Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-26-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/23(1203) Հոդ.140
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի փետրվարի 3-ին

 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

 

«22) նպատակային ուսուցում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երրորդ պարբերությունները «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. փետրվարի 23

Երևան

ՀՕ-26-Ն