

2. Այն դեպքում, երբ մեկ ապրանքային խմբաքանակում ներառված է մի քանի ապրանք, ապա մաքսային մարմինն իրականացնում է այն ապրանքների բաց թողնումը, որոնց բաց թողնման համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններն ապահովվել են։

 

Հոդված 170.

Ապրանքները բաց թողնելու հիմքերը

 

1. Ապրանքները բաց թողնելու համար Միության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմաններ ապահովված լինելու դեպքում ապրանքները բաց են թողնվում հայտարարագրման ժամանակ նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հոդված 171.

Ապրանքները բաց թողնելու ժամկետները

 

1. Ապրանքները բաց թողնելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով:

2. Միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` ապրանքները բաց թողնելու ժամկետների երկարաձգումը թույլատրվում է առավելագույնը հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրով՝

1) հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում ներկայացնելու նպատակով, բայց ոչ ուշ, քան մինչև մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում ներկայացնելու օրը.

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հայտարարատուի կողմից լիցենզիաներ, հավաստագրեր, թույլտվություններ կամ այլ փաստաթղթեր ներկայացնելու նպատակով, բայց ոչ ուշ, քան մինչև նշված փաստաթղթերի գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու օրը.

3) ԱՏԳ ԱԱ ծածկագրի ճշգրտման նպատակով, բայց ոչ ուշ, քան մինչև ճշգրտման օրը.

4) Միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ ստուգման նպատակով` մինչև մաքսատուրքի, հարկերի վճարման համապատասխան ապահովում ներկայացնելը.

5) մաքսային հայտարարագրում նշված ապրանքներին վերաբերող փաստաթղթերի ու տեղեկությունների հարցման կամ մաքսային զննման անհրաժեշտության, մաքսային հայտարարագրում ու ներկայացված փաստաթղթերում հայտարարագրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների կամ ապրանքների փաթեթվածքների վրա նշված այլ տեղեկությունների և (կամ) ապրանքների արտաքին տեսքի անհամապատասխանության հայտնաբերման, մաքսային հայտարարագրման ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ նախնական տեղեկատվության առկայության դեպքերում` մինչև պահանջված լրացուցիչ փաստաթղթերն ստանալը կամ ապրանքների մաքսային զննման ավարտը.

6) մաքսային մարմնի որոշման համաձայն, լրացուցիչ հաշվարկված մաքսատուրքի, հարկերի վճարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հայտարարատուի կողմից ապրանքի բաց թողնման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ գրավոր դիմումը ներկայացնելու դեպքում՝ մինչև մաքսատուրքի, հարկերի վճարումը։

 

Հոդված 172.

Ապրանքների բաց թողնումը մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումը

 

1. Մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումը ապրանքների բաց թողնման հիմքերն ու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով։

 

Հոդված 173.

Պայմանական բաց թողնումը

 

1. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները:

(173-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 174.

Ապրանքները բաց թողնելը մերժելը

 

1. Սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով սահմանված` ապրանքները բաց թողնելու համար նախատեսված պահանջների և պայմանների պահպանված չլինելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքները բաց թողնելը՝ դրա պատճառների մասին գրավոր տեղեկացնելով հայտարարատուին:

2. Ապրանքները բաց թողնելու մերժման ձևակերպման կարգը սահմանում է Միության հանձնաժողովը:

3. Մաքսային մարմինը մերժում է ապրանքները բաց թողնելը, եթե մաքսային հսկողության արդյունքներով բացահայտվել են օրենքով սահմանված դրույթների խախտման վերաբերյալ փաստեր: Սույն մասով նախատեսված ապրանքները բաց թողնելը թույլատրվում է, եթե՝

1) բացահայտված՝ վարչական իրավախախտումների բնույթ չունեցող խախտումները վերացված են.

2) բացահայտված խախտումները վերացված են, իսկ ապրանքները օրենքով սահմանված կարգով առգրավված չեն, կամ դրանց վրա չի դրվել արգելանք:

4. Ապրանքների բաց թողնման մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(174-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 175.

Մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Միության ապրանք չհանդիսացող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան, եթե դրանք նախատեսված են Միության մաքսային տարածքից դուրս արտահանման համար:

3. Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

4. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող ապրանքները կարող են ձևակերպվել «Բաց թողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Մաքսային պահեստ», «Վերաներմուծում», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում», «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ազատ պահեստ» և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգերով:

5. Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում:

6. Հայտարարատուն կարող է փոխել իր ընտրած մաքսային ընթացակարգը՝ սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 176.

Մաքսային ընթացակարգերը

 

1. Մաքսային ընթացակարգերի տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածով:

2. «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերը սահմանվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 177.

Մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային վճարների վճարման պարտավորության ծագումն ու դադարումը

 

1. Մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման պարտավորությունները ծագում և դադարում են Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 178.

Մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները

 

1. Հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգի պայմաններով ու պահանջներով ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ պայմանների և պահանջների ապահովման նպատակով մաքսային մարմիններն իրավասու են հայտարարատուից կամ նրա լիազորած անձանցից պահանջելու սահմանված սահմանափակումների պահպանման ապահովման վերաբերյալ գրավոր պարտավորագիր, իրականացնելու ապրանքների նույնականացում, փաթեթվածքների և ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների կնքում և կապարակնքում, ձեռնարկելու նշված սահմանափակումների պահպանումն ապահովող այլ միջոցառումներ:

 

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 179.

«Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածներով:

2. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Միության անդամ երկրներում ձևակերպված ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում նշված մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձևակերպում չի պահանջվում:

3. Եթե «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում Միության անդամ պետություններում վճարվել են ապրանքների ներմուծման՝ օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերից ցածր դրույքաչափով մաքսատուրքեր, կամ եթե ներմուծվող ապրանքները պատրաստված են այնպիսի հումքից, որի ներմուծման ժամանակ Միության անդամ պետություններում կիրառվել են մաքսատուրքի արտոնություններ, կամ եթե ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող կարգավորումները Միության անդամ պետությունում չեն կիրառվել, ապա ներմուծման մաքսատուրքերի լրացուցիչ գումարների վճարումը և Հայաստանի Հանրապետությունում առկա կարգավորումներին համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումն իրականացվում են դրանց հայտարարագրման ժամանակ:

 

Հոդված 180.

«Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումը ապրանքները պայմանական բաց թողնելու դեպքում

 

1. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներին առնչվող ներմուծման մաքսատուրքերի և հարկերի արտոնությունների կիրառման դեպքում Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար նշված ընթացակարգով կրկնակի ձևակերպում չի պահանջվում` Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:

2. Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը սահմանված է սույն օրենքով:

3. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` պայմանական բաց թողնված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվում են ապրանքների պայմանական բաց թողնումն իրականացրած մաքսային մարմին: Մաքսային մարմինն ընդունում է այդ փաստաթղթերը հայտարարատուի դիմումի հիման վրա, որում նշվում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը: Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը պարտավոր է տրամադրել փաստաթղթերի ընդունման մասին գրավոր հավաստում:

4. Ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները դադարում են ապրանքները բաց թողնելուց երեք տարի հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

«ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 181.

«Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 212-րդ և 213-րդ հոդվածներով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

«մաքսային տարանցում» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 182.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպումը

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 215-րդ և 216-րդ հոդվածներով:

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված տարանցման հայտարարագիրը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 183.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ապահովող միջոցները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Մաքսային մարմինները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում չեն պահանջում Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման մասին որոշում ընդունելու դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով: Մաքսային ուղեկցման դեպքում գանձվում է մաքսավճար` սույն օրենքի 14-րդ գլխով սահմանված չափով և ժամկետներում:

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցումն իրականացնում են մաքսային մարմինները:

5. Մաքսային մարմինները կարող են սահմանել փոխադրման երթուղիներ Միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և պայմաններով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների տեղափոխման երթուղիներ:

 

Հոդված 184.

Ապրանքների նշանակման վայրը

 

1. Ապրանքների նշանակման վայրը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 220-րդ հոդվածով:

2. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինը, անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված ապրանքների նշանակման վայրերից, կարող է սահմանել նշանակման այլ վայրեր հետևյալ դեպքերում.

1) եթե մաքսային հայտարարագրումը սույն օրենքին համապատասխան իրականացնում է մասնագիտացված մաքսային մարմինը.

2) եթե նշանակման վայրի մաքսային մարմնի գործունեության գոտում առկա է արտակարգ իրավիճակ, կամ որոշակի ապրանքատեսակների ներմուծման համար օրենքով գործում են արգելքներ:

3. Սույն մասի 1-ին և 2-րդ կետերից անկախ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշանակման վայրերի փոփոխության այլ դեպքեր:

 

Հոդված 185.

«Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորություններն ու պատասխանատվությունը

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածով:

2.«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին չհասցնելու դեպքում փոխադրողը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե ապրանքներն այդ ընթացակարգով բաց են թողնվել Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքից բացի, այլ դեպքերում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ փոխադրողի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում վերջինս կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե խախտումը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Հոդված 186.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը ավարտվում է Միության մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով` սույն հոդվածին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածք Միության անդամ պետություններից ներմուծվող (բացառությամբ օդային տրանսպորտով ներմուծման) ապրանքները ձևակերպվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Միության անդամ պետություններից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտի գրանցման նպատակով փոխադրողի կողմից տարանցման հայտարարագիրը և ապրանքները ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմիններին սույն հոդվածի 4-րդ կամ 7-րդ մասով սահմանված ժամկետներում, որի հիման վրա մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարագրման ավտոմատ համակարգում և փոխադրողի ներկայացրած փաստաթղթերի վրա գրանցում է կատարում տարանցման ավարտի վերաբերյալ:

4. Միության անդամ պետություններից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտից հետո ապրանքները ժամանակավոր պահպանության չեն հանձնվում:

5. Միության անդամ չհանդիսացող պետություններից Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների համար «Մաքսային տարանցում» ավարտելու համար ապրանքների փոխադրողը նշանակման վայր ժամանելուց հետո՝ մեկ ժամվա, իսկ մաքսային մարմինների ոչ աշխատանքային ժամերի ընթացքում ժամանելու դեպքում` աշխատանքային ժամի սկզբից երկու ժամվա ընթացքում, մաքսային մարմիններ է ներկայացնում տարանցման հայտարարագիրը և ապրանքներն ուղեկցող փաստաթղթերը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապրանքների «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտից հետո` երեք ժամվա ընթացքում, փոխադրողը, հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչն իրականացնում են ապրանքների ժամանակավոր պահպանության կամ համապատասխան մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման հետ կապված մաքսային գործընթացները` Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան:

7. Երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի կողմից սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են ապրանքների նշանակման վայր տրանսպորտային միջոցի ժամանումից հետո՝ 12 աշխատանքային ժամվա ընթացքում:

8. Նշանակման մաքսային մարմինը պարտավոր է Միության մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և սույն հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամկետներից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, գրանցել փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի ժամանման փաստը և փոխադրողին տալ տրանսպորտային միջոցի ժամանման մասին գրավոր հավաստում` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:

9. Lիազորված տնտեսական օպերատորների կողմից իրականացվող ներմուծման դեպքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգն ավարտվում է Միության մաքսային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված վայրերում:

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 187.

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը, դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները և մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետները

 

1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը, դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները և մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 229-231-րդ հոդվածներով։

 

Հոդված 188.

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում

 

1. Մաքսային պահեստում` մեծ չափերի պատճառով փաստացի չտեղակայվող ապրանքների տեղափոխումը «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվության հիման վրա` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

2. Մաքսային պահեստում ապրանքներն առանց փաստացի տեղակայելու դեպքում, դրանց նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգ սահմանող անձը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների մասին հաշվետվություն՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 189.

Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները, հաշվետվությունների և հաշվետվողականության ապահովումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկ:

2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 190.

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ավարտը

 

1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ավարտի կարգը և ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածով։

2. Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների նկատմամբ ոչնչացման մաքսային ընթացակարգը կարող է կիրառել մաքսային պահեստի կազմակերպիչը։

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 191.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների մաքսային ձևակերպումը

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և տվյալ ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության Մաքսային օրենսգրքի 239-րդ և 240-րդ հոդվածներին համապատասխան։

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով թույլտվություն ստացած անձը կամ անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձը։

 

Հոդված 192.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման նպատակով օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքի 242-րդ հոդվածում նշված միջոցները։

2. Հայտարարագրված նույնականացման միջոցի կիրառման նպատակահարմարությունը որոշում է մաքսային մարմինը՝ ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ժամանակ: Եթե մաքսային մարմինը հայտարարատուի կողմից առաջարկվող՝ ապրանքների նույնականացման միջոցի կիրառությունը նպատակահարմար չի համարում, ապա որոշում է կայացնում ապրանքների նույնականացման միջոցի վերաբերյալ, որի մասին տեղեկացնում է հայտարարատուին։

 

Հոդված 193.

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները

 

1. Հայտարարատուի դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Եթե հայտարարատուի խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը` ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև երկու տարին չգերազանցող ժամկետով:

3. Մշակութային արժեքների և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 194.

Մաքսային տարածքում վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները որոշում է մաքսային տարածքում վերամշակման թույլտվություն ստացող անձը և հաստատում է մաքսային մարմինը` մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար ներկայացվող դիմումի ուսումնասիրության արդյունքներով:

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի հաստատման համար մաքսային մարմինները հաշվի են առնում վերամշակման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մաքսային ընթացակարգի կիրառման նպատակով որոշ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ:

 

Հոդված 195.

Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 240-րդ և 244-րդ հոդվածներով նախատեսված մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ է համարվում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը։ Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության մեջ նշվում են Միության մաքսային օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները։

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները.

3) տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

4) տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի վերաբերյալ, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների նկատմամբ հետագայում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ.

5) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

6) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը:

4. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում հայտարարատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը գրավոր մերժում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումը` հիմնավորելով մերժման պատճառները:

(195-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 196.

Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելը


1. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար մաքսային մարմինների տրամադրած թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը։

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր է համարում մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝

1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների, չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.

2) չեն պահպանվել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։

3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը ենթակա են վճարման Միության մաքսային օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։

5. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության անվավեր համարելու կարգը և որոշման ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

(196-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 197.

Օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինումը (համարժեք փոխհատուցումը)

 

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները կարելի է փոխարինել համարժեք ապրանքներով՝ Միության մաքսային օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն։

Համարժեք փոխարինման կիրառման թույլտվության մասին մաքսային մարմինը նշում է կատարում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության մեջ։

2. Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինումը թույլատրվում է պայմանով, որ համարժեք ապրանքներից ստացված վերամշակման արդյունքների արտահանումն իրականացվելու է նախքան Միության մաքսային տարածք օտարերկրյա ապրանքների ներմուծումը, որի մասին նշվում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության մեջ։

Օտարերկրյա ապրանքների ներմուծման ժամկետը որոշում է այն անձը, որը ստացել է (պետք է ստանա) մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն՝ համաձայնեցնելով մաքսային մարմնի հետ։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինման կարգ։

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 198.

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 252-րդ և 253-րդ հոդվածների համաձայն։

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման համար թույլտվություն ստացած անձը։

 

Հոդված 199.

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները

 

1. Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրում են մաքսային մարմինները մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև մեկ տարի ժամկետով:

3. Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 200.

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 255-րդ հոդվածում նշված միջոցների կիրառմամբ։

2. Հայտարարատուի կողմից առաջարկվող վերամշակման արդյունքների նույնականացման միջոցի կիրառման նպատակահարմարությունը որոշում է մաքսային մարմինը: Եթե մաքսային մարմինը հայտարարատուի կողմից առաջարկվող՝ վերամշակման արդյունքների նույնականացման միջոցը կիրառելի չի համարում, ապա որոշում է կայացնում նույնականացման միջոցի ընտրության վերաբերյալ, որի վերաբերյալ տեղեկացնում է հայտարարատուին։

 

Հոդված 201.

Մաքսային տարածքից դուրս վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը

 

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները որոշում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքներ արտահանելու թույլտվություն ստացող անձը և հաստատում է մաքսային մարմինը` մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար ներկայացվող դիմումի ուսումնասիրության արդյունքներով:

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաստատման համար մաքսային մարմինները հաշվի են առնում վերամշակման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մաքսային ընթացակարգի կիրառման նպատակով որոշ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ:

 

Հոդված 202.

Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 253-րդ և 257-րդ հոդվածներով նախատեսված մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ է համարվում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը։ Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ նշվում են Միության մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:

2. Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների ներմուծման պայմանագրերի պատճենները.

3) տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

4) տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի վերաբերյալ.

5) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

6) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը:

4. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում հայտարարատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացնելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը գրավոր մերժում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումը` հիմնավորելով մերժման պատճառները:

(202-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 203.

Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը

 

1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝

1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.

2) չեն պահպանվել «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։

2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման օրվանից։

3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝

1) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված՝ Միության ապրանքների համար ենթակա են վճարման օրենքով սահմանված արտահանման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան.

2) վերամշակման արդյունքների ներմուծման դեպքում ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերը և հարկերը՝ Միության մաքսային օրենսգրքի 262-րդ հոդվածին համապատասխան:

4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

(203-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 204.

Վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով

 

1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է Միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան։

2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

 «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 205.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

 1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածներին համապատասխան։

 

Հոդված 206.

Այն ապրանքների ցանկը, որոնց բաց թողնումը թույլատրվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով

 

1. Այն ապրանքների ցանկը, որոնց բաց թողնումը թույլատրվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 207.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների նույնականացումը

 

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների նույնականացման նպատակով կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված միջոցները։

2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների` հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման միջոցի կիրառման նպատակահարմարությունը որոշում է մաքսային մարմինը։ Եթե մաքսային մարմինը հայտարարատուի կողմից առաջարկվող՝ վերամշակման արդյունքների նույնականացման միջոցը կիրառելի չի համարում, ապա որոշում է կայացնում նույնականացման միջոցի ընտրության վերաբերյալ, որի վերաբերյալ տեղեկացնում է հայտարարատուին։

 

Հոդված 208.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ժամկետները

 

1. Հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետով:

2. Եթե հայտարարատուի խնդրարկած ժամկետը վեց ամսից պակաս է, ապա հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման մաքսային մարմինը երկարաձգում է այդ ժամկետը՝ ներմուծման օրվանից վեց ամիսը չգերազանցող ժամկետով:

 

Հոդված 209.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումներից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը

 

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները որոշում է ներքին սպառման համար վերամշակման թույլտվություն ստացող անձը և հաստատում է մաքսային մարմինը` ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար ներկայացվող դիմումի ուսումնասիրության արդյունքներով:

2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի հաստատման համար մաքսային մարմինները հաշվի են առնում վերամշակման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մաքսային ընթացակարգի կիրառման նպատակով որոշ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ:

 

Հոդված 210.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգի շրջանակներում ապրանքների վերամշակման պայմանների մասին թույլտվությունը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 265-րդ և 269-րդ հոդվածներով նախատեսված՝ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունն է։ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվության մեջ նշվում են Միության մաքսային օրենսգրքի 269-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:

2. Ներքին սպառման համար վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

3) տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

4) տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի վերաբերյալ, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների նկատմամբ հետագայում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ.

5) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

6) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա երեք, իսկ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը:

4. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում հայտարարատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք, որը կասեցնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ընթացքը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը գրավոր մերժում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումը` հիմնավորելով մերժման պատճառները:

(210-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 211.

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը

 

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և նշված որոշման ընդունման օրվա դրությամբ դեռևս չվերամշակված օտարերկրյա ապրանքների համար պետք է վճարվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածին համապատասխան:

4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

(211-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  34

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 212.

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը և ապրանքների` տվյալ ընթացակարգով ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 277-րդ և 278-րդ հոդվածներով:

 

Հոդված 213.

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը

 

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։

2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, բացառությամբ սույն օրենքի 214-րդ և 215-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։

 

Հոդված 214.

Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը` առանց մաքսային մարմինների թույլտվության

 

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները հայտարարատուի կողմից առանց մաքսային մարմինների թույլտվության կարող են փոխանցվել անձի տիրապետմանը և օգտագործմանը Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:

2. Անձը, որին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն է կրում վճարման ենթակա մաքսային վճարների վճարման համար:

3. Մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունք ունի պահանջելու «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ և ապրանքները այլ անձի փոխանցելու դեպքում՝ այդ անձի մասին տեղեկություններ։

 

Հոդված 215.

Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը՝ մաքսային մարմինների թույլտվությամբ

 

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը Միության օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասում չնշված հիմքերով իրականացվում է մաքսային մարմինների թույլտվությամբ։

2. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու դեպքում այդ անձը ստանձնում է Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու պարտավորությունը։

3. Հայտարարատուն պարտավոր է վճարել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի գումարներն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում օգտագործել է ապրանքները, եթե նշված մաքսային ընթացակարգով առաջացել է մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորություն:

4. Անձը, որին փոխանցվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, մաքսային մարմնի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքները փոխանցելու մասին որոշման կայացման օրվանից, Միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան, ունի իրավունքներ և կրում է պարտավորություններ։

 

Հոդված 216.

Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները

 

1. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը երկու տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով:

2. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին։

(216-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 217.

Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր ներմուծումը

 

1. Գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավոր ներմուծվող գիտական կամ առևտրային նմուշները ենթակա են պարզեցված կարգով հայտարարագրման՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների առավելագույն քանակը և (կամ) առավելագույն արժեքը, որոնք ժամանակավոր ներմուծվում են որպես գիտական կամ առևտրային նմուշներ միևնույն անձի կողմից՝ միանգամյա կամ որոշակի ժամանակահատվածում՝ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

3. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ուղեկցվող ուղեբեռում գտնվող, ինչպես նաև փոստային առաքումներով տեղափոխվող գիտական կամ առևտրային նմուշները, որոնց արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, հայտարարագրվում են պարզեցված կարգով` մաքսային հայտարարագրի փոխարեն մաքսային մարմիններին ներկայացնելով գիտական կամ առևտրային նմուշները ստացող կազմակերպության գրավոր դիմում: Սույն մասում նշված դիմումի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

4. Գիտական կամ առևտրային նմուշների` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնելու ժամկետը մաքսային հայտարարագրի ընդունման պահից կազմում է չորս ժամ` մաքսային հայտարարագրի հետ միաժամանակ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց ժամանակավոր ներմուծման համար կարող է սահմանվել մինչև մեկ աշխատանքային օր բաց թողնելու ժամկետ:

 

Հոդված 218.

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի կիրառման սահմանափակումները

 

1. Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների կողմից կիրառվում են օրենքով նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:

 

Գ Լ ՈՒ Խ  35

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 219.

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը

 

1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 285-րդ և 286-րդ հոդվածներով։

 

Հոդված 220.

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները

 

1. Ապրանքների բաց թողնումը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ՝ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող ապրանքների համար «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Վերադաս մաքսային մարմինը ուսումնասիրում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին։

4. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին վերադաս մաքսային մարմնի մերժման մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը։ Վերադաս մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին։

(220-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 221.

Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր արտահանումը

 

1. Գիտական կամ առևտրային նմուշները, որոնք ժամանակավոր արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս՝ փորձարկումների, հետազոտությունների, ստուգումների ենթարկելու կամ նման գործողությունների իրականացման ընթացքում օգտագործելու համար, հայտարարագրվում են մաքսային հայտարարագրման պարզեցված կարգով՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան։

2. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ, ինչպես նաև փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս ժամանակավոր արտահանվող գիտական կամ առևտրային նմուշները հայտարարատուի ցանկությամբ կարող են հայտարարագրվել պարզեցված կարգով՝ գիտական կամ առևտրային նմուշները ուղարկող կազմակերպության գրավոր դիմումը որպես մաքսային հայտարարագիր ներկայացնելով: Սույն մասում նշված դիմումի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

3. Գիտական կամ առևտրային նմուշները «Ժամանակավոր արտահանման» ընթացակարգով բաց են թողնվում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ չորս ժամվա ընթացքում:

4. Մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց բաց թողնման ժամկետը կարող է կազմել մինչև մեկ աշխատանքային օր:

 

Հոդված 222.

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման սահմանափակումները

 

1. Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների կողմից կիրառվում են օրենքով նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների «Ժամանակավոր արտահանումը» չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:

 

Գ Լ ՈՒ Խ  36

 

«ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 223.

«Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներին համապատասխան։

 

Հոդված 224.

«Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ապրանքների ժամկետի երկարաձգման կարգը

 

1. Միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված ապրանքների վերաներմուծման ժամկետը կարող է գերազանցել Միության մաքսային օրենսգրքով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար սահմանված ժամկետը։

 

Հոդված 225.

Հարկերի, լրավճարների գումարների և այլ գումարների վճարումը՝ ապրանքների «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված լինելու դեպքում

 

 1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ այդ ապրանքների համար Միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ չվճարված և (կամ) վերադարձված հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների, լրավճարների կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որպես վճար ստացված այլ գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  37

 

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 226.

 «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը

 

1. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 296-րդ և 297-րդ հոդվածներին համապատասխան։

 

Հոդված 227.

Ապրանքների փոխադրման առանձնահատկությունները «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում

 

1. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների՝ Միության տարածքից արտահանումն իրականացվում է «Մաքսային տարանցում» ընթացակարգի ժամանակ իրականացվող մաքսային հսկողության ներքո՝ Միության մաքսային օրենսգրքի 32-րդ գլխով և սույն օրենքի 28-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով։

 

Հոդված 228.

Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)

 

1. Նախկինում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ ենթակետին համապատասխան, «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարված գումարները վերադարձվում (հաշվանցվում) են սույն օրենքի 17-րդ գլխով սահմանված կարգով, եթե այդ ապրանքները փաստացի արտահանվել են Միության տարածքից:

 

Գ Լ ՈՒ Խ  38

 

«ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 229.

«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը

 

1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 302-րդ և 303-րդ հոդվածներին համապատասխան։

 

Հոդված 230.

Անմաքս առևտրի խանութները

 

1. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները սահմանված են սույն օրենքի 48-րդ հոդվածով։

2. Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը պարտավոր է հաշվառում իրականացնել և հաշվետվություններ ներկայացնել այն ապրանքների մասին, որոնց նկատմամբ կիրառվել է «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը՝ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն։

3. Հայաստանի Հանրապետության տարածք Միության անդամ պետությունների անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների ներմուծման դեպքում, եթե դրանց բնաիրային և արժեքային չափերը գերազանցում են Միության օրենսդրությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ներմուծվող ապրանքների համար սահմանված բնաիրային և արժեքային չափերը, ներկայացվում է ուղևորային մաքսային հայտարարագիր՝ Միության օրենսդրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  39

 

 «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 231.

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգը

 

1. Ապրանքների նկատմամբ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 307-309-րդ հոդվածներին համապատասխան։

 

Հոդված 232.

Ապրանքների ոչնչացումը

 

1. Ապրանքների ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  40

 

«ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 233.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը

 

1. Ապրանքների նկատմամբ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 310-րդ և 311-րդ հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 234.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրելու կարգը

 

1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները հայտարարագրվում են մաքսային մարմնի թույլտվությամբ։

2. Թույլտվություն ստանալու համար հայտարարատուն գրավոր դիմում է մաքսային մարմին՝ դիմումում նշելով ապրանքների անվանումը, քանակը, արժեքը, գտնվելու վայրը, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և ապրանքներից հօգուտ պետության հրաժարվելու պատճառների համառոտ նկարագրությունը։

3. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված դիմումը և որոշում է կայացնում «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվության տրամադրման մասին կամ Միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքներից հրաժարվելու դեպքում` թույլտվության տրամադրումը մերժելու մասին։

 

Հոդված 235.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների տնօրինումը

 

1. Ապրանքներից հրաժարումը՝ հօգուտ պետության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համար չպետք է հանգեցնի այնպիսի ծախսերի, որոնք չեն կարող փոխհատուցվել ապրանքների իրացումից ստացված միջոցների հաշվին։

2. Ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը, փոխանցվում են պետական կառավարման այն մարմնին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված է դրանց իրացումը, ոչնչացումը կամ վերամշակումը կազմակերպելու համար։

 

Հոդված 236.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգ կիրառելու համար պատասխանատվությունը

 

1. Մաքսային մարմինները չեն փոխհատուցում «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց գույքային պահանջները։

 

Գ Լ ՈՒ Խ  41

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 237.

Հատուկ մաքսային ընթացակարգը

 

1. Հատուկ մաքսային ընթացակարգը կարգավորում է Միության օրենսդրությամբ սահմանված ցանկով և պայմաններով առանձին տեսակի ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխումը՝ առանց մաքսատուրքի, հարկերի վճարման և արգելքների ու սահմանափակումների կիրառման, բացառությամբ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 238.

Մաքսային հայտարարագրի ներկայացումը հատուկ մաքսային ընթացակարգ սահմանելու դեպքում

 

1. Միության օրենսդրությամբ սահմանված ցանկի համաձայն՝ առանձին տեսակի ապրանքներ տեղափոխելու դեպքում մաքսային հայտարարագրի և կից փաստաթղթերի ներկայացման դեպքերը սահմանված են Միության օրենսդրությամբ։

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

 ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  42

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 239.

Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը

 

1. Մաքսային մարմիններն իրականացնում են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն Միության մաքսային օրենսգրքի 46-րդ գլխին համապատասխան։

2. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրներում: Մաքսային մարմիններն իրավունք ունեն իրականացնելու մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջոցառումներ առանց իրավատիրոջ կողմից համապատասխան դիմումի ներկայացման:

3. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բաց թողնումը կասեցնելու խնդրանքով:

4. Կասեցման դիմումը պետք է ներառի`

1) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում` նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.

2) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող են պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.

3) ըստ սույն մասի 2-րդ կետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).

4) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.

5) հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.

6) պարտավորություն` իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն մասի 5-րդ կետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին` մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ բանկային երաշխիքի տրամադրմամբ.

7) դիմողի անվանումը և գտնվելու վայրը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը ներկայացնելիս իրավատերը պարտավոր է`

1) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.

2) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա:

6. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի: Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների` Միության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին և մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն: Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող տասներորդ օրը:

Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում:

7. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում մաքսային մարմինները տրամադրում են օժանդակություն` դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, որի մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին` այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում: Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք` օրենքով սահմանված կարգով:

9. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Հոդված 240.

Վերադաս մաքսային մարմնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, ռեեստրի վարումը և կասեցման դիմումի քննարկումը

 

1. Վերադաս մաքսային մարմինն իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրի վարումը:

2. Ռեեստրում ներառման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, ռեեստրի վարման և հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը յոթնօրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:

Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ յոթնօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է ռեեստրում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն՝ ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգել վերադաս մաքսային մարմինը:

Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված և գրավոր, որը կարող է բողոքարկվել դատական կարգով:

4. Վերադաս մաքսային մարմինը կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում գրանցում կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկվելու գործընթացը կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:

 

Հոդված 241.

Ապրանքների բաց թողնման կասեցման հետ կապված ծախսերի հատուցման ընթացակարգը

 

1. Ապրանքների բաց թողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բաց թողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

2. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի և վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 242.

Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը

 

1. Առանց խախտելու պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և ապրանքներ տեղափոխող անձին տրամադրելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար:

2. Նշված տեղեկատվությունն իրավատերը և ապրանքներ տեղափոխող անձը չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է:

3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու ապրանքներ տեղափոխող անձն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բաց թողնումը կասեցված է, վերցնել նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնել փորձաքննության:

 

Հոդված 243.

Բաց թողնման կասեցման մասին որոշումը չեղյալ համարելը

 

1. Բաց թողնման կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 332-րդ հոդվածով:

2. Ապրանքի բաց թողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները` սույն օրենքով սահմանված կարգով բաց թողնման, եթե ապրանքների բաց թողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմինը կարող է երկարաձգել տասն օրը չգերազանցող ժամկետով:

 

Հոդված 244.

Ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտների բաց թողնման կասեցումը

 

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կասեցնելու մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ տեղափոխվող ապրանքների բաց թողնումը, որոնք ներառված չեն ռեեստրներում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրականացնելիս մաքսային մարմինները իրավասու են պահանջելու իրավատիրոջից համապատասխան տեղեկատվություն:

3. Ապրանքների բաց թողնումը կասեցվում է յոթ աշխատանքային օրում: Մաքսային մարմինը կարող է երկարաձգել նշված ժամկետը տասն օրը չգերազանցող ժամկետով, եթե իրավատերը կասեցման ժամկետի երկարաձգման գրավոր դիմում է ներկայացրել մաքսային մարմին և մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում ապրանքների ներառման դիմում է ներկայացրել վերադաս մաքսային մարմին:

4. Իրավատերն իրավունք ունի մաքսային մարմնից ստանալու տեղեկատվություն ապրանքների բաց թողնման կասեցման վերաբերյալ, ինչպես նաև դրանցից վերցնելու նմուշներ և փորձանմուշներ:

5. Նախքան ապրանքների բաց թողնման կասեցման ժամկետը լրանալը ապրանքների բաց թողնման կասեցման մասին որոշումը կարող է չեղյալ համարվել, եթե իրավատիրոջ վերաբերյալ մաքսային մարմինների մոտ առկա տեղեկատվությունը չի հաստատվել, կամ իրավատերը կամ նրա ներկայացուցիչը դիմել են մաքսային մարմին ապրանքների բաց թողնման կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու խնդրանքով:

6. Մինչև ապրանքների բաց թողնման կասեցման ժամկետը լրանալը իրավատիրոջ կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունների չկատարման կամ վերադաս մաքսային մարմնի կողմից ապրանքների վերցման կամ առգրավման որոշում չկայացվելու դեպքում ապրանքների բաց թողնումն իրականացվում է Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում մտավոր սեփականության օբյեկտ պարունակող այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել են սույն հոդվածի դրույթները:

 

Հոդված 245.

Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը

 

1. Անկախ սույն օրենքի 239-րդ հոդվածի համաձայն դիմում ստանալու կամ չստանալու հանգամանքից` մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում`

1) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացահայտման որևէ անհաջողության համար.

2) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ապրանքների բաց թողնումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.

3) սույն օրենքի 240-րդ հոդվածում նշված ռեեստրում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բաց թողնման համար.

4) իրավատիրոջ կողմից սույն բաժնին համապատասխան իր պարտավորությունները չկատարելու դեպքում` ապրանքների բաց թողնման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  43

 

ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 246.

Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայումը

 

1. Վերադաս մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայման վայրերը:

2. Մաքսային մարմինները էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ համատեղ իրականացնում են խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տվյալների հսկողություն՝ կիրառելով նույնականացման միջոցներ:

3. Վերադաս մաքսային մարմինը էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ համատեղ կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների քանակի որոշման կարգ:

 

Հոդված 247.

Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 47-րդ գլխի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններ:

Գ Լ ՈՒ Խ  44

 

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 248.

Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների, ինչպես նաև պաշարների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխումը

 

1. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի համաձայն:

2. Պաշարների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  45

 

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 249.

Միջազգային փոստային առաքումներով ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը

 

1. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխի և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի համաձայն:

2. Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացվում են միջազգային փոստափոխանակման վայրերում կամ վերադաս մաքսային մարմնի սահմանած այլ վայրերում:

3. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 49-րդ գլխին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին և սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններին համապատասխան:

4. Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով.

1) 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.

2) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը.

3) 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:

Սույն մասի 2-րդ կետով սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի դրական տարբերության նկատմամբ:

5. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` մաքսատուրքի դրույքաչափը:

6. Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

7. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով կամ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է մաքսային վճարների վճարում միասնական դրույքաչափով, ապա դրանց վճարումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից տրվող մուտքի օրդերի հիման վրա, որի ձևը և լրացման կարգը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

8. Այն դեպքերում, երբ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է հարկերի վճարում առանձին հարկատեսակների մասին օրենքներին համապատասխան, ապա հարկերի վճարումն իրականացվում է համապատասխան օրենքներով նախատեսված կարգով՝ ներմուծման հարկային հայտարարագրի հիման վրա:

9. Վերադաս մաքսային մարմինն ապահովում է ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման կանոնների մասին տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում՝ տրանսպորտային և զբոսաշրջային կազմակերպություններում հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով կազմված տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման վայրերում ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ցուցանակների տեղադրման միջոցով:

10. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված չափերը չեն ներառում մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքը, որոնց բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրերը:

11. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

13. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ հարկադիր տեղահանվածների և փախստականների, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակվելու հանգամանքը հաշվի չի առնվում:

14. Սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի:

15. Սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 181 օր և ավելի:

16. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է մաքսային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից մաքսային մարմնին պաշտոնապես տրամադրած` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:

17. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածների կամ փախստականների, անձնական օգտագործման գույքը կարող է ներմուծվել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում:

18. Հայաստանի Հանրապետության հաշվառում չունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը:

19. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելիս Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում մաքսային մարմին գրավոր դիմելու օրը:

20. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:

21. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:

22. Հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, անկախ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու հանգամանքից, կարող են մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:

23. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, սույն հոդվածով սահմանված արտոնության կիրառման կարգը և լիազոր մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

24. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների:

Սույն մասով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(249-րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 250.

Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաների գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում

 

1. Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրենց անձնական ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող և ավտոմեքենայի հաշվառման փաստաթղթերը, որի հիման վրա մաքսային մարմինը ավտոմատ հայտարարագրման համակարգում հաշվառում է դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

2. Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված ավտոմեքենաները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից, և նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներքին սպառման նպատակով ներմուծելու համար:

 

Հոդված 251.

Օտարերկրյա առանձին անձանց կողմից ապրանքների տեղափոխումը

 

1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, դրանց անձնակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխելու համար Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով նախատեսված պայմաններից ավելի արտոնյալ պայմաններ սահմանված լինելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված պայմանները:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների տեղափոխման համար արտոնությունները սահմանված են Միության մաքսային օրենսդրությամբ և անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պատկանող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային մարմին տվյալ կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից ստորագրված գրավոր դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումը ներկայացվում է երկու օրինակից և պարունակում է տեղեկատվություն ապրանքներն ուղարկողի և ստացողի անվան, գտնվելու վայրի, ապրանքի բնութագրի, քանակի (քաշի, ծավալի) վերաբերյալ:

5. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.

2) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը:

6. Ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև անձի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ լիազորագիր:

 

գ լ ու խ  46

 

մաքսանենգությունը, նախաքննությունը, հետաքննությունը եվ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

 

Հոդված 252.

Մաքսանենգությունը

 

1. Մաքսանենգություն է համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաև, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների՝ Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:

2. Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

(252-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 253.

Մաքսային մարմինները՝ որպես հետաքննության և նախաքննության մարմիններ

 

1. Մաքսային մարմինները համարվում են հետաքննության և նախաքննության մարմիններ` մաքսանենգության գործերով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այն հանցագործությունների գործերով, որոնց հետաքննության և նախաքննության վարույթի իրականացումը մտնում է մաքսային մարմինների լիազորությունների մեջ:

 

Հոդված 254.

Մաքսային մարմինների՝ հետաքննության և նախաքննության վարույթ իրականացնելը

 

1. Մաքսանենգության և մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների հատկանիշների դեպքերում հետաքննության և նախաքննության վարույթն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Մաքսային մարմինը քրեական գործ է հարուցում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ` իրավախախտման հետքերը բացահայտելու ու ամրապնդելու և իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով:

(254-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 255.

Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

 

1. Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Հոդված 256.

Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները

 

1. Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածությանը համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:

2. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

3. «Վերահսկելի մատակարարման» մեթոդը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերցման` օրենքով սահմանված դեպքերում:

 

Հոդված 257.

«Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը

 

1. Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարանները բռնագրավել են այն հանցագործությունների գործերով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «վերահսկելի մատակարարման» մեթոդը, ինչպես նաև ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջև, որոնց մաքսային և այլ իրավասու մարմինները մասնակցել են այդ մեթոդի կիրառմանը` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների և օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջև եղած պայմանավորվածության համաձայն:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  47

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 258.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ օրենքի 259-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգիրքը, բացառությամբ սույն օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների:

 

Հոդված 259.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքով սահմանված`

1) մաքսային ներկայացուցիչներին, մաքսային պահեստներում պահպանություն իրականացնող անձանց և անմաքս առևտրի խանութներ հիմնադրողներին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո:

Մինչև մաքսային ներկայացուցիչներին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելը մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման որևէ տեսակ, առնվազն՝

ա. 150 մլն դրամի չափով` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը իրականացվող գործունեության համար,

բ. 300 մլն դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 18-րդ ամիսը լրանալը.

2) մաքսային փոխադրողներին և լիազորված տնտեսական օպերատորներին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:

2. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 7-9-րդ գլուխները, 10-րդ գլուխը` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումներից տարբերվող կարգավորումների մասով, շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամիս:

3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 11.1-ին և 11-րդ գլուխները շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս:

4. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 13-րդ բաժինը շարունակում է գործել մինչև մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության և մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները սահմանող՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմնի տված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ավարտը և հավասարեցվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականներին:

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված՝ մաքսային օրենսդրությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել Միության մաքսային օրենսգրքով, Միության իրավանորմատիվային հիմքը կազմող այլ իրավական ակտերով, սույն օրենքով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված դրույթներին համապատասխանող և չհակասող մասով մինչև դրանց ուժը կորցրած ճանաչելը կամ ամբողջական համապատասխանեցումը Միության մաքսային օրենսդրությանը:

7. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին մասը շարունակում է գործել` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդներին վերաբերող մասով մինչև ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի՝ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը:

8. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթները, Պայմանագրի 1-ին հավելվածով նախատեսված միջազգային այլ պայմանագրերի առանձին դրույթները, ինչպես նաև սույն օրենքի դրույթները գործում են Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին և անցումային դրույթներին ու Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված՝ ապրանքների նկատմամբ Միության միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածություններին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-241-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան