ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, Կառավարության հաստատած կարգի համաձայն Ընկերությանը վարձակալությամբ տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող գույքի (առկայության դեպքում), ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները Կառավարությունը կարող է վերապահել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին կամ մարզպետին, ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ՝ լիազորված մարմին): Ընդ որում, 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրամադրվում է միայն վարձակալության իրավունքով:»:
Հոդված 2.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու և համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-349-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|