Basic information
Number
ՆՀ-405
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (28.12.1994-15.05.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1994/23-24 (1075-1076) դեկտեմբեր,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
28.12.1994
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.12.1994
Effective date
28.12.1994
Interrupt date
15.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով,

որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներսում ստեղծվել և գործել է զինվորական կառուցվածքով ու ճյուղավորված ցանցով գաղտնի հետախուզական ծառայություն,

որ այդ ծառայությունը Հայաստանում զբաղվել է հանրապետական ազգային անվտանգությանն առնչվող ռազմական և տնտեսական բնույթի հետախուզական աշխատանքով,

որ մասնակցել է միջազգային թմրաբիզնեսի Բեյրութ-Երևան-Մոսկվա- այլ երկրներ երթուղու մշակմանն ու գործադրմանը,

որ ստեղծել է անօրինական տնտեսական կառույցներ և զբաղվել դրամաշորթությամբ (ռեկետ),

որ կազմավորել է մարտական խմբեր և նրանց միջոցով իրականացրել բացահայտված քաղաքական սպանություններ ու ծրագրել մի շարք այլ ահաբեկչական գործողություններ,

որ իր ընդհատակյա գործունեության ընթացքում օգտագործել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և նրա դուստր կազմակերպությունների` «Համազգային հայ կրթական և մշակութային միության», «Հայ օգնության խաչի», «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» և «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» պաշտոնական կառույցները,

որ գաղտնի ծառայությունն ստեղծվել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բարձրագույն մարմնի` Բյուրոյի որոշմամբ և գործել Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի գիտությամբ,

որոշում եմ.

Նշված ծառայության հետագա հնարավոր անօրինական գործողությունները կանխելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես, մինչև օրենքով սահմանված կարգով հարցի լուծումը, դադարեցնել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

28 դեկտեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան 
ՆՀ-405