ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2025 թվականի N 1695-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 758-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության (այսուհետ՝ տնտեսական վարչություն)» բառերով.
2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ՝ փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կամ դրա տարածքային բաժին (այսուհետ՝ կազմակերպություն)» բառերով․
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Կազմակերպությունում հետազոտվելուց կամ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը փոխանցվում են ոստիկանություն, որից հետո խմբավորվում և պահեստավորվում են։»․
4) 6-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունում «Փորձաքրեագիտական վարչության» բառերը փոխարինել «Կազմակերպության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերը հանել,
բ. երկրորդ նախադասությունում «նախարարության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.
5) 8-րդ կետում «եզրակացության» բառը փոխարինել «դասակարգման» բառով․
6) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների» բառերը փոխարինել «տնտեսական վարչության» բառերով․
7) 12-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերը.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ կետով.
«19․ Զինապահեստ ընդունված զենքի ծառայողական նպատակներով օգտագործումը կամ կոմիսիոն վաճառքի հանձնումը կամ ոչնչացումն իրականացվում է սույն կարգին համապատասխան՝ բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի։ Մասնավորապես, ծառայողական կամ օրենքով նախատեսված այլ իրավաչափ նպատակով օգտագործման հնարավորության և նպատակահարմարության հաշվառմամբ, զինապահեստ ընդունված՝
1) օգտագործման համար պիտանի զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի դասակարգման հիման վրա, ոստիկանության կողմից կարող է մալվել և պահվել մալած վիճակում.
2) օգտագործման համար պիտանի զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի դասակարգման հիման վրա, կարող է չմալվել և հաշվառվել սպառազինության մեջ՝ առանց ծառայողական նպատակներով օգտագործման.
3) օգտագործման համար ոչ պիտանի զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի դասակարգման հիման վրա, կարող է չոչնչացվել և պահվել այդ վիճակում։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2025 թվական: