Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.11.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» նոյեմբեր 2025 թվականի

N 150-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԻ ԵՎ ԼՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել աղեստամոքսաբանի և լյարդաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

21.11.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբեր «21»-ի

թիվ 150-Ն հրամանի

 

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԻ ԵՎ ԼՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աղեստամոքսաբանը և լյարդաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն աղեստամոքսաբանություն և լյարդաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Աղեստամոքսաբան և լյարդաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն աղեստամոքսաբանություն և լյարդաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Աղեստամոքսաբանը և լյարդաբանը կարող է կրթական ծրագրերի միջոցով ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Աղեստամոքսաբանը և լյարդաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության աղեստամոքսաբան և լյարդաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության աղեստամոքսաբան և լյարդաբան.

3) Աղեստամոքսաբանական և լյարդաբանական բաժանմունքի վարիչ.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ. աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է.

1) Ունենա գիտելիքներ ստամոքս-աղիքային ուղու (ՍԱՈւ), լյարդի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բնականոն կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ, ներառյալ՝ աղեստամոքսային ուղու անատոմիա, ֆիզիոլոգիա, սաղմնաբանություն, հյուսվածաբանություն, կենսաքիմիա, դասական և մոլեկուլային գենետիկա, աղիքների մանրէաբանություն, լորձաթաղանթի իմունիտետ և իմունոլոգիա, մարսողություն, ներծծում և արտազատում, ՍԱՈւ հորմոններ և նեյրոտրանսմիտորներ, շարժունակություն.

2) Ունենա գիտելիքներ աղիք-ուղեղ փոխազդեցության և կերակրափողի խանգարումների, կերակրափողի արտակարգ իրավիճակների, ստամոքսի և տասներկումատնյա աղու, ենթաստամոքսային գեղձի, լեղուղիների խանգարումների, լեղու ձևավորման ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և լեղապարկի քարերի առաջացման պաթոգենեզի, բարիատրիկ վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

3) Ունենա գիտելիքներ լյարդի միկրոանատոմիայի, ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի վերաբերյալ (լյարդաբանության բազային (հիմնական) ուսուցման հիման վրա), տարբերակի լյարդի հիվանդությունների կլինիկական դրսևորումները, ներառյալ՝ փոփոխված տրանսամինազները, դեղնուկը, լյարդային սուր անբավարարությունը, սուր և քրոնիկական հեպատիտը, ցիռոզը, երկաթի և պղնձի փոխանակության խանգարումները, ներլյարդային և արտալյարդային խոլեստազը, խոլանգիտը, լյարդի անոթային հիվանդությունները, թարախակույտը և ուռուցքները.

4) Հասկանա և տեղեկացված լինի աղիքների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) պաթոգենեզի վերաբերյալ վերջին նորություններին, իմանա դրա ֆենոտիպային դասակարգումը, խոցային կոլիտի (ԽԿ), Կրոնի հիվանդության (ԿՀ), չդասակարգված ԱԲՀ-ի և միկրոսկոպիկ կոլիտի (լիմֆոցիտային կոլիտ և կոլագենային կոլիտ) միջև եղած տարբերությունները.

5) Ունենա գիտելիքներ ԱԲՀ-ի իմունոլոգիայի վերաբերյալ և տեղեկացված լինի այդ բնագավռում առկա նորություններին, կարողանա այդ գիտելիքները կապել առկա տարբեր բուժումների հետ.

6) Ունենա գիտելիքներ հիվանդության տարածվածության աստիճանի, հիվանդության ակտիվության, արտաաղիքային դրսևորումների, բարդությունների, բուժման համար կիրառվող տարբեր դեղամիջոցների մասին.

7) Իմանա բուժման հասանելի տարբերակները՝ հաշվի առնելով հիվանդության ֆենոտիպային բնութագրերը, ներառյալ՝ տարածվածությունը և ընթացքը, ակտիվությունը, նախկին բուժման պատմությունը և բարդությունները, ինչպես նաև սքրինինգային թեստերը.

