Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2025 թվականի

N 148-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹՈՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

 1. Հաստատել թոքաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

20.11.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբեր

«20»-ի թիվ 148-Ն հրամանի

 

ԹՈՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թոքաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն թոքաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Թոքաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն թոքաբանություն (ներառյալ՝ ֆթիզիատրիա) մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Թոքաբանը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Թոքաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության թոքաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության թոքաբան.

3) Թոքաբանական բաժանմունքի վարիչ.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. թոքաբանը պետք է`

1) Իմանա բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոնները.

2) Իմանա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքները.

3) Տիրապետի աղետների բժշկության վերաբերյալ հիմնական գիտելիքներին, մասնավորապես, արտակարգ իրավիճակների դասակարգմանը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերին.

4) Իրականացնի աղետի վայրի գնահատում և վերլուծություն, տուժածների զննություն և վիճակի գնահատում, ներառյալ՝ վնասվածքների նախնական ախտորոշումը, բուժօգնության հերթականության ընտրությունը (պլանը), տեսակավորումը (տրիաժ), շտապ դուրսբերումը և տեղափոխումը.

5) Տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարահանման միջոցառումներին.

6) Կարողանա ճանաչել, ախտորոշել և համապատասխան բուժօգնություն տրամադրել տերմինալ իրավիճակների, շնչառության սուր խանգարումների, շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա), ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման, կոմատոզ վիճակների, արնահոսությունների, շոկերի, մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների, քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության ժամանակ.

7) Կարողանա իրականացնել աղետից տուժածներին բուժօգնության տրամադրման ժամանակ հիմնական բուժական մանիպուլյացիաներ և վերակենդանացման միջոցառումները.

8) Տիրապետի տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև` հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալին:

9) Ունենա հիմնական (նպատակային) ծրագրերի մասին ընդհանուր տեղեկացվածություն.

10) Իմանա ապացուցողական բժշկության հիմունքները.

11) Տիրապետի հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10).

12) Տիրապետի բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.

13) Ունենա հիվանդության պատմագրերի և այլ փաստաթղթերի պատշաճ լրացման հմտություններ․

14) Ստանա տեղեկատվություն հիվանդության մասին թոքային հիվանդություններով տառապող պացիենտներից.

15) Իրականացնի թոքային հիվանդություններով պացիենտների առաջնային զննություն` գործող մեթոդներին համապատասխան և հայտնաբերի հիվանդության ընդհանուր և սպեցիֆիկ նշանները.

16) Կատարի թոքային հիվանդություններով պացիենտների ուղեգրում.

ա. լաբորատոր հետազոտության՝ բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

բ. գործիքային հետազոտության՝ բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

գ. նեղ մասնագետների մոտ.

17) Իրականացնի խորհրդատվություն` բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

18) Իրականացնի ախտորոշում.

19) Կատարի թոքային հիվանդություններով պացիենտների կրկնակի զննություն` գործող մեթոդներին համապատասխան.

20) Կարողանա վերլուծել և մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտներից ստացված տեղեկատվությունը.

21) Կարողանա մեկնաբանել տարբեր թոքային հիվանդություններով պացիենտների ֆիզիկական հետազոտության արդյունքները.

22) Կարողանա հիմնավորել թոքային հիվանդություններով պացիենտների լաբորատոր հետազոտության անհրաժեշտությունը և ծավալը.

23) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների լաբորատոր հետազոտության արդյունքները.

24) Կարողանա հիմնավորել թոքային հիվանդություններով պացիենտների գործիքային հետազոտության անհրաժեշտությունը և ծավալը.

25) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների գործիքային հետազոտության արդյունքները.

26) Կարողանա հիմնավորել թոքային հիվանդություններով պացիենտներին նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրման անհրաժեշտությունը.

27) Կարողանա մեկնաբանել նեղ մասնագետների կողմից թոքային հիվանդություններով պացիենտների զննության արդյունքները.

28) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների կրկնակի զննության արդյունքները.

29) Կարողանա հիմնավորել և պլանավորել թոքային հիվանդություններով տառապող պացիենտների լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների ծավալը.

30) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների ժամանակ ստացված տվյալները.

31) Կարողանա հիմնավորել և պլանավորել թոքային հիվանդություններով պացիենտների լրացուցիչ գործիքային հետազոտությունների ծավալը.

32) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների լրացուցիչ գործիքային հետազոտությունների ժամանակ ստացված տվյալները.

33) Կարողանա հիմնավորել և պլանավորել թոքային հիվանդություններով պացիենտներին նեղ մասնագետների լրացուցիչ խորհրդատվության ծավալը.

34) Կարողանա մեկնաբանել թոքային հիվանդություններով պացիենտների նեղ մասնագետների լրացուցիչ կրկնակի զննության արդյունքները.

35) Կարողանա օգտվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներից.

36) Տիրապետի տեղեկատվական-համակարգչային ծրագրերին.

37) Տիրապետի թոքաբանական օգնության ցուցաբերման կարգին.

38) Իմանա թոքային հիվանդություններով տառապող պացիենտներին բժշկական օգնության ցուցաբերման չափորոշիչները ըստ հիվանդությունների.

39) Կարողանա իրականացնել կլինիկական հանձնարարականներ ըստ տարբեր թոքային հիվանդությունների ժամանակ.

40) Իմանա թոքային հիվանդություններով տառապող պացիենտների անատոմիա-ֆիզիոլոգիական և տարիքա-սեռային առանձնահատկությունները.

41) Տիրապետի թոքային հիվանդություններով պացիենտների օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունները նորմայում և ախտաբանական պրոցեսների ժամանակ.

42) Տիրապետի ժամանակակից դասակարգմանը, թոքային հիմնական հիվանդությունների կլինիկական ախտանշաբանությանը և սահմանային վիճակներին.

43) Իմանա հիմնական նոզոլոգիական ձևերի և պաթոլոգիկ վիճակների կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից մեթոդները թոքային հիվանդությունների ժամանակ.

44) Կարողանա կազմել թոքային հիվանդությունների բարդությունների կլինիկական պատկերը` նշելով ընթացքի առանձնահատկությունները.

45) Իմանա թոքային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման ցուցումները.

46) Իմանա թոքային հիվանդությունների գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման ցուցումները.

47) Տիրապետի թոքային հիվանդությունների գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման ցուցումներին.

48) Կարողանա կազմել թոքային հիվանդություններով տառապող պացիենտների անհետաձգելի օգնություն պահանջող վիճակների կլինիկական պատկերը.

49) Տիրապետի թոքային հիվանդությունների միջազգային դասակարգմանը և թոքային հիվանդությունների վարման ժամանակակից ուղեցույցներին.

50) Անցկացնի տարբերակիչ ախտորոշում և հիմնավորի պացիենտի վարման կլինիկական ախտորոշումը, մարտավարությունը.

51) Իրականացնի թոքային հիվանդություններով պացիենտների բուժման սխեմայի նշանակում և դրա արդյունավետության և անվտանգության հսկում, այդ թվում.

ա. թոքային հիվանդություններով պացիենտների բուժման պլանի մշակում, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը.

բ. դեղորայքային թերապիայի և ոչ դեղորայքայի թերապիայի նշանակում, հաշվի առնելով տարբեր թոքային հիվանդությունների կլինիկական պատկերը.

գ. հանձնարարականներ թոքաբանի կողմից նշանակված դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի կատարման վերաբերյալ.

դ. դեղորայքային թերապիայի և ոչ դեղորայքային թերապիայի արդյունավետության և անվտանգության գնահատականը թոքային հիվանդություններով պացիենտների մոտ.

ե. պացիենտի վիճակի ծանրության գնահատում, անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերում թոքային հիվանդություններով պացիենտներին անհետաձգելի իրավիճակներում, վերակենդանացման միջոցառումների ծավալի ու հերթականության որոշում, անհրաժեշտ շտապ բուժօգնություն ցուցաբերում.

զ. վերլուծի դեղերի ազդեցությունը տվյալ պացիենտի օրգանիզմի վրա ըստ ֆարմակոլոգիական ազդեցության, կիրառման ցուցումները և հակացուցումները, կիրառումից առաջացած բարդությունները.

է. նշանակի դիետոթերապիա, հաշվի առնելով տարբեր թոքային հիվանդությունների կլինիկական պատկերը.

ը. իմանա թոքաբանական օգնության ցուցաբերման կարգը.

թ. տիրապետի թոքային հիվանդություններով պացիենտների բժշկական օգնության ցուցաբերման չափորոշիչներին` ըստ հիվանդությունների.

ժ. տիրապետի կլինիկական հանձնարարականներին ըստ հիվանդությունների՝ թոքային հիվանդություններով պացիենտների մոտ.

ժա. տիրապետի թերապիայի ժամանակակից մեթոդներին՝ հիմնական թոքային հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների ժամանակ.

ժբ. կարողանա պատշաճ կազմակերպել և իրականացնել թոքային հիվանդություններով պացիենտների բուժական սնուցումը` կախված հիվանդության տեսակից.

52) Կարողանա որոշել հոմեոստազի խանգարման աստիճանը և կատարել բոլոր միջոցառումները կարգավորման համար.

53) Իրականացնի թոքային հիվանդություններով պացիենտի համար վերականգնողական անհատական ծրագրերի արդյունավետության գնահատում և հսկում, այդ թվում.

ա. հաշմանդամություն ունեցող պացիենտների վերականգնման անհատական ծրագրերի կատարման պլանի կազմում.

բ. երկարատև և հաճախ հիվանդացող տարբեր թոքային քրոնիկական հիվանդություններով պացիենտների համար վերականգնման պլանի մշակում և կազմում.

գ. երկարատև և հաճախ հիվանդացող տարբեր քրոնիկական թոքային հիվանդություններով պացիենտներին առողջարանային բուժման նշանակում.

դ. համապատասխան թոքային հիվանդության և առողջական վիճակին՝ վերականգնողական միջոցառումների անցկացման համար մասնագետի որոշում.

ե. թոքային հիվանդություններով պացիենտների մոտ վերականգնողական միջոցառումների արդյունավետության և անվտանգության գնահատում.

54) Իրականացնի առողջ ապրելակերպի ձևավորման համար սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ և դրանց արդյունավետության վերահսկողություն.

55) Իրականացնի թոքային հիվանդություններով պացիենտի մոտ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում.

ա. տարբեր թոքային հիվանդություններով պացիենտների մոտ կանխարգելիչ զննությունների անցկացում.

բ. առողջ ապրելակերպի տարրերի ձևավորման համար ուղեգրված տարբեր թոքային հիվանդություններով պացիենտների խմբերի շրջանում առողջարարական միջոցառումներ.

գ. երկարատև և տարբեր քրոնիկական թոքային հիվանդություններով պացիենտների դիսպանսեր հսկողություն.

դ. երկարատև և տարբեր քրոնիկական թոքային հիվանդություններով պացիենտների շրջանում կանխարգելիչ միջոցառումներ.

ե. սահմանված ժամկետներին համապատասխան կանխարգելիչ զննություններ․

զ. տարբեր թոքային հիվանդություններով պացիենտների կողմից առողջարարական միջոցառումներ` կապված սննդի, քնի, օրվա ռեժիմի, ֆիզիկական ակտիվության հետ.

է. թոքային հիվանդություններով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների մոտ առողջ ապրելակերպի հմտությունների ձևավորում.

ը . թոքային հիվանդություններով պացիենտների ուղեգրում մասնագետների մոտ` լաբորատոր և գործիքային զննության համար.

56) Իրականացնի ենթակա բուժանձնակազմի գործունեության կազմակերպումը, այն է.

ա. կազմի աշխատանքային պլան, կատարի հաշվետվություն.

բ. իրականացնի տվյալ հիվանդության վերաբերյալ հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների վերլուծություն.

գ. իրականացնի հաշվառա-հաշվետվական բժշկական փաստաթղթերի վարում.

դ. իրականացնի թոքային հիվանդություններով պացիենտների հաշմանդամությունը սահմանելու համար բժշկա-սոցիալական փորձաքննության փաստաթղթերի ձևակերպում.

ե. իրականացնի միջին բուժանձնակազմի կողմից բժշկական նշանակումների կատարման հսկում.

զ. իրականացնի բաժանմունքում բժշկական օգնության ցուցաբերման որակի հսկում.

է. ներկայացնի բժշկական հաստատության գործունեության հաշվետվության համար բժշկա-վիճակագրական ցուցանիշներ.

ը. կարողանա աշխատել տեղեկատվական-վերլուծական համակարգերում (Առողջապահության միասնական պետական տեղեկատվական համակարգ):

6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. թոքաբանը պետք է`

1) Իմանա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության և հաստատությունների գործունեությունը բնութագրող նորմատիվ իրավական ակտերը:

2) Տիրապետի թոքաբանական պրոֆիլի բժշկական հաստատություններում պացիենտներին բուժօգնության կազմակերպման հիմունքներին, այդ թվում.

ա. թոքային հիվանդություններով պացիենտներին բուժօգնության ցուցաբերման կարգին.

բ. թոքային հիվանդություններով պացիենտներին բուժօգնության ցուցաբերման չափորոշիչներին.

գ. աշխատունակության կորուստը հաստատող փաստաթղթի հանձնման և ձևակերպման, ինչպես նաև` բժշկական կազմակերպություններում թոքաբանական պրոֆիլի բժշկական փաստաթղթերի ձևակերպման կանոններին.

դ. աշխատանքի պահպանման պահանջներին.

3) Կարողանա ախտորոշել և անցկացնել անհրաժեշտ բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում.

ա. սուր բրոնխիտների բուժում.

բ. քրոնիկական բրոնխիտների բուժում.

գ. բրոնխների ասթմայի բուժում.

դ. ասթմատիկ կարգավիճակի բուժում.

ե. էմֆիզեմայի բուժում.

զ. թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության բուժում.

է. պնևմոկոնիոզների բուժում.

ը. պլևրիտների բուժում.

թ. թոքաբորբերի բուժում.

ժ. բրոնխոէկտատիկ հիվանդության բուժում.

ժա. թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների բուժում (իդիոպաթիկ թոքային ֆիբրոզ, այլ իդիոպաթիկ ինտերստիցիալ թոքաբորբեր, էկզոգեն ալերգիկ ալվեոլիտ, տոքսիկ ֆիբրոզացվող ալվեոլիտ և այլն).

ժբ. սարկոիդոզի բուժում.

ժգ. թոքի աբսցեսի կոնսերվատիվ բուժում.

4) Կարողանա գնահատել և մեկնաբանել.

ա. լաբորատոր և կենսաքիմիական հետազոտությունների տվյալները.

բ. ռենտգեն զննության և ռենտգենանկարման, տոմոգրաֆիայի տվյալները.

գ. ջրա-աղային փոխանակության խանգարման ձևերը.

դ. կոագուլոգրաման.

ե. էլեկտրոսրտագրության, էխոսրտագրության տվյալները.

զ. կենտրոնական հեմոդինամիկայի հետազոտության ցուցանիշները.

է. արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատման ցուցանիշները.

ը. թոքերի ֆունկցիոնալ հետազոտությունների տվյալները.

5) Կարողանա կատարել`

ա. սիրտ-թոքային վերակենդանացում.

բ. արտաքին արնահոսության կանգնեցում.

գ. ենթամաշկային, միջմկանային, ներերակային ներարկումներ.

դ. արյան խմբի և տեսակային պատկանելության որոշում.

ե. արյան կորստի որոշում՝ տեսակարար կշռի, հեմոգլոբինի, հեմատիկրիտի ցուցանիշներով.

զ. մասնագիտության սահմաններում՝ ֆունկցիոնալ մեթոդներով հետազոտության անցկացում:

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Թոքաբանը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. թոքաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9․ Տեխնիկական հմտություններ. թոքաբանը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Թոքաբանը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7. ԹՈՔԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Իր աշխատանքային գործունեության ընթացքում թոքաբանը պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԹՈՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան