Գլխավոր տեղեկություն
Համար
N 1613-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1613-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում երեխաների խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:

3. Սահմանել, որ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրի հիման վրա:

4. Սույն որոշմամբ նախատեսված խնամքը «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված ժամկետի ավարտից հետո կարող է տրամադրվել միայն համապատասխան հավաստագրման դեպքում։

5. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի «Երեխաներին տրամադրվող խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի) տրամադրման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում ընդունել սույն որոշման 5-րդ կետում նշված հրամանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 14-ի N 1613-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում երեխաներին խնամքի տրամադրումը ցերեկային կենտրոններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում տրամադրվող խնամքի, այդ խնամքի պայմանների, տրամադրման ձևերի, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկի և այդ ծառայությունների հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները չեն տարածվում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված կազմակերպության) և 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կազմակերպություններում, ինչպես նաև նախադպրոցական հաստատություններում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ:

2. Սույն հավելվածի իմաստով խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նրանց թվին պատկանող անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է: Երեխաներին խնամք տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից (այսուհետ` կազմակերպություն)՝ առաջնորդվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածով:

3. Կազմակերպությունը, դրա պաշտոնատար անձինք ու աշխատողները, խնամողները, այլ անձինք պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել խնամքի տրամադրման ընթացքում երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական և ընտանեկան տվյալները: Սույն կետով նախատեսված պարտավորությունը գործում է ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո։

4. Սույն հավելվածի իմաստով խնամքը տրամադրվում է բացառապես`

1) ցերեկային կենտրոններում կամ

2) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

3) ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին երեխային, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև նրա ընտանիքի անդամներին:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա լրիվ խնամք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կամ նրանց թվին պատկանող անձանց: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, սույն հավելվածի իմաստով, լինում են՝

1) ընդհանուր տիպի, որոնք նախատեսված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց՝ ներառյալ ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

2) մասնագիտացված, որոնք նախատեսված են կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

3) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որը ներառում է ցերեկային խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար, և շուրջօրյա խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների համար: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում ապահովվում է որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար:

7. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում տրամադրվում է շուրջօրյա խնամք՝ յուրաքանչյուր տանը մինչև 8 երեխայի համար:

 

2. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ցերեկային կենտրոններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ու ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը կարող է տրամադրվել ինչպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կազմակերպության, այնպես էլ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպության կողմից:

9. Ցերեկային կենտրոնները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ու ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները, ելնելով իրենց առանձնահատկություններից, խնամքը տրամադրելիս՝

1) ապահովում են օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմանները, անհատական ու խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակների, շուրջօրյա խնամք իրականացնելու դեպքում նաև դասապատրաստման սենյակների առկայությունը՝ բակային և շենքային տարածքները հարմարեցնելով տեղաշարժման դժվարություններ, հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների համար.

2) պահպանում են օրենսդրությամբ սահմանված՝ անհրաժեշտ ընդհանուր ու բնակելի մակերեսին, անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), նրանց աշխատանքային պայմաններին, միաժամանակյա խնամք ստացողների առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, տնտեսական ապրանքների, կոշկեղենի, անկողնային ու անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, անվտանգության ապահովմանը և օրենսդրությամբ նախատեսված այլ պայմաններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ապահովում են երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառումը.

3) առաջնորդվում են ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն իր մոտ խնամք ստացող երեխաների (բացառությամբ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների ցերեկային բաղադրիչի շահառուների) ազատ ժամանցը կազմակերպում է նրանց՝ հաստատության համապատասխան աշխատողների ուղեկցությամբ կամ ուղղորդմամբ հարակից խաղահրապարակներ՝ համայնքում երեխաների ինտեգրմանն աջակցելու նպատակով։ Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կարող է ունենալ խաղահրապարակներ նաև հաստատության տարածքում.

5) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ու ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները, շուրջօրյա խնամք ստացող ուսումնական հաստատությունում սովորող և ուսումնական հաստատություն հաճախող երեխային՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում են անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով։ Երեխաների հետ աշխատող մասնագետներն սովորեցնում են երեխային խելամիտ և արդյունավետ օգտագործել սույն ենթակետում նշված գումարը: Սույն ենթակետում նշված անձնական մանր ծախսերի համար տրվում է ամսական`

ա. 6-9 տարեկան երեխաներին՝ 6 000 Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. 10-15 տարեկան երեխաներին՝ 12 000 Հայաստանի Հանրապետության դրամ,

գ. 16-19 տարեկան անձանց՝ 15 000 Հայաստանի Հանրապետության դրամ.

6) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները շուրջօրյա խնամք ստացող երեխաների անձնական մանր ծախսերի իրականացումը կազմակերպում են հետևյալ կերպ`

ա. 6-9 տարեկան երեխաների համար անձնական մանր ծախսերն իրականացնում է տնօրենի կողմից լիազորված անձը՝ հաշվի առնելով երեխայի շահերը և ցանկությունները, ինչպես նաև ներկայացնելով ծախսը հիմնավորող կամ հավաստող փաստաթղթեր,

բ. 10-19 տարեկան անձինք անձնական մանր ծախսերն իրականացնում են և գումարը տնօրինում են ինքնուրույն` խորհրդակցելով տնօրենի կողմից լիազորված անձի հետ,

գ. 10-19 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անձնական մանր ծախսերն իրականացնում են և գումարը տնօրինում են տնօրենի կողմից լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով ծախսը հիմնավորող կամ հավաստող փաստաթղթեր.

7) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները շուրջօրյա խնամք ստացող երեխաների անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի վճարումը դադարեցնում են երեխայի՝ հաստատությունից դուրս գրվելու (կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ որդեգրման կամ խնամատար, խնամակալ կամ հոգաբարձու ընտանիքում տեղավորվելու, 18 կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ 19 տարին լրանալու կապակցությամբ) կամ այլ խնամքի հաստատություն տեղափոխվելու դեպքում.

8) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և մասնագիտացված հաստատությունները, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններն իրենց մոտ շուրջօրյա խնամք ստացող երեխայի կարիքներից բխող ու հրատապ և անհապաղ բավարարման ենթակա կարիքները հոգալու համար տարեկան առավելագույնը 1 200 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով կանխիկ կամ անկանխիկ շրջանառության գործարքներ են իրականացում՝ անկանխիկ շրջանառության գործարքների դեպքում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ պետական բյուջեով նախատեսված հաստատության բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի, իսկ կանխիկ գործարքի դեպքում՝ «Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածի հաշվին։

10. Սույն հավելվածով նախատեսված խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում տրամադրվում է նաև այդտեղ խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա՝ հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան 19 տարին լրանալը:

11. Երեխան տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (բացառությամբ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ցերեկային բաղադրիչի)՝ խնամակալության կամ հոգաբարձության կամ խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպման անհնարինության կամ դրանց՝ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում։

 

3. ՇՈՒՐՋՕՐՅԱ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒՆԵՑՈՂ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

12. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղավորումը կազմակերպում է երեխայի բնակության կամ հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդություններից որևէ մեկի կասկածի առկայության դեպքում՝ մինչ տեղավորումն ուղղորդելով երեխային համապատասխան բժշկական հաստատություն՝ սույն որոշման N 2 հավելվածում նախատեսված հիվանդությունները հերքելու նպատակով:

13. Խնամակալության և հոգաբարձության մարմինները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մասին տեղեկություններ կարող են ստանալ ոստիկանությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ուսումնական կամ բժշկական հաստատություններից, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններից, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից:

14. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կարող է դիմել նաև երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև երեխան անձամբ՝ պաշտպանություն ստանալու նպատակով։ Սույն կետով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը դիմում է երեխայի բնակության կամ կենտրոնի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ապահովելու սույն հավելվածի 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված պայմանների կատարումը:

15. Խնամակալության և հոգաբարձության մարմինն սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, բազմամասնագիտական խմբի (սոցիալական աշխատող, հոգեբան, բժիշկ) ներգրավմամբ, իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում երեխայի հայտնաբերման կամ երեխային տեսակցելու նպատակով և 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքը։ Եթե ուսումնասիրությունը փաստում է, որ երեխան գտնվում է կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակում և երեխայի լավագույն շահերից չի բխում սույն հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացումը՝ հաշվի առնելով երեխային անհապաղ տեղավորելու անհրաժեշտությունը՝ երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն անմիջապես կազմակերպում է երեխայի տեղավորումը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում։

16. Դեպքի առանձնահատկությունից ելնելով՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն երեխային տեղավորելիս խնամակալության և հոգաբարձության մարմնին ուղեկցում է ոստիկանության ծառայողը։

17. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը, եթե այն առկա է՝

1) երեխայի տեղավորման պահին երեխայի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը.

2) բժշկական կազմակերպության կողմից ներկայացված բժշկական եզրակացությունը.

3) երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի վերաբերյալ հնարավոր տեղեկատվությունը։

18. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն ընդունում է երեխային՝ երեխային ուղեկցող խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա, որին կարող է կցվել ոստիկանության արձանագրությունը՝ դրա առկայության դեպքում։

19. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակում հայտնաբերված երեխային՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն է տեղափոխում ոստիկանությունը՝ համապատասխան արձանագրությամբ (սույն դեպքում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը երեխային ընդունում է առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի արձանագրության), իսկ տեղափոխմանը հաջորդող աշխատանքային օրը գրավոր տեղեկացնում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ սույն հավելվածով նախատեսված գործողությունները ձեռնարկելու նպատակով։

20. Երեխայի հայտնաբերման պահին բժշկական օգնություն տրամադրելու կարիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ ոստիկանությունը, երեխային տեղափոխում է բժշկական հաստատություն։

21. Եթե երեխան ընդունվել է առանց սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, ապա երեխային ընդունելուց անմիջապես հետո երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը դեպքի մասին գրավոր տեղեկացնում է՝

1) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ սույն հավելվածի 17-րդ կետում նշված փաստաթղթերը (առկայության դեպքում) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու (իսկ փաստաթղթերի բացակայության դեպքում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու) և երեխայի պաշտպանությանն առնչվող իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով.

2) Միասնական սոցիալական ծառայությանը՝ երեխայի ընտանիքի գտնվելու վայրի տարածքային կենտրոնին գրավոր տեղեկացնելու և յոթնօրյա ժամկետում ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով.

3) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին)՝ խնամատար կամ որդեգիր ընտանիքից անհրաժեշտ տեղեկություններ պարզելու և իր իրավասության շրջանակներում օրենսդրությամբ նախատեսված գործողություններ իրականացնելու նպատակով։

22. Սույն հավելվածի 21-րդ կետի ենթակետերից յուրաքանչյուրում նշված մարմիններին տեղեկատվությունը չի փոխանցվում, եթե երեխան ուղղորդվել է համապատասխան ենթակետում նշված մարմնի կողմից:

23. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը երեխայի ընդունումից հետո՝

1) յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝

ա. համագործակցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի հետ՝ իրականացվող տնայցի շրջանակներում ցուցաբերելով իր գործառույթներից բխող աջակցություն, իսկ երեխայի ընտանիքի գտնվելու վայրի՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի գտնվելու մարզի (Երևան քաղաքի) հետ չհամընկնելու դեպքում՝ համապատասխան Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ համագործակցում է հեռավար,

բ. իրականացնում է երեխայի առանձնահատուկ կարիքների գնահատում՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի բազմամասնագիտական խմբի ներգրավմամբ,

գ. կազմում է երեխայի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ ըստ անհրաժեշտության հարցումներ կատարելով պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին՝ երեխայի և նրա ընտանիքի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ձեռք բերելու համար.

2) անհրաժեշտ բժշկական զննություններն անցնելու նպատակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է երեխայի գրանցումը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տարածքն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում՝ համագործակցելով հաստատության բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ.

3) եռօրյա ժամկետում կազմակերպում է երեխայի կրթության շարունակականության ապահովումը՝ հնարավորության դեպքում ապահովելով կրթության շարունակությունը մինչ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխվելը հաճախած ուսումնական հաստատությունում.

4) կազմակերպում է երեխայի անձը հաստատող փաստաթղթերի ձեռքբերում՝ դրանց բացակայության դեպքում։

24. Ստացված տեղեկատվության, կյանքի պայմանների ուսումնասիրության, կարիքների գնահատման արդյունքների հիման վրա՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բազմամասնագիտական խմբի հետ համագործակցությամբ, երեխայի ընդունվելուց ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է անհատական սոցիալական միջամտության ծրագիր։

25. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը՝

1) պատասխանատու է երեխայի հետ տարվող աշխատանքների համար.

2) շուրջօրյա խնամք ստացող իր շահառուների համար ապահովում է սույն հավելվածի հինգերորդ գլխով նախատեսված միջոցառումները, եթե երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի առանձնահատկություններից ելնելով սույն գլխով այլ բան նախատեսված չէ.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում՝ ծառայություններ է տրամադրում երեխայի ընտանիքի անդամներին.

4) ապահովում է սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում, իրավաբանական օգնություն.

5) կարող է դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի կարգավիճակը որոշելու նպատակով։

26. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը պարբերաբար նախաձեռնում է քննարկումներ՝ երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, այլ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իսկ ըստ անհրաժեշտության նաև ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) հետ։

27. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի գտնվելու օրվանից հաշված առնվազն երկրորդ ամսից սկսած երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը, կենտրոնի բազմամասնագիտական խմբի հետ համագործակցելով, միջոցներ է ձեռնարկում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման, ընտանիքին աջակցելու ուղիների ուսումնասիրության ուղղությամբ՝ իր գործառույթներից բխող համապատասխան միջոցառումներ ամրագրելով երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագրում՝ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ պարբերաբար վերանայելով այդ անհատական սոցիալական միջամտության ծրագիրը:

28. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, սոցիալական աշխատողի և կենտրոնի բազմամասնագիտական խմբի ուսումնասիրության, իրականացված քննարկումների հիման վրա, երեխայի՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում գտնվելու օրվանից հաշված առնվազն չորրորդ ամսում գրավոր դիմում է՝

1) Միասնական սոցիալական ծառայություն՝ երեխայի գտնվելու վայրի համապատասխան տարածքային կենտրոնի կողմից՝ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ հնարավոր վերամիավորման, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` խնամքի այլ եղանակներում ընդգրկման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և գրավոր հարցումն ստանալուց հետո առնվազն 20-օրյա ժամկետում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին նախնական դիրքորոշում տրամադրելու նպատակով.

2) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ հնարավոր վերամիավորման, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` խնամքի այլ եղանակներում ընդգրկման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և գրավոր հարցումն ստանալուց հետո առնվազն 20-օրյա ժամկետում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին նախնական դիրքորոշում տրամադրելու նպատակով։

29. Երեխայի ընտանիքի հետ վերամիավորման հավանականության կամ երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնից ստացված՝ սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, կցելով երեխայի անձնական գործում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, գրավոր դիմում է երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի խնամքի կազմակերպմանն ուղղված, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

30. Այն դեպքում, երբ սույն կարգի 28-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հավաստում են երեխայի՝ իր կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման հավանականության մասին՝ երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը նշված փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ուղարկում է երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան)՝ վերամիավորմանն ուղղված համապատասխան աշխատանքներ ձեռնարկելու համար։

31. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը երեխային դուրս է գրում՝ երեխայի ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա։

32. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված փաստաթղթերը բացառում են երեխայի վերամիավորումը կենսաբանական ընտանիքի հետ՝ երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը նշված փաստաթղթերն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում դրանք ուղարկում է երեխայի ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան)՝ ի գիտություն ընդունելու նպատակով, ինչպես նաև երեխայի գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան)՝ առաջնորդվելով սույն հավելվածի 42-րդ կետով։

33. Սույն հավելվածի 32-րդ կետով նախատեսված դեպքում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը երեխայի դուրսգրումն իրականացնում է՝ երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ պայմանագրի գործողության տարածման օրվանից, որը համընկնում է երեխային խնամատար ծնողների կողմից հաստատությունից դուրս բերելու օրվա հետ կամ խնամակալության կամ հոգաբարձության մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կամ որդեգրման մասին դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից կամ այլընտրանքային խնամքի այլ եղանակների միջոցով կազմակերպելու վերաբերյալ համապատասխան ուղեգրի պատճենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ պետական լիազոր մարմին) կողմից ստանալուց հետո։

34. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնից երեխայի դուրսգրումը հաստատվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենի հրամանով։

35. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն սույն հավելվածի 33-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահպանում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, իսկ որդեգրման դեպքում, հաշվի առնելով այդ փաստաթղթերի հրապարակման ենթակա չլինելու հանգամանքը, երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերը պահում է առանձին կնքված ծրարով՝ չհրկիզվող պահարանում։

36. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնից երեխայի դուրսգրումից հետո մեկօրյա ժամկետում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը գրավոր տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ երեխայի ընտանիքի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին գրավոր տեղեկացնելու, նրա կողմից ի գիտություն ընդունելու և իր լիազորությունների շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման հարցն ուսումնասիրելու նպատակով: Սույն կետով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում երեխայի որդեգրման դեպքում:

37. Երեխայի ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի՝ ընտանիքից բաժանման առաջին իսկ օրվանից աշխատում է ընտանիքի հետ՝ իր լիազորությունների շրջանակներում ընտանիքին աջակցելու և երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

38. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի ցերեկային խնամքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հավելվածի 7-րդ գլխով նախատեսված կարգերով։

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

39. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և մասնագիտացված հաստատություններ ընդունվում են ուղեգրմամբ՝ երեխաների խնամքի կազմակերպման վերաբերյալ եզրակացության հիման վրա։

40. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ կարող է ստանալ ոստիկանությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ուսումնական կամ բժշկական հաստատություններից, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններից, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից: Խնամակալության և հոգաբարձության մարմինն սույն կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում երեխայի հայտնաբերման կամ երեխային տեսակցելու նպատակով և ստացած տեղեկատվության հավաստիության դեպքում`

1) նույն օրը կազմում է երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրություն, կազմակերպում կամ ապահովում է երեխայի առաջնային բժշկական զննություն և երեխային անհրաժեշտ օգնության տրամադրումը, իսկ հիվանդության կասկածի կամ անհետաձգելի բժշկական օգնության տրամադրման անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես կազմակերպում համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելը.

2) երեք օրվա ընթացքում՝

ա. երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրությունն ուղարկում է մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան)՝ ելնելով դեպքի առանձնահատկություններից՝ երեխային ճգնաժամային խնամատար ընտանիքում տեղավորելու հնարավորությունը դիտարկելու նպատակով,

բ. եթե անհայտ է երեխայի ծնողների կամ նրանցից որևէ մեկի կամ միակ ծնողի գտնվելու վայրը կամ անհայտ են երեխայի ծնողները՝ դեպքի մասին գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը, բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է ոստիկանությունից,

գ. հետազոտում է երեխայի կյանքի պայմանները՝ դիտարկելով երեխայի իրավունքների և շահերի խախտման հնարավոր ռիսկերը, օրենսդրությամբ սահմանած կարգով իրականացնում է երեխայի սկզբնական հաշվառում՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, կազմակերպում համապատասխան բժշկական հաստատության կողմից երեխայի բժշկական զննությունը, ապահովում այդ երեխայի տեղավորումը բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան հաստատությունում կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում՝ այն դեպքում, երբ մարզպետի աշխատակազմի կամ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված գործընթացների իրականացման արդյունքում՝ երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստացվել է բացասական պատասխան տվյալ փուլում երեխային ճգնաժամային խնամատար ընտանիք տեղավորելու վերաբերյալ, իսկ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում երեխային բժշկական հաստատություն տեղափոխելիս, երեխայի ժամանակավոր տեղավորումն իրականացնում է բժշկական հաստատությունից երեխայի դուրսգրումից անմիջապես հետո, եթե մինչ այդ չի ապահովվել երեխայի տեղավորման հարցի վերջնական լուծումը,

դ. երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրությունը և սույն հավելվածի 42-րդ կետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ սույն հավելվածի 42-րդ կետի 10-րդ ենթակետի, փոխանցում է Միասնական սոցիալական ծառայություն՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում տնայց կատարելու, երեխայի առանձնահատուկ կարիքների և ընտանիքի համալիր գնահատում, ինչպես նաև երեխայի խնամքի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով:

41. Խնամակալության և հոգաբարձության մարմինն ապահովում է երեխայի իրավունքների և լավագույն շահերի պաշտպանությունը մինչև նրա տեղավորման հարցի վերջնական լուծումը (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը կամ խնամատար ընտանիքում տեղավորելը կամ կենսաբանական ընտանիք վերադառնալը կամ որդեգրումը կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը), ներառյալ՝ բժշկական հաստատության հետ համատեղ երեխայի տեղափոխումը հաստատություն կամ կազմակերպություն:

42. Երեխայի կյանքի պայմանների հետազոտությունից հետո, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի 40-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, առկայության դեպքում, բացառությամբ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված հիմքերի առկայության, մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) երեխայի՝ անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական, անձնագիր կամ նույնականացման քարտ դրա առկայության դեպքում).

2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը կամ կացության քարտը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը, իսկ ապաստան ստացած փախստականի դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) երեխայի հայտնաբերման կամ տեսակցելու մասին արձանագրությունը, որում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում են երեխայի անունը, ազգանունը, տարիքը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, երեխայի հայտնաբերման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և փաստացի գտնվելու կամ վերջին բնակության վայրը, երեխայի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի կամ մարմնի մասին տվյալները, ինչպես նաև երեխայի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (մազերի, աչքերի գույնը, հասակը, մոտավոր տարիքը)` անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում.

4) համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը, ինչպես նաև երեխայի դուրսգրման կամ տեղափոխման էպիկրիզ կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական (դիսպանսեր) հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական քարտից քաղվածքը.

5) երեխայի ընտանիքի անդամների մասին (հնարավորության դեպքում) տեղեկանք բնակության վայրից.

6) բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը երեխայի բնակության վայրի հասցեի, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հայտնի հաշվառման հասցեի մասին.

7) ծնողների կամ նրանցից յուրաքանչյուրի կամ միակ ծնողի`

ա. մահվան դեպքում՝ մահվան վկայականը կամ դրա պատճենը,

բ. ծնողական իրավունքից զրկված կամ ծնողական իրավունքներում սահմանափակված լինելու դեպքում՝ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

գ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

դ. անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված լինելու դեպքում՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

ե. նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում՝ դրա մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքը,

զ. հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում՝ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված քաղվածքը,

է. ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելու և որդեգրության հանձնելու մասին կամահայտնությունն արտահայտող դիմումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասի,

ը. անհայտ լինելու կամ երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և լավագույն շահերի պաշտպանությունից խուսափելու ու սույն ենթակետի «է» պարբերությամբ սահմանված դիմումը չներկայացնելու կամ նրանց գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում՝ դրա մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր հայտարարությունը,

թ. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ համապատասխան հայցադիմումը,

ժ. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված դատարանի վճիռը, իսկ անչափահաս ծնողների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը.

8) ծնողի կամ երեխայի այլ օրինական ներկայացուցչի անձը և ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը.

9) դպրոցահասակ երեխաների համար տեղեկանքը դպրոց հաճախելու մասին.

10) սույն հավելվածի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված եզրակացությունը կամ 28-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված եզրակացությունը, որը տրամադրվում է Միասնական սոցիալական ծառայության կողմից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը, իսկ պատճենը՝ երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ այն դեպքում, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխան գտնվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում.

11) երեխայի լուսանկարը՝ չորս օրինակից:

43. Մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը) սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝

1) եռօրյա ժամկետում՝ Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է երեխայի տարածքային հաշվառումը՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա.

2) երկու օրինակից կազմում է եզրակացություն՝ երեխայի խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության) մասին, և այդ եզրակացությունը պետք է ներառի տեղեկություններ երեխայի մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն ստանձնելու ցանկության բացակայության կամ անհնարինության մասին:

44. Սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված եզրակացությունը կազմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանը) դրա մեկ օրինակն ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ մյուս օրինակն ու սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված փաստաթղթերը պետական լիազոր մարմին:

45. Սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում պետական լիազոր մարմինը՝

1) Կառավարության սահմանած կարգով իրականացնում է երեխայի կենտրոնացված հաշվառումը՝ նրա մասին համապատասխան տվյալները մուտքագրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների կենտրոնացված շտեմարան.

2) երեխային ուղեգրում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի կամ մասնագիտացված հաստատություն՝ հաշվի առնելով սույն հավելվածով նախատեսված պահանջները, եթե ներկայացվել է երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տրամադրելու մասին հիմնավորված և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող եզրակացություն:

46. Երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպությունում կազմակերպելու մասին եզրակացությունն ուսումնասիրվում է պետական լիազոր մարմնի կողմից՝ անդրադառնալով ընտանեկան միջավայրին մոտ այլընտրանքային խնամքի տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության բացակայության մասին դրանում նշված դրույթների հիմնավորվածությանը:

47. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված (իրավաչափ) չէ, կամ պետական լիազոր մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկում առկա են ոչ հավաստի տեղեկություններ, կամ պետական լիազոր մարմինը հիմնավորված չի համարում երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կազմակերպելու մասին դիրքորոշումը, ապա սույն հավելվածի 45-րդ կետով նախատեսված ժամկետում պետական լիազոր մարմինը երեխայի փաստաթղթերը վերադարձնում է մարզպետի աշխատակազմ (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան)` գրավոր տեղեկացնելով փաստաթղթերի վերադարձման պատճառների և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին:

48. Եթե սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված եզրակացությունում առկա է նշագրում երեխայի խնամքի այլ ձևերի հնարավորության վերաբերյալ, ապա դրանք կազմակերպվում են օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:

 

5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

49. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է այնտեղ խնամվող երեխաների`

1) խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների (այսուհետ՝ խնամողներ), նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով.

2) կացարանով ապահովումը.

3) առաջնային բժշկական օգնության տրամադրումը.

4) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը.

5) սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը.

6) իրավական խորհրդատվության տրամադրումը.

7) ֆունկցիոնալության գնահատման ապահովումը.

8) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում՝ նաև խնամքը.

9) ազատ ժամանցը.

10) աջակցող միջոցներով ապահովման գործընթացը.

11) հասարակությունում ինտեգրումը՝ այդ թվում մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով։

50. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ խնամվող երեխաներին, համաձայն օրենսդրությամբ հաստատված նվազագույն չափորոշիչների, տրամադրում է՝

1) երեխայի տարիքին համապատասխան առողջ, բալանսավորված և անհրաժեշտ քանակի սնունդ, իսկ բժշկական եզրակացության հիման վրա՝ հատուկ սննդակարգի կարիք ունեցող երեխաների համար տրամադրվում է համապատասխան սնունդ: Սնուցման խանգարումներ ունեցող երեխաների դեպքում, ներառյալ՝ թերսնուցման, ավելորդ քաշի կամ ճարպակալման դեպքում, սննդի կազմակերպման հարցում կիրառվում է անհատական մոտեցման սկզբունքը` նախապես համաձայնեցնելով երեխայի մանկաբույժի կամ այլ մանկական նեղ մասնագետի հետ.

2) մահճակալ և այլ անհրաժեշտ կահույք.

3) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

4) անկողնային պարագաներ.

5) խաղալիքներ.

6) անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն):

51. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն առանձնացված պայմաններում ապահովում է այնտեղ խնամվող երեխաների անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` համապատասխան աշխատողների օգնությամբ հոգալու հնարավորությունը:

52. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն իրականացնում է երեխաների իրավունքների և լավագույն շահերի պաշտպանության ու խնամքի տրամադրմանն ուղղված՝ օրենքներով, սույն հավելվածով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

53. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա, այդ թվում՝ նաև ոչ աշխատանքային օրերին: Պետական լիազոր մարմնի կողմից երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու դեպքում երեխայի ընդունելությունն իրականացվում է աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

54. Նույն ընտանիքի երեխաներին (քույրեր և եղբայրներ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք տրամադրելու անհրաժեշտության դեպքում նրանք ընդունվում կամ տեղավորվում են բնակչության սոցիալական պաշտպանության միևնույն հաստատություն, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) բժշկական ժամանակավոր հակացուցումներով պայմանավորված՝ այդ երեխաների խնամքն անհնար է իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության նույն հաստատությունում.

2) երեխաներից մեկը կամ մի քանիսը, բայց ոչ բոլորը, ունեն սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկը, որի դեպքում բոլոր երեխաների խնամքը հնարավոր չէ իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության նույն տիպի հաստատությունում:

55. Բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություններից, շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություններից կամ բժշկական հաստատություններից տեղափոխման դեպքում երեխան անմիջապես տեղավորվում է համապատասխան տարիքային խմբում: Այլ դեպքերում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի տեղափոխվելուց անմիջապես հետո` համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը վերցնում է նրա հագուստը և անձնական իրերը՝ ախտահանման նպատակով, այնուհետ երեխային զննում է այդ հաստատության բժիշկը, որոշում ընդունելության համար բժշկական հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը և տալիս եզրակացություն երեխային հատուկ առանձնացված սենյակում կամ մեկուսարանում տեղավորելու անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելու դեպքում երեխան՝ մինչև տվյալ հաստատության բժշկի կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը, բայց ոչ ավելի, քան երեք օրով, տեղավորվում է հատուկ առանձնացված սենյակում կամ մեկուսարանում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների դեպքում, երբ բացակայում են հոսպիտալացման ցուցումները, երեխայի խնամքը կազմակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հատուկ կամ առանձնացված սենյակներում կամ մեկուսարանում:

56. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունվելուց hետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ երեխային՝ հաստատության գտնվելու վայրն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում գրանցելու և անհրաժեշտ բուժական զննություն անցնելու նպատակով։

57. Չի թույլատրվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն բերել հրազեն, այդ համալրող բաղկացուցիչ մասեր (դետալներ), սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ (բացառությամբ բժշկի կողմից նշանակված դեղերի), ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ առարկաներ: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:

58. Երեխան կարող է իր հետ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն բերել խաղալիքներ և շրջապատի համար վտանգ չներկայացնող այլ իրեր կամ առարկաներ կամ ընտանի կենդանիներ, եթե դա արգելված չէ տվյալ հաստատության կանոններով, և այդ հաստատության պայմաններն ընձեռում են դրանք պահելու, պահպանելու կամ խնամելու հնարավորությունը:

59. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է այդ հաստատության ղեկավարի հրամանով, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով: Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանն ընդունվում է համապատասխան եզրակացությունը կամ արձանագրությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:

60. Սույն հավելվածի 59-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը հաստատություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

61. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանը կարող է վարվել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման էլեկտրոնային համակարգում համապատասխան ենթաբաժնի առկայության դեպքում)՝ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում դրանցում ներառված տվյալներն ու տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված, կնքված, էջակարված (թելակարված): Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև գույնի թանաք ունեցող գրիչով, ընթեռնելի ձեռագրով, առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և տվյալ էջի աջ անկյունում՝ հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի կողմից լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

62. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը՝ առկայության դեպքում.

5) մինչև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելը տվյալ երեխայի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին բնակության վայրի հասցեն.

6) երեխայի հայտնաբերման կամ մինչև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելը երեխայի փաստացի գտնվելու (վերջին բնակության) վայրը.

7) տեղեկություններ երեխայի ծնողների կամ ազգականների մասին՝ առկայության դեպքում.

8) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու պատճառները.

9) երեխայի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի կամ մարմնի տվյալները.

10) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը.

11) պետական լիազոր մարմնի ուղեգրման փաստաթղթի տվյալները.

12) սույն հավելվածի 63-րդ և 64-րդ կետերում նշված դեպքերում՝ երեխայի նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

63. Ընկեցիկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելիս՝ սույն հավելվածի 62-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալների փոխարեն հաշվառման մատյանում գրանցվում են ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության համարը, ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը: Այդ դեպքում, հաշվառման մատյանը լրացնող աշխատողի անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի մազերի, աչքերի գույնը, հասակը, սեռը, մոտավոր տարիքը և այլ անհատականացման նշաններ:

64. Եթե երեխան ընկեցիկ չէ, բայց չունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա հաշվառման մատյանում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը, սեռը, բնակության վայրի հասցեի մասին տվյալները գրանցվում են երեխայի բանավոր հայտարարության կամ այդ երեխայի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի կամ անձի հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման մատյանը լրացնող աշխատողի անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի մազերի, աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է երեխայի անձնական տվյալների տրամադրման աղբյուրը: Երեխայի կողմից իր մասին սույն կետում նշված համապատասխան տվյալները չհայտնելու և այդ երեխայի անձնական տվյալների մասին այլ տեղեկատվության բացակայության դեպքում, հաշվառման մատյանը լրացնող աշխատողի անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի սեռը և մոտավոր տարիքը:

65. Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կրկին ընդունելու կամ դուրս գրելու դեպքում հաշվառման մատյանում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և, անհրաժեշտության դեպքում, փոփոխվում են հաշվառման մատյանում գրանցված տվյալները:

66. Որդեգրման հանձնված երեխայի դուրսգրման դեպքում հաշվառման մատյանի համապատասխան սյունակում նշվում է «Որդեգրված» բառը, իսկ նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում` առանձին կնքված ծրարով, և հրապարակման ենթակա չեն: Խնամատարության հանձնված երեխայի դուրսգրման դեպքում հաշվառման մատյանի համապատասխան սյունակում նշվում է «Խնամատարություն» բառը, իսկ դուրսգրումն իրականացվում է խնամատարության պայմանագրի գործողության տարածման օրվանից, որը համընկնում է երեխային խնամատար ծնողների կողմից հաստատությունից դուրս բերելու օրվա հետ։

67. Երեխայի դուրսգրման դեպքում նրա 18 տարին լրանալու հիմքով հաշվառման համապատասխան սյունակում նշվում են «Լրացել է 18 տարին» բառերը, և երեխան դուրս է գրվում ծննդյան օրվան հաջորդող օրը:

68. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխայի համար բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը հաստատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխայի խնամվելու ընթացքում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից դուրս գրելու դեպքում՝ տվյալ երեխայի անձնական գործում:

69. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է այնտեղ խնամվող երեխաների արտահիվանդանոցային պայմաններում առողջության առաջնային պահպանման ծառայությունների տրամադրումը՝ նրանց այնտեղ խնամվելու ընթացքում: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխաներին առաջին բժշկական օգնության տրամադրումն իրականացնում է այդ հաստատության բժիշկը կամ բուժքույրը (կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով), իսկ առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունը: Անհրաժեշտության դեպքում երեխան ուղղորդվում է համապատասխան բժշկական հաստատություններ: Երեխային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է երեխայի խնամքի, այդ թվում՝ նաև սննդի, ապահովումը:

70. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխայի համար լրացվում է երեխայի բժշկական հսկողության քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական այն տվյալները, որոնք առողջապահության պետական լիազոր մարմնի կողմից ընդունված իրավակարգավորումների համաձայն անհրաժեշտ են պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագետ գրանցում է իր կողմից կատարված բժշկական զննության, իրականացված հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը, կանխարգելիչ պատվաստումների մասին առաջնային առողջության պահպանման օղակից ստացված քաղվածքը և այլ անհրաժեշտ տվյալներ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխայի խնամվելու ընթացքում երեխայի բժշկական հսկողության քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից դուրս գրելու դեպքում՝ տվյալ երեխայի անձնական գործում:

71. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժիշկը կազմակերպում է այնտեղ խնամվող երեխաների համայց, գնահատում նրանց առողջական վիճակը, ըստ անհրաժեշտության՝ գրառումներ կատարում երեխաների բժշկական հսկողության քարտերում կամ ուղղորդում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն՝ ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ դրանք կազմակերպելու նպատակով։

72. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխայի մոտ վարակիչ կամ ոչ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու կամ դրա առկայության վերաբերյալ կասկածի դեպքում տվյալ հաստատության բուժաշխատողն առաջնորդվում է Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանով: Հոսպիտալացման դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է երեխայի ծնողներին կամ միակ ծնողին կամ ազգակցական կապ ունեցող անձին, եթե առկա է նրանց մասին տեղեկատվություն և դա բխում է երեխայի լավագույն շահերից։

73. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանը կամ դրա պատճենը, երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, երեխայի լուսանկարը, երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, տվյալ երեխային և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր կամ դրանց պատճեններ: Երեխայի անձնական գործի համարը պետք է նույնությամբ համապատասխանի հաշվառման մատյանում տվյալ երեխայի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին: Երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատություն կամ կազմակերպություն, որտեղ տեղափոխվում է երեխան, իսկ անձնական գործում ներառված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանը պահպանվում են բնակչության սոցիալական պաշտպանության այն հաստատությունում, որտեղից տեղափոխվել է երեխան: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի դուրսգրման այլ դեպքերում երեխայի անձնական գործը պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

74. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում տվյալ հաստատության սոցիալական աշխատողը գնահատում է երեխայի առանձնահատուկ կարիքները, իր իրավասությունների սահմաններում իրականացնում նրա՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական սոցիալական միջամտության ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանում նշված ժամկետներում մասնակցում է մասնագիտական քննարկումներին և, երեխայի սոցիալական կարիքներին համապատասխան, նրան մատուցում է սոցիալական ծառայություններ:

75. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) երեխային սոցիալ-վերականգնողական և սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու, սոցիալական նոր միջավայրին հարմարվելու նպատակով՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում կազմում են երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող կամ այլ օրինական ներկայացուցիչ կամ մերձավոր ազգականներ ունեցող երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը կազմելիս հաշվի է առնվում նաև նրանց կարծիքը, եթե այն չի հակասում երեխայի լավագույն շահերին:

76. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը, օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, այնտեղ խնամվող երեխային ապահովում է անվտանգ միջավայրով՝ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և շահերի այլ ոտնահարումից:

77. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է այնտեղ խնամվող երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, երեխայի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները:

78. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է այնտեղ խնամվող երեխաների կրթությունն ու դաստիարակումը, այդ թվում՝ կազմակերպում է երեխաներին հիմնական կրթություն մատուցելը, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հատուկ դպրոցներում սովորելու միջոցով:

79. Կառավարության կողմից սահմանված՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ խնամվող և դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը՝ սույն հավելվածի 9-րդ կետին համապատասխան:

80. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է այնտեղ խնամվող երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է երեխաների մասնակցությունը մարզական, մշակութային միջոցառումներին, մրցույթներին, երգի, պարի, նկարչության, կարուձևի, մարզական և այլ խմբակների պարապմունքներին՝ ըստ նրանց նախասիրությունների և հետաքրքրությունների՝ առավելագույնս նպաստելով համայնքում վերջիններիս ինտեգրմանը:

81. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն աջակցում է այնտեղ խնամվող երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ սոցիալական կապերը վերականգնելու կամ ամրապնդելու և նրան ընտանիք վերադարձնելու հարցում, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխային կարող են այցելել նրա ծնողները կամ միակ ծնողը՝ ծնողական իրավունքից զրկված կամ ծնողական իրավունքներում սահմանափակված չլինելու դեպքում, ընտանիքի այլ անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, աջակցող ցանցի անդամներ (նրանց ներկայացուցիչներ), համագործակցության ցանցի մասնակիցներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անձինք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք ակնհայտ գտնվում են ոչ սթափ կամ հակահիգիենիկ վիճակում կամ եթե դա չի բխում երեխայի լավագույն շահերից: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխայի և սույն կետում նշված անձանց հանդիպումներն իրականացվում են հաստատության ղեկավարի կողմից հաստատված ներքին կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան:

82. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխայի կողմից այն ինքնակամ լքելու կամ երեխայի անհետանալու (գտնվելու վայրն անհայտ լինելու) դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող տվյալ հանգամանքի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո դրա մասին գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը, իսկ եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից նաև երեխայի ծնողներին կամ միակ ծնողին, ազգակցական կապ ունեցող անձանց:

83. Անկախ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային խնամք տրամադրելու հանգամանքից՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ միջգերատեսչական համագործակցության և աջակցող ցանցի այլ անդամներ ձեռնարկում են օրենսդրությամբ չարգելված միջոցներ՝ հասանելի ռեսուրսների որոնման միջոցով երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու նպատակով, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից:

84. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային խնամք տրամադրելու ընթացքում տվյալ հաստատության պաշտոնատար անձինք, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը) երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

85. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող 18 տարին լրացած անձանց դուրսգրումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված կարգով և պայմաններում:

 

6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

86. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխան՝ մինչև 18 տարին լրանալը, կարող է դուրս գրվել նրան՝

1) կենսաբանական ընտանիք վերադարձնելու.

2) որդեգրելու.

3) բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու.

4) խնամատար ընտանիքում դաստիարակվելու.

5) այլ անձի՝ երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու և նրա ընտանիքում տեղավորվելու.

6) երեխայի մահվան կամ

7) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

87. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխան կենսաբանական ընտանիք է վերադարձվում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր դիմումի՝ ուղղված ընտանիքի բնակության վայրի մարզպետի աշխատակազմին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին) և նույն աշխատակազմի, (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) և երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա ձևավորված ընտանիքի բնակության վայրի մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված դրական եզրակացության համաձայն, որոնց մեկական պատճեններն ուղարկվում են նաև պետական լիազոր մարմին՝ ի գիտություն ընդունելու նպատակով, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն, վերջինիս կողմից ի գիտություն ընդունելու և իր լիազորությունների շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման հարցն ուսումնասիրելու նպատակով և ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ իր լիազորությունների շրջանակներում երեխայի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ընտանիքի բնակության վայրի մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը կազմվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից իրականացված տնայցի և երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով։

88. Երեխան բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն կարող է տեղափոխվել այն հաստատության ղեկավարի հիմնավորված առաջարկությամբ, որում տվյալ պահին խնամվում է երեխան՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, կամ պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ, եթե դա բխում է երեխայի լավագույն շահից, կամ նշված կազմակերպությունում երեխայի խնամքը հնարավոր չէ կազմակերպել: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն երեխան տեղափոխվում է պետական լիազոր մարմնի վերաուղեգրման միջոցով, բացառությամբ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ երեխաների տեղափոխման: Սույն կետով սահմանված դեպքերում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն կազմակերպությանը, որտեղ տեղափոխվում է երեխան:

89. Երեխայի ընտանիքի բնակության վայրի մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը) սույն հավելվածի 87-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Միասնական սոցիալական ծառայություն՝ համապատասխան տարածքային կենտրոնի կողմից տասնօրյա ժամկետում ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան եզրակացություն տրամադրելու նպատակով։

90. Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնը և երեխայի ընտանիքի բնակության վայրի մարզպետի աշխատակազմը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը) եզրակացություններ տրամադրելու ընթացքում համագործակցում են երեխայի խնամքը կազմակերպող հաստատության հետ։

91. Երեխային որդեգրման, խնամատար ընտանիքում դաստիարակվելու և այլ անձի՝ երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխան դուրս է գրվում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

92. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի դուրսգրման մասին տվյալները գրանցվում են սույն հավելվածի 62-րդ կետի 10-րդ ենթակետին և 65-67-րդ կետերին համապատասխան:

93. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվողի 18 տարին լրանալուց հետո նա դուրս է գրվում հաստատությունից, բացառությամբ սույն հավելվածի 94-րդ կետով նախատեսված դեպքերի:

94. Եթե բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվողի 18 տարին լրացել է, ապա նա կարող է շարունակել խնամվել բնակչության սոցիալական պաշտպանության նույն հաստատությունում կամ տեղափոխվել բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություն՝

1) մինչև ուսումնառության ավարտը, բայց ոչ ավել, քան մինչև 19 տարին լրանալը.

2) եթե խնամվում է մասնագիտացված հաստատությունում և ունի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ՝ մինչև խնամքի այլ ձևի ընտրությունը.

3) եթե ունի ժամանակավոր առողջական խնդիրներ՝ մինչև այդ առողջական խնդրի վերացումը.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

7. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

95. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ պետական լիազոր մարմնի հետ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում պայմանագիր կնքած ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, ինչպես նաև անհրաժեշտ ծառայություններ՝ երեխայի ընտանիքի անդամներին, ներառյալ՝ օրինական ներկայացուցչին:

96. Ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է ցերեկային կենտրոնում և ցերեկային կենտրոնի տարածքից դուրս՝ երեխայի բնակության կամ գտնվելու վայրում, ցերեկային կենտրոնի կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով սահմանված ժամանակահատվածում՝ ցերեկային ժամերին:

97. Ելնելով երեխաների գնահատված կարիքներից, տարիքային կազմից և իրենց կանոնադրությամբ ամրագրված նպատակներից՝ ցերեկային կենտրոնը կարող է ունենալ տարատեսակ ուղղվածության խմբակներ` նախատեսված կարիքահեն մասնագիտական ծառայություններ տրամադրելու համար։

98․ Անհատական ծառայությունների տրամադրմանը զուգահեռ ցերեկային կենտրոնը երեխաներին ինտեգրում է ընդհանուր խմբային աշխատանքներում՝ ապահովելով վերջիններիս լիարժեք ներառումը։

99. Ցերեկային կենտրոնում խնամքը տրամադրվում է երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝

1) ցերեկային կենտրոնի նախաձեռնությամբ.

2) խնամակալության և հոգաբարձության մարմնի ուղղորդմամբ կամ

3) Միասնական սոցիալական ծառայության ուղղորդմամբ:

100. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է իր գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ ցերեկային կենտրոն:

101. Սույն հավելվածի 100-րդ կետով նախատեսված դեպքում գրավոր դիմումին կից, առկայության դեպքում, ներկայացվում են՝

1) երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.

2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը և դրա պատճենը, իսկ ապաստան ստացած փախստականի դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը։

102. Սույն հավելվածի 101-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները համեմատվում են դրանց պատճեների հետ և վերադարձվում այդ փաստաթղթերը ներկայացնողին:

103. Եթե գրավոր դիմումը ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ապա այդ տարածքային կենտրոնը մեկօրյա ժամկետում անձին ուղղորդում է երեխայի բնակության վայրին մոտ գտնվող ցերեկային կենտրոն։

104. Երեխային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումն ստանալուց հետո ցերեկային կենտրոնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրան կից ներկայացված փաստաթղթերը և կենտրոնի կազմած մասնագիտական խմբի միջոցով իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի անդամների կարիքների գնահատում, որից հետո կենտրոնի ղեկավարին կամ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում կենտրոնում երեխային խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ եզրակացություն: Համապատասխան ծառայությունները տրամադրելու մասին ցերեկային կենտրոնը գրավոր տեղեկացնում է երեխայի գտնվելու վայրն սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին։

105. Ցերեկային կենտրոնը կարող է իրականացնել երեխայի մասնակցությամբ օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ՝ ելնելով երեխայի գնահատված կարիքներից՝ այդ երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:

106. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող ցերեկային կենտրոն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է ցերեկային կենտրոնի ղեկավարի հրամանով, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող ցերեկային կենտրոն՝ ցերեկային խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

107. Ցերեկային կենտրոնում խնամքը տրամադրվում է հետևյալ սոցիալական ծառայությունների միջոցով՝

1) խնամք և դաստիարակություն՝ խնամողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով.

2) օրական մեկ անգամ սնունդ՝ ցերեկային կենտրոնում ծառայություն ստանալու դեպքում.

3) խորհրդատվական օգնություն.

4) սոցիալ-հոգեբանական աջակցություն, այդ թվում՝ երեխայի ընտանիքի անդամներին, ներառյալ՝ ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումները.

5) իրավական խորհրդատվություն.

6) սոցիալ-վերականգնողական աջակցություն.

7) ազատ ժամանց։

108. Ցերեկային կենտրոնը կազմակերպում է խնամք ստացող երեխաների՝

1) առաջին բժշկական օգնության տրամադրումը՝ անհրաժեշտության դեպքում.

2) սոցիալական ներառմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

109. Ցերեկային կենտրոնում երեխայի խնամքը տրամադրվում է նրա՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան, իսկ հաշմանդամություն ունեցող երեխա հանդիսանալու դեպքում՝ հաշվի առնելով նաև վերականգնողական անհատական ծրագրում կամ ծառայությունների անհատական սոցիալական միջամտության ծրագրում ցուցված ծառայությունները:

110. Ցերեկային կենտրոն երեխայի ընդունելությունից հետո եռօրյա ժամկետում կենտրոնի սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, լոգոպեդ, կինեզիստ, էրգոթերապիստ և այլն) կազմում են երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ (անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ կամ իրավիճակային) բազմամասնագիտական խումբը քննարկման արդյունքում վերանայում է այն և յուրաքանչյուր մասնագետ իր իրավասությունների սահմաններում իրականացնում է երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագրով սահմանված սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ:

111. Ցերեկային կենտրոնն ըստ անհրաժեշտության երեխային կամ նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին ուղղորդում է երեխայի ընտանիքին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ երեխայի առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացման նպատակով։

112. Ցերեկային կենտրոնն աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության մեջ ընդգրկման գործընթացին՝ կենտրոնի շահառու դպրոցահասակ երեխայի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու կամ դրա ռիսկի մասին տեղեկատվությունն իրեն հայտնի դառնալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնելով երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին։

113. Ցերեկային կենտրոնում խնամվող երեխայի համար ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ, որտեղ գրանցում է ցերեկային կենտրոնում խնամվող երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը (առկայության դեպքում).

5) երեխայի բնակության և հաշվառման վայրի հասցեն.

6) ցերեկային կենտրոնում խնամք տրամադրելու պատճառները.

7) հաշմանդամություն ունենալը՝ առկայության դեպքում.

8) ցերեկային կենտրոն երեխայի ընդունման և ցերեկային կենտրոնից դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

9) երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ հետադարձ կապն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ:

114. Երեխային ցերեկային կենտրոն կրկին ընդունելու կամ դուրս գրելու դեպքում նրա հաշվառման քարտում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

115. Ցերեկային կենտրոնը վարում է այնտեղ խնամվող երեխաների հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

116. Ցերեկային կենտրոնում խնամվող երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են երեխային ցերեկային կենտրոն ընդունելու մասին հրամանը կամ դրա պատճենը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, երեխայի լուսանկարը, տվյալ երեխային և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր կամ դրանց պատճեններ:

117. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է՝

1) խնամք ստացող երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) բժշկական ժամանակավոր հակացուցումներով պայմանավորված՝ ցերեկային կենտրոնում խնամք տրամադրելու անհնարինության դեպքում՝ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա, որը ցերեկային կենտրոն է ներկայացվում ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից.

3) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) ցերեկային կենտրոնի բազմամասնագիտական խմբի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման դեպքում.

5) ցերեկային կենտրոնում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.

6) երեխայի մահվան դեպքում կամ

7) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

118. Եթե ցերեկային կենտրոնում երեխայի խնամքը դադարեցվում է սույն հավելվածի 117-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում, և ցերեկային կենտրոնի բազմամասնագիտական խումբը խնամքի դադարեցումը համարում է երեխայի լավագույն շահերից չբխող, ապա երեխայի դուրսգրումից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բազմամասնագիտական խումբն իր կարծիքն ուղարկում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի իրավունքները և լավագույն շահերը պաշտպանելու նպատակով։

119. Ցերեկային կենտրոնում երեխայի խնամքի դադարեցումը ձևակերպվում է սույն հավելվածի 106-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով:

120. Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաև ցերեկային կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող ու տրանսպորտից օգտվող երեխաների համար ցերեկային կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում՝ գործող սակագներին համապատասխան։

 

8. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

121. Սույն հավելվածով սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից երեխային ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն) ուղեգրելու և կազմակերպությունից դուրսգրման գործընթացն իրականացվում է սույն հավելվածի 4-րդ և 6-րդ գլուխներով սահմանված կարգով։

122. Կազմակերպությունն ապահովում է երեխայի՝

1) խնամքը և դաստիարակությունը՝ խնամողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով.

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) խորհրդատվական օգնության տրամադրումը.

4) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

5) սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը.

6) աջակցող միջոցներով ապահովման գործընթացը.

7) ֆունկցիոնալության գնահատման գործընթացը.

8) ազատ ժամանցը.

9) հասարակությունում ինտեգրումը, այդ թվում՝ մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով։

123. Կազմակերպություն երեխայի տեղափոխվելուց 24 ժամվա ընթացքում խնամողը կամ խնամողի օգնականը՝ սոցիալական աշխատողի աջակցությամբ կազմակերպում է երեխայի բժշկական զննությունը, իսկ հաջորդ աշխատանքային օրը՝ հաշվառումը համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

124. Կազմակերպությունում երեխայի ընդունելությունը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

125. Սույն հավելվածի 124-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը կամ պաշտոնատար անձը կազմակերպություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

126. Կազմակերպության հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) ազգությունը.

5) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).

6) մինչև կազմակերպություն տեղափոխվելը երեխայի հաշվառման կամ բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին բնակության վայրի հասցեն.

7) տեղեկություններ (անունը, ազգանունը, ազգակցական կապը, կոնտակտային տվյալները) երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում), նրանց հաշվառման կամ բնակության վայրի հաշվառման հասցեն.

8) երեխային կազմակերպություն ընդունելու պատճառները.

9) պետական լիազոր մարմնի ուղեգրման փաստաթղթի տվյալները.

10) կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, դուրսգրման հիմքը.

11) երեխայի խնամողի ու խնամողին աջակցողի անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման օրը, ամիսը, ամսաթիվը, նրանց հաշվառման կամ բնակության վայրի հաշվառման հասցեն։

127. Կազմակերպությունում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը կամ պաշտոնատար անձը լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը հաստատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կազմակերպությունում երեխայի խնամվելու ամբողջ ժամանակահատվածում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային կազմակերպությունից դուրս գրելու դեպքում հաշվառման քարտը պահվում է երեխայի անձնական գործում:

128. Կազմակերպությունում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են երեխային կազմակերպություն ընդունելու մասին հրամանը կամ դրա պատճենը, երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), երեխայի լուսանկարը, երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, խնամողի կողմից ներկայացվող հաշվետվությունների պատճենները և տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր կամ դրանց պատճեններ: Յուրաքանչյուր երեխայի անձնական գործի համարը պետք է նույնությամբ համապատասխանի հաշվառման մատյանում տվյալ երեխայի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին: Կազմակերպությունում խնամվող երեխաների՝ սույն կետում նշված տեղեկատվությունը մուտքագրվում է պետական լիազոր մարմնի համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում՝ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։ Խնամողի կողմից ներկայացվող հաշվետվություններում պետք է մանրամասն նշվեն երեխայի խնամքի իրականացման համար կատարված ծախսերը, ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։ Հաշվետվությունները և կից փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, փոստի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։

129. Երեխայի՝ կազմակերպությունից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատություն կամ կազմակերպություն, որտեղ տեղափոխվում է երեխան, իսկ անձնական գործում ներառված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև երեխային կազմակերպություն ընդունելու մասին հրամանը պահպանվում են այն կազմակերպությունում, որտեղից տեղափոխվել է երեխան: Կազմակերպությունից երեխայի դուրսգրման այլ դեպքերում երեխայի անձնական գործը պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

130. Կազմակերպության սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) կազմակերպություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում կազմում են երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը՝ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող կամ այլ օրինական ներկայացուցիչներ կամ ազգականներ ունեցող երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը կազմելիս հաշվի է առնվում նրանց կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի երեխայի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը կամ չի առաջացնի երեխայի իրավունքների և ազատությունների սահմանափակման կամ չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ծրագրի կազմմանն ու պարբերաբար վերանայմանը մասնակցում է նաև երեխայի խնամողը։

131. Կազմակերպություն ընդունվելուց հետո կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով սահմանվում է երեխայի խնամողը, ով մշտապես պետք է բնակվի երեխայի հետ, բացառությամբ ցերեկային կենտրոնում խնամքի և հերթափոխով աշխատանքն իրականացնելու դեպքերի։

132. Խնամողը և խնամողին աջակցողը պարտավոր են մինչև երեխաների խնամքով զբաղվելը մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպված հատուկ դասընթացներին։ Դասընթացները վերաբերում են ընտանեկան միջավայրին մոտ խնամքի տրամադրմանը վերաբերող օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին, կազմակերպության իրավական ակտերին և հարակից այլ հարցերին։

133. Յուրաքանչյուր խնամող խնամում և դաստիարակում է առավելագույնը 8 երեխա՝ ներառյալ իր կենսաբանական երեխաները։

134. Յուրաքանչյուր խնամողի կողմից իր խնամքի տակ գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է կազմակերպության կողմից հատկացված առանձին տներում։ Ամուսնական կամ ազգակցական կապը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում խնամողի ամուսինը կամ կենսաբանական երեխայի հայրը և կենսաբանական երեխան կարող են բնակվել համապատասխան տանը, եթե դա չի հակասում խնամվող երեխաների լավագույն շահերին։

135. Կազմակերպությունը՝

1) ապահովում է քույրերի և եղբայրների տեղավորումը նույն տանը, եթե դա չի հակասում երեխաների լավագույն շահերին.

2) երեխային ապահովում է անվտանգ միջավայրով՝ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից։

136. Խնամողի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինում է խնամողին աջակցողը։ Խնամողի ամուսինը կամ խնամողի կենսաբանական երեխաների հայրը չի կարող հանդիսանալ խնամողին աջակցող։

137. Խնամողն ապահովում և պատասխանատու է երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագրի իրագործման համար, քանի դեռ նա չի վերադարձել կենսաբանական ընտանիք, չի որդեգրվել կամ չի հանձնվել խնամակալության կամ հոգաբարձության, չի տեղավորվել խնամատար ընտանիքում, չի տեղափոխվել խնամք տրամադրող այլ կազմակերպություն, կամ չի լրացել օրենսդրությամբ սահմանված տարիքը։

138. Կազմակերպությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի խնամողներն ինքնուրույն ղեկավարեն ընտանիքը։ Խնամողներն իրավունք ունեն ինքնուրույն կառավարել ընտանիքի բյուջեն և ընտանիքի առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել՝ իրենց խնամքում գտնվող երեխաների հետ միասին:

139. Խնամողն ինքնուրույն երեխաների հետ կազմակերպում է ամենօրյա կյանքը՝ որոշումներ կայացնելով ընտանեկան հարցերի և երեխաների գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է բխեն ծրագրից։ Խնամողը կրում է ընտանեկան ռեսուրսների օգտագործման պատասխանատվությունը` միաժամանակ երաշխավորելով երեխաների հիմնարար կարիքների բավարարումը՝ առողջ սնունդ, անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, ֆիզիկական ու հոգեկան առողջություն և կրթություն։

140. Անհրաժեշտության դեպքում խնամողը կարող է պահանջել կազմակերպության համապատասխան աշխատողների աջակցությունը (հոգեբան, սոցիալական աշխատող և այլն)։

141. Խնամողին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է գումար՝ երեխայի սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների ապահովման համար, որի վերաբերյալ վերջինս պետք է ներկայացնի հաշվետվություն։ Տան կոմունալ ծախսերը և կենցաղային իրերը տրամադրվում են կազմակերպության վարչակազմի կողմից։

142. Խնամողը և աջակցողը կազմակերպության վարչակազմին յուրաքանչյուր ամիս ներկայացնում են կատարված ծախսերի մասին հաշվետվություն։ Ընդ որում, գումարն անհրաժեշտ է ծախսել՝ հաշվի առնելով երեխայի նախասիրությունները և լավագույն շահը։

143. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մասնագիտական աշխատակազմ (հոգեբան, սոցիալական աշխատող, ընտանիքներին աջակցող մասնագետ և այլն), որն աջակցելու է խնամողներին (մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն և այլն)։

144. Խնամողները պարտավոր են կանոնավոր խորհրդատվական կամ սուպերվիզիաների այցերի, ընթացիկ դասընթացների և փորձի փոխանակման միջոցով զարգացնել իրենց հիմնական հմտությունները, մասնագիտական պրակտիկան։

145. Խնամողները պարտավոր են ապահովել նաև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

146. Կազմակերպությունը՝ խնամողների հետ մեկտեղ ապահովում է համայնքային ծրագրերում երեխաների ինտեգրումը՝ ստեղծելով պայմաններ երեխաներին մշակութային, սպորտային, կրթական անվճար խմբակներ ներգրավվելու ուղղությամբ։

147. Կազմակերպությունն ապահովում է նաև խնամվող երեխայի տարեկան առնվազն տասն աշխատանքային օրվա հանգիստը Հայաստանի Հանրապետությունում։

 

9. ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

148. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

1) մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի հաստատություն.

2) մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի հաստատություն:

149. Բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունները լինում են՝

1) մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված հաստատություն.

2) մինչև 18 տարեկան երեխաների մասնագիտացված հաստատություն.

3) առանձին՝ կոնկրետ տարիքային խմբերի համար մասնագիտացված հաստատություններ՝ իրենց կանոնադրությունների շրջանակներում:

150. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա խնամքի բաղադրիչում ընդգրկվում են մինչև 18 տարեկան երեխաները (առանձին կենտրոններ կոնկրետ տարիքային խմբեր կարող են սահմանել իրենց կանոնադրությունների շրջանակներում)՝ մինչև 6 ամիս ժամկետով (պետական լիազոր մարմնի թույլտվությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 6 ամսով), իսկ նրանց օրինական ներկայացուցիչները՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ կարիքների գնահատման հիման վրա, ինչպես նաև ցերեկային բաղադրիչում ընդգրկվում են 2-18 տարեկան երեխաները։

 

10. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

151. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ու ցերեկային կենտրոնն իրենց գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում են պետական լիազոր մարմնի, ոստիկանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական կամ բժշկական հաստատությունների, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, Միասնական սոցիալական ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմինների, տարածքային մակարդակում գործող աջակցող և համագործակցության ցանցերի մասնակիցների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

152. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ու ցերեկային կենտրոնը պետական լիազոր մարմին են փոխանցում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մշտադիտարկման արդյունքները:

153. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող այն երեխայի ծնողների կամ նրանցից որևէ մեկի կամ միակ ծնողի, որոնց գտնվելու վայրն անհայտ է, ինչպես նաև երեխայի անհայտ ծնողների հայտնաբերման դեպքում ոստիկանությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին և այն հաստատությանը, որում խնամվում է այդ երեխան:

154. Խնամակալության և հոգաբարձության մարմինը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցչին նախազգուշացնում է այն մասին, որ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային տեղավորելու հիմքերի վերացումից հետո երեխային ընտանիք վերադարձնելուց խուսափելու դեպքում երեխան օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է որդեգրվել կամ դաստիարակության հանձնվել խնամատար ընտանիք կամ նրա նկատմամբ կարող է սահմանվել խնամակալություն կամ հոգաբարձություն:

155. Բացառությամբ սույն հավելվածով և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը, ցերեկային կենտրոնը և դրանց պաշտոնատար անձինք ու աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել և չտարածել խնամքի տրամադրման ընթացքում երեխաների կամ նրանց ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների, ընտանիքի անդամների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական տվյալները, այդ երեխաների և նրանց ընտանիքների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ կամ տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեն նույնականացնելու այդ երեխաներին, ինչպես նաև երրորդ անձանց չընձեռել այդ տվյալներն ու տեղեկությունները հայթայթելու այնպիսի հնարավորություն, որը կարող է առաջանալ թույլատրելու, չխոչընդոտելու կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով:

156. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում Միասնական սոցիալական ծառայության, պետական լիազոր մարմնի և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվությունը փոխանակվում և փաստաթղթերն առաքվում են թղթային եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե կոնկրետ տեղեկատվության փոխանցման հատուկ կարգավորումներ նախատեսված չեն օրենսդրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 14-ի N 1613-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Մաշկային վարակիչ հիվանդություններ՝ բաց վերքերի առկայության դեպքում։

2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ՝ բացառությամբ ՄԻԱՎ վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլոզի:

 

2. ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Օնկոլոգիական հիվանդություններ՝ դեկոմպենսացիայի շրջանում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: