ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 734-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետը «ամենօրյա» բառից հետո լրացնել «կամ առանձնահատուկ» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Ծառայողները ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման՝
1) օրենսդրությունից բխող՝ իրենց ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար՝ ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։ Սույն ենթակետով նախատեսված հատուկ ուսուցում անցնելուց հետո ծառայողը կրկին կարող է հատուկ ուսուցում անցնել առնվազն 12 ամիս հետո.
2) քրեակատարողական ծառայության առջև ծառացած օպերատիվ-ծառայողական հատուկ խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացված քրեակատարողական ծառայության օպերատիվ-ծառայողական հատուկ խնդիրների առկայության գնահատման արդյունքներով:».
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է: Հատուկ ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման թեմաները որոշվում են ծառայողների հատուկ ուսուցման կարիքի գնահատման արդյունքում, և տվյալ պարագայում հատուկ ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող պակաս լինել 4 ակադեմիական ժամից ու չի կարող գերազանցել 80 ակադեմիական ժամը։ Իսկ սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայողների հատուկ ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող պակաս լինել 39 ակադեմիական ժամից։».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Հատուկ ուսուցման դասընթացների ընթացքում պետք է առնվազն դասավանդվեն ծառայողների՝ օրենսդրությունից բխող ամենօրյա կամ օպերատիվ-ծառայողական հատուկ խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ թեմաներ, որոնք բխում են սույն կարգի 2-րդ կետի բովանդակությունից:».
5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ հաջորդ տարվա ծառայողների հատուկ ուսուցման առանձնահատուկ կարիքի գնահատման արդյունքում անհրաժեշտ հատուկ ուսուցման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ հաջորդ տարվա հատուկ ուսուցման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը:
Ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայողների հաջորդ տարվա հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և (կամ) գործնական պարապմունքների ցանկերը ներկայացնելու օրվանից 20-օրյա ժամկետում:».
6) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.
2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ընդգրկված ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ բաժինների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման դեպքում նաև այդ ուսուցման յուրաքանչյուր թեմային մասնակցող ծառայողների թիվը (խմբերով) կամ մի քանի թեմաներից կազմված դասախոսությունների և (կամ) գործնական պարապմունքների ցանկով նախատեսված հատուկ ուսուցմանը մասնակցող ծառայողների թիվը:
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման դեպքում խմբերը պետք է կազմված լինեն առնվազն 10 ծառայողից, իսկ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման դեպքում՝ առնվազն 20 ծառայողից։ Յուրաքանչյուր տարվա հատուկ ուսուցման ծրագիրը պետք է կազմված լինի այնպես, որ չգերազանցի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հատուկ ուսուցման տվյալ տարվա համար պետական բյուջեից հատկացված միջոցները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ուսուցումն իրականացվում է նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:».
7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Հատուկ ուսուցման ավարտին ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Հատուկ ուսուցման ստուգարքի «ֆիզիկական պատրաստվածության ստուգում» փուլը կարող է նաև կազմակերպվել հատուկ ուսուցման ընթացքում՝ համապատասխան թեմայի դասընթացն ավարտելուց հետո:».
8) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26. Ստուգարքն ուսումնական գործընթացի ավարտական փուլ է, որի նպատակը հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության գնահատումն է:
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ հատուկ ուսուցման ստուգարքի ստորև նշված փուլերից երեք կամ երկու կամ մեկ փուլով՝ հաշվի առնելով ծառայողների հատուկ ուսուցման առանձնահատուկ կարիքի գնահատման արդյունքում ընտրված թեմաները:
Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝
1) ֆիզիկական պատրաստվածության ստուգում՝ սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունների կատարում.
2) թեստավորում՝ ստուգվում է ունկնդիրներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը.
3) կրակային պատրաստվածության ստուգում՝ սահմանված նորմատիվներին համապատասխան կրակային (հրաձգության) վարժաձևերի կատարում:
Ծառայողը մասնակցում է ստուգարքի յուրաքանչյուր փուլին՝ ըստ վերոնշյալ հերթականության, եթե ծառայողը ստուգարքի նախորդ փուլի ստուգման արդյունքում դրական է գնահատվել (ստուգված է ստացել):
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է ֆիզիկական, թեստային և կրակային պատրաստության առաջադրանքների կամ դրանցից երկուսի արդյունքների գումարից կամ մեկի արդյունքից՝ հաշվի առնելով ծառայողների հատուկ ուսուցման առանձնահատուկ կարիքի գնահատման արդյունքում ընտրված թեմաները:
Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստային, ֆիզիկական և կրակային պատրաստության առաջադրանքների արդյունքների գումարից: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից հավաքել է 10 և ավելի միավոր, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու կրակային վարժաձևերը (համապատասխան միավորներով):
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 8 հնարավորից հավաքել է 6 և ավելի միավոր, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու կրակային վարժաձևերը (համապատասխան միավորներով):
Վերոնշյալ չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:».
9) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ յուրաքանչյուր տարվա համար: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որոնցից մեկը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասնագետներից, մեկը՝ քրեակատարողական ծառայության մասնագետներից, իսկ երեքը՝ ուսումնական հաստատության մասնագետներից:».
10) 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 29.1-ին, 29.2-րդ, 29.3-րդ, 29.4-րդ, 29.5-րդ, 29.6-րդ, 29.7-րդ, 29.8-րդ, 29.9-րդ և 29.10-րդ կետերով՝
«29.1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
29.2. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի առնվազ երեք անդամների մասնակցության դեպքում: Հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում հաջորդ նիստը գումարվում է մյուս աշխատանքային շաբաթվա ուրբաթ աշխատանքային օրը կամ հանձնաժողովի անդամների հիմնավոր պատճառաբանությամբ մեկ այլ աշխատանքային օր:
29.3. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի ընթացքում:
29.4. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա՝ հանձնաժողովի անդամները:
29.5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
29.6. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է ստուգարքի թեստերի կազմման աշխատանքները.
4) իրականացնում է ստուգարքի թեստավորման աշխատանքների հսկողությունը.
5) որոշում է հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցերի, դիումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
29.7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:
29.8. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը.
2) ուսումնասիրում է հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.
3) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները.
4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.
5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
29.9. Հանձնաժողովի անդամ-քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է ծառայողներին ստուգարքի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
29.10. Ուսումնական հաստատության տնօրենը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու (փոխարինելու) միջնորդությամբ, եթե հանձնաժողովի անդամը առնվազն երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից կամ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերի քվեարկությանը:».
11) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«35. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ (ինքնաշխատ եղանակով) ընտրում է հարցեր և կազմում է սույն կարգի 26-րդ կետում նշված համապատասխան ստուգարքի համար նախատեսված ծավալի թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:».
12) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հատուկ ուսուցման ստուգարքի «ֆիզիկական պատրաստվածության ստուգում» և «կրակային պատրաստվածության ստուգում» փուլերը հանձնաժողովի անունից իրականացվում են հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր ֆիզիկական վարժության համապատասխան նորմատիվի ու կրակային վարժաձևի կատարումից հետո դրա արդյունքը ներառվում է ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթում, որը ստորագրվում է ծառայողի՝ թեման դասավանդող դասախոսի և հանձնաժողովի առնվազն մեկ անդամի կողմից (հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված հանձնաժողովի անդամի)»:
Սույն կետում նշված ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթերը ներկայացվում են հանձնաժողովի հաստատմանը։ Ամփոփաթերթը կարող է չհաստատվել՝ հանձնաժողովի հիմնավոր պատճառաբանությամբ, որը ներկայացվում է ուսումնական հաստատության տնօրենին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:».
13) հավելվածը լրացնել նոր՝ 75-րդ կետով՝
«75. Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստացած ծառայողը եռամսյա ժամկետում պետք է անցնի վերստուգում՝ ստուգարքի այն փուլի կամ փուլերի մասով, որից (որոնցից) ստացել է բացասական՝ «չստուգված» գնահատական:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
18.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|