ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի» բառով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 24-րդ կետից հանել «գյուղական և քաղաքային» բառերը.
2) 30-րդ կետը «համայնքի» բառից հետո լրացնել «և (կամ) համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) հաստատում է համայնքի ղեկավարի ներկայացրած, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի (այսուհետ՝ վարչական ներկայացուցիչ) թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին և 29.2-րդ հոդվածներով.
«Հոդված 29.1. | Վարչական ներկայացուցիչը |
1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ:
2. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է աշխատակազմը:
3. Վարչական ներկայացուցչի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
4. Վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ:
5. Վարչական ներկայացուցիչը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
6. Վարչական ներկայացուցիչը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:
7. Վարչական ներկայացուցչի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 8-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
8. Վարչական ներկայացուցչի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:
Հոդված 29.2. | Վարչական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Վարչական ներկայացուցիչը՝
1) բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից.
2) հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
3) աջակցում և կազմակերպում է իր բնակավայրում սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասի 6.1-ին կետով, 33.1-ին հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացումը.
4) համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
5) մասնակցում է համայնքի ավագանու նիստերին.
6) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ներկայացուցչի գործունեության համար:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, վարչական ներկայացուցիչներին» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով նախատեսված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգին համապատասխան՝ նշանակում է վարչական ներկայացուցիչ:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Երևան քաղաքի և քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածում «վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական» բառերը փոխարինել «վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած» բառերով:
Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.
«14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:
15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|