Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-140-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.19/76(1256) Հոդ.972
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին

 

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «Հայաստանում բնակվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն ապագա երեխայի կենսաբանական ծնողը:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`

1) առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական հակացուցումներից որևիցե մեկը կամ

2) նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.

«14. Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ՝

1) ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը, և

2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

15. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 12

Երևան

ՀՕ-140-Ն