Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-134-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2015-05.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1455
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայությունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և ուղղված է առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱՌԵՎՏՈՒՐ

 

Հոդված 2.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`

վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.

սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.

ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.

արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.

գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.

կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.

շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ և այլն.

հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.

շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.

շրջածախ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.

բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.

դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.

առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.

ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.

տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.

առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.

առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.

խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.

կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.

վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).

դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին.

արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների և արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.

մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար.

գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

բացառիկ լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-176-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, 17.12.14 ՀՕ-229-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

Հոդված 2.1. Սահմանափակումները արտաքին առևտրի ոլորտում

 

1․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:

3․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։

4․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

(2.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-229-Ն)

 

Հոդված 3.

ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը:

2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

(3-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 11.09.12 ՀՕ-176-Ն)

 

Հոդված 3.1.

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը պարտավոր է ծանուցել գործունեության իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները՝

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման և հաշվառման համարը, ամսաթիվը.

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը և ամսաթիվը.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:

4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:

5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, ծանուցման մեջ նշված առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:

(3.1-ին հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

Հոդված 4.

ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:

3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:

4. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

5. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

7. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ. 11.09.12 ՀՕ-176-Ն)

 

Հոդված 5.

ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:

4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`

ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.

բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.

գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.

դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:

41. Բացի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններից, կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների):

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:

6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:

7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:

8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:

9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ-դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, 29.04.08 ՀՕ-40-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

Հոդված 51.

Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները

 

1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:

(51-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 6.

ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վաճառողը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.

գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) դրամարկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձևի, փաստաթղթի տրամադրումը.

դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.

ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը:

2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել`

ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.

բ) օրենքով սահմանված դեպքերում վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:

3. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:

(6-րդ հոդվածը խմբ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 61.

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները

 

Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 51-րդ հոդվածի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «ե» կետերի պահանջների կատարումը.

բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:

(61-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 7.

ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել`

ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.

գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով.

դ) առևտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առևտրային տարածքներում (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների), սպառողներին հասանելի տեղերում տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը.

ե) սույն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ-դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.

զ) սույն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը և շահագործումը` իր հաշվին.

է) բացառությամբ առևտրի կենտրոնների, ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա, իսկ կենդանիների շուկաներում` անասնաբուժական ծառայության առկայությունը, որը վարում է գյուղատնտեսության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան, և այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:

Գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:

Առանց պայմանագրերի կնքման կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի, առևտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, լրաց. 29.04.08 ՀՕ-40-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-126-Ն)

 

Հոդված 8.

ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը պարտավոր է`

ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը և գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.

բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ և հավաստի տեղեկատվություն:

(8-րդ հոդվածը փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 9.

ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:

2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:

Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից` ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման:

12. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:

Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել`

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`

ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.

բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը.

գ) վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:

Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):

20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:

21. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 11.09.12 ՀՕ-176-Ն)

 

Հոդված 9.1.

Ապրանքների դրոշմավորումը

 

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:

2. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

2.1. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման իրացնելու վերջնաժամկետները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:

Սույն մասով սահմանված դեպքերում անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները, եթե վերջիններիս մասով օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված ցանկում ներառված ապրանքները:

4. Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

(9.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, 07.05.15 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 9.2.

Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար.

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ անվանումը

2201

ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

2202

ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2203

Գարեջուր

գարեջուր

2208

ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ

կոկտեյլ

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

0401

կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման

կաթնեղեն

0402

կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

կաթնեղեն

0403

թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց

կաթնեղեն

0901

սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող

սուրճ

0902

թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց

թեյ

0903 00 000

մատե կամ պարագվայական թեյ

թեյ

1507

սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1508

գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1509

ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1512 11 910

արևածաղկի ձեթ

ձեթ

1512 19 900

արևածաղկի ձեթ

ձեթ

1515 21 900

եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ

ձեթ

1515 29 900

եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ

ձեթ

1602

պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից

մսեղեն

1604

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

2002

լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2006

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված)

պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

պահածո

2008

մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2101 20

թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք

թեյ

2105 00

պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող

պաղպաղակ

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

3304

կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ

կոսմետիկա

3305

մազերի խնամքի միջոցներ

կոսմետիկա

3401

օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով

օճառ

3402

մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

2936

պրովիտամիններ, վիտամիններ

վիտամին

3002 20 000

պատվաստանյութ՝ մարդու համար

պատվաստանյութ

3002 30 000

պատվաստանյութ՝ կենդանիների համար

պատվաստանյութ

3003

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված

դեղ

3004

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար

դեղ

3303 00

օծանելիք

օծանելիք

(9.2-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, խմբ., լրաց. 19.05.14 ՀՕ-20-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-108-Ն)

Հոդված 9.3.

 Դրոշմապիտակների տրամադրման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:

3. Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում: Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով:

4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող՝

1) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչև ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում.

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռք բերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված՝ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված տվյալները:

Սույն մասի կիրառության իմաստով՝

ա. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում,

բ. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

6. Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները յուրաքանչյուր ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում են տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

7. Սույն հոդվածով նախատեսված հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

(9.3-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 9.4.

Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները

 

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:

5. Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

(9.4-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, խմբ. 19.05.14 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 9.5.

Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների և արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը և կիրառությունից հանելը

 

1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային և մաքսային վերադաս մարմինը: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:

Դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):

2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:

3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

(9.5-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, խմբ. 19.05.14 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 9.6.

Ձեռք բերված և չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:

Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում՝ վերադարձվում: Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:

2. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:

4. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:

6. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային և այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել և այդ ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս են գրվել:

Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացող՝ դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված՝ դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

8. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան դրոշմապիտակի սերիան և դրա կենտրոնական մասը.

3) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

(9.6-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.05.14 ՀՕ-20-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 10.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.

խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 11.

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:

5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:

6. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:

7. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 12.

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:

3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

(12-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, փոփ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 13.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով կենցաղային ծառայության հիմնական հասկացություններն են`

կենցաղային ծառայություն` սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար` նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն:

Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

կենցաղային ծառայության օբյեկտներ` կենցաղային ծառայությունների համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.

կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

(13-րդ հոդվածը փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 14.

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում` սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:

3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

(14-րդ հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 15.

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:

3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ և ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

 

Հոդված 17.

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

(17-րդ հոդվածը խմբ. 27.02.07 ՀՕ-130-Ն, 17.06.08 ՀՕ-119-Ն, 21.08.08 ՀՕ-138-Ն, 19.05.09 ՀՕ-118-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  51

 

(գլուխը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 171.

Հսկողության իրականացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ` ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով:

4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ` իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:

6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:

Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:

9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)`

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բաց թողնված օգուտների հատուցում.

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի) օրինական պահանջներն ու ցուցումները:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով: 

(171-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 18.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:

(18-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը`

ա) 2011 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երևանում և մարզկենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար.

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար:

Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`

ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջի կատարումը տեղեկատվական միասնական համակարգի ներդրման մասով պարտադիր է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից.

7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

(19-րդ հոդվածը խմբ. 07.02.07 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-118-Ն, 11.09.12 ՀՕ-176-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-134-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2024, ՀՕ-330-Ն 01.10.2024, ՀՕ-134-Ն
22.05.2024, ՀՕ-257-Ն 24.06.2024, ՀՕ-134-Ն
02.05.2024, ՀՕ-214-Ն 21.06.2024, ՀՕ-134-Ն
16.01.2024, ՀՕ-30-Ն 06.05.2024, ՀՕ-134-Ն
03.10.2023, ՀՕ-307-Ն 25.04.2024, ՀՕ-134-Ն
13.07.2023, ՀՕ-259-Ն 08.02.2024, ՀՕ-134-Ն
24.05.2023, ՀՕ-185-Ն 14.08.2023, ՀՕ-134-Ն
10.02.2023, ՀՕ-34-Ն 06.03.2023, ՀՕ-134-Ն
07.12.2022, ՀՕ-536-Ն 24.12.2022, ՀՕ-134-Ն
07.07.2022, ՀՕ-301-Ն 31.07.2022, ՀՕ-134-Ն
09.06.2022, ՀՕ-271-Ն 01.07.2022, ՀՕ-134-Ն
04.03.2022, ՀՕ-40-Ն 10.04.2022, ՀՕ-134-Ն
16.12.2021, ՀՕ-410-Ն 06.01.2022, ՀՕ-134-Ն
27.05.2021, ՀՕ-227-Ն 01.01.2022, ՀՕ-134-Ն
17.04.2020, ՀՕ-226-Ն 01.01.2022, ՀՕ-134-Ն
24.03.2021, ՀՕ-142-Ն 07.06.2021, ՀՕ-134-Ն
20.01.2021, ՀՕ-65-Ն 01.06.2021, ՀՕ-134-Ն
24.01.2020, ՀՕ-83-Ն 29.02.2020, ՀՕ-134-Ն
24.10.2019, ՀՕ-188-Ն 30.11.2019, ՀՕ-134-Ն
24.10.2018, ՀՕ-406-Ն 08.11.2018, ՀՕ-134-Ն
11.09.2018, ՀՕ-378-Ն 06.10.2018, ՀՕ-134-Ն
21.03.2018, ՀՕ-204-Ն 07.04.2018, ՀՕ-134-Ն
21.03.2018, ՀՕ-163-Ն 07.04.2018, ՀՕ-134-Ն
21.12.2017, ՀՕ-267-Ն 01.01.2018, ՀՕ-134-Ն
24.11.2015, ՀՕ-165-Ն 01.01.2018, ՀՕ-134-Ն
17.06.2016, ՀՕ-117-Ն 23.07.2016, ՀՕ-134-Ն
21.12.2015, ՀՕ-6-Ն 23.01.2016, ՀՕ-134-Ն
13.11.2015, ՀՕ-131-Ն 05.12.2015, ՀՕ-134-Ն
13.11.2015, ՀՕ-126-Ն 05.12.2015, ՀՕ-134-Ն
07.05.2015, ՀՕ-34-Ն 04.06.2015, ՀՕ-134-Ն
17.12.2014, ՀՕ-229-Ն 02.01.2015, ՀՕ-134-Ն
21.06.2014, ՀՕ-108-Ն 30.10.2014, ՀՕ-134-Ն
19.05.2014, ՀՕ-20-Ն 11.09.2014, ՀՕ-134-Ն
19.12.2012, ՀՕ-252-Ն 07.01.2013, ՀՕ-134-Ն
11.09.2012, ՀՕ-176-Ն 20.10.2012, ՀՕ-134-Ն
19.03.2012, ՀՕ-146-Ն 25.07.2012, ՀՕ-134-Ն
19.03.2012, ՀՕ-74-Ն 28.04.2012, ՀՕ-134-Ն
13.04.2011, ՀՕ-113-Ն 21.05.2011, ՀՕ-134-Ն
29.04.2008, ՀՕ-40-Ն 01.07.2009, ՀՕ-134-Ն
19.05.2009, ՀՕ-118-Ն 04.06.2009, ՀՕ-134-Ն
21.08.2008, ՀՕ-138-Ն 04.10.2008, ՀՕ-134-Ն
17.06.2008, ՀՕ-119-Ն 26.07.2008, ՀՕ-134-Ն
27.02.2007, ՀՕ-130-Ն 21.04.2007, ՀՕ-134-Ն
07.02.2007, ՀՕ-71-Ն 08.03.2007, ՀՕ-134-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան