Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.17
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-ին հոդվածի վերնագիրը «կանոնադրություններին» բառից հետո լրացնել «և ներքին իրավական ակտերին» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Վարկային կազմակերպությունները պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) վարկային կազմակերպության կողմից հաճախորդին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.

բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.

գ) վարկային կազմակերպության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը).

դ) հաճախորդների անձնական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կանոնները.

ե) հրապարակման ենթակա տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հրապարակման կարգը:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված վարկային կազմակերպության գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Վարկային կազմակերպությունները պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն հոդվածով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 9.1-ին հոդվածում լրացվող վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-15-Ն