ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 416.1-ին և 416.2-րդ հոդվածներով.
«Հոդված 416.1. |
Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը |
1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջև ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:
2. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`
1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.
2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին.
3) ընտրել և փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:
Հոդված 416.2. |
Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի պատասխանատվության հիմքերը |
1. Երրորդ անձանց համար պայմանագրեր կնքելու կամ կատարելու հարթակ ծառայող ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի շահագործողը (էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողը) երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի ու երրորդ անձի միջև կնքված պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողն էլեկտրոնային առևտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ այն մուտք է գործում հասցեատիրոջ կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ հայտնաբերել է հասցեատերը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:»:
Հոդված 4. Օրենսգրքի 452-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերենտն ու ակցեպտանտն ունեն օֆերտայում կամ ակցեպտում իրենց վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ճշտման իրավունք, պայմանով, որ այն իրականացվի վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից անհապաղ, և մյուս կողմը չի ձեռնարկել պայմանագրի կատարմանն ուղղված գործողություն (ապրանքներ բեռնել, աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել, վճարում կատարել և այլն), որը հանգեցրել է ծախսերի»:
Հոդված 5. Օրենսգրքի 454-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 517-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 517. |
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը |
1. Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
2. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 518-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել «, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը» բառերով:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 780.1-ին հոդվածով.
«Հոդված 780.1. | Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների առանձնահատկությունները |
1. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:
2. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը և պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում և դրա ավարտից հետո՝ առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի հետ կնքված պայմանագրով:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 7 Երևան ՀՕ-115-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|