Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-286-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2015-06.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1698
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) տվյալների էլեկտրոնային պահոց` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ:

(2-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն) 

 

Հոդված 3.

Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը

 

1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:

3. Գործունակ քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի համաձայնությամբ:

5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

(3-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-88-Ն, 11.12.13 ՀՕ-136-Ն) 

 

Հոդված 4.

Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

 

1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

3. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:

4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ:

4.1. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:

6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

8. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում: Անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները:

9. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

11. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանության մարմնում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են ծննդյան վկայականը, մինչև 16 տարին լրանալը ստացած «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիրը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

15. Նույնականացման քարտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Ներմուծեք նկարագրությունը_21507(4-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-61-Ն) 

 

Հոդված 5.

Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը

 

1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).

2) լրացել է վավերականության ժամկետը.

3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

 

Հոդված 6.

Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը

 

1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին նույնականացման քարտը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ազատազրկման դատապարտված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել դատապարտյալին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

 

Հոդված 7.

Նույնականացման քարտը վերցնելը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:

4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

 

Հոդված 8.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ և (կամ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:

4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-88-Ն)  

5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:

6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաև անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:

Ներմուծեք նկարագրությունը_21507(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 11.11.15 ՀՕ-119-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-286-Ն