Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-16-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.

բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:

Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.

գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-16-Ն