Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.233
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒԽ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավահարաբերությունները, չափումների, մեծությունների չափման միավորների, չափանմուշի (էտալոնի), ստանդարտ նմուշի, չափման միջոցի նկատմամբ և դրանց պահպանմանը ներկայացվող պահանջները, ստանդարտ նմուշի, չափման միջոցի, չափման մեթոդիկայի (մեթոդի) կիրառմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտին (այսուհետ՝ չափագիտություն) առնչվող (ներառյալ աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը) հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)՝ չափանմուշ, որը չափագիտության լիազոր մարմինը ճանաչել է որպես հիմք և օգտագործում է պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար.

2) աշխատանքային չափանմուշ (աշխատանքային էտալոն)՝ չափանմուշ, որը կանոնավոր կերպով օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի տրամաչափարկման կամ ստուգաչափման համար, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս).

3) չափանմուշ (էտալոն)՝ տվյալ մեծության սահմանման նյութականացում՝ մեծության հաստատված (որոշված) արժեքով և չափման անորոշությամբ, որն օգտագործվում է որպես ելակետ.

4) չափագիտական հետևելիության շղթա (հետևելիության շղթա)՝ չափանմուշների և տրամաչափարկումների հաջորդականության շղթա, որն օգտագործվում է չափման արդյունքը չափանմուշի հետ փոխկապակցելու համար.

4.1) չափագիտական հետևելիություն՝ չափման արդյունքի հատկություն, որի համաձայն արդյունքը կարող է հարաբերակցվել համեմատության հիմքի հետ՝ փաստաթղթավորված շարունակական անխախտ տրամաչափարկման շղթաների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներդրում ունի չափումների անորոշության մեջ.

5) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

6) չափագիտություն` գիտություն չափումների և դրանց կիրառման մասին.

7) չափագիտության լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

8) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

9) չափման միջոց` սարք, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար՝ առանձին կամ մեկ կամ մի քանի օժանդակ սարքերի հետ միասին.

9.1) սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց՝ չափման միջոց, որի չափագիտական բնութագրերը, թույլատրելի առավելագույն սխալանքները և ճշտությունը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը.

10) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.

11) չափման միջոցի ստուգաչափում՝ գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է կամ չի բավարարում սահմանված չափագիտական պահանջները, և դրանց արդյունքով տրամադրվում է չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ.

11.1) չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթուղթ՝ վկայական, QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկեր, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, նշան կամ նշանների համակցություն, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են, որ կատարվել է չափման միջոցի ստուգաչափում, և հաստատվել է դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին, կամ ծանուցագիր, ստուգաչափման դրոշմի արտատիպի մարման պատկեր, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են անհամապատասխանությունը սահմանված պահանջներին.

11.2) չափման միջոցի ստուգաչափման դրոշմի մարում՝ չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի չեղարկում չափման միջոցի օրենսդրական պահանջներին այլևս չհամապատասխանելու դեպքում.

12) չափման միջոցի փորձաքննություն՝ դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների կամ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով իրականացվող չափման միջոցի ստուգաչափում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների չափագիտական բնութագրերի որոշում.

13) չափում՝ փորձարարական գործընթացով մեկ կամ մի քանի մեծությունների արժեքների ստացում, որոնք կարելի է վերագրել մեծությանը.

14) չափումների միասնականություն` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների առավելագույն թույլատրելի սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

15) ստանդարտ նմուշ՝ հատկորոշված բնութագրերի նկատմամբ բավարար համասեռ ու կայուն նյութ, որը ճանաչվել է պիտանի չափումների կամ անվանական բնութագրերի ուսումնասիրության ժամանակ.

16) տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատված լինելը.

16.1) տեսակի հաստատում՝ իրավական նշանակություն ունեցող որոշում՝ հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին, և որի արդյունքով տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ.

16.2) տեսակի հաստատման ճանաչում՝ Չափագիտության ազգային մարմնի կայացրած որոշում՝ կամավոր կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որով այլ երկրի Չափագիտության ազգային մարմնի կողմից հաստատված տեսակը ճանաչվում է որպես օրենսդրական պահանջներին համապատասխանող՝ նոր տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրմամբ. 

17) օրենսդրական չափագիտություն` չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ չափումների, չափման միավորների, չափման միջոցների և չափման մեթոդների վերաբերյալ.

18) օրենսդրական չափագիտական հսկողություն` չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցների նախնական և հետագա ստուգաչափում, փորձաքննություն.

18.1) չափագիտական վերահսկողություն՝ սույն օրենքով և ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցի շուկայահանման և շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների) առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)․

19) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

20) չափման մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մոդելի վրա հիմնված մեկ կամ մի քանի չափման սկզբունքների և տվյալ չափման մեթոդիկայի (մեթոդի) համաձայն չափման մանրամասն նկարագրություն, որը ներառում է չափման արդյունքն ստանալու համար յուրաքանչյուր հաշվարկ.

21) չափման ռեֆերենս մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մեթոդիկա (մեթոդ), որը նույն տեսակի մեծությունների չափման այլ մեթոդիկաներից (մեթոդներից) ստացված չափվող մեծության արժեքների չափման ճշտությունը գնահատելիս, տրամաչափարկելիս կամ ստանդարտ նմուշների բնութագրերը որոշելիս ընդունված է որպես ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չափման արդյունքներ տրամադրող.

22) չափման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրում՝ չափման մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն և հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին.

23) չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.

24) շուկայահանում՝ չափման միջոցը կամ չափածրարված արտադրանքն առաջին անգամ շուկայահանելը.

25) կապարակնքում՝ չափման միջոցը փոփոխությունից, վերակարգավորումից, մասերի հեռացնելուց, ծրագրային ապահովմանը միջամտելուց և այլ ցանկացած չարտոնված գործողություններից պաշտպանելու կամ չափման միջոցի շահագործումն արգելելու համար նախատեսված միջոց.

26) չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված և շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք, և այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.

27) չափագիտության խորհուրդ՝ Չափագիտության ազգային մարմնին աջակցող խորհրդատվական խորհուրդ.

28) միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ՝ մեծությունների միջազգային համակարգի միավորների վրա հիմնված, Կշռի և չափի գերագույն համաժողովի (ԿՉԳՀ/CGPM) ընդունած միավորների համակարգ, դրանց անվանումները և պայմանանշանները, ներառյալ նախածանցների շարքերը, անվանումները և պայմանանշանները՝ օգտագործման կանոնների հետ միասին:

2. Սույն օրենքով չսահմանված հասկացություններն ունեն Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության՝ «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» ՕԻՄԼ Հ 1 (OIML V 1) և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» ՕԻՄԼ Բ2 (OIML V 2) բառարաններով սահմանված հասկացությունների իմաստը:

(2-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

(հոդվածն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՆ (ՄԵԹՈԴԻՆ), ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 4. Մեծությունների չափման միավորներին ներկայացվող պահանջները

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) ընդունած միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների չափման միավորները և չափումների սանդղակները, որոնց հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների չափման արտահամակարգային միավորները՝ հարաբերված միջազգային համակարգի միավորների հետ:

2. Արտահանվող արտադրանքի, այդ թվում՝ չափման միջոցի բնութագրերը և չափորոշիչները կարող են արտահայտվել պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված մեծությունների չափման միավորներով:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են՝

1) միջազգային առևտրի համար.

2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար:

4. Առևտրում, գովազդում, հրապարակումներում, դասագրքերում արգելվում է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորներից տարբեր միավորներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) հրապարակումներում և ուսուցման ժամանակ հիշատակվում են պատմականորեն օրենքով չսահմանված միավորներ.

2) փաստաթղթերը կամ հրապարակումները նախատեսված են միավորների տարբեր համակարգեր ունեցող երկրների օգտագործողների համար.

3) երաշխավորված միավորներից տարբեր միավորների հետ համատեղ նշված են դրանց համարժեք երաշխավորված միավորների արժեքները:

(4-րդ հոդվածը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 5. Ազգային և աշխատանքային չափանմուշները

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Ազգային չափանմուշներն ստեղծվում են կիրառման երաշխավորված միավորների պահպանման, տարածման և տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով և բաղկացած են Չափագիտության ազգային մարմնի և այլ կազմակերպությունների չափանմուշներից:

2. Ազգային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգին, ինչպես նաև միջազգային hամատեղելիություն և ճանաչում: Ազգային չափանմուշների չափագիտական հետևելիության ապահովման պատասխանատվությունը կրում է չափանմուշ պահպանող կառույցը:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող աշխատանքային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի հետևելի չափանմուշներին:

4. Ազգային չափանմուշի պահպանման և կիրառման կանոններին հետևելն իրականացվում է այն կառույցներում, որտեղ պահվում է չափանմուշը:

(5-րդ հոդվածը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 6. Չափման միջոցներին ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

2. Չափման միջոցների չափագիտական բնութագրերը, ինչպես նաև տվյալ չափման միջոցներին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման միջոցն արտադրողի կողմից:

3. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում տեսակը չհաստատված և ստուգաչափում չանցած չափման միջոցի կիրառումն արգելվում է:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 7.

Ստանդարտ նմուշները

 

1. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են տեսակի հաստատման:

2. Ստանդարտ նմուշը նախատեսված է նյութերի բաղադրության կամ հատկությունների բնութագրերը վերարտադրելու, պահելու և փոխանցելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման նպատակով հաստատված մեծությունների չափման միավորների արժեքներով:

(7-րդ հոդվածը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 8.

Չափումների կատարման մեթոդիկային (մեթոդին) ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Չափման մեթոդիկան (մեթոդը) ներառում է չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման գործընթացը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:

2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման, եթե միջազգայնորեն ճանաչված չեն:

3. Չափման մեթոդիկան (մեթոդը), այդ թվում՝ ռեֆերենս մեթոդիկան (մեթոդը), հատուկ նկարագրված գործողությունների ամբողջություն է, որի իրականացումն ապահովում է չափման արդյունքների ստացումը ճշգրտության սահմանված ցուցանիշներով:

(8-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 9. Չափման միջոցների տրամաչափարկումը

(հոդվածն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 9.1. Չափման միջոցի տեսակի հաստատմանը ներկայացվող պահանջները

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

(9.1-ին հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 9.2. Չափման միջոցի ստուգաչափմանը ներկայացվող պահանջները

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

2. Չափման միջոցի ստուգաչափումը, որի կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը, լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:

3. Չափման միջոցի ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման՝ որպես ստուգաչափող:

4. Չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացնում է ստուգաչափումն իրականացնող կազմակերպությունը ստուգաչափման դրական արդյունքները հավաստող համապատասխան փաստաթղթի տրամադրմամբ՝ ըստ անհրաժեշտության կապարակնքելով չափման միջոցը:

5. Չափման միջոցի ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում (չեղարկում) է ստուգաչափման դրոշմի արտատիպը՝ համաձայն չափագիտության լիազոր մարմնի սահմանած կարգի, և առձեռն կամ էլեկտրոնային փոստով ներկայացնում չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր:

6. Չափման միջոցի ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:

7. Չափման միջոցի ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի չափման միջոցի ստուգաչափումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

(9.2-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 9.3. Օրենսդրական չափագիտության գործառույթները

 

1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝

1) չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատումը.

2) չափման միջոցի ստուգաչափումը և չափագիտական վկայագրումը.

3) չափման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրումը.

4) չափման միջոցների փորձաքննությունը:

(9.3-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չափագիտության ոլորտում սահմանում է՝

1) սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները.

2) մեծությունների չափման միավորի, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները.

3) չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու մասին կարգը.

4) չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները.

5) որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները.

6) ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները.

7) օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող չափման միջոցների ցանկը.

8) օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 10.1. Չափագիտության լիազոր մարմինը

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Չափագիտության լիազոր մարմինը՝

1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտում.

2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.

4) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցների հիման վրա, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը.

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը.

6) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.

7) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթղթի ձևը, որը կարող է լինել QR կոդի տեսքով (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը և ծանուցագրի ձևը.

8) սահմանում է չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը.

9) ճանաչում է ազգային չափանմուշը, հաստատում է դրա կատարելագործումը և դադարեցնում ճանաչումը.

10) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ու Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) ուղեցուցային փաստաթղթերի հայերեն տարբերակները:

(10.1-ին հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը

 

1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) պահպանում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակը, կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաև իրականացնում ազգային չափանմուշի՝ չափագիտական հետևելիության ապահովումը մինչև միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.

2) ապահովում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.

3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.

4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում, եթե չունի չափագիտական հետևելիությունը հավաստող փաստաթուղթ.

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.

7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ չափագիտական հետևելիությունն ապահովելու նպատակով.

8) իրականացնում է չափումներ և օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական վկայագրում.

9) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

10) հաստատում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը.

10.1) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.

11) վարում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյանը.

12) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն) 

13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում և չափագիտական վկայագրում.

14) չափագիտության ոլորտում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն.

16) իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.

17) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.

18) անհրաժեշտության դեպքում ստեղծում է չափագիտության խորհուրդ և սահմանում նրա գործունեության կարգը.

19) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(11-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-42-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 12. Չափագիտության կառավարման խորհուրդը

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Չափագիտության կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման համակարգի մարմինների և 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. (մասն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն) 

3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.

2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը և հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները.

3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.

4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.

5) քննարկում, հաստատում և հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.

6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին.

7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին և համապատասխան փորձագետների.

8) չափագիտության լիազոր մարմին ներկայացնում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ՝ Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ:

(12-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

(գլուխն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները և խնդիրները

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը։

2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջների վրա:

3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`

1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկայի (մեթոդի) առկայությունը.

3) չափագիտության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը:

(20-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 21. Տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը

(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն, 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ.

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ․

3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման կամ շահագործման նկատմամբ․

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների) նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետևելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմին՝ վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով:

3. Տեսչական մարմնի կարգադրագրի, չափման միջոցի շահագործումն արգելող կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

4. Տեսչական մարմնի ծառայողը՝

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.

2) ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը՝ կազմելով կապարակնքման ակտ և արգելելով վերջինիս շահագործումը.

3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին, իսկ ստուգման ընթացքում, համապատասխան սարքերի բացակայությամբ պայմանավորված, գրավոր հրավիրում է նաև Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.

4) չափման միջոցների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը և փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին ստուգելու նպատակով կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(21-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 22. Տեսչական մարմնի ծառայողի իրավասությունները

(հոդվածն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Հոդված 23. Պետական տեսուչի պատասխանատվությունը

(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 24. Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը

 

1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝

1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.

2) չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե այն չի անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ տեսակը հաստատված չէ կամ չի համապատասխանում հաստատված տեսակին կամ չի համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին.

3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ հետ:

3. Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը պարտավոր են կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, տեղեկացնել տեսչական մարմնին:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1․ Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը կամ առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա կամ տեսչական մարմին կարգադրագրի կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է չափման միջոցի իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը և գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցում իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

(24-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ., փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(25-րդ հոդվածը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 26. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

 

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

1) ազգային չափանմուշների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը.

2) մեծությունների միավորների ազգային չափանմուշների բաղդատումը միջպետական կամ միջազգային չափանմուշների հետ.

3) հիմնարար և կիրառական կարևոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության բնագավառում.

4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը, ձեռքբերումը և պահպանումը.

6) չափագիտության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամավճարները.

7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման՝ տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի սահմանած գներին համապատասխան, բացառությամբ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների, որոնցում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման գները սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Պատվիրատու հանդես եկող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը փոխհատուցում են չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների՝ մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

(27-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. մարտի 5

Երևան

ՀՕ-22-Ն