8) Հասկանա հիվանդությունների գնահատման տարբեր սանդղակները, որոնք օգտագործվում են կլինիկական պրակտիկայում` կոլոռեկտալ քաղցկեղի հսկողության սկզբունքները ԱԲՀ-ում, քրոմէնդոսկոպիայի կամ էնդոսկոպիայի այլ առաջադեմ տեխնիկայի օգտագործումը, վիդեոկապսուլային էնդոսկոպիայի դերն ու հակացուցումները ԱԲՀ-ում, դիսպլազիայի տեսքը և վարումը կոլոնոսկոպիայի ընթացքում, ԱԲՀ-ում ստրիկտուրաների էնդոսկոպիկ լայնացման ցուցումները և բարդությունները, փաուչոսկոպիա.

9) Հասկանա հիստոպաթոլոգների հետ սերտ կապի կարևորությունը բիոպսիայի արդյունքները մեկնաբանելու հարցում.

10) Ունենա գիտելիքներ էնտերալ սնուցման դերի, որպես ակտիվ ԱԲՀ-ի բուժում, սննդային սքրինինգի, ԱԲՀ-ում սննդային անբավարարության մեխանիզմների (ներառյալ՝ վիտամինների և հանքանյութերի անբավարարություն), էնտերալ և պարենտերալ սնուցման ցուցումների և դրանց հնարավոր բարդությունների վերաբերյալ.

11) Կարողանա իրականացնել աղիք-ուղեղ փոխազդեցության խանգարումների ախտորոշում և բուժում, ախտորոշել գրգռված աղիքի համախտանիշը, տեղեկացնել համախտանիշի մասին բուժառուին հասանելի ձևով: Ունենա մանրամասն գիտելիքներ աղիք-ուղեղի փոխազդեցության, վիսցերալ գերզգայունության, աղիների միկրոբիոմի և ստամոքս-աղիքային շարժողականության խանգարման մասին.

12) Տեղեկացված լինի հոգեսոցիալական գործոնների, սեռական և ֆիզիկական բռնության, դեպրեսիայի, անհանգստության և քաղցկեղի ֆոբիայի հնարավոր ազդեցության մասին և կարողանալ անհրաժեշտության դեպքում անդրադառնալ այդ գործոններին.

13) Կարողանա մեկնաբանել հետևյալ ախտորոշիչ թեստերի` կերակրափողի pH մետրիայի, իմպենդանս-pH մոնիտորինգի, իմպենդանս մանոմետրիայի, կերակրափողի մանոմետրիայի, ստամոքսի դատարկման և անոռեկտալ ֆունկցիայի գնահատման հետազոտությունների, հաստ աղիքի տրանզիտի հետազոտության, շնչառական թեստերի արդյունքները.

14) Տիրապետի Հռոմի ախտորոշման չափանիշներին, հետևյալ համախտանիշների ախտորոշման և բուժման համար՝ ֆունկցիոնալ որովայնային ցավի համախտանիշ, ֆունկցիոնալ դիսպեպսիա, կերակրափողի և ստամոքսի շարժողական խանգարումների համախտանիշներ, քրոնիկական ֆունկցիոնալ սրտխառնոցի և փսխման համախտանիշ, ցիկլիկ փսխման համախտանիշ, որովայնի քրոնիկական ֆունկցիոնալ ցավային համախտանիշ (կարողանա տարբերակել որովայնի առաջային պատի քրոնիկական ցավից), գրգռված աղիքի համախտանիշ, ֆունկցիոնալ փորլուծություն և փորկապություն, անկղապահություն.

15) Կարողանա ախտորոշել և բուժել օրո-էզոֆագիալ խանգարումները, որոնք են` կերակրափողի շարժողական ֆունկցիա և դրա հետ կապված խանգարումներ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ), Բարրետի կերակրափող (հատկապես, տիրապետի սքրինինգային ընթացակարգերին և Բարրետի կերակրափողի ժամանակ դիսպլազիայի առկայության դեպքում իրականցնի ախտորոշում, հսկողություն և բուժում), էոզինոֆիլային էզոֆագիտ, կերակրափողի ուռուցքներ, Էզոֆագիալ խանգարումներ, որոնք առաջացել են կաուստիկ նյութերի, դեղամիջոցների, վարակի և վնասվածքի հետևանքով, դիսֆագիա, ախալազիա, տարեցների մոտ կլման ակտի խանգարումներ և օրո-ֆարինգիալ դիսֆագիա, կերակրափողի նեղացումներ, կերակրափողի դիվերտիկուլներ (ախտորոշում).

16) Կարողանա ախտորոշել կերակրափողի արտակարգ իրավիճակները՝ սուր դիսֆագիա, ներառյալ՝ սննդի և օտար մարմնի ներթափանցումը, Մելորի-Վեյսի համախտանիշ, կերակրափողի ինքնակա պերֆորացիա, հետպրոցեդուրալ պերֆորացիա, սուր էզոֆագոսպազմ, արնահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից.

17) Կարողանա ախտորոշել և բուժել ստամոքս և տասներկումատնյա աղիք խանգարումները՝ hելիկոբակտեր պիլորինով (H.pylori), ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներով (ՈՍՀԲԴ) առաջացած խոց և իդիոպաթիկ խոցային հիվանդություն, սպեցիֆիկ գաստրիտներ և գաստրոպաթիաներ, էոզինոֆիլային գաստրիտ, ռեֆրակտեր պեպտիկ խոցային հիվանդություն, սթրես-ասոցացված խոցային հիվանդություններ, պեպտիկ խոցային հիվանդության բարդություններ, ստամոքսի նախաքաղցկեղային ախտահարումներ, ստամոքսի ադենոկարցինոմա, ստամոքսի նեյրոէնդոկրին ուռուցքներ, ստամոքսի դիսպլազիա, պոլիպներ, ստամոքսի ինտեստինալ ստրոմալ ուռուցքներ, Զոլինգեր Էլիսոնի համախտանիշ.

18) Կարողանա ախտորոշել և բուժել ենթաստամոքսային գեղձի խանգարումները՝ սուր և քրոնիկական պանկրեատիտ, ներառյալ՝ ենթաստամոքսային գեղձի գենետիկական խանգարումները, աուտոիմուն պանկրեատիտ և IgG4 ասոցացված հիվանդություն, քրոնիկական պանկրեատիտ և էկզոկրին ենթաստամոքսային գեղձի անբավարարություն.

19) Իրականացնի սուր պանկրեատիտի փուլավորում, բուժառուի սնուցում սուր պանկրեատիտի ժամանակ, բազմապրոֆիլ մոտեցում՝ ռադիոլոգների և վիրաբույժ գործընկերների հետ, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների և ենթաստամոքսային գեղձի բշտերի ախտորոշում.

20) Իրականացնի լեղուղիների խանգարումների ախտորոշում և բուժում` ճանաչելով լեղաքարային հիվանդության բարդությունները (ներառյալ՝ բիլիար խիթ, սուր խոլեցիստիտ, լեղածորանի օբստրուկցիա և խոլանգիտ), ախտանիշներն ու նշանները.

21) Կարողանա տարբերակել սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ լեղապարկի քարերը և հասկանալ այս տարբերակման կլինիկական հետևանքները, տիրապետի վիրաբուժական և ոչ վիրաբուժական վարման ցուցումներին, տարբերակներին, դրանց բարդություններին.

22) Տեղյակ լինի էնդոսկոպիկ և ճառագայթային բուժման ցուցումներին և բարդություններին` լեղուղիների հիվանդության ժամանակ.

23) Կարողանա կիրառել ախտորոշիչ և պրոգնոստիկ սանդղակները՝ լյարդային հիվանդության ծանրության աստիճանը գնահատելու համար.

24) Կարողանա տարբերակել և բուժել ալկոհոլի հանման համախտանիշով բուժառուներին.

25) Կարողանա տարբերակել սուր հեպատիտի պատճառները. ներառյալ՝ վիրուսային, դեղինդուկցված, ալկոհոլային, ճարպային, աուտոիմուն, և կարողանա մշակել համապատասխան ծրագիր այս հիվանդությունների ախտորոշման և բուժման համար.

26) Կարողանա մշակել վիրուսային հեպատիտով հիվանդների կանխարգելման և վաղ հայտնաբերման ռազմավարություններ.

27) Իմանա ռիսկային խմբերը. ներառյալ՝ պատվաստումների ժամանակացույցը.

28) Տիրապետի լյարդի հատուկ հիվանդությունների բուժման միջազգային ուղեցույցներին, լյարդի ցիռոզի ախտորոշան, լյարդի ցիռոզի բարդությունների բուժման հիմունքներին, ներառյալ՝ կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից արնահոսությունը, ասցիտը, ինքնակամ բակտերիալ պերիտոնիտը, հեպատոռենալ համախտանիշը, լյարդային էնցեֆալոպաթիան և բակտերիալ վարակները.

29) Կարողանա գնահատել լյարդի քրոնիկական հիվանդություններով բուժառուների բարդությունները և առաջացման ռիսկերը.

30) Կարողանա գնահատել օբյեկտիվ լյարդի հիվանդություններով բուժառուների սնուցման կարգավիճակը.

31) Կարողանա տիրապետել լյարդի փոխպատվաստման ցուցումներին.

32) Ունենա գիտելիքներ հեմոքրոմատոզի ախտորոշման և բուժման, լյարդի այլ գենետիկ հիվանդությունների վերաբերյալ.

33) Կարողանա գնահատել հղիության ընթացքում լյարդի ֆունկցիոնալ փոփոխությունները և տարբերակել հղիության հետ ասոցացված լյարդի հիվանդությունները.

34) Կարողանա գնահատել և հսկողություն իրականացնել ամբուլատոր օգնություն ստացող բուժառուներին.

35) Կարողանա ախտորոշել և բուժել հետևյալ հիվանդությունները. բարակ աղիք` ընդհանուր, ինչպես նաև սպեցիֆիկ սննդանյութերի մալաբսորբցիա, մասնավորապես, ցելիկիա և լակտոզ-ֆրուկտոզայի անտանելիություն, բարակ աղիքի բակտերիալ, մակաբուծային և հելմինտային վարակների ախտորոշում և բուժում, բարակ աղիքային բակտերիալ գերաճ, սպիտակուց կորցնող էնտերոպաթիաներ, ներառյալ՝ Ուիփլի հիվանդությունը, բարակ աղիքային լիմֆոմա, բարակ աղիքի ուռուցքներ՝ ադենոկարցինոմա, գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցքներ (ԳԻՍՈՒն), նեյրոէնդոկրին ուռուցքներ։

36) Կարողանա տարբերակել անհետաձգելի միջամտություն պահանջող իրավիճակները՝ թափածակում, բարակ աղիքային անանցանելիություն, բարակ աղիքային ստրանգուլացիա, բարակ աղիքային իշեմիա.

37) Կարողանա ախտորոշել և բուժել հաստ աղիքի հետևյալ հիվանդությունները. վարակային լուծ, հակաբիոտիկ ասոցացված լուծ (Clostridioides Difficile լուծ), աղիքային միկրոբիոտա, դիվերտիկուլյար հիվանդություն (դիվերտիկուլիտ), մեզենտերիալ իշեմիա, հաստ աղիքի պոլիպներ, անալ և կոլոռեկտալ քաղցկեղ, ուղիղ աղիքի սոլիտար խոց, ստրանգուլացիա, բարորակ անոռեկտալ ուռուցքներ, սեռական ճանապարհով փոխանցվող պերինալ հիվանդություն.

38) Կարողանա ախտորոշել և բուժել ստամոքս-աղիքային ուղու (ՍԱՈւ) և համակարգային հիվանդությունները` ՍԱՈւ-ի և լյարդի ներգրավվածությունը վարակիչ, էնդոկրին, հեմատոլոգիական, նյութափոխանակության, ռևմատոլոգիական և անոթային հիվանդությունների մեջ, առաջնային իմունային անբավարարության հիվանդությունների ՍԱՈւ դրսևորումները, ՍԱՈւ և լյարդի հիվանդություններ տարեցների մոտ, կլինիկական գենետիկայի ազդեցությունը ՍԱՈւ-ի և լյարդի հիվանդությունների վրա.

39) Կարողանա ախտորոշել, գնահատել, բուժել ԱԲՀ-ները, մասնավորապես, տեղեկացված լինի առկա ախտորոշիչ գործիքների մասին և կարողանա տարբերակել ԱԲՀ-ն այլ պոտենցիալ պաթոլոգիաներից, ինչպիսիք են աղիքային վարակները, վասկուլիտները, իշեմիան, Բեխչետի հիվանդությունը, գրգռված աղիքի համախտանիշը (ԳԱՀ), դեղորայքային կոլիտը և այլն.

40) Կարողանա տարբերակել ակտիվ ԱԲՀ-ն ՍԱՈւ ախտանիշների այլ մեխանիզմներից, ինչպիսիք են մանրէների հավելյալ աճը, լեղային աղերի ներծծման խանգարումը, աղիքային անանցանելիությունը, աղիքային վարակը, սեպսիսը և աղիքների ֆունկցիոնալ հիվանդությունը՝ ախտորոշված ԱԲՀ բուժառուի մոտ. կիրառել համապատասխան գիտելիքներ հետազոտությունների միջոցով, որոնք անհրաժեշտ են ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժառուին երկարաժամկետ հետևելու համար.

41) Կարողանա դասակարգել հիվանդությունը՝ օգտագործելով ստանդարտ դասակարգումները, ինչպիսին է Մոնրեալի դասակարգումը.

42) Կարողանա իրականացնել գործիքային հետազոտություններ` որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) (այդ թվում՝ դուպլեր ռեժիմի կիրառմամբ), լյարդի ֆիբրոսկան, էլաստոգրաֆիա, Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, միլեոկոլոնոսկոպիա, ռեկտոսիգմոիդոսկոպիա, ռեկտոսկոպիա, լյարդի պերկուտան բիոպսիա, ասցիտիկ հեղուկի ախտորոշիչ և բուժական պարացենտեզ.

6. Մասնագիտական hատուկ գիտելիքներ և հմտություններ. աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է.

1) Իմանա լյարդի և ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների համաճարակաբանությունը և կանխարգելիչ բժշկության բուժօգնության որակի և անվտանգության ապահովման սկզբունքները.

2) Կարողանա իրականացնել գաստրոէնտերոլոգիական արտակարգ իրավիճակների բուժում և համակարգում, ներառյալ՝ ախտորոշիչ և թերապևտիկ էնդոսկոպիաները, մասնավորապես, սուր աղեստամոքսային արնահոսության ժամանակ, աղիների վարակիչ և քրոնիկական բորբոքային հիվանդությունների սուր և ֆուլմինանտ ընթացքը, լյարդի ցիռոզի և լյարդի անբավարարության բարդությունները, սուր ծանր աստիճանի պանկրեատիտը.

3) Կարողանա իրականացնել ստամոքս-աղիքային ուղու տարբեր բաժինների էնդոսկոպիկ միջամտության ժամանակ հեմոստազի, թերմոկոագուլյացիայի, վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորումը, պոլիպէկտոմիա.

4) Ունենա նազոգաստրալ զոնդի տեղադրման, ծայրամասային կաթետերի տեղադրման հմտություններ։

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

8. Տեխնիկական հմտություններ. աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Աղեստամոքսաբանը և լյարդաբանը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԻ ԵՎ ԼՅԱՐԴԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Աղեստամոքսաբանը և լյարդաբանն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2025 թվական: