Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-144-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.14/84(1173) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին գլխի վերնագրում «6.1» թիվը փոխարինել «5.1» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:».

2) 4-րդ մասի «դիմողի» բառը փոխարինել «նոր ծնված երեխայի ծնողների» բառերով.

3) 5-րդ մասի «դիմողի մյուս երեխաների և զավակների քանակը» բառերը փոխարինել «մյուս երեխաներին և զավակներին» բառերով.

4) 6-րդ մասի «դիմողը դիմել է» բառերը փոխարինել «դիմումը ներկայացվել է» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում» բառերը փոխարինել «տարածքային կենտրոն են ներկայացվում» բառերով.

2) 3-րդ մասի «դիմողի, դիմողի» բառերը փոխարինել «նոր ծնված երեխայի ծնողների» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե նոր ծնված երեխայի ծնողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):».

4) 6-րդ մասի «դիմողից» բառը փոխարինել «նպաստը ստացողից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ:

 

«Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

2. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

4. Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:

5. Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

 

1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

2. Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո:

3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այն ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:

4. Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է (սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ սույն հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

6. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:

7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

8. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

9. Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելն է:

10. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

11. Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

12. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

13. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

14. Խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

 

1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը դադարելու դեպքում.

4) խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում.

5) ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու) դեպքում.

6) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

9) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:

2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:

3. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին վեց ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու դեպքում, եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարեցնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (խնամքի արձակուրդում գտնվելու) օրվանից: Բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում նոր հիմունքներով, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է խնամքի նպաստ:

5. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից.

2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ ներկայացված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վեց ամսվա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք՝ մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

7. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:

8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-144-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան