ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «հրազեն» բառը փոխարինել «զենք» բառով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 26. |
Մաքսային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները |
1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կրել և պահել օրենքով նախատեսված զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառելու: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը մաքսային մարմնի հանրային ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում):
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրություն կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
3. Մաքսային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ մաքսային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ:
4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
5. Օրենքով չնախատեսված դեպքերում մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
6. Մաքսային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին վերադասության կարգով անհապաղ գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր դատախազին:»․
| «Հոդված 28. |
Հատուկ միջոցների կիրառումը |
1. Հատուկ միջոցները մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) և ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.
2) ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում է (են) զինված դիմադրություն ցույց տալ.
4) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ նրա վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է դիմել փախուստի, վնաս պատճառել իրեն կամ շրջապատին.
5) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս.
6) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.
7) ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:
2. Մաքսային մարմնի հանրային ծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են կիրառել`
1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.
7) ծառայողական շներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:
5. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցների կիրառումը` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
| Հոդված 29. |
Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը) |
1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսանենգության և մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) մաքսային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
4) մաքսային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:
2. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`
1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
4. Մաքսային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
5. Մաքսային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, մաքսային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 1 Երևան ՀՕ-371-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|