Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.712
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 78-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 78. Ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման վճարները

 

Ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին:

Հայտատուն սույն հոդվածով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձևակերպված թույլտվությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

Թույլտվությունը, ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձևակերպված թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության, ժամկետը երկարաձգված թույլտվության, վերաձևակերպված թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության, ժամկետը երկարաձգված թույլտվության, վերաձևակերպված թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-128-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան