Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-501-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2015-18.11.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.114
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

(2-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Հոդված 3. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրությունը

 

Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարության որոշումները:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները

 

Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործված են հետևյալ իմաստներով՝

կանխիկ դրամ՝  Հայաստանի Հանրապետության արժույթը և արտարժույթը թղթադրամների կամ մետաղադրամների տեսքով.

դրամարկղային գործառնություն՝  կանխիկ դրամի մուտքագրումը կազմակերպություն, ելքագրումը կազմակերպությունից, ինչպես նաև շարժը դրամարկղների ու հաշվետու անձանց միջև.

դրամարկղ՝  կանխիկ դրամի ընդունման, պահպանման և բացթողման համար նախատեսված պահոց (պահեստարան).

գանձապահ՝  կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից.

առհաշիվ տրված կանխիկ դրամ՝  գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով կազմակերպության աշխատակիցներին կամ կառավարման մարմիններում ներգրավված անձանց տրված կանխիկ դրամ.

հաշվետու անձ՝  կազմակերպության աշխատակից կամ կառավարման մարմիններում ներգրավված անձ, որին գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով տրվել է կանխիկ դրամ.

դրամարկղային գիրք՝  գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 5. Դրամարկղային գործառնությունների իրականացումը

 

1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:

2. Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում՝ դրանց փաստաթղթավորման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը: Երբ դրամարկղից ելքագրված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային հաշիվներ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու հաջորդ օրը:

 

Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները

 

1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝

ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) Սահմանափակման մեծությունը (հազար դրամ)
 01.07.2003թ. 500
01.01.2004թ. 300
01.01.2005թ. 300
 

բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) Սահմանափակման մեծությունը (մլն դրամ)
 01.07.2003թ. 5
01.01.2004թ. 3
01.01.2005թ. 3

 

գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(հազար դրամ)

01. 01. 2012 թ.

300

 

դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(միլիոն դրամ)

01. 01. 2012 թ.

3

2. Սույն հոդվածում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները, ներառյալ՝ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները:

3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսության արտադրանք, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերք և գյուղատնտեսական հումք մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսության արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի և գյուղատնտեսական հումքի դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

(6-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-195-Ն, լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-147-Ն)

 

Հոդված 7. Առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները

 

1. Միևնույն անձին առհաշիվ կանխիկ դրամ չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել:

2. Կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ կառավարությունը կարող է սահմանել հետևյալ ժամկետային սահմանափակումները՝

ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ.

բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված` առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երկուսը:

 

Հոդված 8. Պետական հիմնարկների դրամարկղային գործառնությունների նկատմամբ այլ սահմանափակումները

 

Եթե օրենքով կամ կառավարության որոշմամբ պետական հիմնարկների կանխիկ դրամով վճարումների և առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումների փոխարեն գործում են այդ սահմանափակումները:

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոդված 9. Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

(վերնագիրը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա:

(9-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

 

1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:

2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):

3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

(10-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ IV

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 11. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

 

Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջները խախտելու համար կազմակերպությունները պատասխանատվություն են կրում սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը

 

1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքները կիրառվում են`

1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնման դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:

(12-րդ հոդվածը խմբ. 07.12.11 ՀՕ-329-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 13. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը

 

Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

(13-րդ հոդվածը փոփ. 19.12.12 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 14. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը

 

Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները: Սույն օրենքով սահմանված խախտումներն արձանագրվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Տուգանքի գումարը տասնօրյա ժամկետում չվճարելու դեպքում գումարները գանձվում են հարկային մարմինների հայցով` հօգուտ պետական բյուջեի:

(14-րդ հոդվածը խմբ. 19.12.12 ՀՕ-251-Ն)

 

     Հոդված 14.1.  

Տուգանքների հաշվառումը

 

1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև տուգանքների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) դեպքում տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

(14.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-184-Ն, 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ V

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:


Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2003 թ. հունվարի 28

Երևան

ՀՕ-501-Ն