Գլխավոր տեղեկություն
Համար
N 1710-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1710-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ, ՊԱՐՏԱՊԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 10-րդ մասը, 34-րդ հոդվածի 6-րդ մասը, 42-րդ հոդվածի 3-րդ մասը, 66-րդ հոդվածի 3-րդ մասը, 97-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ծառայության և Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) և դատարանների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ծառայության և նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաև պարտապանի՝ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները հարկադիր կատարողը ստանում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:

3. Ծառայության և Կադաստրի կոմիտեի միջև փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակումը, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշմանը համապատասխան։

4. Ծառայության և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փոխանակվում են տվյալներ, կատարվում են էլեկտրոնային հարցումներ և ստացվում են պատասխաններ: Ծառայության և համապատասխան մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների փոխանակումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով):

5. Առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ինչպես նաև հանձնարարել պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ ապահովել գործող կապուղիների և տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգեր:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանելու մասին» N 350-Ն և 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշումները։

7. Մինչև կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1710-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1710-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1710-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1710-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան