Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-42-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.08.2016-23.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները, երկակի նշանակության ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները, երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ փոխանցող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) երկակի նշանակության ապրանքներ (այսուհետ` հսկվող ապրանքներ)՝ յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.

2) երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ (այսուհետ` հսկվող ոչ նյութական արժեքներ)` ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: Սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման համար անձը ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել, որ դրանք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.

3) զանգվածային ոչնչացման զենք՝ միջուկային, քիմիական և կենսաբանական զենք.

4) փոխադրման միջոցներ՝ հրթիռներ և հեռակառավարվող թռչող սարքեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման համար.

5) հսկվող ապրանքների արտահանում` հսկվող ապրանքների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.

6) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով հսկվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը.

7) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում` հսկվող ոչ նյութական արժեքների բանավոր, գրավոր, էլեկտրոնային հաղորդակցության կամ հեռահաղորդակցության համակարգի միջոցներով հաղորդումը, տրամադրումը, ինչպես նաև որևէ այլ ձևով մատչելի դարձնելը այլ անձանց Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս.

8) շրջանառության հսկողություն` սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ կիրառվող միջոցառումների համակարգ, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը.

9) վերջնական օգտագործող՝ օտարերկրյա պետություն, օտարերկրյա պետության իրավաբանական և ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող հսկվող ապրանքի, ինչպես նաև հսկվող ոչ նյութական արժեքների իրական օգտագործողն է.

10) վերջնական օգտագործում` վերջնական օգտագործողի կողմից հսկվող ապրանքի և հսկվող ոչ նյութական արժեքների կիրառում` հայտարարագրված նպատակին համապատասխան.

11) վերջնական օգտագործողի հավաստագիր` հսկվող ապրանքներ և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքներ ստացող պետության կամ այդ պետության անձի (իրավաբանական կամ ֆիզիկական) անվանման, դրա գտնվելու և գործունեության վայրի մասին, արտահանվող հսկվող ապրանքների կամ փոխանցվող հսկվող ոչ նյութական արժեքների նկարագրի մասին, այդ ապրանքների, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքների վերջնական օգտագործման նպատակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որը նաև հավաստում է, որ նշված ապրանքները և (կամ) տեղեկատվությունը չեն փոխանցվի որևէ երրորդ երկիր կամ անձի կամ չեն օգտագործվի հայտարարագրված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի պետական կառավարման մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված համաձայնության: Վերջնական օգտագործողի հավաստագիրը ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում հաստատում է վերջնական օգտագործողի երկրի իրավասու պետական կառավարման մարմինը.

12) համապատասխանության ներկազմակերպական ծրագիր` կազմակերպչական, վարչական, տեղեկատվական և այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են արտահանող սուբյեկտները շրջանառության հսկողության կանոնները պահպանելու նպատակով.

13) պատշաճ կերպով տեղեկացում՝ տեղեկացումը համարվում է պատշաճ կերպով կատարված, եթե այն ուղարկվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ դիմումատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմումատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել է ստացականով (այսուհետ` պատշաճ կերպով):

(2-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 3.

Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և այլ օրենսդրական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4.

Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Շրջանառության հսկողության ոլորտում իրականացվող Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը նրա ներքին և արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է:

2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվության կարգի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ ծանուցման կարգի կիրառումը.

2) շրջանառության հսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրապարակայնության և տեղեկատվության մատչելիության ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի առաջնայնությունը.

4) միջազգային նորմերին և պրակտիկային շրջանառության հսկողության մեթոդների և ընթացակարգերի համապատասխանեցումն ու ներդաշնակեցումը.

5) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

 

Հոդված 5.

Շրջանառության հսկողության նպատակները

 

 1. Շրջանառության հսկողության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը.

2) Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը:

 

Հոդված 6.

Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը

 

1. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.1.

2. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որևէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունները:

3.

(հոդվածը 03.10.23 ՀՕ-308-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը)

(03.10.23 ՀՕ-308-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7.

Շրջանառության հսկողություն իրականացնող մարմինը

 

 1. Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է շրջանառության հսկողության պետական կառավարման լիազոր մարմնի միջոցով (այսուհետ` լիազոր մարմին), որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Շրջանառության հսկողության ոլորտում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման հարցերը համաձայնեցնում է շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը, թույլտվությունների գործողության կասեցումը և դադարեցումը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակների տրամադրումը.

2) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ համապատասխան սուբյեկտի ծանուցումների ընդունումը և օրենքով սահմանված դեպքերում տարանցիկ փոխադրման արգելումը.

3) շրջանառության հսկողության զարգացման և կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.

4) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-122-Ն)

5) հսկվող ապրանքների արտահանում, տարանցիկ փոխադրում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստուգումների անցկացումը.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ներմուծող երկրում ստուգումների իրականացումը` կապված արտահանվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հետ.

7) շրջանառության հսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցությունը.

8) շրջանառության հսկողության նպատակների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հսկվող ապրանքների արտահանում և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկություններ, գրավոր և բանավոր բացատրություններ պահանջելը և ստանալը:

(7-րդ հոդվածը  լրաց., փոփ. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 8.

Շրջանառության հսկողության համար անհրաժեշտ համապատասխանության ներկազմակերպական ծրագիրը

 

1. Հսկվող ապրանքների արտահանում և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ շրջանառության հսկողությանը վերաբերող օրենսդրության պահանջներին իրենց գործունեության համապատասխանությունն ապահովվում է սուբյեկտների ներդրած համապատասխանության ներկազմակերպական ծրագրի միջոցով:

2. Համապատասխանության ներկազմակերպական ծրագրի կազմակերպման եղանակների և դրա գործածության հետ կապված հարցերով լիազոր մարմինը յուրաքանչյուր արտահանող սուբյեկտին ցուցաբերում է տեղեկատվական-մեթոդական աջակցություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 9.

Հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման հիմքերը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանումը և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա:

2. Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձին և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու մեկ հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով: Մեկանգամյա թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ փոխանցման միայն մեկ գործողություն:

3. Անհատական թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Անհատական թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

4. Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու ապրանքային դիրքերով առանձնացված հսկվող ապրանքների արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում հայտարարված մի քանի վերջնական օգտագործողների: Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

5. Թույլտվությունների հիման վրա արտահանում և (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը պահպանել հինգ տարի ժամկետով: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա: Արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը չպահպանելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

7. Թույլտվությունների հիման վրա արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինները լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ծածկագրերի, քանակի, արտահանողի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի, ստացող երկրի, արտահանված ապրանքը և (կամ) փոխանցված արժեքն ստացողի (օտարերկրյա հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և գտնվելու վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) վերաբերյալ:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 10.

Հսկվող ապրանքների արտահանման և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրումը

(վերնագիրը լրաց. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

1. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար նշված ապրանքները արտահանող և (կամ) ոչ նյութական արժեքներ փոխանցող անձը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեություն իրականացնելու վայրերը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հայցվող թույլտվության տեսակը և ժամկետը, պետական գրանցման կամ հաշվառման համարը.

2) (կետն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-180-Ն)

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերության պահանջներին համապատասխանող վերջնական օգտագործողի հավաստագիրը.

4) արտահանման ենթակա հսկվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների տեխնիկական նկարագրերը.

5) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի պատճենը.

6) ապրանքի, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքի հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին պատկանելության վերաբերյալ արտահանող սուբյեկտի գրավոր հայտարարագիրը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փորձագիտական եզրակացությունը.

7) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-122-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակության մեկնող անձանց վրա:

3. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով:

4. Թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվություն ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ վճարելով թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման համար սահմանված պետական տուրքը: Լիազոր մարմինը թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տրամադրում է թույլտվություն ստացած անձի կողմից դիմումը ներկայացվելուց և պետական տուրքը վճարվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման մասին որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

6. Դիմումատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին, և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը:

8. Թույլտվությունը կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակն ուժի մեջ է մտնում թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո, իսկ դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.09.12 ՀՕ-180-Ն, 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 11.

Դիմումի մերժումը, թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը

 

1. Դիմումի մերժման հիմքերն են՝

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.

3) արտահանման կամ փոխանցման նախատեսվող գործողությունների և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև հակասությունների առկայությունը:

2. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և փաստաթղթերը թերի լինելու դեպքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած անձի կողմից փաստաթղթերի թերությունների վերացումը: Թույլտվություն ստանալու դիմումը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով մերժվելու կամ դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:

3. Լիազոր մարմնի կողմից թույլտվության գործողությունը կասեցվում է, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պայմաններում հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև կարող են ծագել հակասություններ: Թույլտվության գործողության կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին: Թույլտվության կասեցումը չի կարող տևել 30 օրացուցային օրից ավելի: Նշված ժամկետը լրանալուց հետո լիազոր մարմնի կողմից թույլտվության դադարեցման մասին ծանուցում չստանալու դեպքում արտահանող կամ փոխանցող սուբյեկտը իրավունք է ստանում շարունակելու արտահանման կամ փոխանցման գործողությունները:

4. Լիազոր մարմինը թույլտվության գործողությունը դադարեցնում է`

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի դիմումի հիման վրա.

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի լուծարման կամ մահվան դեպքում.

3) եթե պարզվել է, որ թույլտվությունն ստանալիս անձը ներկայացրել է կեղծ կամ թերի փաստաթղթեր.

4) եթե կասեցման հիմք համարվող հանգամանքների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև առկա են հակասություններ.

5) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի կողմից շրջանառության հսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում:

5. Սույն հոդվածով սահմանված թույլտվության կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ մտնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին` նշելով համապատասխան հիմքերը:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 12.

Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը

 

1. Հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվում հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 25 աշխատանքային օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը.

2) փոխադրման միջոցը.

3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).

4) երթուղին.

5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը.

6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:

2. Ծանուցմանը կցվում են արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության և վերջնական օգտագործողի հավաստագրի պատճենները, եթե դրանք նախատեսված են արտահանող և ներմուծող երկրների կողմից:

3. Լիազոր մարմինը ծանուցում ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում շահագրգիռ պետական կառավարման մարմիններին՝ կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները և փաստաթղթերը:

4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին և արգելում է տարանցիկ փոխադրումը: Լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո, դրական դիրքորոշում ունենալու դեպքում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին: Այն դեպքում, երբ ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ, լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում արգելում է տարանցիկ փոխադրումը և տարանցիկ փոխադրում իրականացնող անձին տեղեկացնում է դրա մասին՝ նշելով արգելման պատճառը:

Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը տարանցիկ փոխադրումը թույլատրելու մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման կայացման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 13.

Հայաստանի Հանրապետությունից արտահանված հսկվող ապրանքների մաքսային ռեժիմի փոփոխությունը կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգումը

 

1. Հայաստանի Հանրապետությունից արտահանված հսկվող ապրանքների մաքսային ռեժիմի փոփոխությունը կամ ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգումն իրականացվում է սույն օրենքով սահմանված արտահանման ընդհանուր ընթացակարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14.

Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

 

1. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ուղղված է`

1) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը՝ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների և ստեղծման տեխնոլոգիաների տարածման կանխարգելմանը.

2) միջազգային հարաբերությունների կայուն և անվտանգ համակարգի ձևավորմանը նպաստելուն.

3) շրջանառության հսկողության միջազգային և ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, շրջանառության հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը:

2. Շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների սկզբունքներին համապատասխան և միջազգային համաժողովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների և խորհրդատվությունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հիմունքներով համատեղ ծրագրերի և այլ միջոցառումների անցկացմամբ:

3. Հայաստանի Հանրապետության շրջանառության հսկողության բնագավառում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:

4. Շրջանառության հսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է շրջանառության հսկողության բնագավառում հասարակական միավորումների և օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15.

Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

1. Շրջանառության հսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-7-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. ապրիլի 27

Երևան

ՀՕ-42-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2023, ՀՕ-308-Ն 23.11.2023, ՀՕ-42-Ն
29.06.2016, ՀՕ-122-Ն 06.08.2016, ՀՕ-42-Ն
11.09.2012, ՀՕ-180-Ն 11.10.2012, ՀՕ-42-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան