Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180) Հոդ.1201
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) «ժէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ժդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «վիճակում» բառից հետո լրացնել «կամ հրաժարվում կամ որևէ ձևով խուսափում է սթափության վիճակի զննությունից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումները, ցուցումները և սահմանափակումները

 

1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը շահագործելու համար:

2. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ վարորդի կողմից հատուկ հարմարանքների և (կամ) բժշկական արտադրանքներ օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների առկայության պայմաններում:

3. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի), նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ շահագործելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:»:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սահմանափակումներ» բառը փոխարինել «հակացուցումներ» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-183-Ն