ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային տեղեկատվության հավաքման, մշակման, ձևավորման, պահպանման, օգտագործման կարգը և պայմանները, վարկային բյուրոների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ կարգավորման և վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև վարկային տեղեկատվության և վարկային բյուրոյի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. | Վարկային բյուրոների գործունեության իրավական կարգավորումը |
1. Վարկային բյուրոների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով և իրավական այլ ակտերով:
2. Վարկային բյուրոների վրա տարածվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) վարկային բյուրո՝ բաժնետիրական ընկերություն, որն իրավունք ունի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնելու վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն.
2) վարկային տեղեկատվության սուբյեկտ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի վերաբերյալ հավաքվում է վարկային տեղեկատվություն, մշակվում, ձևավորվում և պահպանվում է վարկային պատմություն, կամ որի վերաբերյալ վարկային բյուրոյից վարկային պատմության մասին հարցում է կատարվում.
3) տվյալ՝ վարկային տեղեկատվության սուբյեկտին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել կամ բնութագրել վարկային տեղեկատվության սուբյեկտին.
4) տվյալների բազա՝ որոշակի տեխնիկական և էլեկտրոնային չափանիշներով օժտված համակարգ, որտեղ հավաքվում է վարկային տեղեկատվությունը, դրա համար անհրաժեշտ այլ տվյալներ, և որտեղ մշակվում, ձևավորվում, պահպանվում են վարկային պատմությունները.
5) վարկային պատմություն` վարկային բյուրոյի ձևավորած և (կամ) մշակած վարկային տեղեկատվության դինամիկան.
6) տեղեկատվություն տրամադրողներ` քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ, որը, սույն օրենքի համաձայն, վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային տեղեկատվություն է տրամադրում վարկային բյուրոյին.
7) հանրային տվյալների բազա՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տվյալների բազա:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. | Վարկային բյուրոյի գործունեությունը բնութագրող բառերի օգտագործումը |
1. Սույն օրենքով նախատեսված վարկային բյուրոյի գործունեությունը բնութագրող բառերը կամ դրանց թարգմանություններն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն վարկային բյուրոյի գործունեության լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
Հոդված 5. | Վարկային բյուրոների լիցենզավորումը, լիցենզիայի մերժումը |
1. Վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու համար ընկերությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է ստանա վարկային բյուրոյի գործունեության լիցենզիա:
2. Վարկային բյուրոյի լիցենզավորման համար ընկերությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինի որպես բաժնետիրական ընկերություն.
2) ընկերության կանոնադրական կապիտալի չափը լինի առնվազն երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող քվեարկելու իրավունքով տիրապետել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 (քսան) տոկոսից ավելին: Ընդ որում, սույն օրենքի իմաստով` փոխկապակցված են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով այդպիսիք ճանաչված անձինք.
4) բավարարի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով վարկային բյուրոյի համար սահմանված տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները.
5) ընկերության ղեկավարները բավարարեն սույն օրենքի 10-րդ հոդվածով վարկային բյուրոյի ղեկավարների համար սահմանված պահանջները:
3. Վարկային բյուրոյի լիցենզավորման համար ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները հավաստող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
4. Կենտրոնական բանկը սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից լիցենզավորում է ընկերությանը 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով` թերի ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում համալրելու, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից որոշակի տեղեկություններ կամ փաստաթղթեր պարզելու կամ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում լիցենզիայի տրամադրման մերժման կամ լիցենզիայի տրամադրման վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ վարկային բյուրոն լիցենզավորված՝ պետական տուրքը վճարելուց հետո:
5. Կենտրոնական բանկը մերժում է վարկային բյուրոյի լիցենզավորումը, եթե՝
1) չեն ներկայացվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները.
2) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կեղծ են, թերի կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
3) Կենտրոնական բանկի իրականացրած ստուգումների հետևանքով պարզվել է, որ ընկերությունը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վարկային բյուրոյին, նրա հիմնադիրներին (մասնակիցներին), վարկային բյուրոյի ղեկավարներին ներկայացվող պահանջներին:
Սույն մասի իմաստով փաստաթղթերը և տեղեկությունները թերի են համարվում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում դրանց չներկայացնելու դեպքում:
(5-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն)
Հոդված 6. | Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան |
1. Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան անժամկետ է:
2. Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:
3. Վարկային բյուրոյի լիցենզիայի միասնական ձևը և դրանում ներառվող տեղեկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
5. Լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
6. Կենտրոնական բանկը հրապարակում է լիցենզավորված վարկային բյուրոների ցանկը, որը ներառում է վարկային բյուրոյի անվանումը, գործունեության վայրը, Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի համարը, լիցենզիայի տրման տարին, ամիսը, ամսաթիվը:
Հոդված 7. | Վարկային բյուրոյի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը |
1. Վարկային բյուրոյի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 8. | Վարկային բյուրոյի գործունեությունը |
1. Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է իրականացնել վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ վարկային տեղեկատվության սուբյեկտի տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:
2. Վարկային բյուրոն կարող է իրականացնել նաև հետևյալ լրացուցիչ գործառույթները՝
1) հաճախորդներին մատուցել խորհրդատվական ծառայություններ` կապված վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, մշակման, վարկային պատմությունների ձևավորման, պահպանման և տրամադրման հետ.
2) տվյալների բազայում առկա տեղեկատվության մշակման արդյունքում մատուցել այլ ծառայություններ.
3) նախագծել և վաճառել վարկային տեղեկատվության և այլ տվյալների հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման ծրագրային ապահովման միջոցներ:
3. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել վարկային բյուրոներին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություն, եթե դրանց իրականացումը կապված է իրենց գործունեության հետ կամ բխում է իրենց գործունեությունից:
4. Վարկային բյուրոն չի կարող իրականացնել սույն օրենքով և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ Կենտրոնական բանկի իրավական ակտերով չնախատեսված այլ գործունեություն:
Հոդված 9. | Վարկային բյուրոյի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները |
1. Վարկային բյուրոն Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու դեպքում պարտավոր է դրանք բացելուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Հոդված 10. | Վարկային բյուրոյի ղեկավարները |
1. Վարկային բյուրոյի ղեկավարներ են համարվում վարկային բյուրոյի խորհրդի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգող հանձնաժողովի ղեկավարը, նրա անդամները, վարկային բյուրոյի տնօրինության անդամները:
2. Վարկային բյուրոյի ղեկավար չեն կարող լինել՝
1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
2) դատարանի կողմից ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
3) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
4) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես վարկային բյուրոյի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել վարկային բյուրոյի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել վարկային բյուրոյի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
5) օրենքով սահմանված այլ դեպքերում:
Հոդված 11. | Վարկային տեղեկատվությունը |
1. Վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
2. Վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների ցանկը սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն տրամադրողի միջև կնքված պայմանագրով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների նվազագույն ցանկը կարող է սահմանվել նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար վարկային բյուրոյին համապատասխան պատասխանատու մարմինը պարտավոր է տվյալներ տրամադրել նաև հանրային տվյալների բազաներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը:
4. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ վարկային բյուրոյի տրամադրելու դեպքում տվյալ վարկային բյուրոն պարտավոր է այդ տեղեկատվությունն ստանալու պահից երկու օրվա ընթացքում դրանք տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ վարկային բյուրոներին:
5. Վարկային բյուրոն չի կարող հավաքել և տրամադրել տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին: Վարկային բյուրոն չի կարող հավաքել սուբյեկտիվ դատողությունների հիման վրա տվյալներ, ինչպես նաև բանավոր ձևով վարկային բյուրոյին փոխանցված տվյալները:
6. Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում`
1) տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում.
2) վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
(11-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն)
Հոդված 12. | Վարկային զեկույցների օգտագործման թույլատրելի նպատակը և վարկային բյուրոյի հաճախորդները |
1. Վարկային բյուրոները կարող են տրամադրել վարկային զեկույցներ միայն հնարավոր կամ փաստացի այն պարտատերերին կամ վարկային բյուրոյի հաճախորդներին, որոնց գործունեության բնույթը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակներին, և որոնց հետ հավաստի վարկային տեղեկատվության ստացման և վարկային զեկույցների տրամադրման համար հաստատվել է շարունակական հիմունքներով վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության տրամադրման և վարկային բյուրոյից վարկային զեկույցների ստացման պայմանագրային հարաբերություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
2. Վարկային զեկույցների օգտագործման թույլատրելի նպատակներն են՝
1) դրամական պարտավորություններ առաջացնող հարաբերությունների մեջ մտնելը կամ այդ հարաբերությունները երկարաձգելը.
2) անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելը.
3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում նախկինում ստացված վարկային զեկույցի տեղեկատվությունը թարմացնելը:
3. Վարկային բյուրոները, առանց սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրի, կարող են վարկային զեկույցներ տրամադրել միայն գործատուներին սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նպատակով, ինչպես նաև վարկային տեղեկատվության սուբյեկտներին՝ անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակներից:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վարկային բյուրոներին իրենց բոլոր հաճախորդների վերաբերյալ վարկային տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, այդ թվում՝ օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները: Նշված սուբյեկտների կողմից վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները կարող են սահմանվել վարկային բյուրոների և նշված սուբյեկտների միջև կնքված պայմանագրով:
5. Տեղեկատվություն տրամադրողների կողմից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալները պետք է լինեն ճիշտ և ամբողջական (ոչ թերի):
(12-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն)
Հոդված 13. | Տվյալների գաղտնիության պահպանումը |
1. Վարկային բյուրոները վարկային տեղեկատվության սուբյեկտի առջև օրենքով սահմանված կարգով կրում են ֆիդուցիար պարտականություն վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմության մշակման, ձևավորման, պահպանման ու տրամադրման համար և պետք է ապահովեն տվյալների գաղտնիությունը:
2. Տեղեկատվության տրամադրողների և այլ անձանց կողմից վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության կամ այլ տվյալների տրամադրման համար վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում, և այդպիսի տվյալների տրամադրումը վարկային բյուրոներին չի համարվում բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի տրամադրում կամ հրապարակում, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունների:
3. Տեղեկատվություն տրամադրողները պարտավոր են իրենց հաճախորդների (հնարավոր հաճախորդների) հետ պայմանագիր կնքելիս նրանց գրավոր ձևով տեղեկացնել վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության տրամադրման կամ հնարավոր տրամադրման մասին:
4. Վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունը և այլ տվյալները չպետք է բացահայտվեն, հասանելի դառնան կամ օգտագործվեն այլ նպատակներով, քան նախատեսված է սույն օրենքով:
5. Վարկային բյուրոն պետք է ձեռնարկի բոլոր միջոցները պաշտպանելու տվյալների բազան ոչնչացումից, տվյալների խեղաթյուրումից, բացահայտումից և տվյալների բազա չթույլատրված մուտքից: Վարկային բյուրոն պետք է իրականացնի Կենտրոնական բանկի սահմանած տեխնիկական, տարածքային, ծրագրային հագեցվածության, անվտանգության պահանջները:
6. Վարկային բյուրոն պարտավոր է առնվազն տարին մեկ հրավիրել մասնագիտացված փորձագետի` անցկացնելու անկախ մասնագիտացված փորձաքննություն, ստուգելու այլ անձանց ներթափանցելու հնարավորությունը տվյալների բազա և վարկային բյուրոյի տեխնիկական ապահովվածությունը և դրանց իրականացման մեխանիզմները: Փորձաքննության եզրակացությունը պետք է տրամադրվի Կենտրոնական բանկին այն ստանալու պահից 10-օրյա ժամկետում:
Հոդված 14. | Վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվության բացահայտման արգելքը |
1. Վարկային բյուրոները երաշխավորում են վարկային բյուրոյի կողմից տիրապետվող վարկային տեղեկատվության գաղտնիության պահպանումը, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վարկային բյուրոները պարտավոր են տեղեկություններ տրամադրել Կենտրոնական բանկին:
2. Վարկային բյուրոյին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ վարկային բյուրոյի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվություն և այլ տվյալներ բացահայտելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողություններից կամ անգործությունից, վարկային տեղեկատվության հրապարակում չի համարվում:
3. Վարկային բյուրոյի աշխատակիցներին, ղեկավարներին, նախկինում վարկային բյուրոյի ղեկավար կամ աշխատակից հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք վարկային բյուրոյին ծառայություններ են մատուցում կամ մատուցել են, աշխատանքներ են կատարում կամ կատարել են նախկինում, արգելվում է ծառայության մատուցման կամ աշխատանքի կատարման կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած վարկային տեղեկատվությունը հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:
4. Վարկային բյուրոյի կողմից տիրապետվող տվյալների հետ չեն կարող առնչվել կամ դրանք չեն կարող պահանջել վարկային բյուրոյի բաժնետերերը` որպես բաժնետերեր, և խորհրդի անդամները` որպես խորհրդի անդամներ:
5. Վարկային բյուրոյի կողմից տիրապետվող վարկային տեղեկատվություն ապօրինի հրապարակելը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի մուտք գործելը կամ թափանցելը կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ստանալը համարվում է վարկային տեղեկատվության ապօրինի հրապարակում և ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան:
Հոդված 15. | Վարկային զեկույցները և այլ ծառայություններ |
1. Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի վարկային պատմություն: Վարկային բյուրոյի կողմից վարկային պատմությունը տրամադրվում է վարկային զեկույցների ձևով:
2. Վարկային բյուրոն տվյալների բազայում առկա վարկային տեղեկատվության մշակման արդյունքում կարող է մատուցել այլ ծառայություններ: Վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների վրա տարածվում են վարկային զեկույցների իրավական ռեժիմը կարգավորող սույն օրենքով սահմանված դրույթները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցների տրամադրման և այլ ծառայությունների մատուցման կարգը և պայմանները սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն ստացողների միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև վարկային բյուրոյի ներքին իրավական ակտերով:
4. Վարկային բյուրոյին վարկային զեկույցների հարցումները և վարկային զեկույցների տրամադրումը, ինչպես նաև վարկային բյուրոյի կողմից այլ ծառայությունների մատուցումը հաշվառում է վարկային բյուրոն: Հաշվառման կարգը սահմանում է վարկային բյուրոն:
Հոդված 16. | Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը |
1. Վարկային զեկույցների և վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների ստացումը վարկային բյուրոյից իրականացվում է վարկային տեղեկատվության սուբյեկտի գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) համաձայնությամբ:
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պետք է լինի հստակ: Համաձայնության մեջ պետք է առկա լինի վարկային տեղեկատվություն ստացողի անվանումը (վարկային զեկույց ստացողը ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը), սույն օրենքով սահմանված վարկային զեկույցի օգտագործման կոնկրետ նպատակը:
3. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ վարկային զեկույց ստանալիս, բացառությամբ այն դեպքի, երբ այդ համաձայնությունը տրվել է տվյալ հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի համար:
4. Վարկային զեկույց ստանալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության բացակայության, վարկային զեկույցները սույն օրենքով սահմանված նպատակներով չօգտագործելու համար պատասխանատվություն կրում են վարկային զեկույց ստացողները:
5. Վարկային բյուրոն ցանկացած ժամանակ վարկային զեկույցի հարցման դեպքում իրավունք ունի պահանջելու վարկային զեկույց ստացողից վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության առկայությունը հավաստող փաստաթուղթը:
6. Վարկային բյուրոներն իրենց հաճախորդների հետ պայմանագրերում պետք է սահմանեն այն ձևերը, որոնց միջոցով պետք է ստուգվեն և ուսումնասիրվեն այդպիսի համաձայնությունների առկայությունը:
7. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության և սույն օրենքով սահմանված նպատակներից տարբերվող այլ նպատակներով վարկային զեկույցների ստացումը վարկային զեկույց ստացողների համար առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:
8. Վարկային զեկույցում պետք է նշվեն վարկային զեկույց տրամադրող վարկային բյուրոյին, վարկային զեկույց ստացողներին, վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող, ինչպես նաև ըստ գործունեության ոլորտի (գործունեության տեսակի) վարկային տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ տվյալներ: Վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կարող է սահմանել Կենտրոնական բանկի խորհուրդը:
9. Վարկային զեկույց ստացողը պարտավոր է վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը հավաստող փաստաթուղթը պահպանել այդ համաձայնության համաձայն ստացված վարկային զեկույցի հիման վրա ծագած հարաբերությունների դադարման պահից առնվազն 36 ամիս:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.11 ՀՕ-180-Ն)
Հոդված 17. | Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային բյուրոյի կողմից ծառայությունների մատուցումը |
1. Վարկային բյուրոյի կողմից տվյալների բազայում առկա տվյալների մշակման արդյունքում այնպիսի ծառայությունների մատուցման համար (այդ թվում` պատմական, վիճակագրական, տեղեկատվական, գիտական և այլ նպատակներով լրացուցիչ ծառայությունների մատուցումը), որով չի բացահայտվում կոնկրետ վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տվյալ և չի նույնականացնում նրան, վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում և չի դիտվում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված անձնական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի հրապարակում:
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում նաև վարկային տեղեկատվության սուբյեկտի մասին վարկային բյուրոյի սահմանած վարկային ռիսկի թվային գնահատականի (scoring) միջակայքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվությունը Կենտրոնական բանկին տրամադրման, ինչպես նաև դատարանին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցների տրամադրման դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. | Վարկային տեղեկատվության սուբյեկտի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող, ինչպես նաև անվճար տրամադրվող վարկային զեկույցները |
1. Վարկային զեկույց ստացողները, որոնք սույն օրենքով սահմանված նպատակներով հիմք ընդունելով վարկային բյուրոյից ստացված վարկային զեկույցները՝ հրաժարվում են վարկային տեղեկատվության սուբյեկտին մատուցել ծառայություն, նրա հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կամ վարկային տեղեկատվության սուբյեկտի համար առաջացնում են այլ անբարենպաստ հետևանքներ, պարտավոր են այդ վարկային տեղեկատվության սուբյեկտին տեղեկացնել այն վարկային զեկույցի մասին, որը հիմք է հանդիսացել այդպիսի հետևանքների առաջացման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վարկային զեկույցների պատճենները վարկային տեղեկատվության սուբյեկտի պահանջով վարկային զեկույց ստացողները պարտավոր են անվճար տրամադրել վարկային տեղեկատվության սուբյեկտներին: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավասու է անվճար ստանալու վարկային զեկույցը վարկային բյուրոյից մերժման կամ անբարենպաստ հետևանքներ առաջանալու փաստից հետո` 30 օրվա ընթացքում, վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից մերժումը կամ այլ անբարենպաստ հետևանքները հավաստող փաստաթղթերը վարկային բյուրո ներկայացնելու դեպքում:
3. Վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավունք ունի վարկային բյուրոյից առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ ստանալու իր վերաբերյալ անվճար ամբողջական վարկային զեկույց:
Հոդված 19. | Վարկային տեղեկատվության սուբյեկտի իրավունքները և դրանց իրականացումը |
1. Վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավունք ունի նաև`
1) սույն օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ և առանց սահմանափակումների ստանալու իր վերաբերյալ վարկային զեկույցներ և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններ.
2) ստանալու տեղեկություններ տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ.
3) ստանալու այն անձանց անունները (անվանումները), որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հարցում են կատարել վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ.
4) բողոքարկելու վարկային բյուրոյում առկա տվյալները և ճշգրտելու ու լրացնելու դրանք.
5) արգելելու վարկային բյուրոյին վարկային բյուրոյի հաճախորդներին վաճառել կամ տրամադրել ցանկացած տվյալ, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածում սահմանված դեպքերի: Վարկային տեղեկատվության սուբյեկտը պետք է վարկային բյուրոյին գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային կամ առցանց եղանակով) տեղեկացնի իր որոշման մասին: Որոշման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, վարկային բյուրոն արգելում է տվյալների տրամադրումը: Տվյալների տրամադրման արգելքը գործում է մինչև վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից այն վերացնելը, սակայն ոչ ավելի, քան դրանք փակելու պահից երեք տարվա ընթացքում: Վարկային տեղեկատվության սուբյեկտն ունի նաև տվյալների տրամադրման արգելքը նորացնելու իրավունք: Սույն կետը չի տարածվում այն պարտատերերի կամ վարկային բյուրոյի հաճախորդների վրա, որոնց վարկային տեղեկատվության սուբյեկտը տվել է վարկային զեկույցի ձեռքբերման համաձայնություն մինչև այն հարաբերությունների դադարումը, որոնք ծագել են այդ վարկային զեկույցի հիման վրա: Ընդ որում, վարկային տեղեկատվության սուբյեկտը չի օգտվում վարկային բյուրոյում առկա տվյալների մի մասի տրամադրումը արգելելու իրավունքից: Սույն կետով սահմանված դեպքում վարկային բյուրոյից վարկային տեղեկատվության վերաբերյալ հարցում կատարելիս վարկային բյուրոն սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է տեղեկություն այն մասին, որ վարկային տեղեկատվության սուբյեկտը տվյալների տրամադրումը արգելել է:
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտն ունի նաև սույն օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
3. Վարկային բյուրոն պարտավոր է վարկային տեղեկատվության սուբյեկտին սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը տրամադրել, եթե վարկային տեղեկատվության սուբյեկտը կամ նրա լիազորված անձը վարկային բյուրոյին ներկայացնի փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու հարցում կատարող վարկային տեղեկատվության սուբյեկտին, իսկ նրա լիազորված անձի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում` նաև լիազորված անձին:
Հոդված 20. | Տվյալների վիճարկման իրավունքը |
1. Վարկային բյուրոները իրենց ներքին իրավական ակտերով պարտավոր են սահմանել և կիրառել վարկային տեղեկատվության սուբյեկտի, տեղեկատվություն տրամադրողների, վարկային զեկույց ստացողների և վարկային բյուրոյի միջև ծագած վեճերի լուծման ոչ ծախսատար և արդյունավետ ընթացակարգեր:
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտը կամ վարկային զեկույց ստացողը սխալ կամ թերի տվյալներ հայտնաբերելու դեպքում կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին` օգտվելով վարկային զեկույցին և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններին ծանոթանալու կամ դրանք ստանալու նույն մեխանիզմից: Այդ նպատակով վարկային բյուրոները պետք է սահմանեն սխալ և թերի տվյալների մասին վարկային բյուրոյին հայտնելու ընթացակարգեր՝ հաշվի առնելով սույն մասով սահմանված սկզբունքը:
3. Սույն օրենքի իմաստով սխալ տվյալ է համարվում վարկային տեղեկատվության սուբյեկտի, վարկային զեկույց ստացողի կամ վարկային բյուրոյի կարծիքով իրականությանը չհամապատասխանող տվյալը:
4. Սույն օրենքի իմաստով թերի տվյալ է համարվում վարկային տեղեկատվության սուբյեկտի, վարկային զեկույց ստացողի կամ վարկային բյուրոյի կարծիքով ոչ ամբողջական տվյալը:
5. Վարկային բյուրոն պարտավոր է իր մեղքով առաջացած սխալներն ու թերություններն ուղղել ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին ծանուցվելուց հետո` տասն օրվա ընթացքում:
6. Եթե սխալներն ու թերությունները տեղ են գտել տեղեկատվություն տրամադրողի մեղքով, ապա վարկային բյուրոն առավելագույնը ծանուցումը ստանալու օրվան հաջորդող օրն այդ մասին հայտնում է տեղեկատվություն տրամադրողին, որը 15-օրյա ժամկետում քննարկում է տվյալների սխալը կամ թերությունները ուղղելու կամ վերացնելու պահանջը և տեղեկացնում սույն մասով սահմանված սուբյեկտներին: Ընդ որում, եթե տեղեկատվություն տրամադրողն ընդունում է, որ սխալներն ու թերություններն իր գործողությունների հետևանք են, ապա ուղղում է տվյալները և ուղղված տվյալները ուղարկում այն բոլոր վարկային բյուրոներին, որոնց տրամադրել է վարկային տեղեկատվություն, իսկ եթե տեղեկատվություն տրամադրողը չի ընդունում, որ սխալն ու թերություններն իր գործողությունների հետևանք են, ապա այդ մասին տեղեկացնում է վարկային բյուրոյին:
7. Տեղեկատվություն տրամադրողի համապատասխան որոշումն ստանալու պահից վարկային բյուրոն այդ մասին 5 օրվա ընթացքում տեղեկացնում է վարկային տեղեկատվության սուբյեկտին (եթե տվյալների վիճարկումը սկսվել է վարկային տեղեկատվության սուբյեկտից): Եթե վարկային տեղեկատվության սուբյեկտը համաձայն չէ տեղեկատվություն տրամադրողի կարծիքի հետ, ապա նա կարող է շարունակել վիճարկել տվյալները` վարկային բյուրոյի վեճերի լուծման ընթացակարգերին համապատասխան, կամ դիմել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ֆինանսական համակարգի հաշտարարին (ֆիզիկական անձ վարկային տեղեկատվության սուբյեկտի դեպքում) կամ դատարան:
8. Վարկային տեղեկատվության սխալ կամ թերի լինելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահից վարկային բյուրոն պարտավոր է տվյալների բազայում, ինչպես նաև վարկային զեկույցներում նշել «տվյալները վիճարկվում են» բառերը:
9. Վարկային բյուրոն տվյալների բազայում առկա «տվյալները վիճարկվում են» բառերը չի կարող հանել` առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության: Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության` վարկային բյուրոն այդ բառերը հանում է տվյալների բազայից, ինչպես նաև վարկային զեկույցներից` միայն դրա վերաբերյալ դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման առկայության դեպքում:
10. Վարկային բյուրոները տեղեկատվություն տրամադրող անձանց հետ պայմանագրերում պետք է նախատեսեն վարկային տեղեկատվության սուբյեկտի և տեղեկատվություն տրամադրողի միջև վեճերի լուծման ընթացակարգ:
11. Վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից նախկինում վիճարկված և դրական կամ բացասական լուծում ստացած հարցերի շուրջ բյուրոները նոր ընթացակարգ չեն սկսում:
12. Տվյալների սխալների և թերությունների ուղղման նպատակով վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավասու է ուղղակիորեն դիմելու նաև տեղեկատվություն տրամադրողին, որը վիճարկման արդյունքների մասին ողջամիտ ժամկետում տեղեկացնում է վարկային բյուրոյին:
13. Վարկային բյուրոն ուղղված տվյալների մասին պարտավոր է 15-օրյա ժամկետում տեղեկացնել նախորդ երեք ամիսների ընթացքում վարկային զեկույց ստացած անձանց:
(20-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-14-Ն)
Հոդված 21. | Վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագնային քաղաքականությունը |
1. Վարկային բյուրոն չի կարող իրականացնել խտրական գնային քաղաքականություն:
Հոդված 22. | Տվյալների բազայի փոխանցումն այլ անձանց |
1. Վարկային բյուրոն չի կարող իր տվյալների բազան ամբողջությամբ կամ մաս-մաս վաճառել, վարձակալության իրավունքով կամ այլ կերպ փոխանցել այլ անձի, եթե վերջինս, սույն օրենքի պահանջներին համապատասխան, չունի Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու լիցենզիա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոների կողմից վարկային բյուրոյի տվյալների բազան ձեռք բերելուց կամ դրանք ընդունելուց հրաժարվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրո չգործելու դեպքում տվյալների բազան ի պահ է հանձնվում Կենտրոնական բանկին, որը հետագայում կարող է տրամադրել այլ վարկային բյուրոյի: Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյին տվյալների բազայի տրամադրման դեպքերն ու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի և այդ վարկային բյուրոյի միջև կնքվող պայմանագրով:
3. Կենտրոնական բանկին կամ այլ վարկային բյուրոյին վարկային բյուրոյի տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Վարկային բյուրոյի տվյալների բազան չի կարող գրավադրվել, բռնագրավվել կամ այլ կերպ օտարվել վարկային բյուրոյի և այլ անձանց պարտավորությունների համար:
Գ Լ ՈՒ Խ 5
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 23. | Վարկային բյուրոյի կողմից հաշվետվությունների ներկայացումը և դրանց հրապարակումը |
1. Վարկային բյուրոն կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ:
2. Վարկային բյուրոյի կողմից հրապարակվող և Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, ժամկետները և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Հոդված 24. | Վարկային բյուրոյի ինտերնետային էջը |
1. Վարկային բյուրոն պարտավոր է ունենալ ինտերնետային էջ, որտեղ վարկային բյուրոն պարտավոր է հրապարակել՝
1) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներքին իրավական ակտերը.
2) վարկային բյուրոյի կողմից վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ ներքին իրավական ակտերը.
3) վարկային բյուրոյից վարկային զեկույցների և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայությունների ստացման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները.
4) տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը (օրենքով սահմանված դեպքերում` աուդիտն իրականացնող անձի եզրակացության առկայության դեպքում).
5) ֆինանսական հաշվետվությունները.
6) ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը.
7) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները.
8) վարկային բյուրոյի 10 տոկոս և ավելի բաժնետոմս ունեցող բաժնետերերի անունները (անվանումները), խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը.
9) վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների սակագնային քաղաքականությունը.
10) տեղեկատվություն տրամադրողների անունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը.
11) սույն օրենքով և վարկային բյուրոյի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
2. Վարկային բյուրոյի կողմից ինտերնետային էջում հրապարակվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ և թարմացվեն դրանց փոփոխությունից հետո՝ 5 օրվա ընթացքում:
Հոդված 25. | Վարկային բյուրոյի կողմից փաստաթղթերի պահպանումը |
1. Վարկային տեղեկատվությունը, ինչպես նաև այլ տվյալներ (այդ թվում` էլեկտրոնային ձևով) վարկային բյուրոյի կողմից արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետով, բայց ոչ պակաս, քան դրանք սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված վարկային զեկույցում ներառելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք տարի ժամկետով:
2. Վարկային բյուրոյի հետ կնքված վարկային տեղեկատվության և այլ տվյալների տրամադրման և վարկային զեկույցների ստացման վերաբերյալ պայմանագրերը, համաձայնագրերը և նման այլ փաստաթղթեր և տեղեկություններ, դրանց փոփոխությունները կամ լրացումները պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան սույն մասով սահմանված պայմանագրերի, համաձայնագրերի և նման այլ փաստաթղթերի գործողության դադարումից հետո` երեք տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 26. | Վարկային բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե վարկային բյուրոն՝
1) սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներով է ծառայություններ մատուցում վարկային զեկույց ստացողներին և վարկային տեղեկատվության սուբյեկտներին.
2) խախտել է հաշվապահական հաշվառման կանոնները, ֆինանսական և այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները.
3) սույն մասի 2-րդ կետում նշված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ է արտացոլել:
3. Նախազգուշացմամբ և խախտումները վերացնելու հանձնարարականով Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ: Նախազգուշացմամբ տրված հանձնարարականը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:
4. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ նշանակում է տուգանք, եթե վերջինս`
1) սահմանված ժանկետում չի կատարել Կենտրոնական բանկի՝ խախտումները վերացնելու հանձնարարականը.
2) մեկ տարվա ընթացքում թույլ է տվել երկու և ավելի` սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներ.
3) խախտել է վարկային բյուրոյին ներկայացվող տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները:
5. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան, եթե՝
1) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյի նկատմամբ կիրառվել է տուգանք պատասխանատվության միջոցը.
2) խախտվել են վարկային բյուրոյի տվյալների բազային ներկայացվող անվտանգության պահանջները:
6. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տվյալ սուբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:
7. Եթե Կենտրոնական բանկի կողմից տվյալ լիցենզավորված անձի գործունեությունը կարգավորող օրենքով սույն օրենքը և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն նախատեսված չէ, ապա Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները՝
1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում Կենտրոնական բանկը կիրառում է՝
1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե տվյալ անձը խախտել է սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտի դրույթները.
2) տուգանք, եթե տվյալ անձը վարկային բյուրո է ներկայացրել սխալ վարկային տեղեկատվություն կամ վարկային բյուրոյից վարկային զեկույց է ստացել առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության, կամ մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ պատասխանատվության է ենթարկվել սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում, եթե անձը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության է ենթարկվել վարկային բյուրո սխալ վարկային տեղեկատվություն ներկայացնելու կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային բյուրոյից վարկային զեկույց ստանալու համար:
9. Սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց չի ազատում այլ օրենքներով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. | Վարկային բյուրոյի լուծարումը |
1. Վարկային բյուրոն լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
2. Լուծարման մասին որոշում կայացվելուց առաջ` առնվազն 10 օրվա ընթացքում, վարկային բյուրոն պարտավոր է փոխանցել կամ օտարել տվյալների բազան սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով նշված սուբյեկտներին:
Հոդված 28. | Օրենքի ուժի մեջ մտնելը: Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով սահմանված գործունեություն իրականացնող անձինք կամ կազմակերպությունները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքով սահմանված գործունեություն իրականացնող կազմակերպության քվեարկելու իրավունքով տիրապետող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 (քսան) տոկոսից ավելի մասնակցություն ունեցող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում օտարել 20 տոկոսից ավելի այդ բաժնետոմսերը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում լիցենզավորվելու դեպքում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող վարկային բյուրոների կողմից հավաքված` սույն օրենքով նախատեսված տվյալները համարվում են հավաքված` սույն օրենքին համապատասխան:
(28-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-185-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2020, ՀՕ-8-Ն | 01.01.2022, ՀՕ-185-Ն | |
19.01.2021, ՀՕ-55-Ն | 17.02.2021, ՀՕ-185-Ն | |
09.06.2017, ՀՕ-114-Ն | 10.04.2018, ՀՕ-185-Ն | |
09.06.2017, ՀՕ-111-Ն | 01.07.2017, ՀՕ-185-Ն | |
21.12.2015, ՀՕ-14-Ն | 23.01.2016, ՀՕ-185-Ն | |
25.05.2011, ՀՕ-180-Ն | 27.06.2011, ՀՕ-185-Ն | |
14.04.2011, ՀՕ-133-Ն | 23.05.2011, ՀՕ-185-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|