ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը.»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-1.4-րդ կետերով.
«1.1) իրականացնում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.3) ըստ անհրաժեշտության հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
1.4) իրականացնում է հանրակրթության ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.»․
2) 2-րդ կետի «վերահսկում» բառը փոխարինել «աջակցում» բառով, իսկ «ակտերի կատարումը» բառերը՝ «իրավական ակտերի պահանջներին համապատասխան կրթական քաղաքականության իրականացմանը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը։»:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2․2-րդ կետով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-355-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: