ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1. Ազգային ժողովի ընտրության ժամանակ կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից.»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. |
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բացառիկ իրավունքները |
1. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:
2. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության, կուսակցության դաշինքների մշտական գործող ղեկավար մարմինների նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:
3. Կուսակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. մայիսի 28 Երևան ՀՕ-62-Ն |